ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Ավետարանի կենսականորեն անհրաժեշտ սննդանյութեր


36:9

Ավետարանի կենսականորեն անհրաժեշտ սննդանյութեր

2024 թվականի հունիսի կրոնի ուսուցիչների համաժողով

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհակալ եմ կրոնի ուսուցիչներին դիմելու այս հնարավորության համար: Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու և այն ամենի համար, որ դուք անում եք` առաջ տանելու Տիրոջ գործը։ Կցանկանայի, որ իմանաք, որ ձեր հաջողությունը «հիմնականում չափվում է ձեր նվիրվածությամբ առ այն, թե ինչպես եք օգնում Աստծո զավակներին դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ»: Ձեր հաջողությունը չի որոշվում նրանով, թե ձեր ուսանողներից քանիսն են դառնում Փրկչի հավատարիմ աշակերտներ, այն կախված չէ նրանից, թե ինչպես են նրանք ընտրում արձագանքել ձեր ուսուցումներին, հրավերներին կամ ձեր անկեղծ բարի գործերին: Ձեր պարտականությունն է ուսուցանել հստակորեն և զորությամբ, որպեսզի նրանք կարողանան գիտակցված ընտրություն կատարել, որը կօրհնի նրանց: Յուրաքանչյուր անհատ ունի կամքի ազատություն: Հետևաբար, ես կասեմ ձեզ՝ ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց Եկեղեցու այս տնտեսության առաջին միսիոներներին. «Եթե դուք կատարեք ձեր պարտականությունը, ձեզ համար ճիշտ նույնքան լավ կլինի, ինչպես եթե բոլոր մարդիկ ընդունեին ավետարանը»:

1916 թվականին Դեյվիդ Օ. Մակքեյը ասել է. «Չկա ավելի մեծ պարտականություն, որ կարող է դրվել որևէ տղամարդու [կամ կնոջ] վրա, քան Աստծո զավակների ուսուցիչը լինելն է»: Նույնը ճիշտ է նաև այսօր։ Ուսուցիչը, որն ունի հավատք և ուսուցանում է հավատք, կարևոր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար, հատկապես՝ աճող սերնդի համար:

Մեկ րոպեից ես կկարդամ նախագահ Ջեֆրի Ռ. Հոլանդի մեջբերումը, և դուք կտեսնեք կապը: Բայց ես մի քանի կամավորներ եմ հրավիրել օգնելու համար: Եվ մենք կառաջարկենք Ռիսերին և Էշթոններին առաջ գալ, և նրանցից յուրաքանչյուրը կստանա մի թխվածքաբլիթ: Եվ ինչպես գիտեք, թխվածքաբլիթը վանիլային տորթ է՝ կրեմային միջուկով: Եվ ես կցանկանայի, որ նրանք բացեն իրենց թխվածքաբլիթները և սկսեն ուտել այն: Նրանցից յուրաքանչյուրը կստանա անձեռոցիկ: Եվ ես կփորձեմ այս կապը հաստատել այստեղ:

Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը շեշտել է ավետարանի կենսականորեն կարևոր էլեմենտների վրա կենտրոնանալու կարևորությունը 1998 թվականին: Իր ելույթում նա ուսուցանել է. «Մենք պետք է վերակենդանացնենք և գահ բարձրացնենք լավագույն ուսուցումը Եկեղեցում` տանը, ամբիոնից … և անշուշտ, դասարանում: …

«… Երբ ճգնաժամերը են տեղի ունենում մեր կյանքում … մարդկանց փիլիսոփայությունները, միահյուսված մի քանի սուրբ գրություններով և բանաստեղծություններով, պարզապես չեն օգնում: Արդյո՞ք մենք սնուցում ենք մեր [ուսանողներին] այնպիսի ձևով, որը կպահպանի նրանց, երբ հայտնվեն լարված իրավիճակներում: Թե՞ մենք տալիս ենք նրանց աստվածաբանական մի թխվածքաբլիթ` հոգևոր դատարկ կալորիաներ»:

Ուստի այժմ, երբ դուք վայելեցիք ձեր թխվածքաբլիթի մի մասը, նախագահ Ռիս, ի՞նչ եք կարծում, որքան սննդային մանրաթել կար ձեր թխվածքաբլիթում»: Իրականում զրո էր։

Ձեր կարծիքով, քույր Ռիս, քանի՞ միլիգրամ կալցիում կար այդ թխվածքաբլիթում։ Իրականում զրո էր։

Ձեր կարծիքով, քույր Էշթոն, քանի՞ միլիգրամ վիտամին A կար այնտեղ։ Իրականում զրո էր։

Ձեր կարծիքով, եղբայր Էշթոն, քանի՞ միլիգրամ վիտամին C կար այնտեղ։ Այո, կա օրինաչափություն: Այնտեղ կար զրո վիտամին C:

Երբ ես երիտասարդ էի, սիրում էի թխվածքաբլիթներ։ Եթե ծնողներս թույլ տային, ես ոչինչ չէի ուտի, բացի թխվածքաբլիթներից՝ նախաճաշի, ճաշի և ընթրիքի ժամանակ: Հիմա, եթե ինձ թույլ տային դա անել, գիտե՞ք ինչի էիք ականատես լինելու։ Իրականում, ես կլինեի փորկապություն ունեցող, օստեոպորոզով և լնդախտով հիվանդ կույր մարդ: Ծանր իրավիճակ է

Շնորհակալություն մեր կամավորներին: Ես իրականում չեմ եկել այստեղ՝ քննարկելու սննդային դեֆիցիտի ազդեցությունը մեր ֆիզիկական առողջության վրա: Թխվածքաբլիթները կարող են շատ համեղ լինել, բայց դրանք չեն պարունակում սննդանյութեր: Բայց ես եկել եմ այստեղ քննարկելու հոգևոր սննդանյութերը, որոնք դուք մատուցում եք ձեր ուսանողներին:

Երբ մենք շփվում ենք ձգտում ունեցող ուսանողների հետ, մենք պետք է սնուցենք նրանց Աստծո բարի խոսքով, և ոչ թե հոգևոր թխվածքաբլիթներով, որոնք զուրկ են հոգևոր սննդանյութերից: Նրանք, ովքեր սնուցվում են հոգևոր թխվածքաբլիթներով, հավանաբար իրենց ողջ կյանքի ընթացքում չեն մնա Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ անհատներ, որոնք աճել են Տիրոջում և «ստացել Սուրբ Հոգու լիությունը»։ Սնուցվելով հոգևոր թխվածքաբլիթներով, նրանք հավանական է, որ դառնան հոգևորապես համառ, անհավատ և մոլորված:

Հոգևոր թերսնուցման դեմ պայքարելու համար մեր ուսանողներին անհրաժեշտ են առնվազն չորս սննդանյութերով հարստացված փոխաբերական մանրաթելեր: Առաջինը՝ վկայությունն է Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին և ավետարանի լրիվության Վերականգնման մասին՝ այս վերջին օրերում: Դա անելու համար, մենք պետք է ուսուցանենք վերականգնված ճշմարտությունը և բերենք վկայություն այդ ճշմարտությունների վերաբերյալ։

Թույլ տվեք բերել մի օրինակ սրա վերաբերյալ: Մի քանի տարի առաջ Գրեյս անունով մի չինացի բժիշկ անցկացրեց 18 ամիս` այցելելով բժշկական հաստատություններ Սոլթ Լեյք Սիթիում: Նա եկել էր սովորելու սրտի փոխպատվաստման բժշկական առանձնահատկությունները: Իմ ընտանիքը ընկերացավ նրա հետ, և մենք ներառեցինք նրան շատ միջոցառումների մեջ: Սուրբ ծննդյան մի օր, որը կիրակի էր, մենք նրան հրավիրեցինք եկեղեցու հաղորդության ժողովին: Մենք հույս ունեինք, որ ուղերձները կուսուցանեն Հիսուս Քրիստոսի մասին և կկարևորեն, թե ինչու ենք նշում Սուրբ ծնունդը։ Ես ծառայում էի որպես ցցի նախագահ և ժողովի ժամանակ նստած էի բեմի վրա։ Կինս և դուստրերս նստած էին Գրեյսի կողքին՝ ժողովի մասնակիցների հետ:

Հաղորդության արարողությունից հետո առաջին խոսնակը պատմեց հայտնի, բայց մտացածին մի պատմություն չորս մոգերի մասին։ Այն գեղեցիկ էր և սենտիմենտալ։ Հաջորդ խոսնակը իր ելույթը կենտրոնացրեց երեք մարդակերպված ծառերի պատմության վրա: Մեկը ցանկանում էր լինել գեղեցիկ սնդուկ, բայց փոխարենը դարձավ կենդանիների կերակրման արկղ, մի մսուր, որի մեջ դրվեց Բեթղեհեմի մանուկը: Երկրորդը ցանկանում էր դառնալ հիացմունքի արժանի առագաստանավ։ Փոխարենը՝ այն դարձավ Գալիլեայի ծովում սովորական ձկնորսի կողմից օգտագործվող անուշագրավ մի նավակ։ Մի մոլեգնող փոթորկի ժամանակ, մի մարդ, որին մյուսները դիմում էին որպես «Վարդապետ» ասաց. «Խաղաղվիր» և փոթորիկը հանդարտվեց: Երրորդ ծառը ցանկանում էր ձևավորվել` դառնալով մի բան, որով կարող էին հիանալ հեռվից: Փոխարենը, այն դարձավ գերաններ, որոնց վրա մի մարդ խաչվեց Գողգոթա կոչվող բլրի վրա: Կրկին, մեկ այլ մտացածին, բայց սենտիմենտալ Սուրբ ծննդյան մի պատմություն:

Ես հիասթափված էի ժողովի բովանդակությունից և զգացի, որ չէի կարող թույլ տալ, որ այն ավարտվի այդ ձևով Գրեյսի համար: Չնայած ժամանակը սպառվել էր, ես շրջվեցի դեպի եպիսկոպոսը և հարցրի. «Պատրաստվո՞ւմ եք շտկել այս ժողովը, թե՞ ուզում եք, որ ես դա անեմ»: Նա ասաց, որ հոգ կտանի դրա մասին: Նա կանգնեց բեմին և հինգ րոպե բացատրեց, թե ով է Բեթղեհեմի Մանուկը, և ինչ էր Նա իրականացնելու: Եպիսկոպոսը բերեց հզոր վկայություն Հիսուս Քրիստոսի` ողջ մարդկության Փրկչի մասին։ Նա հայտարարեց փակման օրհներգը և աղոթքը ու նստեց:

Երբ երգում էին փակման օրհներգը, Գրեյսը թեքվեց դեպի կինս և ասաց. «Ռութ, երբ այդ եպիսկոպոսը խոսեց, ժողովում ինչ-որ բան փոխվեց»: Դա իսկապես այդպես էր: Խոսնակները բարի նպատակներ ունեին, բայց մատուցում էին աստվածաբանական թխվածքաբլիթներ, հոգևորապես դատարկ կալորիաներ, հավատքի և վկայության անգույն արտահայտություններ, որոնք զուրկ էին Աստծո խոսքի և, հետևաբար, Հոգու զորությունից:

Եպիսկոպոսի անկեղծ վկայությունը հիմնված էր սուրբ գրություններում ուսուցանվող ճշմարտությունների վրա և Տիրոջ մարգարեների ուսմունքների վրա, որն այն էր, ինչը հրավիրեց Հոգուն այդ ժողովում: Ես եզրակացրի, որ Հոգու համար դժվար է վկայություն բերել մտացածին պատմության ճշմարտացիության մասին: Ինչ էլ որ անենք մեր ուսուցման ժամանակ, մենք պետք է միշտ մեր ուսուցումը կրկին հետ բերենք դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, դեպի Երկնային Հայրը և Նրա ծրագիրը, և Նրա ավետարանի վերականգնումը: Իհարկե, լավ է օգտագործել պատմվածքներ, նույնիսկ մտացածին պատմվածքներ՝ ուսանողների ուշադրությունը գրավելու համար: Այսինքն՝ ես օգտագործեցի թխվածքաբլիթներ՝ ձեր ուշադրությունը գրավելու համար Բայց երբ մեր ուսանողներն արդեն ուշադիր են, պետք է մատուցենք սննդամթերքը, որը կյանքեր է փոխում: Կարծում եմ, ես պետք է թխվածքաբլիթներից հետո մատուցեի գազարի ձողիկներ, բրոկկոլի, հումուս, բայց չարեցի:

Պողոս Առաքյալը հայտարարել է. «Քանի որ ով Տիրոջ անունը կանչի կփրկվի»: Այնուհետև Պողոսն ուղղում է մի շարք հարցեր, որոնք օգնում են մեզ հասկանալ լիազորված ուսուցչի կարևորությունը, որն ուսուցանում է այս հիմնական մանրաթելի մասին: Նա հարցնում է. «Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի: Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն»: Այնուհետև Պողոսն առաջարկում է այս եզրակացությունը. «Ուրեմն հավատը լսելուց է, և լսելը՝ Աստծո խոսքից»: Որպեսզի ձեր ուսանողները զարգացնեն հավատք առ Հիսուս Քրիստոս և Նրա կենտրոնական դերը Հոր ծրագրում, կարևորագույնը՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին նրանց ուսուցանելն է: Այս համաժողովի համար թեման արտահայտում է այդ բոլորը. «Փնտրել այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները»:

Հայտնի շոտլանդացի կրոնական բարեփոխիչ և քարոզիչ Թոմաս Չալմերսը գրել է այս սկզբունքը սովորելու իր փորձառության մասին: Չալմերսն ապրել է 1780-1847 թվականները: Իր կյանքի վերջում Չալմերսը հասկացավ, որ նա իր քարոզչության ընթացքում մի չպլանավորված փորձարկում էր կատարել: Տարիներ շարունակ նա քարոզով պայքարել էր անբարոյականության և բնավորության թերությունների դեմ: Նա կենտրոնացել էր իր ծխականների արտաքին վարքի վրա՝ հիմնականում սովորեցնելով Տասը պատվիրանները: Արդյունքը հիասթափեցնող էր: Նա պարզեց, որ իր խոսքերը «[բոլորը] փետուրի կշիռ ունեին ծխականների բարոյական սովորույթների վրա»: Նա հասկացավ, որ եթե նույնիսկ ինքը համոզում էր որևէ մեկին չգողանալ, մարդու հոգին մնում էր անփոփոխ, մարդը ներսից չէր փոխվում, չնայած մարդը զերծ էր մնում վատ վարքից: Այլ կերպ ասած՝ դուք կարող եք փոխել վարքագիծը՝ առանց փոխելու ուսանողի սիրտը:

Այնուհետև Չալմերսը սկսեց քարոզել հաշտություն Աստծո հետ և մեղքերի թողություն Քրիստոսի արյան միջոցով: Երբ նա իր ծխականներին քարոզեց այս ձևով, նրանք փոխեցին իրենց կյանքը: Մեծագույն դասը, որ նա սովորեց, հետևյալն էր. «Քրիստոսին քարոզելը բարոյականություն քարոզելու միակ արդյունավետ ուղին է»: Նա հասկացավ իր նախկին սխալը, որ նա փորձել էր փոխել վարքագիծը, ոչ թե սրտերը: Այժմ նա աշխատում էր փոխել սրտերը, իսկ վարքագիծը բնականաբար և միաժամանակ փոխվում էր:

Գիտելիքը, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա իմ Փրկիչն է և Քավիչը, փոխել է իմ կյանքը և իմ սիրտը: Այս գիտելիքը փոխել է իմ վարքը այնպիսի ձևով, որը ոչ մի այլ բան չէր կարող փոխել: Ես գիտեմ, որ ես եղել եմ Նրա անսահման քավիչ զոհաբերության շահառուն: Այդ գիտելիքը այն է, ինչ իսկապես փոխում է մարդկանց կյանքը:

Ուսանողների համար սննդանյութերով հարստացված երկրորդ հոգևոր մանրաթելը ձեզ հետ նրանց անձնական հարաբերություններն են: Դա տեղի է ունենում նրա շնորհիվ, որ ձեզ հետ կառուցած նրանց հարաբերությունը նպաստում է և նրանց դարձնում դեպի Փրկիչը։ Նա միշտ կարող է լինել հոգևոր սննդանյութի իսկական աղբյուրը: Ուսուցչի և ուսանողի միջև փոխհարաբերությունն օգնում է սովորողներին բաց լինել Փրկչի խոսքերի հանդեպ: Նույնիսկ ուսանողների հետ ձեր պաշտոնական ուսուցման ավարտից տարիներ անց, ձեր հարաբերությունները կարող են շարունակել դրական ազդեցություն ունենալ նրանց կյանքում: Դուք տևական ազդեցություն կթողեք՝ ձեր խոր սիրո և նրանց բարօրության համար մտահոգության շնորհիվ, որն ավելի շուտ ուղղում է նրանց դեպի Տերը և Նրա վարդապետությունը, քան դեպի ձեզ:

Ես դա զգացել եմ։ Երեխաների միության ուսուցիչներից մեկը` Բեքին, այդպիսի ազդեցություն ուներ ինձ վրա: Երբ ես երեխա էի, իմ ակնհայտ սխալները քննարկելու փոխարեն՝ Բեքին բռնում էր ինձ ինչ-որ լավ բան անելիս, կսմթում էր այտս, շոյում էր գլուխս և ասում. «Դեյլ, դու այնքան լավ տղա ես»: Ես դա նվասատացնող չէի համարում, ավելի շուտ սպասում էի առիթների, երբ դա տեղի ունենար: Ավելի ուշ, երբ ես երիտասարդ էի, այլևս Երեխաների միությունում չէի, իմ ընտանիքը վերադարձավ այդ ծուխ՝ տարիներ շարունակ Ֆինլանդիայում և Շվեդիայում ապրելուց հետո: Բեքին մոտեցավ ինձ հաղորդությունը բաժանելուց հետո, կսմթեց այտս, շոյեց գլուխս և ասաց. «Դեյլ, դու այնքան լավ տղա ես»: Երբ ես վերադարձա միսիայից, իմ միսիոներական փորձառությունների մասին հաղորդության ժողովում զեկուցելուց հետո Բեքին մոտեցավ ինձ, կսմթեց այտս, շոյեց գլուխս, և ասաց. «Դեյլ, դու այնքան լավ տղա ես»: Հետագա տասնամյակների ընթացքում ես ավելի լավ ընտրություններ կատարեցի, քան այլ պարագայում կանեի, մասամբ այն պատճառով, որ Բեքին ուղղորդել էր ինձ դեպի Փրկիչը, և ես չէի ուզում հիասթափեցնել նրան:

Կիրակի օրը ինձ կանչեցին Տասներկուսի Քվորում, մի կիրակի ես վերադարձա այն ծուխը, որտեղ ես մեծացել էի: Բեքին դեռ ապրում էր այդ ծխում: Ես նստեցի բեմի վերջում, հակիրճ խոսեցի հաղորդության ժողովի ժամանակ և նստեցի: Աղոթքից հետո Բեքին, որն այդ ժամանակ 80 տարեկան էր, գաղտագողի մոտեցավ ինձ: Նա մոտեցավ իմ հետևում գտնվող երգչախմբի նստատեղերին, կսմթեց այտս, շոյեց գլուխս և ասաց. «Դեյլ, դու այնքան լավ տղա ես»:

Յուրաքանչյուր ուսանող կարիք ունի Բեքիի նման մեկ կամ մի քանի ուսուցիչների իր կյանքում, որոնք ողջ կյանքում կպահեն կապը, ցույց կտան նրանց դեպի Փրկիչը, մեկի, ով կազդի նրանց մտածելակերպի և վարքի վրա, մեկի, ում չեն ցանկանա հիասթափեցնել: Երբ ուսանողները նեղված լինեն այն ճգնաժամերից, որոնք նրանք անկասկած կունենան, դուք կարող եք անվտանգ մի վայր ապահովել նրանց համար` դիմելու սիրո և վստահության համար: Իհարկե կարող են լինել ոմանք, ովքեր կդիմադրեն իրենց ճանաչելու ձեր փորձերին, բայց դա չի խանգարի ձեզ սիրել նրանց: Դուք կարող եք ավելի մեծ ազդեցություն ունենալ դիմադրող ուսանողների վրա, քան կարծում եք:

Սննդանյութերով հարստացված փոխաբերական երրորդ մանրաթելը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր ուսանողի, Եկեղեցու վերաբերյալ հարցերին և մտաահոգություններին անդրադառնալու կարողությունն է։ Ութ տարի առաջ երեց Մ. Ռասսել Բալլարդը խորհուրդ տվեց կրոնի ուսուցիչներին.

«Անցել են այն ժամանակները, երբ ուսանողը ազնիվ հարց էր տալիս, իսկ ուսուցիչը պատասխանում էր. «Մի անհանգստացեք դրա համար»: Անցել են այն ժամանակները, երբ աշակերտը անկեղծ մտահոգություն էր հայտնում, իսկ ուսուցիչը որպես պատասխան բերում էր իր վկայությունը՝ նպատակ ունենալով խուսափել խնդրից: Անցել են այն օրերը, երբ ուսանողները պաշտպանված էին Եկեղեցու վրա հարձակվող մարդկանցից։ …

Նախքան [ձեր ուսանողներին] աշխարհ ուղարկելը, պատվաստեք [նրանց]՝ տրամադրելով ավետարանի վարդապետության, սուրբ գրությունների, մեր պատմության և այն թեմաների վերաբերյալ հավատարիմ, խորամիտ և ճշգրիտ մեկնաբանություն, որոնք երբեմն սխալ են ընկալվում»:

Ուսուցիչներ, դուք կարող եք ուսուցանել ուսանողներին, թե ինչ է նշանակում միավորել ուսումնառությունը և հավատքը, երբ նրանք սովորում են: Դուք կարող եք ուսուցանել նրանց` ձևավորելով հետևյալ հմտությունը և մոտեցումը:

Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է մեր օրերում հայտնության միջոցով: Հետևաբար մենք գիտենք, թե ինչպես վերադառնանք մեր երկնային տուն, բայց մենք դեռ գուցե հարցեր և մտահոգություններ ունենք, որոնց համար մենք անկեղծորեն ցանկանում ենք ունենալ պատասխաններ: Ձեր ուսանողները կհետևեն, թե ինչպես եք արձագանքում բարդ հարցերին, ազնիվ հարցերից խուսափելը կամ անտեսելը ավելի շատ հարցեր կառաջացնի: Դուք պետք է պատրաստ լինեք առաջնորդելու մյուսներին պատասխաններ գտնել իրենց որոնումներում և օգնեք նրանց հավատք կառուցել Տիրոջ և Նրա ճշմարտության աստվածային աղբյուրների հանդեպ: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին»: Այդ նպատակով Եկեղեցին հրաշալի, վստահելի մի աղբյուր է կազմել` իրենց սեփական հարցերի պատասխանները փնտրող անհատների և նրանց համար, ովքեր ձգտում են օգնել այդ մարդկանց: Մեր նպատակն է օգնել ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը, նույնիսկ, երբ տրամադրում ենք որոշ առաջարկներ, թե ինչպես մոտենալ բարդ, իսկ երբեմն՝ դժվարին թեմաներին:

Այդ աղբյուրը կարելի է գտնել ինչպես ChurchofJesusChrist.org կայքում, այնպես էլ Ավետարանի գրադարան հավելվածում։ Եթե դուք ծանոթ չեք այս աղբյուրներին, թույլ տվեք ցույց տալ տեղը Ավետարանի գրադարան հավելվածում: Բացեք ձեր Ավետարանի գրադարան հավելվածը։ Գլխավոր էջից գնացեք libraby (գրադարան)։ Սեղմեք «Թեմաներ և հարցեր» վերնագիրը: Այստեղ դուք կտեսնեք մի բաժին, որը կոչվում է «Փնտրել ձեր հարցերի պատասխանները», մեկ այլ բաժին, որը կոչվում է «Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ» և բազմաթիվ հնարավոր հետաքրքրություն ներկայացնող թեմաների այբբենական ցանկ:

«Փնտրել ձեր հարցերի պատասխանները» բաժինը ուսուցանում է սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել մեր ուսումնասիրությունը, երբ մենք ջանասիրաբար փնտրում ենք մեր հարցերի պատասխանները՝ լինի դա հավատքի, վարդապետության, թե Եկեղեցու պատմության վերաբերյալ: Այս բաժնի նախաբանը բացատրում է, որ հարցերը հոգևոր աճի կարևոր մասն են հանդիսանում, իսկ պատասխաններ փնտրելը կարող է լինել ողջ կյանքի ձգտում: Այս բաժնում գտնվող սկզբունքները խրախուսում են մեզ կենտրոնացնել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, որովհետև Նրա վրա մենք պետք է կառուցենք մեր հավատքի հիմքը: Մեզ հիշեցվում է, որ Աստծո փրկության ծրագիրը հեռանկար է տալիս մեր հարցերին: Սակայն կարևոր է տարբերակել ավետարանի առանցքային ճշմարտությունները այն բաներից, որոնք այնքան էլ էական չեն։ Որպեսզի հավատքը աճի, մենք պետք է որոշենք հավատք ունենալ: Այնուհետև մենք պետք է գործենք հավատքով և ամուր կառչենք նրանից, ինչ մենք գիտենք: Երբ մենք անենք դա, կխորացնենք մեր ըմբռնումը և հավատքը առ Հիսուս Քրիստոս:

Այս բաժնում քննարկված լրացուցիչ սկզբունքները մեզ քաջալերում են համբերատար լինել ինքներս մեզ հետ, ուրիշների և Տիրոջ ժամանակացույցի հետ: Մենք պետք է հիշենք, որ հայտնությունը գործընթաց է, որը հաճախ սկսվում է հարցերով, հաճախ գալիս է տող առ տող և կարող է երբեմն դժվար լինել: Պատասխաններ փնտրելիս մենք պետք է առաջնորդություն փնտրենք Սուրբ Հոգուց և աշխատենք հասկանալ անցյալը՝ իրերը համատեքստում դնելով:

«Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ» բաժինն առաջարկում է սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել մեզ, երբ մենք շփվում ենք մարդկանց հետ, ովքեր հարցեր ունեն: Ինչ էլ որ լինի, մենք պետք է խոսենք հարգալից, լսենք կարեկցանքով և դրսևորենք Քրիստոսանման սեր: Լսենք և արձագանքենք սիրով: Ձգտենք հասկանալ մարդկանց խնդիրները և խուսափենք արհամարհական կամ դատապարտող լինելուց: Դա անելիս մենք կհասկանանք, որ սահմանափակ գիտելիք ունենք։ Խնդրում ենք հիշել, որ չնայած մենք ունենք ավետարանի լրիվությունը, մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Որոշ պատասխաններ պետք է սպասեն հետագա հայտնությունների: Որոշ հարցերի և որոշ հարցադրումների համար մենք պարզապես բավարար չափով չգիտենք Տիրոջ կամքի և Եկեղեցու վարդապետության լրիվության մասին՝ ուսանողների հարցերին լիարժեքորեն պատասխանելու համար: Այս իրավիճակներում լրացուցիչ տրամաբանությամբ կամ պատճառաբանությամբ հարց տվողներին համոզելու փորձը գուցե չօգնի:

Մի ծուղակ, որի մեջ կարող են ակամա ընկնել շատ ուսուցիչներ, պատճառներ կամ բացատրություններ տալն է, որը Տերը չի տվել: Երբ դա տեղի ունենա, տրված պատճառը կամ պատասխանը կարող է ի վերջո քանդվել, և այդ դեպքում ուսանողի հավատքը կարող է պակասել: Ավելի լավ է ասել, որ մենք չգիտենք, քան պատճառ կամ բացատրություն հորինել: Հավատքն ի վերջո, ընտրություն է, և երբեմն միակ պատասխանն է ապավինել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքին և ավետարանի Վերականգնման հավատքին և համբերատար լինել՝ սպասելով Տիրոջ պատասխաններին, երբ Նա կցանկանա դրանք հայտնի դարձնել: Մենք վստահում ենք Տիրոջը և փորձում ենք լինել ապահով և վստահելի աղբյուր ուրիշների համար, որպեսզի օգնության համար դիմեն մեզ:

Մենք կարող ենք խրախուսել ուսանողներին զարգացնել իրենց հոգևոր վկայությունը Երկնային Հոր սիրո և այն մասին, որ Հիսուս Քրիստոսը քավություն կատարեց նրանց համար: Հիշեք, որ նույնիսկ, երբ ուսանողները չեն ընդունում ավետարանի ամբողջականությունը, նրանք դեռ կարող են հավատալ և հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի խոսքերին: Երբ նրանք մաքառում են Եկեղեցու որևէ տեսակետի հետ, նրանք դեռ կարող են ամուր վկայություն ունենալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց և ցանկանում է այն, ինչը լավ է իրենց համար, և որ Հիսուս Քրիստոսը նրանց Փրկիչն է:

Դուք կիմանաք, որ ուրիշներին իրենց հարցերում օգնելու առաջարկներից շատերը ամենաարդյունավետ կերպով արվում են առանձին-առանձին: Ես հավատում եմ, սա լավագույն միջոցն է: Ուսուցչի համար կարող է անխոհեմ լինել, որ ամբողջ դասարանը ընդգրկված լինի մեկ մարդու կարևոր հարցին պատասխանելու գործում։ Ուսանողների հարցերը չպետք է շեղեն պլանավորված ուսումնական ծրագրերը, որոնք նախատեսված են հավատք ձևավորելու համար: Միշտ հիշեք, որ ձեր նպատակն է հավատք զարգացնել ամբողջ դասարանում, ոչ թե շեղվել մի քանի ձայների կողմից: Ինչպես ողջ ուսուցումը, հարցեր լուծելը պահանջում է Հոգու առաջնորդությունը:

Այս բաժնի բովանդակությունը նաև հիշեցնում է մեզ սնուցել մեր սեփական հավատքը, նույնիսկ երբ մենք օգնում ենք ուրիշներին: Քույր Թամարա Վ. Ռունիան խորհուրդ է տվել մեզ. «Մի հետապնդեք ձեր սիրելիներին, որոնք իրենց մոլորված են զգում»: Փոխարենը՝ Կենաց ծառի մասին Լեքիի տեսիլքի նման, «դուք մնացեք ձեր տեղում և կանչեք նրանց: Դուք գնում եք ծառի մոտ, մնում եք ծառի մոտ, շարունակում եք ուտել պտուղը և, ժպիտը դեմքին, շարունակում եք նշան անել նրանց, ում սիրում եք և օրինակով ցույց տալիս, որ պտուղն ուտելը ուրախալի բան է»:

«Թեմաներ և հարցեր» բաժնում պարունակվող սկզբունքները, հատկապես այն սկզբունքները, որոնք ուսուցանվում են «Փնտրել ձեր հարցերի պատասխանները» և «Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ» բաժիններում, օգնել են ինձ փնտրել իմ սեփական հարցերի պատասխանները մի ձևով, որն ամրապնդել է իմ հավատը առ Տերը և խորացրել է իմ հասկացողությունը Նրա և Նրա աշխատանքի մասին: Սկզբունքներն օգնել են ինձ աջակցել նաև ուրիշներին՝ կողմնորոշվելու իրենց մտահոգություններում և հարցերում: Հետագայում լրացուցիչ բովանդակություն կավելացվի՝ անդրադառնալու որոշակի հարցերի և թեմաների, ուստի խնդրում ենք հաճախ վերադառնալ այս աղբյուրներին և երբեք չմտածել. «Ես դա կարդացել եմ»: Վստահ եմ, որ այս բաժինները և այս թեմաները նույնպես օգտակար կհամարեք: Ես աղոթում եմ, որ այդ նյութերի օգտագործումն օգնի ձեզ և մյուսներին՝ խորացնելու հավատքն առ Փրկիչը:

Չորրորդ և սննդանյութերով հարստացված փոխաբերական հոգևոր վերջին ամրաթելը, որը ես կցանկանայի ունենալ բոլոր ուսանողների համար, այն կարևոր բաղադրիչն է, որը ստեղծում և պահպանում է փափուկ սիրտ: Փափուկ սիրտ ասելով ես նկատի ունեմ Հոգու հանդեպ զգայուն սիրտ: Կարծր սիրտը, որը փափուկ սրտի հակառակն է, հոգեպես մահացու է: Սուրբ գրությունները հաճախ են նկարագրում այն վտանգները, որոնք սպասվում են կարծր սիրտ ունեցողներին: Նեփին իմացավ որ, [կենաց ծառի տեսիլքում տեսած] «խավարի մշուշները դևի գայթակղություններն են, որոնք կուրացնում են աչքերը, և կարծրացնում սրտերը մարդկանց զավակների, և տանում նրանց հեռու՝ դեպի լայն ճանապարհներ, որպեսզի նրանք մահանան ու կորչեն»:

Կոշտ կամ կարծր ֆիզիկական սիրտը դժվարությամբ է լցվում արյունով: Այսպիսով, երբ սիրտը լցվում է, երբ այն պատրաստվում է կծկվել, կոշտ սիրտը դժվարությամբ է ընդլայնվում, որպեսզի արյունը ներթափանցի: Եվ սա կարող է հանգեցնել սրտի անբավարարության, որը նույնքան վտանգավոր է, որքան սրտի կանգը, որն առաջանում է կծկման խանգարումից: Ճիշտ այնպես, ինչպես կարծր սիրտը դժվարությամբ է լցվում արյունով, հոգեպես կարծր սիրտը դժվարությամբ է լցվում Հոգով:

2 Նեփի 33 գլխում, Նեփին հստակեցնում է, որ մարդիկ, որոնք կարծրացնում են իրենց սրտերը, թույլ չեն տալիս, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքերը տեղափոխի իրենց սրտի մեջ: Նա ասել է. «Երբ մարդը խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն մինչև մարդկանց զավակների սրտերը» : Նեփին շարունակում է. «Բայց ահա, կան շատերը, որ կարծրացնում են իրենց սրտերը Սուրբ Հոգու դեմ, այնպես որ այն տեղ չի ունենում նրանց մեջ. ուստի, նրանք դեն են նետում շատ բաներ, որոնք գրված են և համարում դրանք՝ որպես դատարկ բաներ»:

Երեց Դեյվիդ Ա, Բեդնարը նշել է. «Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը ուղերձը հասցնում մինչև սիրտը, սակայն ոչ անպայման սրտի մեջ : … Ի վերջո, … ուղերձի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում է սրտի մեջ, եթե միայն ստացողը թույլ է տալիս, որ դրանք ներս մտնեն։

Եթե մեր ուսանողները փափուկ սիրտ չունեն, նրանք գուցե դառնան նրանց պես, ովքեր կասեն. «Մենք ստացել ենք, և այլևս կարիք չունենք … քանի որ բավականաչափ ունենք: Քանզի, ահա, այսպես է ասում Տեր Աստված. Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկնդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն. քանզի նրան, ով ընդունում է, ես կտամ ավելին. և նրանցից, ովքեր կասեն. Մենք բավականաչափ ունենք, նրանցից կվերցվի, նույնիսկ այն, ինչ նրանք ունեն»:

Կարծր սրտերով մեր ուսանողները կարող են փակել ուղին, որի միջոցով կարող են ստանալ ավելի շատ Աստծո խոսքից կամ պատասխաններ՝ իրենց աղոթքներին: Նրանք մեզ նման պետք է բաց լինեն Հոգու հանդեպ, որպեսզի կարողանան ուսուցանվել բոլոր բաները, որոնք իրենք պետք է անեն: Ինչպես Ալման է ուսուցանել. «Եվ նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն բաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն իմանում նրա խորհուրդների մասին. և հետո նրանք գերի են վերցվում դևի կողմից և տարվում նրա կամքով վար՝ դեպի կործանում»: Փափուկ սրտերն առաջ են բերում այն արդյունքը, որը խոստացել է Փրկիչը: «Նա, ով պահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»: Կարծր սրտերը այնուամենայնիվ հնարավոր են դարձնում «այն ամբարիշտին [գալ] և [վերցնել] լույսն ու ճշմարտությունը»:

Թագավոր Բենիամինն ամփոփեց սննդանյութերով հարստացված, փոխաբերական հոգևոր ամրաթելերը, որոնք ստեղծում և պահպանում են փափուկ սիրտը: Նա հայտարարեց. «Ես կկամենայի, որ դուք հիշեք և միշտ պահեք ձեր հիշողության մեջ Աստծո մեծությունը և ձեր սեփական ոչնչությունը և նրա բարությունն ու երկայնամտությունը … և խոնարհեցնեք ձեզ, մինչև իսկ համեստության խորքերը, կանչելով Տիրոջ անունն ամեն օր և անսասան կանգնելով նրա հավատքում, որը պիտի գա»: Հիմունքները սրանք են. որ մենք միշտ հիշենք, որ փրկագնումը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որ առանց Նրա մեր վիճակն անհույս է։ Այն մեզ հուշում է խոնարհվել համեստության խորքերը և մղում է մեզ ամեն օր աղոթել, և այնուհետև մենք ամուր ենք կանգնում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ մեր հավատքի մեջ: Բնական հետևանքն այս է, որ մենք «միշտ կհրճվենք և լցված կլինենք Աստծո սիրով և միշտ կպահպանենք [մեր] մեղքերին թողություն. և … կաճենք նրա փառքի գիտության մեջ, ով ստեղծել է [մեզ]:

Օգնեք ուսանողներին հիշել և միշտ հիշողության մեջ պահել Աստծո մեծությունը, երբ ջանասիրաբար համոզեք նրանց հավատալ Քրիստոսին և «հաշտվել Աստծո հետ, գիտենալով, որ շնորհի միջոցով է, որ [իրենք] փրկվում են՝ այն ամենից հետո, ինչ [իրենք] կարող են անել»: Այսպիսով դուք և ես «խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, … որ մեր [ուսանողները]կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։ Այդ գիտելիքն օգնում է նրանց մնալ խոնարհ` հուշելով նրանց ամեն օր կանչել Աստծո անունը և անսասան կանգնել հավատքում: Այն օգնում է նրանց պահպանել փափուկ սրտեր, որոնք ընկալունակ են Սուրբ Հոգով լցվելու:

Բոլոր չորս սննդանյութերով հարստացված ամրաթելերը, որոնց մասին ես խոսեցի, համընկնում են և փոխադարձաբար ամրապնդվում: Այսօր լավ օր է մեր ուսուցման վերաբերյալ ինքնաստուգում կատարելու համար: Խնդրում եմ հարցրեք ինքներդ ձեզ.

  • Արդյո՞ք իմ ուսուցումը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա:

  • Արդյո՞ք ուսուցանում եմ վկայությամբ և սիրով:

  • Արդյո՞ք ձգտում եմ հարատևող փոխհարաբերություններ զարգացնել իմ ուսանողների հետ:

  • Արդյո՞ք ես օգնում եմ ուսանողներին պատասխանել իրենց հարցերին և չեմ թողնում նրանց հարցերն անպատասխան:

  • Արդյո՞ք ես դրսևորում եմ փափուկ սրտի օրինակ` արտահայտելով երախտագիտություն Աստծուն և ամուր կանգնելով հավատքում:

  • Ի՞նչ են իմ ուսանողները սովորում իմ օրինակից, ինչպես նաև իմ ուսուցումից:

Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեզ այն բանի համար, ինչ դուք անում եք, որպեսզի օգնեք Երկնային Հոր զավակներին դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ, օգնել նրանց պահպանել փափուկ սրտեր, օգնել նրանց թույլ տալ, որ Հոգին մտնի իրենց սրտերը և հստակ մատնացույց անի նրանց դեպի Հիսուս Քրիստոսը՝ Քավիչը աշխարհի։ Ինչպես լսեցինք երգում, մենք բոլորս հակված ենք թափառելու, հակված ենք լքելու Աստծուն, որին սիրում ենք: Մեզ պետք է հիշեցնեն Նրա բարության մասին, որպեսզի այդ բարությունը կապանքի պես կապի մեր թափառական սրտերը Աստծուն: Եվ ահա թե ինչու Ռոբերտ Ռոբինսոնը, երբ գրեց դա, ասաց. «Ահա իմ սիրտը: Վերցրու և կնքիր այն: Կնքիր այն քո վերին դատի համար»։ Նա ցանկանում էր, որ իրեն հիշեցնեն, թե ինչու էր նա զգում, որ պետք է երգի քավիչ սիրո այդ երգը, երբ երբեմն չէր ուզում երգել այն: Եվ մեր խնդիրը նույնն է՝ օգնել մեր ուսանողներին այդ ճանապարհին։

Աստված օրհնի ձեզ նրա համար, ինչ անում եք: Աստված օրհնի ձեզ ձեր բարության համար, Աստված օրհնի ձեզ ձեր հավատքի համար, ձեր հավատարմության, ձեր վկայությունների համար: Շնորհակալություն Վարդապետին ծառայելու համար: Շնորհակալությյուն Նրա ընկերը լինելու համար, որովհետև Նա մեր բարի, իմաստուն, երկնային ընկերն է: Ես բացարձակապես գիտեմ, որ դա ճիշտ է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։