Գերագույն համաժողով
Տեսնենք Աստծո ընտանիքը հավերժության ոսպնյակի միջոցով
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


11:30

Տեսնենք Աստծո ընտանիքը հավերժության ոսպնյակի միջոցով

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հավատքի աչքի միջոցով փոքրացնել և հույսով ու ուրախությամբ նայել մեզ ու մեր ընտանիքներին:

Երբ մեր կրտսեր դուստրը՝ Բերքլին, փոքր էր, ես սկսեցի օգտագործել ընթերցանության ակնոց, որը խոշորացնում էր ամեն ինչ: Մի օր, երբ միասին նստած գիրք էինք կարդում, ես սիրով, բայց նաև տխրությամբ նայեցի նրան, քանի որ հանկարծ նա ավելի մեծ թվաց: Ես մտածեցի. «Ինչ արագ է անցնում ժամանակը: Նա, կարծես, շատ արագ է մեծանում»:

Բայց երբ բարձրացրի ընթերցանության ակնոցը՝ արցունքս սրբելու համար, իսկույն հասկացա. «Օ, սպասիր, նա ավելի մեծ չէ. Այս ակնոցն է մեծացնում: Ամենևին էլ այդպես չէ»:

Երբեմն այն ամենը, ինչ մենք կարող ենք տեսնել, մոտիկից խոշորացված պատկերն է նրանց, ում մենք սիրում ենք: Այս երեկո ես հրավիրում եմ ձեզ փոքրացնել պատկերը և նայել մեկ այլ՝ հավերժության ոսպնյակի միջոցով, որը կենտրոնանում է մեծ պատկերի՝ ձեր ավելի մեծ պատմության վրա:

Երբ մարդիկ սկսեցին ջանքեր գործադրել բաց տիեզերք դուրս գալու համար, վաղ շրջանի անօդաչու հրթիռները պատուհաններ չունեին: Սակայն Ապոլոն 8-ը անձնակազմ ունեցող առաջին տիեզերանավն էր, որ թռավ Լուսին: Երբ տիեզերքից նրանք տեսան մեր երկիրը, ցնցված էին այդ փորձառությունից, ապա ներկայացրին այդ տպավորիչ պատկերը, որը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը: Պատկերի գեղեցկության և ակնածանքի ու զարմանքի փոփոխվող զգացումների ներքո տիեզերագնացներն այդ փորձառությունն անվանեցին «Վերանայման էֆեկտ»:

երկիրը տիեզերքից

ՆԱՍԱ

Նոր դիտակետից նայելը փոխում է ամեն ինչ: Տիեզերագնացներից մեկն ասել է, որ այն «նվազեցնում է իրերը այնպիսի չափի, … որ ձեզ թվում է, թե ամեն ինչ կառավարելի է: … Մենք կարող ենք դա անել։ Խաղաղություն հաստատել երկրի վրա՝ խնդիր չկա: Իրերն ու երևույթները տարբեր տեսանկյուններից դիտարկելը մարդկանց տալիս է այդ տեսակի եռանդ … և ուժ»:1

Մենք՝ որպես մարդ արարածներ, ունենք երկրային տեսակետ, բայց Աստված տեսնում է տիեզերքի համապարփակ պատկերը: Նա տեսնում է բոլոր արարչագործությունները, մեզ բոլորիս, և լցվում է հույսով:

Հնարավո՞ր է սկսել տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում, և նույնիսկ այս մոլորակի վրա ապրելով՝ ունենալ վերանայման այդ զգացումը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հավատքի աչքի միջոցով փոքրացնել և հույսով ու ուրախությամբ նայել մեզ ու մեր ընտանիքներին:

Սուրբ գրությունները հաստատում են դա: Մորոնին խոսում է նրանց մասին, ում հավատքն «այնքան շատ ուժեղ էր», որ «հավատքի աչքով նրանք տեսան, և նրանք ուրախ էին»:2

Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած աչքով նրանք ուրախություն զգացին և իմացան այս ճշմարտությունը. Քրիստոսի շնորհիվ ամեն խնդիր կլուծվի: Այն ամենը, ինչ անհանգստացնում է ձեզ, ձեզ և ձեզ, լավ ավարտ է ունենալու: Եվ նրանք, ովքեր նայում են հավատքի աչքով, կարող են զգալ, որ այժմ նույնպես լավ է լինելու:

Ավագ դպրոցի ավարտական տարում ես անցնում էի դժվարությունների միջով, քանի որ ճիշտ ընտրություններ չէի կատարում: Հիշում եմ՝ տեսնում էի, թե մայրս ինչպես էր արտասվում, և ես մտածում էի՝ արդյոք կհիասթափեցնեմ նրան: Այդ ժամանակ ես անհանգստանում էի, քանի որ արցունքները նշանակում էին, որ նա այլևս հույս չուներ, թե իր դուստրը ճիշտ որոշումներ կկայացնի:

Բայց հայրս կիրառում էր մեծացնելու և հեռվից նայելու քաղաքականությունը: Նա իր փորձից սովորել էր, որ անհանգստությունը շատ նման է սիրո, բայց նույնը չէ:3 Նա օգտագործեց հավատքի աչքը՝ հասկանալով, որ ամեն ինչ լավ կլինի, և նրա հուսադրող մոտեցումը փոխեց ինձ:

Երբ ավարտեցի ավագ դպրոցը և գնացի ԲՅՀ սովորելու, հայրս նամակներ էր գրում՝ հիշեցնելով ինձ իմ ինքնությունը։ Նա դարձավ իմ հենարանն ու խրախուսողը, և բոլորն ունեն խրախուսողի կարիք: Խրախուսողը նա է, ով ձեզ չի ասում. «Դուք բավականաչափ արագ չեք վազում», այլ սիրով հիշեցնում է ձեզ, որ դուք կարող եք:

Հայրս օրինակ էր բերում Լեքիի երազը: Լեքիի նման նա գիտեր, որ չպետք է հետապնդել սիրելի մարդուն, որը մոլորվել է: «Դուք մնացեք այնտեղ, որտեղ կանգնած եք և կանչեք նրանց: Դուք գնում եք [կենաց] ծառի մոտ, մնում եք ծառի մոտ, շարունակում եք ուտել պտուղը և, ժպիտը դեմքին, շարունակում եք նշան անել նրանց, ում սիրում եք և օրինակով ցույց տալիս, որ պտուղն ուտելը ուրախալի բան է»:4

Այս տեսողական պատկերն ինձ օգնում է տխրության պահերին, երբ ես հայտնվում եմ ծառի մոտ, ճաշակում եմ պտուղը և արտասվում, քանի որ անհանգստանում եմ, թե իրականում որքանո՞վ է դա օգտակար: Փոխարենը, եկեք ընտրենք հույսը՝ հույս մեր Արարիչի և միմյանց վրա՝ խթանելով ավելի լավը լինելու մեր կարողությունը:

Երեց Նիլ Ա. Մաքսվելի մահից կարճ ժամանակ անց, մի լրագրող հարցրեց նրա որդուն, թե նա ինչն էր ամենից շատ կարոտելու: Նա ասաց, որ կկարոտի ընթրիքները ծնողների տանը, քանի որ միշտ հեռանում էր այն զգացումով, որ հայրը հավատում է իրեն:

Դա մոտավորապես այն ժամանակն էր, երբ մեր չափահաս զավակները իրենց կանանց և ամուսինների հետ մեր տուն էին գալիս՝ կիրակնօրյա ընթրիքի: Շաբաթվա ընթացքում ես մտքումս կազմում էի այն բաների ցուցակը, որոնց մասին կարող էի հիշեցնել նրանց կիրակի օրը, օրինակ՝ «Գուցե փորձեք ավելի շատ օգնել երեխաներին, երբ տանն եք», կամ՝ «Մի մոռացեք լինել լավ ունկնդիր»:

Երբ ես լսեցի եղբայր Մաքսվելի մեկնաբանությունը, դեն նետեցի ցուցակները և լռեցրի այդ քննադատական ձայնը, ուստի, ամեն շաբաթ, երբ տեսնում էի իմ մեծահասակ երեխաներին այդ կարճ ժամանակով, ես կենտրոնանում էի բազմաթիվ դրական բաների վրա, որոնք նրանք արդեն անում էին: Երբ մի քանի տարի անց մեր ավագ որդին՝ Ռայանը, մահացավ, ես հիշում եմ, որ երախտապարտ էի, որ մեր համատեղ անցկացրած ժամանակն ավելի ուրախ և դրական էր եղել:

Նախքան մեր սիրելի մարդկանց հետ շփվելը՝ կարող ենք ինքներս մեզ հարց տալ. «Արդյո՞ք օգտակար կամ վիրավորական է այն, ինչ ես պատրաստվում եմ անել կամ ասել»: Մեր խոսքերը հսկայական ազդեցություն ունեն, և ընտանիքի անդամները նման են մարդկային գրատախտակների, որոնք կանգնած են մեր առջև և ասում են. «Գրիր այն, ինչ մտածում ես իմ մասին»: Այս ուղերձները՝ լինեն միտումնավոր, թե ոչ, պետք է լինեն հուսադրող և քաջալերող:5

Մեր գործն այն չէ, որ սովորեցնենք դժվարությունների միջով անցնող մարդուն, թե նա վատն է կամ հիասթափեցնող: Հազվագյուտ դեպքերում մենք կարող ենք հուշում զգալ ուղղել որևէ մեկին, բայց ամենից հաճախ եկեք մեր սիրելիներին ասենք այն, ինչ նրանք ցանկանում են լսել. «Մեր ընտանիքն ամբողջական է, քանի որ դու նրա անդամն ես»: «Դու սիրված կլինես ողջ կյանքում՝ անկախ ամեն ինչից»:

Երբեմն մեզ ավելի շատ կարեկցանք է պետք, քան խորհուրդ կամ դասախոսություն լսել, պետք է մեկը, որը լսում է մեզ և հարցնում ինքն իրեն. «Ես ինչ պետք է ասեմ հենց նոր նրա ասածից հետո»:

Հիշեք, որ ընտանիքները Աստծո կողմից տրված փորձաքար են, որտեղ մենք սովորում ենք, ուստի սխալ քայլերն ու սխալ հաշվարկները ոչ միայն հնարավոր, այլև հավանական են: Եվ հետաքրքիր չէ՞ր լինի, եթե մեր կյանքի վերջում տեսնեինք, որ այդ հարաբերությունները, նույնիսկ այդ դժվարին պահերը, հենց այն բաներն էին, որոնք օգնեցին մեզ ավելի նմանվել մեր Փրկչին: Յուրաքանչյուր բարդ փոխհարաբերություն հնարավորություն է սովորելու, թե ինչպես սիրել ավելի խոր ու աստվածանման սիրով:6

Եկեք փոքրացնենք ոսպնյակը և ընտանեկան հարաբերությունները դիտարկենք որպես կատարյալ միջոց՝ մեզ սովորեցնելու այն դասերը, որոնք եկել ենք այստեղ սովորելու, երբ դիմում ենք Փրկչին:

Եկեք խոստովանենք, որ ընկած աշխարհում չկա կատարյալ կողակից, ծնող, որդի կամ դուստր, թոռ, դաստիարակ կամ ընկեր, սակայն գոյություն ունեն լավը դառնալու միլիոնավոր եղանակներ:7 Եկեք մնանք կենաց ծառի մոտ, ճաշակենք Աստծո սերը և կիսենք այն ուրիշների հետ: Բարձրացնելով մեզ շրջապատող մարդկանց՝ մենք միասին ենք բարձրանում։

Ցավոք, պտուղը ճաշակելու հիշողությունը բավարար չէ. մենք պետք է կրկին ու կրկին ճաշակենք այն այնպիսի ձևերով, որոնք փոխում են մեր ոսպնյակի դիրքը և կապում մեզ երկնային պատկերի հետ՝ բացելով սուրբ գրությունները, որոնք լցված են հոգևոր խավարը ցրող լույսով, իջեցնելով մեզ ծնկների վրա, մինչև մեր պատահական աղոթքը վերափոխվի հզոր աղոթքի: Սա այն ժամանակն է, երբ սրտերը փափկում են, և մենք սկսում ենք տեսնել՝ ինչպես Աստված է տեսնում:

Այս վերջին օրերում, թերևս, մեր ամենամեծ աշխատանքը կլինի մեր սիրելիների՝ չար աշխարհում ապրող լավ մարդկանց հետ: Մեր հույսը փոխում է այն եղանակը, որով նրանք տեսնում են իրենց և հասկանում, թե ովքեր են իրենք իրականում: Եվ սիրո այս ոսպնյակի միջոցով նրանք կտեսնեն, թե ինչ են դառնալու:

Բայց հակառակորդը չի ցանկանում, որ մենք կամ մեր սիրելիները միասին վերադառնանք տուն։ Եվ քանի որ մենք ապրում ենք մի մոլորակի վրա, որը կապված է ժամանակով և սահմանափակ թվով տարիներով,8 նա մեր մեջ առաջացնում է խուճապի մի շատ իրական զգացում: Երբ մենք չափազանց կենտրոնացած ենք կյանքի մանրամասների վրա, դժվար է հասկանալ, որ մեր ուղղությունն ավելի կարևոր է, քան արագությունը:

Հիշեք. «Եթե ուզում եք արագ գնալ, գնացեք մենակ: Եթե ցանկանում եք հեռուն գնալ, գնացեք միասին»։9 Բարեբախտաբար, Աստված, որին մենք երկրպագում ենք, կապված չէ ժամանակով: Նա տեսնում է, թե իրականում ովքեր են մեր սիրելիները և ով ենք մենք իրականում:10 Ուստի, Նա համբերատար է մեզ հետ, հուսալով, որ մենք էլ համբերատար կլինենք միմյանց հետ:

Ես կխոստովանեմ, որ կան ժամանակներ, երբ երկիրը՝ մեր աշխարհիկ տունը, կարծես վշտի կղզի լինի. պահեր, երբ ես ունեմ հավատքի մեկ աչք, իսկ մյուս աչքն արտասվում է:11 Ձեզ ծանո՞թ է այդ զգացումը:

Երեքշաբի օրը ես ունեցա այդ զգացողությունը:

Կարո՞ղ ենք փոխարենը ընտրել մեր մարգարեի հավատարիմ վերաբերմունքը, երբ նա հրաշքներ է խոստանում մեր ընտանիքներում: Այդ դեպքում մեր ուրախությունը կավելանա նույնիսկ, եթե խառնաշփոթը մեծանա: Նա խոստանում է, որ վերանայման էֆեկտը կարելի է զգալ նաև այժմ՝ անկախ մեր հանգամանքներից:12

Հավատքի այս աչքն այժմ ունենալը արձագանքն է այն հավատքի, որը մենք ունեինք մինչ այս մոլորակ գալը: Այն տեսնում է պահի անորոշությունը, թույլ տալով մեզ «ուրախությամբ անել ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, … կանգնենք հանգիստ»:13

Ձեր կյանքում կա՞ որևէ դժվար խնդիր այս պահին, որի համար անհանգստանում եք, թե հնարավոր չէ լուծել: Առանց հավատքի աչքի կարող է թվալ, թե Աստված կորցրել է իրերի վերահսկողությունը. իսկ արդյոք դա ճի՞շտ է:

Կամ գուցե ձեր ավելի մեծ վախն այն է, որ դուք միայնակ եք անցնելու այդ դժվարին ժամանակի միջով, բայց դա կնշանակի, որ Աստված լքել է ձեզ. իսկ արդյոք դա ճի՞շտ է:

Ես վկայում եմ, որ Փրկիչն Իր Քավության շնորհիվ կարողություն ունի օրհնության վերածելու ցանկացած մղձավանջ, որի միջով դուք անցնում եք: Նա խոստանում է մեզ «անխախտ ուխտով», որ եթե մենք ձգտենք հետևել Իրեն, «բոլոր բաները, ինչով [մենք] չարչարվել ե[ն]ք, միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար»:14 Բոլոր բաները:

Եվ քանի որ մենք ուխտի զավակներ ենք, մենք կարող ենք այժմ խնդրել այդ հուսադրող զգացումը:

Թեև մեր ընտանիքները կատարյալ չեն, մենք կարող ենք կատարելագործել մեր սերը ուրիշների հանդեպ, մինչև այն դառնա մշտական, անփոփոխ սիրո այն տեսակը, որն աջակցում է փոփոխություններին և թույլ է տալիս աճ և վերադարձ Երկնային Հոր մոտ:

Նրանց վերադարձնելը Փրկչի աշխատանքն է: Դա Նրա գործն է և Նրա ժամանակացույցը: Մեր աշխատանքն է ապահովել այն հույսն ու սիրտը, որով նրանք կարող են վերադառնալ տուն: «Մենք ոչ [Աստծո] իշխանությունն ունենք՝ դատապարտելու, ոչ էլ փրկագնելու Նրա զորությունը, բայց մենք լիազորված ենք գործադրելու Նրա սերը»:15 Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է, որ ուրիշներին ավելի շուտ պետք է մեր սերը, քան մեր դատողությունը: «Նրանք պետք է զգան Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, որը բխում է [մեր] խոսքերից և գործերից»:16

Սերը փոխում է սրտերը: Այն բոլոր բաների ամենամաքուր շարժառիթն է, և ուրիշները կարող են դա զգալ: Եկեք ամուր կառչենք 50 տարի առաջ ասված այս մարգարեական խոսքերից. «Ոչ մի ընտանիք ձախողված չէ, քանի դեռ այն չի դադարում փորձել»:17 Անշուշտ, հաղթում են նրանք, ովքեր սիրում են ամենաշատը և ամենաերկարը:

Երկրային ընտանիքներում մենք անում ենք այն, ինչ Աստված արել է մեզ հետ՝ ցույց տալով ճանապարհը և հուսալով, որ մեր սիրելիները կգնան այդ ուղղությամբ՝ իմանալով, թե որ ճանապարհը ընտրել:

Եվ երբ նրանք անցնեն վարագույրի մյուս կողմը և մոտենան երկնային տան այդ «սիրառատ ձգողականությանը»,18 ես հավատում եմ, որ այն ծանոթ կթվա, քանի որ նրանք սիրված են եղել այստեղ:

Եկեք օգտագործենք այդ վերանայման ոսպնյակը և տեսնենք մեր սիրելի մարդկանց, որոնց հետ ապրում ենք որպես ընդհանուր ուղեկիցներ՝ մեր գեղեցիկ մոլորակի վրա:

Ես և դուք կարո՞ղ ենք անել դա: Մենք կարող ենք դա անել։ Մենք կարող ենք դիմանալ և հուսալ: Մենք կարող ենք մնալ ծառի մոտ, ճաշակել պտուղը ժպիտը դեմքին, և թույլ տալ, որ Քրիստոսի լույսը մեր աչքերում դառնա մի բան, որի վրա նրանք կարող են հույս դնել իրենց խավար ժամերին: Եվ երբ նրանք տեսնեն այդ լույսը մեր դեմքին, նրանք կձգեն դրան: Այնուհետև մենք կարող ենք օգնել նրանց ուշադրությունը նորից կենտրոնացնելու սիրո և լույսի սկզբնական աղբյուրի՝ «առավոտյան փայլող աստղի»՝ Հիսուս Քրիստոսի վրա:19

Ես վկայում եմ, որ այս ամենը շատ ավելի լավ է ստացվելու, քան ես և դուք երբևէ կարող էինք պատկերացնել: Հավատքի աչքով նայելով Հիսուս Քրիստոսին՝ թող որ մենք տեսնենք, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, և զգանք, որ լավ կլինի նաև այժմ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։