Գերագույն համաժողով
Փառքի արքայությունները
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


16:13

Փառքի արքայությունները

Մենք ունենք սիրող Երկնային Հայր, որը կհամոզվի, որ մենք ստանում ենք բոլոր օրհնություններն և առավելությունները, որոնք համահունչ են մեր ցանկություններին և ընտրություններին:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին հաճախ հարցնում են. «Ինչո՞վ է ձեր եկեղեցին տարբերվում մյուս քրիստոնեական եկեղեցիներից: Մեր տված պատասխանների թվում հետևյալն է՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության լրիվությամբ: Այդ վարդապետության մեջ ամենակարևորն այն փաստն է, որ մեր Երկնային Հայրն այնքան է սիրում Իր բոլոր զավակներին, որ Նա ցանկանում է, որ բոլորս հավերժ ապրենք փառքի որևէ արքայությունում: Ավելին, Նա ցանկանում է, որ մենք հավերժ ապրենք Իր և Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ: Նրա ծրագրի համաձայն մեզ տրվել են ուսմունքներ և հնարավորություն՝ կատարելու այնպիսի ընտրություններ, որոնք կապահովեն մեր ընտրած ճակատագիրը և կյանքը:

I.

Ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ երկրի վրա ապրող մարդկանց վերջնական ճակատագիրն արդարների համար նախատեսված դրախտի անբավարար գաղափարը չէ, իսկ մնացածների համար՝ դժոխքի հավերժական տառապանքները: Իր զավակների համար Աստծո սիրառատ ծրագիրը ներառում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից ուսուցանված այս իրականությունը. «Իմ Հոր տանը բազում օթևաններ կան»:1

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի վերականգնված Եկեղեցու բացահայտված վարդապետությունը ուսուցանում է, որ Աստծո բոլոր զավակները, բացառություններով հանդերձ (որոնք չափազանց սահմանափակ են այստեղ քննարկելու համար), վերջապես կժառանգեն փառքի երեք արքայություններից մեկը, որոնցից նույնիսկ ամենափոքրը «ամեն հասկացողությունից վեր է»:2 Մի ժամանակաշրջանից հետո, երբ անհնազանդները կտառապեն իրենց մեղքերի համար, որը նրանց պատրաստում է հաջորդող իրադարձություններին, բոլորը հարություն կառնեն և կկանգնեն Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին դատաստանի առջև: Այնտեղ, մեր սիրառատ Փրկիչը, որը «փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը»,3 Աստծո բոլոր զավակներին կուղարկի փառքի այդ արքայություններից մեկը՝ ըստ այն ցանկության, որը նրանք դրսևորել են իրենց ընտրությունների միջոցով։

Վերականգնված Եկեղեցու մեկ այլ եզակի վարդապետություններից մեկն այն բացահայտված պատվիրաններն ու ուխտերն են, որոնք Աստծո բոլոր զավակներին առաջարկում են սելեստիալ արքայությունում փառքի բարձրագույն աստիճանի արժանանալու սուրբ արտոնությունը: Այդ ամենաբարձր նպատակակետը՝ սելեստիալ արքայությունում վեհացումը, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուշադրության կիզակետն է:

Իր զավակների համար Աստծո երջանկության ծրագրի մասին այդ եզակի գիտելիքը Վերջին Օրերի Սրբերը ստացել են ժամանակակից հայտնության միջոցով։ Այդ ծրագիրը սկսվում է մեր նախածննդյան կյանքից, երբ դեռ հոգիներ էինք, և այդ ծրագիրը բացահայտում է մահկանացու կյանքում մեր ընտրած կյանքի նպատակն ու պայմանները, իսկ դրանից հետո՝ մեր ցանկալի ճակատագիրը:

II.

Մենք գիտենք ժամանակակից հայտնությունից, որ «բոլոր թագավորություններին տրված է օրենք»4 և փառքի արքայությունը, որը մենք ստանում ենք Վերջին Դատաստանում, և որոշվում է այն օրենքներով, որոնց մենք հետևում ենք մեր մահկանացու կյանքում։ Այդ սիրառատ ծրագրի ներքո կան բազմաթիվ արքայություններ, բազմաթիվ օթյակներ, որպեսզի Աստծո բոլոր զավակները ժառանգեն փառքի որևէ արքայություն, որոնց օրենքները նրանք հանգիստ «կպահեն»:

Երբ մենք նկարագրենք երեք արքայություններից յուրաքանչյուրի բնույթն ու պահանջները Հոր ծրագրում, մենք սկսում ենք ամենաբարձրից, որը աստվածային պատվիրանների և արարողությունների կիզակետն է, որն Աստված հայտնել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միջոցով: «Սելեստիալ» փառքի մեջ5 կան երեք մակարդակներ,6 որոնցից ամենաբարձրը վեհացումն է սելեստիալ արքայությունում: Այստեղ ապրում են նրանք, «ովքեր ստացել են նրա լիությունից և նրա փառքից», հետևաբար, «նրանք աստվածներ են, այսինքն՝ Աստծո որդիներ [և դուստրեր]»7 և «բնակվում են Աստծո և իր Քրիստոսի ներկայության մեջ հավիտյանս հավիտենից»:8 Հայտնության միջոցով Աստված հայտնել է հավերժական օրենքները, արարողությունները և ուխտերը, որոնք պետք է պահվեն՝ զարգացնելու աստվածային հատկանիշները, որոնք անհրաժեշտ են այս աստվածային ներուժն իրացնելու համար: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կենտրոնանում է դրա վրա, քանի որ այս վերականգնված Եկեղեցու նպատակն է պատրաստել Աստծո զավակներին սելեստիալ փառքի մեջ փրկության համար և, առավելապես, վեհացման համար՝ դրա ամենաբարձր աստիճանով:

Աստծո ծրագիրը, որը հիմնված է հավերժական ճշմարտության վրա, պահանջում է, որ վեհացումը ձեռք բերվի միայն տղամարդու և կնոջ միջև՝ հավերժական ամուսնության ուխտերին հավատարմության միջոցով,9 և այդ ամուսնությունն, ի վերջո, հասանելի կլինի բոլոր հավատարիմներին: Այդ պատճառով ենք մենք ուսուցանում, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»:10

Մի եզակի արժեքավոր ուսմունք, որը կօգնի մեզ պատրաստվել վեհացմանը, 1995թ-ին լույս տեսած ընտանիքի մասին հռչակագիրն է։11 Այնտեղ պարզաբանվում են այն պահանջները, որոնք նախապատրաստում են մեզ ապրելու Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք, ովքեր լիովին չեն հասկանում Իր զավակների համար Հոր սիրառատ ծրագիրը, կարող են համարել այս ընտանեկան հռչակագիրը ոչ ավելի, քան քաղաքականության փոփոխական հայտարարություն: Ի հակադրություն սրա, մենք հաստատում ենք, որ ընտանիքի հռչակագիրը, որը հիմնված է անփոփոխ վարդապետության վրա, սահմանում է ընտանեկան հարաբերությունները մահկանացու կյանքում, որտեղ տեղի է ունենում մեր հավերժական զարգացման ամենակարևոր մասը:

Պողոս Առաքյալը նկարագրում է փառքի երեք աստիճանները՝ դրանք նմանեցնելով արևի, լուսնի և աստղերի փառքին:12 Ամենաբարձրը նա անվանում է «սելեստիալ (երկնային)», իսկ երկրորդը՝ «թերեստրիալ (երկրային)»:13 Նա չի նշում ամենացածր աստիճանը, սակայն Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունն ավելացրել է դրա անունը, որն է՝ «թելեստիալ»:14 Մեկ այլ հայտնության մեջ նկարագրվում է նաև փառքի այդ յուրաքանչյուր արքայությունում նշանակվող մարդկանց էությունը: Նրանք, ովքեր չեն կարողանում «մնալ սելեստիալ արքայության օրենքում»,15 կժառանգեն փառքի մեկ այլ արքայություն, որն ավելի ցածր է, քան սելեստիալը, բայց հարմար է իրենց ընտրած օրենքներին և կարող են հարմարավետորեն «մնալ»: Այդ մնալ բառը, որն այնքան տարածված է սուրբ գրություններում, նշանակում է ապահով վիճակ:16 Օրինակ՝ թերեստրիալ արքայությունում գտնվողները, որոնք համեմատելի են դրախտի տարածված հասկացության հետ, «նրանք են, ովքեր ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից»:17 Նրանք «երկրի վրա պատվավոր մարդիկ են, որոնք կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով»,18 բայց «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ»:19

Ամենացածր թելեստիալ փառքի արքայությանը նշանակված մարդիկ նրանք են, որ «չեն կարողանում մնալ թերեստրիալ փառքում»:20 Դա նկարագրում է նրանց, ովքեր մերժում են Փրկչին և չեն պահում իրենց վարքագծի աստվածային սահմանները: Սա այն արքայությունն է, որտեղ ապրում են ամբարիշտները՝ իրենց մեղքերի համար չարչարվելուց հետո: Ժամանակակից հայտնությունը նկարագրում է, որ «նրանք են, ովքեր չընդունեցին Քրիստոսի ավետարանը, ոչ էլ Հիսուսի վկայությունը:

Այդ նրանք են, ովքեր ստախոսներ են, և կախարդներ, և շնացողներ, և անառակներ, և ովքեր սուտն են սիրում և գործում»։21

Իր մարգարեական տեսլականով փառքի երեք արքայությունների մասին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս գրել է. «Մահկանացու կյանքը հազիվ թե նանովայրկյան լինի՝ հավերժության հետ համեմատած: Բայց, դա շատ կարևոր նանովայրկյան է: Ուշադիր մտածեք, թե ինչպես է այն գործում․ Այս կյանքի ընթացքում մենք պետք է ընտրենք, թե որ օրենքներին ենք պատրաստ հնազանդվել՝ սելեստիալ, թերեստրիալ, թե թելեստիալ արքայության օրենքներին, և, հետևաբար, փառքի որ արքայությունում կապրենք հավերժ: Ինչպիսի փառահեղ ծրագիր։ Դա մի ծրագիր է, որն ամբողջությամբ հարգում է ձեր ազատ կամքը»։22

III.

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ Տիրոջ ուսմունքներն ու պատվիրանները տրվել են, որպեսզի մենք բոլորս կարողանանք դառնալ «հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով»։23 Այդ գործընթացը պահանջում է շատ ավելին, քան գիտելիք ձեռք բերելը: Բավական չէ, որ համոզված լինենք ավետարանում, մենք պետք է գործենք, որպեսզի դարձի գանք ավետարանով։ Ի տարբերություն այլ քարոզների, որոնք ուսուցանում են մեզ իմանալ ինչ-որ բան, Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ կոչ է անում դառնալ ինչ-որ բան։

Այդ ուսմունքներից մենք եզրակացնում ենք, որ Վերջին դատաստանը մեր կատարած բարի ու չար գործերի ընդհանուր պարզ գնահատականը չէ: Այն հիմնված է մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության վրա․ այն, թե ինչ ենք մենք դարձել: Դարձի գործընթացի միջոցով մենք որակավորվում ենք հավերժական կյանքի համար: Ինչպես օգտագործվում է այստեղ, այս բազմիմաստ բառը նշանակում է էության խոր փոփոխություն: Բավական չէ միայն առանց անկեղծության բարիք գործել: Ավետարանի պատվիրանները, արարողությունները և ուխտերը կանխավճարների ցուցակներ չեն, որոնք պետք է փոխանցել ինչ-որ երկնային հաշվեհամարի վրա։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը մեզ ցույց է տալիս, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք դառնանք:24

IV.

Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ, երբ մենք թերանում ենք այս կյանքում, մենք կարող ենք ապաշխարել և նորից շարունակել ուխտի արահետով, որը տանում է դեպի այն նպատակակետը, որը մեր Երկնային Հայրն է ցանկանում մեզ համար:

Մորմոնի գիրքն ուսուցանում է. «[Մեզ] համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպել Աստծուն»։25 Բայց «այս կյանքի» այդ դժվարին սահմանափակման հուսադրող համատեքստը (գոնե որոշ չափով որոշ մարդկանց համար) Տերը հայտնեց Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում: Մարգարեն գրել է․ «Ես տեսա, որ այս տնտեսության հավատարիմ երեցները, հեռանալով մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները՝ քարոզելով ապաշխարության ավետարանը և փրկագնումը, Աստծո Միածին Որդու զոհաբերության միջոցով, նրանց մեջ, ովքեր խավարում են և մեղքի գերության տակ՝ մահացածների հոգիների մեծ աշխարհում:

Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն՝ Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով,

և իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր լվացվելուց հետո, նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց գործերի, քանզի նրանք փրկության ժառանգներ են»։26

Բացի այդ, մենք գիտենք, որ հազարամյակը՝ այն հազար տարին, որը հաջորդում է Փրկչի Երկրորդ Գալուստին, կլինի պահանջվող արարողությունները կատարելու ժամանակը նրանց համար, ովքեր չեն ստացել դրանք իրենց մահկանացու կյանքում:27

Շատ բան կա, որ մենք չգիտենք փրկության ծրագրի երեք հիմնական ժամանակաշրջանների մասին՝ (1) նախաերկրային հոգևոր աշխարհի, (2) մահկանացու կյանքի և (3) հաջորդ կյանքի մասին։ Բայց մենք գիտենք այս հավերժական ճշմարտությունները․ «Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է»։28 Մենք ունենք սիրող Երկնային Հայր, որը կհամոզվի, որ մենք ստանում ենք բոլոր օրհնություններն և առավելությունները, որոնք համահունչ են մեր ցանկություններին և ընտրություններին: Մենք նաև գիտենք, որ Նա ոչ մեկին չի ստիպի կնքման կապեր ստեղծել իրենց կամքին հակառակ: Կնքման միջոցով ստեղծված այդ հարաբերությունների օրհնությունները երաշխավորված են բոլոր նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը, բայց երբեք կնքումը չեն պարտադրի մեկ այլ անձի, որն անարժան է կամ չի ցանկանում:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ այս բաների ճշմարտացիության մասին: Ես վկայում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ «մեր հավատքի հեղինակի ու ամբողջացնողի» մասին,29 որի Քավությունը, մեր Երկնային Հոր ծրագրի ներքո, հնարավոր է դարձնում ամեն ինչ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: