Գերագույն համաժողով
Մեր մշտական ուղեկիցը
2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


18:5

Մեր մշտական ուղեկիցը

Ես և դուք հնարավորություն ունենք, որ Սուրբ Հոգին մեր մշտական ուղեկիցը լինի:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս համաժողովում մենք օրհնվել ենք հայտնության առատությամբ: Տեր Հիսուս Քրիստոսի ծառաները խոսել են և կխոսեն ճշմարտության, քաջալերանքի և ուղղորդման խոսքեր:

Ես հուզվեցի այս համաժողովում բերված ակնհայտ վկայություններից, որ Տերը մեզ հետ խոսում է անհատապես` Սուրբ Հոգու միջոցով: Երբ մենք աղոթում ենք և ապա ուշք դարձնում Հոգու հուշումներին, մենք ձեռք ենք բերում ավելի մեծ գաղափարներ և օրհնություններ, որոնք առաջնորդելու են մեզ առաջիկա դժվարին օրերի ընթացքում:

Մենք կրկին լսեցինք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի զգուշացումը, որ «գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:1

Այդ մարգարեական զգուշացումն ինձ հուշեց խորհել, թե ինչ կարող եմ ուսուցանել իմ երեխաներին, թոռներին ու ծոռներին այն մասին, թե ինչպես ունենալ այդ կարևոր առաջնորդությունը նրանց համար առաջիկա դժվարին օրերին:

Այսպիսով, այս ուղերձն այսօր համառոտ նամակ է իմ հետնորդներին, որը կարող է օգնել նրանց, երբ ես նրանց հետ չլինեմ գալիք հուզումնալի օրերին: Ես ուզում եմ, որ նրանք իմանան, թե ինչ եմ ես հասկացել, որը կարող է օգնել իրենց:

Ես սկսեցի ավելի լավ հասկանալ, թե նրանցից ինչ կպահանջվի՝ գալիք օրերում Սուրբ Հոգու մշտական ազդեցությունն ունենալու համար: Եվ ես տպավորված զգացի այսօր խոսել Սուրբ Հոգուն հրավիրելու իմ անձնական փորձառության մասին, որպեսզի նա լինի իմ մշտական ուղեկիցը: Ես աղոթում եմ, որ կարողանամ քաջալերել նրանց:

Ես կսկսեի նրանց հորդորել մտածել և աղոթել Հելամանի որդիների մասին, Նեփիի և Լեքիի և Տիրոջ մյուս ծառաների մասին, որոնք աշխատում էին նրանց հետ: Նրանք հանդիպեցին կատաղի դիմադրության: Նրանք ծառայում էին ամբարիշտ մարդկանց միջավայրում և ստիպված էին պայքարել սարսափելի խաբեությունների դեմ։ Ես քաջություն եմ ստանում և դուք էլ կարող եք, Հելամանի հիշատակարանի այս մեկ հատվածից.

«Եվ յոթանասունևիններորդ տարում, մեծ վեճ սկսվեց: Բայց եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին, և նրանց եղբայրներից շատերը, ովքեր գիտեին վարդապետության ճշմարիտ կետերի վերաբերյալ՝ ամեն օր բազմաթիվ հայտնություններ ունենալով, հետևաբար, նրանք քարոզում էին ժողովրդին, այնպես որ նրանք վերջ դրեցին իրենց վեճին այդ նույն տարում»:2

Այս պատմությունը քաջալերում է ինձ, և այն կքաջալերի նաև ձեզ։ Հելամանի որդիները ուսուցանվում էին և առաջնորդվում Սուրբ Հոգու հետ ունեցած մի շարք փորձառություններով: Սա հավաստիացնում է ինձ, որ մենք կարող ենք ուսուցանվել և սովորել Հոգուց տող առ տող` ստանալով այն, ինչի կարիքն ունենք և հետո, երբ պատրաստ ենք, մենք կստանանք ավելին:

Նույն կերպ ինձ խրախուսեց Նեփիի պատմությունը, երբ նրան խնդրեցին վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանի թիթեղների համար: Դուք հիշում եք, թե նա ինչ ընտրություն կատարեց: Նա ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:3

Նեփիի փորձառությունը Սուրբ Հոգու հետ այդ հանձնարարության մեջ ինձ բազմիցս քաջություն է տվել, երբ ես ձեռնամուխ եմ եղել առաջադրանքներին, որոնք, ըստ ինձ, հանձնարարություններ էին Տիրոջ կողմից, բայց թվում էին շատ ավելին, քան իմ անցյալի փորձն էր և իմ կարողությունը՝ իմ դիտարկմամբ:

Դուք հիշում եք, թե ինչ ասաց Նեփին իր փորձառության մասին. «Եվ դա գիշերով էր. և ես կարգադրեցի, որ [եղբայրներս] թաքնվեն պատերից դուրս: Եվ նրանց թաքնվելուց հետո, ես՝ Նեփիս, սողոսկեցի քաղաք և առաջ գնացի դեպի Լաբանի տունը»:

Ապա շարունակում է. «Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի»:4

Ես քաջալերվեցի՝ իմանալով, որ Նեփին առաջնորդվում էր Հոգու կողմից րոպե առ րոպե՝ այդ գիշերվա ընթացքում Տիրոջ հանձնարարությունը կատարելիս:

Մենք և դուք կունենանք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքը: Այժմ մենք կամենում ենք դա, այնուամենայնիվ, մենք փորձից գիտենք որ դրան հասնելը հեշտ չէ: Առօրյա կյանքում մեզանից յուրաքանչյուրն ասում է և կատարում է քայլեր, որոնք կարող են վիրավորել Սուրբ Հոգուն:

Երբ դա տեղի է ունենում, իսկ դա տեղի կունենա, մենք, գուցե, հավանություն չզգանք Տիրոջ կողմից: Երբեմն մենք կարող ենք գայթակղվել՝ զգալու, որ մենակ ենք։ Այդ դեպքում կարևոր է հիշել այն վստահ խոստումը, որը մենք ստանում ենք ամեն կիրակի, երբ ապաշխարում ենք և ճաշակում հաղորդությունը, «որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»:5

Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունն այսօր, ապա կարող եք ընդունել դա որպես քաղցր ապացույց, որ Քավությունը գործում է ձեր կյանքում:

Ինչպես ասել է երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը. «Ամեն անգամ, երբ գալիս են մեր ծայրահեղության այս պահերը, մենք չպետք է ենթարկվենք այն վախին, որ Աստված լքել է մեզ կամ չի լսում մեր աղոթքները: Նա իսկապես լսում է մեզ: Նա իսկապես տեսնում է մեզ: Նա իսկապես սիրում է մեզ»:6

Այդ հավաստիացումը օգնել է ինձ: Երբ ես հեռու եմ զգում Տիրոջից, երբ աղոթքներիս պատասխանները թվում են ուշացած, ես սովորել եմ հետևել Նախագահ Նելսոնի խորհրդին. վերանայել կյանքս` ապաշխարելու հնարավորությունների համար: Նա հիշեցնում է մեզ. «Ամենօրյա ապաշխարությունը ուղին է դեպի մաքրագործում, իսկ մաքրագործումը զորություն է բերում»։7

Եթե պարզել եք, որ դժվարությամբ եք զգում Սուրբ Հոգուն, դուք պետք է իմաստություն ունենաք խորհելու՝ արդյոք կա մի բան, որի համար դուք պետք է ապաշխարեք և ներում ստանաք:8 Դուք կարող եք հավատքով աղոթել, որ իմանաք, թե ինչ անեք, որ մաքրվեք և, այդպիսով, արժանի դառնաք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությանը:

Եթե դուք ցանկանում եք ստանալ Սուրբ Հոգու ընկերակցությունը, դուք պետք է կամենաք դա ճիշտ պատճառներով: Ձեր նպատակը պետք է լինի Տիրոջ նպատակը: Եթե ձեր շարժառիթները խիստ եսասիրական են, ձեզ համար դժվար կլինի ստանալ և զգալ Հոգու հուշումները:

Բանալին ինձ համար և ձեզ համար. ցանկանալ այն, ինչ Փրկիչն է ցանկանում։ Մեր շարժառիթները պետք է առաջնորդվեն Քրիստոսի մաքուր սիրով:. Մեր աղոթքները պետք է լինեն՝ «Այն ամենը ինչ ես եմ ուզում, այն է, ինչ Դու ես կամենում: Թող քո կամքը կատարվի»:

Ես փորձում եմ հիշել Փրկչի զոհաբերությունը և Նրա սերը իմ հանդեպ։ Ապա, երբ աղոթում եմ Երկնային Հորը՝ շնորհակալություն հայտնելու համար, ես սեր և հավաստիացում եմ զգում, որ իմ աղոթքները լսվում են, և ես կստանամ այն, ինչ լավագույնն է ինձ համար և նրանց համար, ում ես սիրում եմ: Դա զորացնում է իմ վկայությունը:

Բոլոր բաներից, որի վերաբերյալ Սուրբ Հոգին վկայում է, մեզ համար ամենաթանկը կարող է լինել այն, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո կենդանի Որդին: Փրկիչը խոստացավ. «Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ` Ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին»:9

Տարիներ առաջ հեռախոսազանգ ստացա մի հուզված մորից։ Նա ինձ ասաց, որ իր դուստրը հեռացել էր տնից: Իր դստեր հետ ունեցած փոքրիկ շփումից նա զգացել էր, որ ինչ-որ սարսափելի բան էր կատարվում: Նա աղաչեց ինձ օգնել:

Ես պարզեցի, թե ով էր դստեր տնային ուսուցիչը: Այդ անունից կարելի է հասկանալ, որ դա վաղուց էր։ Ապա զանգահարեցի նրան: Նա երիտասարդ էր։ Սակայն ասաց ինձ, որ ինքը և իր զուգընկերը արթնացել էին գիշերը ոչ միայն այդ դստեր համար մտահոգությամբ, այլև ոգեշնչմամբ, որ նա պատրաստվում էր ընտրություններ կատարել, որոնք կհանգեցնեին տխրության և թշվառության: Միայն Հոգու այդ ոգեշնչմամբ նրանք այցելեցին աղջկան:

Սկզբում աղջիկը չէր ուզում պատմել նրանց իր վիճակի մասին: Նրանք աղերսեցին աղջկան ապաշխարել և ընտրել իր համար պատրաստած Տիրոջ ուղին: Այդ ժամանակ նա հասկացավ, համոզված եմ Հոգու միջոցով, որ միակ ուղին, որով նրանք իմացել էին այն, ինչ գիտեին իր կյանքի մասին, Աստծուց էր: Մայրը փոխանցեց իր սիրառատ մտահոգությունները Երկնային Հորը և Փրկչին: Սուրբ Հոգին ուղարկվեց այդ տնային ուսուցիչներին, քանի որ նրանք կամենում էին ծառայել Տիրոջը: Նրանք հետևել էին Վարդապետություն և Ուխտերում գտնվող խորհրդին և խոստումին.

«Թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:

«Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից»:10

Ես վկայում եմ, որ Տերը պահել է Իր խոստումը։ Սուրբ Հոգին ուղարկվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուխտի հավատարիմ անդամներին: Ձեր փորձառություններն անզուգական կլինեն, և Հոգին կառաջնորդի այն ուղիով, որը լավագույնս համապատասխանում է ձեր հավատքին և կարողությանը, որպեսզի հայտնություն ստանաք ձեր և նրանց համար, ում սիրում և ծառայում եք: Ես աղոթում եմ ողջ իմ սրտով, որ ձեր վստահությունն աճի։

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հայր Աստված ապրում է: Նա սիրում է ձեզ։ Նա լսում է ձեր բոլոր աղոթքները: Հիսուս Քրիստոսը աղոթեց Հորը, որ ուղարկեր Սուրբ Հոգուն, որպեսզի ուղեկցեր, մխիթարեր և վկայեր մեզ ճշմարտության մասին: Հայրը և Նրա Սիրելի Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին ծառերի պուրակում: Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով և զորությամբ:

Երկնային սուրհանդակները վերականգնեցին քահանայության բանալիները։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է ողջ երկրագնդի համար:

Որպես Հիսուս Քրիստոսի վկա, ես գիտեմ, որ Նա ապրում է և ղեկավարում է Իր Եկեղեցին: Ես և դուք հնարավորություն ունենք, որ Սուրբ Հոգին լինի մեր մշտական ուղեկիցը և մենք ստանանք այդ ճշմարտությունների հաստատումը, երբ մենք հիշենք և սիրենք Փրկչին, ապաշխարենք և խնդրենք, որ Նրա սերը լինի մեր սրտերում: Ես աղոթում եմ, որ մենք ունենանք այդ օրհնությունն այսօր և մեր կյանքի յուրաքանչյուր օրը: Ես սիրում եմ ձեզ: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: