Գերագույն համաժողով
Պահանջվում են խաղաղարարներ
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


19:4

Պահանջվում են խաղաղարարներ

Դուք ունեք ձեր ազատ կամքը՝ ընտրելու հակառակություն կամ հաշտություն: Ես հորդորում եմ ձեզ ընտրել խաղաղարար լինել՝ այժմ և միշտ։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ուրախ եմ, որ ձեզ հետ եմ այսօր։ Այս անցած վեց ամիսների ընթացքում դուք անընդհատ իմ մտքում և իմ աղոթքներում եք: Աղոթում եմ, որ այժմ՝ իմ խոսելու ընթացքում Սուրբ Հոգին հաղորդի ձեզ այն, ինչ Տերն ցանկանում է, որ դուք լսեք:

Շատ տարիներ առաջ վիրաբուժական պրակտիկա անցնելիս, ես օգնում էի մի վիրաբույժի, որն անդամահատում էր սուր փտախտով ախտահարված ոտքը: Բարդ վիրահատություն էր: Լարվածությունն ավելի սաստկացավ, երբ թիմի անդամներից մեկը վատ կատարեց իր գործը, և վիրաբույժը զայրացավ։ Զայրույթի պահին նա դեն նետեց իր ձեռքում գտնվող մանրէներով պատված հերձադանակը։ Այն հայտնվեց իմ նախաբազկի շրջանում։

Վիրահատարանում բոլորը սարսափած էին վիրաբուժական կանոնակարգի այդ վտանգավոր խախտումից՝ բացի ինքնատիրապետումը կորցրած վիրաբույժից։ Բարեբախտաբար, ես չվարակվեցի։ Բայց այդ փորձառությունն ինձ վրա մնայուն տպավորություն թողեց: Հենց այդ պահին ես ինքս ինձ խոստացա, որ ինչ էլ որ պատահի իմ վիրահատարանում, ես երբեք չեմ կորցնի իմ էմոցիոնալ վերահսկողությունը։ Այդ օրը ես նաև երդվեցի, որ երբեք ոչինչ չեմ շպրտի զայրույթից՝ լինի դա հերձադանակ, թե խոսքեր:

Նույնիսկ հիմա՝ տասնամյակներ անց, ես մտածում եմ, թե արդյո՞ք ձեռքս խրված հերձադանակն ավելի թունավոր էր, քան չարաթույն հակառակությունը, որն այսօր վարակում է մեր քաղաքացիական երկխոսությունը և շատ անձնական հարաբերություններ։ Քաղաքավարությունն ու պարկեշտությունը, կարծես, վերացել են բևեռացման և կրքոտ տարաձայնությունների այս դարաշրջանում:

Գռեհկությունը, թերություն գտնելու միտումը և ուրիշների մասին չարախոսելը շատ տարածված են: Չափազանց շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, արտիստներ և այլ ազդեցիկ մարդիկ անընդհատ վիրավորանքներ են նետում ուրիշների հասցեին: Ես խիստ մտահոգված եմ, որ այդքան շատ մարդիկ կարծում են, որ լիովին ընդունելի է դատապարտելը, զրպարտելը և վիրավորելը ցանկացած մեկին, ով համաձայն չէ իրենց հետ: Շատերը կարծես ցանկանում են վնասել մեկ ուրիշի հեղինակությունը՝ խղճուկ և վիրավորական խայթոցներով:

Զայրույթը երբեք չի համոզում։ Թշնամությունը ոչ մեկին չի շենացնում։ Հակառակությունը երբեք չի հանգեցնում ոգեշնչված լուծումների: Ցավոք, մենք երբեմն հակառակություն ենք տեսնում նույնիսկ մեր շարքերում: Մենք լսում ենք նրանց մասին, ովքեր նսեմացնում են կնոջը, ամուսնուն կամ երեխաներին, նրանց՝ ովքեր օգտագործում են զայրույթի պոռթկումները՝ վերահսկելու մյուսներին, և նրանց մասին, ովքեր պատժում են ընտանիքի անդամներին՝ «չխոսելով նրանց հետ»։ Մենք լսում ենք երիտասարդների և երեխաների մասին, որոնք ծաղր ու ծանակի են ենթարկում իրենց ընկերներին, և աշխատակիցների մասին, որոնք զրպարտում են իրենց գործընկերներին:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այդպես չպետք է լինի։ Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, պետք է օրինակ ծառայենք, թե ինչպես շփվել ուրիշների հետ, հատկապես, երբ տարբեր կարծիքներ ունենք: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ:

Փրկիչը դա հստակեցրել է երկու կիսագնդերում ապրող հետևորդներին ուղղված Իր քարոզներում: «Երանի՜ խաղաղարարներին», - ասել է Նա։1 «Ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու»։2 Եվ հետո, անշուշտ, Նա տվել է այն խրատը, որը մարտահրավեր է նետում մեզանից յուրաքանչյուրին. «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար»:3

Մահից առաջ Փրկիչը պատվիրեց Իր Տասներկու Առաքյալներին սիրել միմյանց, ինչպես ինքը սիրեց նրանց:4 Ապա Նա ավելացրեց․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։5

Փրկչի ուղերձը հստակ է. Նրա ճշմարիտ աշակերտները շենացնում, բարձրացնում, քաջալերում, համոզում և ոգեշնչում են, անկախ նրանից, թե որքան բարդ է իրավիճակը: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները խաղաղարարներ են:6

Այսօր Ծաղկազարդի կիրակին է։ Մենք պատրաստվում ենք նշել երկրի վրա երբևէ գրանցված, ամենակարևոր և բացառիկ մի իրադարձություն՝ Տեր Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը: Փրկչին պատվելու լավագույն եղանակներից մեկը խաղաղարար դառնալն է:7

Փրկչի Քավությունը հնարավոր է դարձրել, որ մենք հաղթահարենք բոլոր չարիքները, ներառյալ՝ հակառակությունը: Մի՛ սխալվեք այդ հարցում՝ հակառակությունը չարիք է: Հիսուս Քրիստոսը հայտարարել է, որ Նա, ով ունի «հակառակության ոգին», ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ»:8 Նրանք, ովքեր հակառակություն են հրահրում, անում են նույնը, ինչ սատանան է անում, անկախ նրանից՝ գիտակցում են դա, թե՝ ոչ: «Ոչ մի մարդ չի կարող ծառայել երկու տիրոջ»։9 Մենք չենք կարող սատարել սատանային մեր բանավոր հարձակումներով, իսկ հետո մտածել, որ դեռ կարող ենք ծառայել Աստծուն:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իսկապես կարևոր է թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց։ Իսկապես կարևոր է, թե մենք ինչպես ենք խոսում մարդկանց հետ և նրանց մասին՝ տանը, եկեղեցում, աշխատավայրում և առցանց: Այսօր ես խնդրում եմ, որ մենք շփվենք ուրիշների հետ ավելի բարձր, ավելի սուրբ ձևով: Ուշադիր լսեք։ «Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»,10 որ մենք կարող ենք ասել մեկ այլ անձի մասին՝ թե՛ ուղիղ դեմքին, թե՛ նրա թիկունքում, ապա դա պետք է լինի հաղորդակցման մեր չափանիշը:

Եթե ձեր ծխում որևէ զույգ ամուսնալուծվում է, կամ երիտասարդ միսիոները շուտ է վերադառնում տուն, կամ դեռահասը կասկածում է իր վկայության հարցում, նրանք ձեր դատի կարիքը չունեն: Նրանք պետք է զգան Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, որը բխում է ձեր խոսքերից և գործերից:

Եթե սոցիալական ցանցերում մի ընկեր ունի ուժեղ քաղաքական կամ սոցիալական հայացքներ, որոնք հակառակ են այն ամենին, ինչին դուք հավատում եք, ապա զայրացած, կտրուկ պատասխանը հարց չի լուծի: Փոխըմբռնման կամուրջներ կառուցելը ձեզանից շատ ավելին կպահանջի, բայց դա հենց այն է, ինչի կարիքն ունի ձեր ընկերը:

Հակառակությունը հեռացնում է Հոգին՝ մի՜շտ: Հակառակությունն ամրապնդում է այն կեղծ գաղափարը՝ թե առճակատումն է տարաձայնությունների լուծման միջոցը, սակայն ամենևին այդպես չէ։ Հակառակությունն ընտրություն է: Խաղաղարարությունն ընտրություն է: Դուք ունեք ձեր ազատ կամքը՝ ընտրելու հակառակություն կամ հաշտություն: Ես հորդորում եմ ձեզ ընտրել խաղաղարար լինել՝ այժմ և միշտ։11

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք բառացիորեն փոխել աշխարհը՝ ամեն մարդ իր հերթին։ Ինչպե՞ս։ Մոդելավորելով, թե ինչպես կառավարել կարծիքների ազնիվ տարբերությունները՝ փոխադարձ հարգանքով և արժանապատիվ երկխոսությամբ:

Տարբեր կարծիքները կյանքի մասն են կազմում։ Ես ամեն օր աշխատում եմ Տիրոջ նվիրյալ ծառաների հետ, որոնք միշտ չէ, որ խնդիրը նույն կերպ են տեսնում: Նրանք գիտեն, որ ես ուզում եմ լսել նրանց մտքերն ու անկեղծ կարծիքները այն ամենի մասին, ինչ մենք քննարկում ենք, հատկապես զգայուն թեմաների վերաբերյալ:

Նախագահ Դալլին Հ․ Օուքս և Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Իմ երկու ազնվազարմ խորհրդականները՝ Նախագահ Դալլին Հ․ Օուքսը և Նախագահ Հենրի Բ․ Այրինգը, օրինակելի մարդիկ են իրենց կարծիքներն արտահայտելիս, հատկապես, երբ դրանք գուցե չեն համընկնում: Նրանք դա անում են միմյանց հանդեպ մաքուր սիրով։ Նրանցից ոչ մեկը չի պնդում, թե ինքն ամենից լավ գիտի և, հետևաբար, պետք է խստորեն պաշտպանի իր դիրքորոշումը: Նրանցից ոչ մեկը չի համարում, որ պետք է մրցել միմյանց հետ։ Քանի որ յուրաքանչյուրը լցված է գթությամբ՝ «Քրիստոսի մաքուր սիրով»,12 մեր քննարկումները կարող են առաջնորդվել Տիրոջ Հոգով: Ես այնքա՜ն եմ սիրում ու հարգում այս երկու մեծ մարդկանց։

Գթությունը հակառակության հակաթույնն է: Գթությունը այն հոգևոր պարգևն է, որն օգնում է մեզ հեռացնել բնական մարդուն, որը եսասեր է, պաշտպանողական, հպարտ ու նախանձ: Գթությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդի հիմնական հատկանիշն է:13 Գթությունը խաղաղարարի բնութագիրն է։

Երբ մենք խոնարհեցնենք մեզ Աստծո առաջ և աղոթենք սրտի ողջ կորովով, Աստված մեզ գթություն կշնորհի:14

Նրանք, ովքեր օրհնված են այս երկնային պարգևով, երկայնամիտ են ու բարի: Նրանք չեն նախանձում ուրիշներին և տարված չեն իրենց կարևորությամբ։ Նրանք բարկությամբ չեն գրգռվում և ուրիշների մասին չար բան չեն մտածում։15

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Քրիստոսի մաքուր սերն է պատասխանը այն հակառակությանը, որը տանջում է մեզ այսօր: Գթությունը մղում է մեզ «կրելու մեկս մյուսի բեռը»16, ոչ թե՝ բեռնելու մեկս մյուսին: Քրիստոսի մաքուր սերը թույլ է տալիս մեզ «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում»17, հատկապես՝ լարված իրավիճակներում։ Գթությունը թույլ է տալիս մեզ ցույց տալ, թե ինչպես են խոսում ու գործում Քրիստոսի տղամարդիկ և կանայք, հատկապես՝ հարձակման ենթարկվելիս։

Այժմ ես չեմ խոսում «ամեն գնով ձեռք բերված խաղաղության» մասին։18 Ես խոսում եմ ուրիշներին այնպես վերաբերվելու մասին, որ դա համահունչ լինի ձեր ուխտի հետ, որը դուք կապում եք, երբ ճաշակում եք հաղորդությունից: Դուք ուխտում եք միշտ հիշել Փրկչին։ Գերլարված և վիճահարույց իրավիճակներում ես հրավիրում եմ ձեզ հիշել Հիսուս Քրիստոսին: Աղոթեք քաջություն և իմաստություն ունենալու համար՝ ասելու կամ անելու այն, ինչ Նա կաներ: Հետևելով Խաղաղության Իշխանին, մենք կդառնանք Նրա խաղաղարարները:

Այս պահին դուք գուցե մտածեք, որ այս ուղերձն իսկապես կօգնի ձեր ծանոթներից մեկին: Հավանաբար դուք հույս ունեք, որ այն կօգնի նրան ավելի բարի լինել ձեզ հետ։ Հուսով եմ՝ կօգնի»: Բայց ես նաև հուսով եմ, որ դուք ուշադիր կնայեք ձեր սրտի խորքը՝ տեսնելու, թե արդյո՞ք կան հպարտության կամ նախանձի բեկորներ, որոնք խանգարում են ձեզ խաղաղարար դառնալ։19

Եթե դուք լրջորեն ցանկանում եք օգնել հավաքել Իսրայելն ու կառուցել հարաբերություններ, որոնք կլինեն հավերժության մեջ, ապա հիմա է ժամանակը՝ մի կողմ թողնելու դառնությունը։ Հիմա է ժամանակը, որ դադարեք պնդել՝ կամ ձեր ասածն է անցնում, կամ՝ քննարկում չի լինի: Հիմա է ժամանակը, որ դադարեք անել այնպիսի բաներ, որոնք ստիպում են ուրիշներին փշերի վրա քայլել` վախենալով տխրեցնել ձեզ: Հիմա է ժամանակը՝ թաղելու ձեր պատերազմի զենքերը։20 Եթե ձեր բանավոր զինանոցը լցված է վիրավորանքներով ու մեղադրանքներով, հիմա է ժամանակը՝ հեռացնելու դրանք։21 Դուք կբարձրանաք՝ որպես Քրիստոսի հոգևորապես ուժեղ տղամարդ կամ կին:

Տաճարը կօգնի մեզ մեր որոնումներում։ Այնտեղ մենք օժտված ենք Աստծո զորությամբ, որը մեզ հնարավորություն է տալիս հաղթահարել սատանային՝ բոլոր հակառակությունների սադրիչին։22 Հեռացրե՜ք նրան ձեր հարաբերություններից: Նկատի ունեցեք, որ մենք հանդիմանում ենք հակառակորդին ամեն անգամ, երբ հարթում ենք թյուրիմացությունը կամ հրաժարվում ենք վիրավորվել: Փոխարենը՝ մենք կարող ենք ցույց տալ այն գորովագութ ողորմությունը, որը բնորոշ է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին։ Խաղաղարարները տապալում են հակառակորդին։

Որպես ժողովուրդ եկեք դառնանք իսկական լույս սարի վրա՝ լույս, որը «չի կարող թաքցվել»։23 Եկեք ցույց տանք, որ բարդ հարցերը լուծելու համար խաղաղ, հարգալից եղանակ կա, իսկ անհամաձայնությունները հարթելու համար կա լուսավոր ճանապարհ։ Երբ դուք ցուցաբերեք գթություն, որը բնորոշ է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին, Տերը կբազմապատկի ձեր ջանքերը՝ գերազանցելով ձեր ամենավառ երևակայությունը:

Ավետարանի ցանցն ամենամեծ ցանցն է աշխարհում: Աստված հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին»։24 Բոլորի համար տեղ կա։ Սակայն տեղ չկա նախապաշարմունքի, դատապարտության կամ որևէ տեսակի հակառակության համար։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, լավագույնը դեռ առջևում է նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրում են ուրիշներին շենացնելուն: Այսօր ես հրավիրում եմ ձեզ քննել ձեր աշակերտությունը այն առումով, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշներին: Ես օրհնում եմ ձեզ, որ կատարեք անհրաժեշտ ուղղումները, որպեսզի ձեր վարքագիծը լինի ազնվական, հարգալից և հարիր՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին:

Ես օրհնում եմ ձեզ, որ ռազմատենչությունը փոխարինեք աղաչանքով, թշնամանքը՝ հասկացողությամբ, իսկ հակառակությունը՝ խաղաղությամբ:

Աստված ապրո՛ւմ է: Հիսուսը Քրիստոսն է: Նա է գլխավորում այս Եկեղեցին։ Մենք Նրա ծառաներն ենք: Նա կօգնի մեզ դառնալ Իր խաղաղարարները: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: