Գերագույն համաժողով
Ձեր հայրապետական օրհնությունը՝ ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


9:28

Ձեր հայրապետական օրհնությունը՝ ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից

Իմ հայրապետական օրհնությունն օգնեց ինձ հասկանալ իմ իսկական հավերժական ինքնությունը. ով էի ես իրականում, և ինչ կարող էի դառնալ:

Ինձ մեծացրել են իմ հրաշալի ծնողները, ովքեր սիրում էին մեզ և ավետարանը հավատարմորեն ուսուցանում էին մեզ՝ իրենց զավակներին: Ցավոք, իմ սիրելի ծնողները տարիներ շարունակ դժվարություններ են ունեցել իրենց ամուսնության մեջ: Ես Երեխաների միությունում էի, երբ իմացա, որ նրանք, հավանաբար, մի օր ամուսնալուծվելու են: Ես և իմ քույրերն ու եղբայրները պետք է ընտրեինք, թե որ ծնողի հետ ապրեինք: Արդյունքում, երկար տարիներ ես նկատելի անհանգստություն էի զգում, սակայն, իմ Երկնային Հոր կողմից տրված պարգևը՝ իմ հայրապետական օրհնությունը, ի վերջո, ինձ համար փոխեց ամեն ինչ:

11 տարեկանում ես հարաճուն անհանգստությամբ հետևում էի ծնողներիս հարաբերություններին և խորապես ցանկանում էի ստանալ իմ հայրապետական օրհնությունը: Ես գիտեի, որ Երկնային Հայրը լիովին ճանաչում է ինձ և գիտի իմ հատուկ հանգամանքները: Ես նաև գիտեի, որ Նրանից ուղղություն կստանամ: Ծննդյանս 12-րդ տարեդարձից անմիջապես հետո ես ստացա իմ հայրապետական օրհնությունը։ Դա ավելի քան կես դար առաջ էր, բայց ես վառ կերպով հիշում եմ այդ նվիրական փորձառության մանրամասները:

Մենք երախտապարտ ենք, որ Եկեղեցու Ընդհանուր Ձեռնարկից կարող ենք ոգեշնչված ուղղություն ստանալ հայրապետական օրհնությունների վերաբերյալ:

«Յուրաքանչյուր արժանավոր, մկրտված անդամ իրավունք ունի ստանալու հայրապետական օրհնություն, որը ոգեշնչված ուղղություն է տրամադրում Երկնային Հոր կողմից»:

Անդամը պետք է «բավականաչափ հասուն լինի՝ հասկանալու օրհնության նշանակությունն ու սուրբ էությունը» և «հասկանա ավետարանի հիմնական վարդապետությունը»:

«Տեսականորեն, անդամը պետք է բավական երիտասարդ լինի, որպեսզի կյանքում շատ կարևոր որոշումներ դեռ առջևում լինեն»: «Քահանայության ղեկավարները չպետք է նվազագույն տարիք սահմանեն անդամի կողմից հայրապետական օրհնությունը ստանալու համար: …

«Յուրաքանչյուր հայրապետական օրհնություն սուրբ է, գաղտնի և անձնական: …

«Մարդը, որը ստանում է հայրապետական օրհնություն, պետք է գնահատի դրա խոսքերը, խորհի դրանց շուրջ և ապրի այնպես, որ արժանի լինի ստանալու խոստացված օրհնություններն այս կյանքում և հավերժության մեջ»:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բազմիցս ուսուցանել է հայրապետական օրհնության կարևորության մասին,2 որ այն յուրաքանչյուր ստացողի տալիս է «Աբրահամի, Իսահակի և Հակոբի տոհմի մասին հայտարարություն»,3 և որ յուրաքանչյուր օրհնություն «ձեզ համար անձնական սուրբ գրություն է»:4

Իմ հայրապետական օրհնությունը չափազանց կարևոր էր ինձ համար տարբեր պատճառներով. Նախ՝ իմ հայրապետական օրհնությունն օգնեց ինձ հասկանալ իմ իսկական հավերժական ինքնությունը. ով էի ես իրականում, և ինչ կարող էի դառնալ: Այն օգնեց ինձ իմանալ, ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել, որ ես «Աստծո որդի» եմ, «ուխտի [զավակ]» եմ և «Հիսուս Քրիստոսի աշակերտ»:5 Ես գիտեի, որ իմ Երկնային Հայրը և իմ Փրկիչը ճանաչում ու սիրում են ինձ, և որ Նրանք անձամբ ներգրավված են իմ կյանքում: Դա օգնեց ինձ ցանկանալ ավելի մոտենալ նրանց և մեծացնել իմ հավատքն ու վստահությունը նրանց հանդեպ:

Մի սիրելի ընկեր, որը միացել է Եկեղեցուն, երբ չափահաս երիտասարդ էր, ասել է. «Երբ հայրապետը ձեռքերը դրեց իմ գլխին և ասաց իմ անունը, ամեն ինչ փոխվեց … ոչ միայն այն ժամանակ, այլև իմ ողջ կյանքի ընթացքում: Զորությամբ, որով նա խոսում էր, ես անմիջապես զգացի, որ ինձ վստահաբար և խորապես ճանաչում են: Նրա խոսքերը թափանցեցին իմ ողջ էության մեջ։ Ես գիտեի, որ Երկնային Հայրը լիովին ճանաչում է ինձ»:

Իմանալով, թե ով եմ ես իրականում, ինձ օգնեցի հասկանալ և ցանկանալ անելու այն, ինչ Աստված ակնկալում էր ինձնից:6

Դա ստիպեց ինձ ուսումնասիրել իմ կապած ուխտերը և խոստացված օրհնությունները՝ Աստծո հետ կապած Աբրահամի ուխտի մեջ:7 Այն ինձ տվեց հավերժական հեռանկար, որը ոգեշնչեց ինձ լիարժեք պահել իմ ուխտերը:

Պատանեկան տարիքում ես հաճախակի, երբեմն ամեն օր ուսումնասիրում էի իմ հայրապետական օրհնությունը, որն օգնեց ինձ զգալ Սուրբ Հոգու մխիթարիչ, առաջնորդող ազդեցությունը, ով օգնեց նվազեցնել իմ անհանգստությունը, երբ ես հետևում էի Նրա հուշումներին: Սա մեծացրեց լույսը, ճշմարտությունը և Սուրբ Հոգուն ակտիվորեն հրավիրելու իմ ցանկությունը, մինչ ես ուսումնասիրում էի սուրբ գրությունները, ամեն օր աղոթում էի, նաև ուսումնասիրում ու հետևում էի Աստծո մարգարեի և առաքյալների ուսմունքներին: Իմ հայրապետական օրհնությունը նաև օգնեց ինձ ցանկանալ ավելի հնազանդ լինել իմ Երկնային Հոր կամքին, և այդ կենտրոնացումն օգնեց ինձ մեծ ուրախություն զգալ՝ չնայած իմ դժվարին հանգամանքներին:8

Ես հոգևոր ուժ էի ստանում ամեն անգամ, երբ ուսումնասիրում էի իմ հայրապետական օրհնությունը: Երբ ծնողներս ի վերջո ամուսնալուծվեցին, իմ հայրապետական օրհնությունը, ինչպես ուսուցանել է նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, դարձավ «թանկարժեք և անգին անձնական գանձ», նույնիսկ՝ «անձնական Լիահոնա»:9

Այժմ, խնդրում եմ սխալ չհասկանաք. Ես կատարյալ չէի: Ես թույլ տվեցի բոլոր տեսակի սխալները: Իմ հավերժական ուղեկիցը կհաստատի, որ ես դեռ սխալներ եմ թույլ տալիս: Բայց իմ հայրապետական օրհնությունն օգնեց և շարունակում է օգնել ինձ ցանկանալ առաջադիմել և ավելի լավը լինել:10 Իմ հայրապետական օրհնության հաճախակի ուսումնասիրումը մեծացրեց գայթակղությանը դիմակայելու իմ ցանկությունը: Այն ինձ օգնեց ապաշխարելու ցանկություն և քաջություն ունենալ , իսկ ապաշխարությունն աստիճանաբար դառնում էր ուրախ գործընթաց:

Ինձ համար կենսական նշանակություն ուներ իմ հայրապետական օրհնության ստացումը, երբ ես երիտասարդ էի, և երբ իմ վկայությունը դեռ աճում էր: Ես հավերժ երախտապարտ եմ, որ ծնողներս ու եպիսկոպոսը հասկացան, որ իմ ցանկությունը ցույց էր տալիս՝ ես պատրաստ եմ:

Երբ ես 12 տարեկան էի, աշխարհը շատ ավելի պակաս շփոթեցնող ու շեղող էր, քան ներկայիս աշխարհը: Նախագահ Նելսոնը ներկայիս ժամանակները նկարագրել է որպես՝ «աշխարհի պատմության ամենաբարդ ժամանակաշրջան», աշխարհ, որը «մեղքով հագեցած» է ու «եսակենտրոն»:11 Բարեբախտաբար, մեր երիտասարդներն այսօր շատ ավելի հասուն են, քան ես՝ 12 տարեկանում, և նրանք նույնպես պետք է շատ կարևոր որոշումներ կայացնեն, քանի դեռ երիտասա՛րդ են: Նրանք նաև պետք է իմանան, թե իրենք ովքեր են իրականում, և որ Աստված սիրում ու կատարելապես ճանաչո՛ւմ է իրենց:

Ոչ բոլորն են ցանկանալու ստանալ իրենց հայրապետական օրհնությունն այն տարիքում, երբ ես էի ցանկանում: Բայց ես աղոթում եմ, որ անդամները, որոնք դեռ չեն ստացել իրենց հայրապետական օրհնությունը, աղոթքով փորձեն իմանալ, թե երբ են պատրաստ: Ես խոստանում եմ, որ եթե դուք հոգևորապես պատրաստվեք, ձեր փորձառությունը՝ ինչպես իմը, սուրբ կլինի ձեզ համար: Ես նաև աղոթում եմ, որ նրանք, ովքեր արդեն ստացել են իրենց հայրապետական օրհնությունը, ուսումնասիրեն և գնահատեն այն: Իմ հայրապետական օրհնության գնահատումն ինձ օրհնում էր քաջությամբ, երբ ես հուսահատվում էի, մխիթարությամբ, երբ ես վախենում էի, խաղաղությամբ, երբ անհանգստություն էի զգում, հույսով, երբ հուսահատ էի, և ուրախությամբ, երբ հոգիս ամենից շատ ուներ դրա կարիքը: Իմ հայրապետական օրհնությունն օգնեց մեծացնել իմ հավատքն ու վստահությունը իմ Երկնային Հոր և իմ Փրկչի հանդեպ: Այն նաև մեծացրեց իմ սերը Նրանց հանդեպ, և դա դեռ շարունակվում է:12

Ես վկայում եմ, որ հայրապետական օրհնությունը ոգեշնչված ուղղություն է տալիս Երկնային Հոր կողմից: Ես բերում եմ իմ վկայությունը մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենդանի իրողության մասին: Նրանք ճանաչում ու սիրում են մեզ և ցանկանում են օրհնել մեզ: Ես նաև վստահաբար գիտեմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է երկրի վրա այսօր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։