Գերագույն համաժողով
Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:9

Աստծո զորության հասանելիությունը ուխտերի միջոցով

Երբ դուք քայլում եք ուխտի ճանապարհով՝ մկրտությունից մինչև տաճար և ողջ կյանքի ընթացքում, ես ձեզ խոստանում եմ զորություն, որը կօգնի ձեզ դեմ գնալ բնական աշխարհիկ հոսքին:

Անցյալ նոյեմբերին ես արտոնություն ունեցա նվիրագործելու Բելեմի (Բրազիլիա) տաճարը: Պատիվ և ուրախություն էր Հյուսիսային Բրազիլիայի Եկեղեցու նվիրյալ անդամների հետ լինելը: Այդ ժամանակ ես իմացա, որ Բելեմը այն տարածաշրջանի դարպասն է, որը ներառում է աշխարհի ամենահզոր գետը՝ Ամազոն գետը։

Չնայած գետի հզորությանը՝ տարին երկու անգամ անբնական թվացող մի բան է տեղի ունենում։ Երբ արևը, լուսինը և երկիրը համապատասխանեցված են շատ հատուկ ձևով, հզոր մակընթացային ալիքը հոսում է գետով՝ ընդդեմ ջրի բնական հոսքի: Փաստագրվել են մոտ 6 մետր բարձրությամբ ալիքներ,1 որոնք անցնում են մինչև 50 կիլոմետր2 հոսանքով վեր: Այդ երևույթը, որը սովորաբար հայտնի է որպես մակընթացային հորատանցք, տեղացիներն անվանում են «pororoca» (պորորոկա) կամ «հզոր դղրդյուն»՝ դրա ստեղծած բարձր աղմուկի պատճառով: Մենք կարող ենք արդարացիորեն եզրակացնել, որ նույնիսկ հզոր Ամազոնը պետք է հնազանդվի երկնային ուժերին:

Ամազոնի նման մենք բնական հոսք ունենք դեպի մեր կյանք. մենք հակված ենք անելու այն, ինչը բնական է: Ամազոնի նման երկնքի օգնությամբ մենք կարող ենք անբնական թվացող բաներ անել: Ի վերջո, բնական չէ, որ մենք լինենք ենթարկվող, հեզ կամ կամենանք մեր կամքը հանձնել Աստծուն: Սակայն, միայն դրանով մենք կարող ենք փոխակերպվել, վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ և հասնել մեր հավերժական ճակատագրին:

Ի տարբերություն Ամազոնի՝ մենք կարող ենք ընտրել՝ ենթարկվե՞լ երկնային ուժերին, թե՞ «հոսքի հետ գնալ»:3 Հոսքին հակառակ գնալը կարող է դժվար լինել: Բայց երբ մենք ենթարկվում ենք «Սուրբ Հոգու հորդորներին» և հեռացնում բնական տղամարդու կամ կնոջ եսասիրական հակումները,4 մենք կարող ենք ստանալ Փրկչի փոխակերպող զորությունը՝ դժվարին գործեր կատարելու զորությունը մեր կյանքում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ ուսուցանել է, թե ինչպես անել դա: Նա խոստացել է. «Յուրաքանչյուր ոք, ով ուխտեր է կապում մկրտության ավազաններում ու տաճարներում և պահում է դրանք, ավելի մեծ հասանելիություն ունի դեպի Հիսուս Քրիստոսի զորությունը՝ … [բարձրացնելու] մեզ այս ընկած աշխարհի ձգողականությունից վեր»:5 Այլ կերպ ասած, մենք կարող ենք ստանալ Աստծո զորությունը, բայց միայն այն ժամանակ, երբ կապվենք Նրա հետ սուրբ ուխտերի միջոցով:

Նախքան երկրի ստեղծումը՝ Աստված հաստատեց ուխտերը՝ որպես մի համակարգ, որով մենք՝ Նրա զավակները, կմիավորվենք Նրա հետ: Հիմնվելով հավերժական, անփոփոխ օրենքի վրա՝ Նա մատնանշեց անսակարկելի պայմանները, որոնցով մենք փոխակերպվում, փրկվում և վեհանում ենք: Այս կյանքում մենք կապում ենք այդ ուխտերը՝ մասնակցելով քահանայության արարողություններին և խոստանալով անել այն, ինչ Աստված խնդրում է մեզանից, և դրա դիմաց Աստված խոստանում է մեզ որոշակի օրհնություններ:6

Ուխտը մի խոստում է, որին մենք պետք է պատրաստվենք, հստակ հասկանանք և բացարձակապես հարգենք:7 Աստծո հետ ուխտ կապելը տարբերվում է պատահական խոստումից: Նախ՝ պահանջվում է քահանայության իշխանությունը: Երկրորդ՝ թեթև խոստումը կապող ուժ չունի, որպեսզի մեզ վեր բարձրացնի բնական հոսքի ձգողականությունից: Մենք ուխտ ենք կապում միայն այն ժամանակ, երբ մտադիր ենք բացառապես պարտավորվել կատարել այն:8 Մենք դառնում ենք Աստծո ուխտի զավակները և Նրա թագավորության ժառանգորդները, հատկապես, երբ ինքներս մեզ լիովին նույնացնում ենք ուխտի հետ:

Ուխտի ուղի եզրույթը վերաբերում է մի շարք ուխտերի, որոնցով մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և կապվում Նրա հետ: Այդ ուխտի կապի միջոցով մենք ստանում ենք Նրա հավերժական զորությունը: Ճանապարհը սկսվում է առ Հիսուս Քրիստոս հավատքով և ապաշխարությամբ, որին հաջորդում է մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը:9 Հիսուս Քրիստոսը ցույց տվեց մեզ, թե ինչպես մուտք գործել այդ ուղին, երբ Նա մկրտվեց:10 Համաձայն Նոր Կտակարանում Մարկոսի և Ղուկասիավետարանների՝ Երկնային Հայրը ուղղակիորեն խոսեց Հիսուսի հետ Նրա մկրտության ժամանակ՝ ասելով. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ Երբ մենք սկսում ենք ուխտի ուղին մկրտության միջոցով, ես կարող եմ պատկերացնել, որ Երկնային Հայրը մեզանից յուրաքանչյուրին ասում է նույն բանը. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը: Շարունակիր առաջ գնալ»:11

Մկրտության ժամանակ, և երբ ընդունում ենք հաղորդությունը,12 մենք վկայում ենք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:13 Այս համատեքստում եկեք հիշենք Հին Կտակարանի պատվիրանը. «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես»:14 Մեր ժամանակակից ականջին սա հնչում է որպես Տիրոջ անունը անհարգալից օգտագործելու արգելք: Պատվիրանը ներառում է դա, բայց դրա հրահանգն ավելի խորն է: Եբրայերեն բառը, որը թարգմանվել է որպես «վերցնել», նշանակում է «բարձրացնել» կամ «տանել» ինչպես դրոշակը, որը կրողին նույնացնում է անհատի կամ խմբի հետ:15 «Զուր» թարգմանված բառը նշանակում է «դատարկ» կամ «խաբուսիկ»:16 Տիրոջ «անունը զուր տեղը բերանդ չառնես» պատվիրանը, հետևաբար, կարող է նշանակել. «Դուք չպետք է ձեզ ճանաչեք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, քանի դեռ չեք մտադրվել պատշաճ կերպով ներկայացնել Նրան»:

Մենք դառնում ենք Նրա աշակերտները և պատշաճ կերպով ներկայացնում ենք Նրան, երբ նպատակադրված և աստիճանաբար մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը ուխտերի միջոցով: Մեր ուխտերը մեզ ուժ են տալիս մնալու ուխտի ուղու վրա, քանի որ փոխվել են մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր հետ: Մենք նրանց հետ կապված ենք ուխտի կապով:

Ուխտի ուղին տանում է դեպի տաճարային արարողություններ, ինչպիսին է տաճարային օժտումը:17 Օժտումը Աստծո սուրբ ուխտերի պարգևն է, որը մեզ լիովին կապում է Նրա հետ: Օժտման մեջ մենք սկզբում ուխտ ենք կապում, որ կձգտենք պահել Աստծո պատվիրանները. երկրորդ՝ կապաշխարենք կոտրված սրտով և փշրված հոգով, երրորդ՝ կապրենք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Մենք դա անում ենք՝ հավատք գործադրելով Նրա հանդեպ, ուխտեր կապելով Աստծո հետ, երբ ստանում ենք փրկության և վեհացման արարողությունները, պահելով այդ ուխտերը մեր ողջ կյանքում և ձգտելով ապրել Աստծուն և մերձավորին սիրելու երկու մեծ պատվիրաններով: Չորրորդ՝ մենք ուխտ ենք կապում պահպանել մաքրաբարոյության օրենքը, և հինգերորդը՝ նվիրել մեզ և այն ամենը, ինչով Տերն օրհնում է մեզ՝ կառուցելու Իր Եկեղեցին:18

Տաճարային ուխտեր կապելով և պահելով՝ մենք ավելին ենք սովորում Տիրոջ նպատակների մասին և ստանում Սուրբ Հոգու լիությունը:19 Մենք ուղղորդում ենք ստանում մեր կյանքի համար: Մենք հասունանում ենք մեր աշակերտության մեջ, որպեսզի չմնանք հավերժ անտեղյակ զավակներ։20 Ավելի շուտ մենք ապրում ենք հավերժության հեռանկարով և ավելի շատ մղված ենք ծառայելու Աստծուն և ուրիշներին: Մենք ստանում ենք մահկանացու կյանքում մեր նպատակների կատարման ավելի մեծ կարողություն: Մենք պաշտպանված ենք չարից,21 և ավելի մեծ զորություն ենք ստանում՝ դիմակայելու գայթակղությանը և ապաշխարելու, երբ սայթաքում ենք:22 Երբ մեղք ենք գործում, Աստծո հետ ունեցած մեր ուխտերի հիշողությունն օգնում է մեզ վերադառնալ դեպի ուղին: Կապվելով Աստծո զորության հետ՝ մենք դառնում ենք մեր սեփական պորորոկան (հզոր դղրդյուն), որը կարող է հակառակ գնալ աշխարհի հոսքին՝ մեր ողջ կյանքում և դեպի հավերժություն: Ի վերջո, մեր ճակատագրերը փոխվում են, քանի որ ուխտի ուղին տանում է դեպի վեհացում և հավերժական կյանք:23

Պահելով մկրտության ավազաններում և տաճարներում կնքված ուխտերը՝ մենք նաև ուժ ենք ստանում՝ դիմակայելու մահկանացու կյանքի փորձություններին ու խոր վշտերին:24 Այս ուխտերի հետ կապված վարդապետությունը թեթևացնում է մեր ճանապարհը և ապահովում հույս, մխիթարություն և խաղաղություն:

Իմ տատիկն ու պապիկը՝ Լենա Սոֆիա և Մեթս Լինդեր Ռենլանդները, ստացան Աստծո զորությունը իրենց մկրտության ուխտի միջոցով, երբ 1912 թվականին Ֆինլանդիայում միացան Եկեղեցուն: Նրանք ուրախ էին լինել Ֆինլանդիայի Եկեղեցու առաջին ճյուղի մի մասը:

Լինդերը տուբերկուլյոզից մահացավ հինգ տարի անց, երբ Լենան հղի էր իրենց տասներորդ երեխայով: Այդ երեխան՝ իմ հայրը, ծնվել է Լինդերի մահից երկու ամիս անց։ Լենան, ի վերջո, թաղեց ոչ միայն իր ամուսնուն, այլև տասը երեխաներից յոթին: Որպես աղքատ այրի՝ նա մաքառումների մեջ էր։ Մոտ 20 տարի նա գիշերները բավարար չէր հանգստանում։ Օրվա ընթացքում նա փորձում էր սնունդ ապահովել իր ընտանիքի համար։ Իսկ գիշերները հոգ էր տանում ընտանիքի մահամերձ անդամների մասին: Դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է հաղթահարել այդ ամենը։

Լենան համբերում էր, քանի որ գիտեր, որ իր մահացած ամուսինն ու զավակները կարող էին իրենը լինել հավերժության ընթացքում: Տաճարային օրհնությունների վարդապետությունը, ներառյալ հավերժական ընտանիքների վարդապետությունը, նրան խաղաղություն բերեցին, քանի որ նա վստահում էր կնքման զորությանը: Մահկանացու կյանքում նա չէր ստացել իր օժտումը, ոչ էլ կնքվել էր Լինդերի հետ, բայց Լինդերը կարևոր ազդեցություն էր թողել նրա կյանքում և հանդիսանում էր ապագայի հանդեպ նրա մեծ հույսի մի մասը:

1938 թվին Լենան ներկայացրեց գրանցումներ, որպեսզի տաճարային արարողություններ կատարվեին իր ընտանիքի մահացած անդամների համար: Առաջին գրանցումներից մի քանիսը ներկայացվել էին Ֆինլանդիայից: Նրա մահից հետո ուրիշների կողմից տաճարային արարողություններ կատարվեցին` նրա, Լինդերի և նրա մահացած զավակների համար: Փոխարինող անձի միջոցով նրան օժտեցին, Լենան և Լինդերը կնքվեցին միմյանց հետ, իսկ նրանց մահացած երեխաները և հայրս կնքվեցին նրանց հետ: Մյուսների նման Լենան «հավատի մեջ մեռա[վ]՝ առանց խոստումները ստանալու։ Բայց հեռվից տեսնում [էր] դրանք և ողջունում [էր]»։25

Լենան ապրում էր այնպես, կարծես նա արդեն կապել էր այդ ուխտերն իր կյանքում: Նա գիտեր, որ իր մկրտության և հաղորդության ուխտերը իրեն կապում էին Փրկչի հետ: Նա թույլ տվեց, որ «[Փրկչի] սուրբ վայրի քաղցր կարոտը հույս բերի [իր] ամայի սրտին»:26 Լենան Աստծո մեծ ողորմություններից մեկն էր համարում այն, որ նախքան այդ ողբերգությունների միջով անցնելը, նա իմացավ, որ ընտանիքները հավերժ են։ Ուխտի միջոցով նա ստացավ Աստծո զորությունը, որպեսզի համբերեր և հաղթահարեր իր մարտահրավերների ու դժվարությունների ճնշող ձգողականությունը:

Երբ դուք քայլում եք ուխտի ճանապարհով՝ մկրտությունից մինչև տաճար և ողջ կյանքի ընթացքում, ես ձեզ խոստանում եմ զորություն՝ դեմ գնալու բնական աշխարհիկ հոսքին, զորություն՝ սովորելու, զորություն՝ ապաշխարելու և սրբանալու, և զորություն՝ գտնելու հույս, մխիթարություն և նույնիսկ ուրախություն, երբ դուք բախվում եք կյանքի մարտահրավերներին: Ես խոստանում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ պաշտպանություն հակառակորդի ազդեցությունից, հատկապես, երբ տաճարը դարձնում եք ձեր կյանքի հիմնական կիզակետը:

Երբ դուք գալիս եք Քրիստոսի մոտ և Նրա ու մեր Երկնային Հոր հետ կապվում եք ուխտով, անբնական թվացող մի բան է տեղի ունենում: Դուք կերպարանափոխվում և կատարելագործվում եք Հիսուս Քրիստոսով:27 Դուք դառնում եք Աստծո ուխտի զավակները և ժառանգորդները Նրա արքայությունում:28 Ես պատկերացնում եմ, որ Նա ասում է ձեզ. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը: Բարի գալուստ տուն»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Մոտ 20 ոտնաչափ:

  2. Մոտ 30 մղոն:

  3. Մենք ունենք ընտրություն, քանի որ Աստված մեզ արտոնություն է տվել ինքնուրույն ընտրելու և գործելու: Տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Ազատ կամք», scriptures.ChurchofJesusChrist.org, 2 Նեփի 2.27, Մովսես 7.32:

  4. Տես Մոսիա 3․19։

  5. Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյեմբեր 2022, 96, 97:

  6. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուխտ», scriptures.ChurchofJesusChrist.org:

  7. Բոլորը երբեմն սայթաքում են, բայց Աստված համբերատար է մեր սայթաքումների հանդեպ և մեզ տվել է ապաշխարության պարգևը՝ նույնիսկ ուխտը դրժելուց հետո: Ինչպես Երեց Ռիչարդ Գ. Սքոթն է ուսուցանել. «Տերը թուլություններին այլ կերպ է նայում, քան [նայում է] ապստամբությանը… [քանի որ], երբ Տերը խոսում է թուլությունների մասին, դա միշտ ողորմությամբ է» («Անձնական ուժ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Լիահոնա, նոյեմբեր 2013, 83): Այսպիսով, մենք չպետք է կասկածենք մեզ՝ մեր թուլություններով օգնելու Փրկչի կարողության վրա: Այնուամենայնիվ, գիտակցաբար խախտելով ուխտը՝ հետագայում ապաշխարելու անխիղճ ծրագրով, այլ կերպ ասած՝ նախապես ծրագրված մեղքն ու ապաշխարությունը, նողկալի են Տիրոջ համար (տես Եբրայեցիս 6.4–6):

  8. Տես Robert Bolt, A Man for All Seasons: A Play in Two Acts (1990), xiii–xiv, 140:

  9. Տես 2 Նեփի 31․17-18։

  10. Տես 2 Նեփի 31․4-15։

  11. Ղուկասն արձանագրում է. «Եվ Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը» (Ղուկաս 3.22): Մարկոսն արձանագրում է. «Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը» (Մարկոս 1.11): Ուիլյամ Թինդելի թարգմանությունը նույնիսկ ավելի վառ և մտերմիկ է, քան Հակոբոս թագավորի տարբերակը: Նրա թարգմանության մեջ Երկնային Հոր ձայնն ասում է. «Դու ես իմ սիրելի Որդին, որով ես հրճվում եմ» (in Brian Moynahan, God’s Bestseller: William Tyndale, Thomas More, and the Writing of the English Bible—A Story of Martyrdom and Betrayal [2002], 58): Միայն Մատթեոսն է հայտնում, որ ձայնը ավելի ընդհանուր էր ուղղված, երբ ասում էր. «Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը» (Մատթեոս 3.17): Հովհաննեսի ավետարանը հայտնում է միայն Հովհաննես Մկրտչի կողմից կատարված մկրտության մասին. «Ու ես տեսա և վկայեցի, թե՝ «Սա է Աստծու Որդին» (Հովհաննես 1.34):

  12. Տես 2 Նեփի 31․13, Վարդապետություն և Ուխտեր 20․77։

  13. Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է «հոժար» եզրույթի կարևորությունը, երբ մենք նորոգում ենք մեր մկրտության ուխտը հաղորդության միջոցով. «Հատկանշական է, որ երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք չենք վկայում, որ մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը: Մենք վկայում ենք, որ հոժար ենք այդպես վարվելու: [Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77։] Այն փաստը, որ մենք միայն վկայում ենք մեր պատրաստակամության մասին, հուշում է, որ մեկ այլ բան պետք է տեղի ունենա, նախքան մենք այդ սուրբ անունը մեզ վրա կվերցնենք ամենակարևոր իմաստով» (“Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 81): «Մեկ այլ բանը» վերաբերում է տաճարային օրհնություններին և ապագա վեհացմանը:

  14. Ելից 20.7:

  15. Տես James Strong, The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible (2010), Hebrew dictionary section, page 192, number 5375:

  16. Տես The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible, Hebrew dictionary section, page 273, number 7723:

  17. Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Մկրտության ուխտը հստակորեն խորհում է ապագա իրադարձության կամ իրադարձությունների մասին և անհամբեր սպասում է տաճարին: … Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու գործընթացը, որը սկսվել է մկրտության ջրերում, շարունակվում և խորանում է Տիրոջ տանը: Երբ մենք կանգնած ենք մկրտության ջրերում, մենք նայում ենք տաճարին: Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք նայում ենք տաճարին: Մենք խոստանում ենք միշտ հիշել Փրկչին և պահել Նրա պատվիրանները՝ որպես նախապատրաստություն մասնակցելու տաճարային սուրբ արարողություններին և ստանալու ամենաբարձր օրհնությունները, որոնք հասանելի են Տեր Հիսուս Քրիստոսի անունով և իշխանության միջոցով: … Սուրբ տաճարի արարողություններով մենք լիովին մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը» («Պատվով կրեք անունը և պաշտպանեք», Լիահոնա, մայիս 2009, 98): Գործընթացը, հավանաբար, ավարտված չէ մինչև «մենք լինենք նրա նման» (Մորոնի 7.48), երբ մենք լիովին փոխակերպված կլինենք:

  18. Ինչպես բացատրված է Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.2 (ChurchofJesusChrist.org), ուխտերով պետք է ապրել հնազանդության օրենքով, հնազանդվել զոհաբերության օրենքին, հնազանդվել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքին, պահպանել մաքրաբարոյության օրենքը և պահպանել նվիրաբերության օրենքը, տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար», Լիահոնա, մայիս 2020, 84–87:

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․14-15: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Սուրբ Հոգու լիությունը» ներառում է այն, ինչ Հիսուսը նկարագրեց որպես «խոստում[ը], որը ես տալիս եմ ձեզ, որը հավերժական կյանք է, այսինքն՝ սելեստիալ արքայության փառքը. փառք, որը նույնն է, ինչ Անդրանիկի եկեղեցունը, այսինքն՝ Աստծունը, բոլորից սրբագույնինը, Հիսուս Քրիստոսի՝ իր Որդու միջոցով» (Վ&Ու 88.4–5)» («Ուխտերի զորությունը», Լիահոնա, մայիս 2009, 23, հղում 5):

  20. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․15:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․22, 25-26:

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․21:

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 109.15, 22, Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98:

  24. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», 96, Վարդապետություն և Ուխտեր 84.20: Հատկանշական է, որ նախագահ Նելսոնն ասել է. «Ամեն անգամ, երբ փնտրում և հետևում եք Հոգու հուշումներին, ամեն անգամ, երբ անում եք որևէ լավ բան, ինչը «բնական մարդը» չէր անի, դուք հաղթում եք աշխարհին» («Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել» 97):

  25. Եբրայեցիներ 11.13։

  26. «Փրկիչն Իսրայելի», Հիմներ, հ. 6, հ. 5: Սա Լենա Սոֆիա Ռենլանդի սիրելի օրհներգն էր:

  27. Տես Մորոնի 10.30–33:

  28. Տես Վարդապետություն և Ուխտեր 132․19-20: