Գերագույն համաժողով
Երբևէ պատմված Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


14:20

Երբևէ պատմված Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը

Մորմոնի Գրքին նայեք նոր լույսի ներքո և խորհեք այն խորիմաստ վկայության մասին, որ Մորմոնի Գիրքը բերում է հարություն առած Քրիստոսի իրականության վերաբերյալ:

Սուրբ Զատիկին նվիրված Առաջին Նախագահության նամակը

Հավանաբար հիշում եք, որ մի քանի շաբաթ առաջ ձեր ծխում կամ ճյուղում կարդացել են Առաջին Նախագահության նամակը: Այդ նամակում հայտարարվեց, որ հաջորդ՝ Զատիկի կիրակի օրը, բոլոր ծխերն ու ճյուղերը պետք է հավաքվեն միայն հաղորդության ժողովի համար, և հավելյալ ժամանակ թողնեն՝ տանը ընտանիքներով երկրպագելու և այս ամենակարևոր տոնը նշելու համար։1

Առաջին Նախագահության նամակը գրավեց իմ ուշադրությունը և ստիպեց ինձ մտածել այն մասին, թե ինչպես է մեր ընտանիքը տարիներ շարունակ տոնել Զատիկը: Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան ավելի շատ էի հասկանում, որ մենք ակամա փոխում ենք այս տոնի իրական իմաստը, որն այդքան կարևոր է Հիսուս Քրիստոսին հավատացողների համար:

Սուրբ ծննդյան և Զատիկի ավանդույթները

Այդ մտքերը ստիպեցին ինձ խորհել Սուրբ ծնունդը և Զատիկը նշելու տարբերության մասին։ Դեկտեմբեր ամսին մեզ մոտ ինչ-որ կերպ ստացվում է «Jingle Bells» երգի, Սուրբ ծննդյան գուլպաների և նվերների ուրախությունը համատեղել ավելի խորիմաստ ավանդույթների հետ, ինչպիսիք են՝ հոգ տանել կարիքավորների մասին, երգել մեր սիրելի Սուրբ ծննդյան տաղերգերն ու օրհներգերը և, իհարկե, բացել սուրբ գրություններն ու կարդալ Ղուկաս 2-ի Սուրբ ծննդյան պատմությունը: Ամեն տարի, երբ ընտանիքով մեր մեծ ու հին Աստվածաշնչից կարդում ենք այդ սիրելի պատմությունը, մենք անում ենք այն, ինչ հավանաբար անում է ձեր ընտանիքը․ ձեռքի տակ եղած հագուստով հանդերձավորված, ներկայացնում ենք Հովսեփին, Մարիամին և շատերին, որոնք եկել էին երկրպագելու մանուկ Հիսուսին՝ վերարտադրելով Փրկչի ծնվելու Սուրբ ծննդյան նվիրական պատմությունը:

Սակայն մեր ընտանիքը Սուրբ Զատիկը մի փոքր այլ կերպ է տոնել։ Իմ կարծիքով մեր ընտանիքը Զատիկի իմաստալից, Քրիստոսակենտրոն մասը ապահովելու համար ավելի շատ հույսը դրել է «եկեղեցի գնալու» վրա, իսկ հետո ընտանիքով հավաքվել ենք և կիսվել Զատիկի հետ կապված այլ ավանդույթներով: Ես սիրում էի դիտել, թե ինչպես են մեր երեխաները, իսկ հիմա մեր թոռները փնտրում տնով մեկ թաքցրած Զատիկի ձվերը և փորփրում իրենց Զատկի նվեր-զամբյուղները:

Բայց Առաջին Նախագահության նամակը ահազանգ էր: Նրանք ոչ միայն կոչ էին անում մեզ համոզվել, որ այս երկրի վրա երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության տոնը, նշվի Տիրոջն արժանի ակնածանքով ու հարգանքով, այլև նրանք մեզ ավելի շատ ժամանակ էին տալիս, որ մեր ընտանիքների և ընկերների հետ Զատիկի կիրակի օրը այդպես վարվենք։

Հարություն առած Փրկիչը

Մարգարե Ջոզեֆ Սմիթի այս խոսքերը լրացուցիչ իմաստ են հաղորդում Զատիկի տոնին առնչվող իրադարձություններին. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»:2

Ես և Լեսան քննարկել ենք այն ուղիները, որոնցով մեր ընտանիքը կարող է ավելի լավ տոնել Սուրբ Զատիկը։ Թերևս մեր ունեցած հետևյալ հարցի շուրջ մենք բոլորս կարող ենք մտածել. «Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսի Հարության ուսմունքը և տոնակատարությունը՝ Զատիկի պատմությունը, տոնել Հիսուս Քրիստոսի ծննդյան հավասարկշռված, ամբողջական և կրոնական ավանդույթներով հարուստ՝ Սուրբ ծննդյան պատմության նման։

Թվում է, թե մենք բոլորս փորձում ենք: Ես նկատում եմ Վերջին Օրերի Սրբերի աճող ջանքերը՝ դեպի ավելի Քրիստոսակենտրոն Զատիկ: Դա ենթադրում է նաև, որ նրանք սկսում են խորությամբ և իմաստությամբ ընդունել Ծաղկազարդն ու Ավագ ուրբաթը, ինչպես դա կիրառվում է մեր մյուս քրիստոնյա եղբայրների կողմից: Մենք կարող ենք նաև որդեգրել Քրիստոսակենտրոն Զատիկի այն պատշաճ ավանդույթները, որոնք առկա են աշխարհի երկրների մշակույթներում և սովորույթներում:

Նոր Կտակարանի գիտնական Ն. Տ. Ռայթն առաջարկել է. «Մենք պետք է քայլեր ձեռնարկենք և Զատիկը տոնենք ստեղծագործական նոր ձևերով՝ արվեստի, գրականության, մանկական խաղերի, պոեզիայի, երաժշտության, պարի, փառատոների, զանգակների, հատուկ համերգների միջոցով: … Դա մեր ամենամեծ տոնն է։ Հանեք Սուրբ ծնունդը, և աստվածաշնչյան առումով Մատթեոսի և Ղուկասի ավետարանների սկզբում դուք կորցնում եք միայն երկու գլուխ։ Հանեք Զատիկը, և դուք չունեք Նոր Կտակարան. դուք քրիստոնեություն չունեք»։3

Զատիկը, Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը

Մենք Աստվածաշունչը գնահատում ենք այն ամենի համար, ինչ այն մեզ սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, ծառայության, Խաչելության և Հարության մասին: Ոչ մի երեք բառ չի մարմնավորում ավելի շատ հույս և հավերժական հետևանք ողջ մարդկության համար, քան այն խոսքերը, որոնք պարտեզի գերեզմանի մոտ արտասանվեցին երկնային հրեշտակի կողմից Զատիկի առավոտյան. «Նա հարություն առավ»:4 Մենք խորապես երախտապարտ ենք Նոր Կտակարանի համար, որը պահպանում է Զատիկի օրվա և այդ օրերին Փրկչի ծառայության պատմությունը Հրեաստանում և Գալիլեայում:

Երբ ես և Լեսան շարունակեցինք խորհել և ուղիներ փնտրել մեր ընտանեկան Զատիկի տոնը ավելի բազմազան և Քրիստոսակենտրոն դարձնելու համար, մենք քննարկեցինք, թե Զատկի համար սուրբ գրությունների ընթերցանության ինչ ավանդույթ կարող ենք ներկայացնել մեր ընտանիքին՝ համարժեք Ղուկաս 2-ին։

Իսկ հետո մենք ունեցանք այս երկնային ըմբռնումը. Նոր Կտակարանի Զատիկի մասին կարևոր հատվածներից բացի, մեզ՝ Վերջին Օրերի Սրբերիս, տրված է Զատիկի ամենահրաշալի պարգևը: Վկայության մի առանձնահատուկ պարգև, Սուրբ Զատիկի հրաշքի ևս մեկ վկայություն, որը թերևս պարունակում է Զատիկի մասին ամենահոյակապ գրությունները ողջ քրիստոնեության մեջ։ Ես, իհարկե, նկատի ունեմ Մորմոնի Գիրքը, իսկ ավելի որոշակի՝ Հիսուս Քրիստոսի պատմությունը, ով Նոր Աշխարհի բնակիչներին հայտնվում է Իր հարություն առած փառքով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը Մորմոնի Գիրքը նկարագրել է որպես «ամենաճիշտը բոլոր գրքերից»5 և 3 Նեփի 11 գլխից սկսած այն պատմում է նեփիացիներին հարություն առած Քրիստոսի այցելության և Փրկչի՝ Զատիկի ծառայության հոյակապ պատմությունը: Զատկի մասին այս հատվածները վկայում են Տեր Հիսուս Քրիստոսի Հարության մասին:

Այս գլուխներում Քրիստոսը կանչում է տասներկու առաքյալներին, ուսուցանում է այնպես, ինչպես Նա ուսուցանել է Իր Լեռան քարոզում, հայտարարում է, որ կատարել է Մովսեսի օրենքը և մարգարեանում է Իսրայելի վերջին օրերի հավաքի մասին: Նա բժշկում է հիվանդներին և այնպիսի փառահեղությամբ է աղոթում ժողովրդի համար, որ «ոչ մի լեզու չի կարող խոսել, ոչ էլ կարող է գրվել որևէ մարդու կողմից, ոչ էլ կարող է մարդկանց սրտերը երևակայել այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք թե՛ տեսանք, թե՛ լսեցինք Հիսուսին խոսելիս. և ոչ մեկը չի կարող երևակայել այն ուրախությունը, որը լցրեց մեր հոգիներն այն պահին, երբ մենք լսում էինք նրան՝ մեզ համար Հորն աղոթելիս»:6

Հիսուս Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Այս Զատիկի տոնին մեր ընտանիքը պատրաստվում է կենտրոնանալ 3 Նեփի 11-րդ գլխի առաջին 17 հատվածների վրա, որոնց դուք ծանոթ եք: Դուք հիշում եք Լիառատ երկրի տաճարի շուրջը գտնվող մեծ բազմությունը, որը լսեց Հայր Աստծո ձայնը և տեսավ Հիսուս Քրիստոսին երկնքից իջնելիս, որպեսզի հաղորդի Զատիկի ամենագեղեցիկ հրավերը:

«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, ․․․ որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ ․․․ ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար:

Եվ բազմությունն առաջ եկավ ․․․ մեկ առ մեկ ․․․ և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և վկայեցին, որ այդ Նա է․․․

Եվ ․․․ նրանք միաձայն աղաղակեցին՝ ասելով․

Ովսա՜ննա: Օրհնվա՜ծ լինի Բարձրյալ Աստծո անունը: Եվ նրանք ընկան ցած՝ Հիսուսի ոտքերի մոտ և երկրպագեցին նրան»:7

Պատկերացրեք, որ նեփիացիները տաճարի մոտ իրականում դիպել են հարություն առած Տիրոջ ձեռքերին: Մենք հուսով ենք, որ 3 Նեփիի այս գլուխները կդարձնենք նույնքան մեր Զատիկի ավանդույթի մաս, որքան Ղուկաս 2 գլուխն է դարձել մեր Սուրբ ծննդյան ավանդույթի մասը: Իրականում, Մորմոնի գրքում գրված է երբևէ պատմված Սուրբ Զատիկի մեծագույն պատմությունը: Թող այդ պատմությունը չդառնա Սուրբ Զատկի երբեք չպատմված մեծագույն պատմությունը:

Ես հրավիրում եմ ձեզ Մորմոնի Գրքին նայել նոր լույսի ներքո և խորհել այն խորիմաստ վկայության մասին, որը Մորմոնի Գիրքը բերում է հարություն առած Քրիստոսի իրականության, ինչպես նաև Քրիստոսի հարուստ վարդապետության խորության մասին:

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Մենք կարող ենք հարցնել. Սուրբ Զատիկին Մորմոնի Գրքի հատվածների ընթերցանությունն ինչպե՞ս կարող է իմաստալից կերպով օրհնել մեր և մեր սիրելիների կյանքը: Կարող է ավելի շատ օրհնել, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ամեն անգամ, երբ մենք կարդում և ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը, կարող ենք ուշագրավ արդյունքներ տեսնել:

Վերջերս ես և Լեսան ներկա եղանք մի սիրելի ընկերոջ՝ հավատացյալ մի կնոջ հոգեհանգստին, որի կյանքը ավարտվեց հիվանդության պատճառով: Մենք հավաքվեցինք նրա ընտանիքի և մտերիմ ընկերների հետ՝ փոխանակվելով մեր կյանքը հարստացնող այս հրաշալի մարդու մասին հաճելի հիշողություններով:

Մինչ կանգնել էի դագաղից որոշ հեռավորության վրա և զրուցում էի ուրիշների հետ, ես նկատեցի, թե ինչպես Երեխաների միության տարիքի երկու փոքր աղջիկներ մոտեցան դագաղին և ոտնաթաթերի վրա դժվարությամբ նայեցին հանգուցյալին՝ հարգանքի տուրքը մատուցելով իրենց սիրելի մորաքրոջը: Քանի որ մոտակայքում ուրիշ ոչ ոք չկար, Լեսան մոտեցավ և կռացավ նրանց կողքին, որպեսզի մխիթարի և ուսուցանի նրանց։ Նա հարցրեց, թե ինչպես են նրանք և արդյո՞ք գիտեն, թե որտեղ է այժմ իրենց մորաքույրը։ Նրանք ասացին, որ տխրում են, իսկ հետո Աստծո այս թանկագին դուստրերը վստահությամբ լի աչքերով ասացին, որ գիտեն, որ իրենց մորաքույրն այժմ երջանիկ է, և նա կարող է լինել Հիսուսի հետ:

Այս փխրուն տարիքում նրանք խաղաղություն գտան երջանկության մեծ ծրագրի մեջ և մանկան շուրթերով վկայեցին Փրկչի Հարության խորիմաստ իրականության և պարզ գեղեցկության մասին: Նրանք դա գիտեին իրենց հոգում՝ սիրող ծնողների, ընտանիքի և Երեխաների միության ղեկավարների իմաստուն ուսմունքների շնորհիվ, որոնք հավատք էին սերմանել առ Հիսուս Քրիստոսը և հավերժական կյանքը: Իրենց տարիքը գերազանցող իմաստությամբ, այս փոքրիկ աղջիկները հասկացել էին այն ճշմարտությունները, որոնք մեզ են հասել Զատիկի ուղերձի և հարություն առած Փրկչի ծառայության ու մարգարեների խոսքերի միջոցով, ինչպես ասվում է Մորմոնի Գրքում:

Ես նկատել եմ, որ երբ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Մորմոնի Գիրք է նվիրում մեկին, որը մեր հավատքից չէ, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդներին, նա հաճախ բացում է 3 Նեփին և կարդում նեփիացիներին հարություն առած Քրիստոսի հայտնության մասին: Դրանով կենդանի մարգարեն, ըստ էության, վկայում է կենդանի Քրիստոսի մասին:

Մենք չենք կարող կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկաներ, քանի դեռ չենք կարող վկայություն բերել Նրա մասին: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ իր նվիրական էջերում մարգարեները մեկը մյուսի հետևից վկայում են ոչ միայն այն մասին, որ Քրիստոսը գալու է, այլև՝ որ Նա իրոք եկել է:

Նրա շնորհիվ

Իմ ձեռքում է գտնվում Մորմոնի Գրքի առաջին հրատարակության օրինակը: Դրանից ես միշտ հուզվում եմ։ Իմ հասուն կյանքի մեծ մասը ես հիացել, գերվել և հմայվել եմ նրանով, ինչ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը արեց, որպեսզի այս սուրբ գիրքը թարգմանվի և հրատարակվի: Հրաշքները, որոնք պետք է տեղի ունենային, ապշեցուցիչ են խորհելու համար:

Բայց դա չէ պատճառը, որ այս գիրքը հուզում է ինձ: Դա այն պատճառով է, որ այս գիրքը, այս երկրի վրա երբևէ հրատարակված գրքերից առավել, վկայում է Հիսուս Քրիստոսի կյանքի, ծառայության, ուսմունքների, Քավության և Հարության մասին: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսի մասին այս գրքի կանոնավոր ուսումնասիրությունը կփոխի ձեր կյանքը: Դա կբացի ձեր աչքերը նոր հնարավորությունների համար: Դա ձեզ ավելի շատ հույս կտա և կօժտի գթությամբ: Ամենակարևորը՝ այն կզարգացնի և կամրապնդի ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և կօրհնի ձեզ հաստատուն գիտելիքով, որ Նա և մեր Հայրը ճանաչում են ձեզ, սիրում են ձեզ և ցանկանում են, որ դուք գտնեք ձեր տուն վերադառնալու ճանապարհը․ Տուն՝ մեծատառ Տ տառով:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եկել է ժամանակը, որը կանխագուշակվել է հին մարգարեների կողմից․ «երբ Փրկչի մասին մի գիտելիք կտարածվի ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի մեջ»:8 Հիսուս Քրիստոսի վկայության միջոցով, որը գտնվում է Մորմոնի Գրքում, մենք մեր աչքի առաջ տեսնում ենք այս մարգարեության իրականացումը:

Տեր Հիսուս Քրիստոսը

Ուրիշ ոչ մի գիրք ցույց չի տալիս, որ

  • Հիսուս Քրիստոսի շնորհիվ ամեն ինչ փոխվեց։

  • Նրա շնորհիվ ամեն ինչ լավ է։

  • Նրա շնորհիվ կյանքը կառավարելի է, հատկապես դժվարին պահերին:

  • Նրա շնորհիվ ամեն ինչ հնարավոր է։

Նրա այցելությունը՝ որպես հարություն առած Փրկիչ, որը ներկայացվել է Հայր Աստծո կողմից, Զատիկի ամենափառավոր և հաղթական ուղերձն է: Այն կօգնի մեր ընտանիքի անդամներին անձնական վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ, ով կոտրեց մահվան կապանքները:

Ես ավարտում եմ՝ բերելով Մորմոնի Գրքի ճշմարտացիության և որպես կենդանի Աստծո Որդի՝ Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։