Գերագույն համաժողով
Հիշենք ամենակարևոր բաները
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:30

Հիշենք ամենակարևոր բաները

Ամենակարևոր բաները մեր հարաբերություններն են Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու, մեր ընտանիքների և մեր մերձավորների հետ, նաև թույլ տալը, որ Հոգին առաջնորդի մեզ:

Այս շաբաթավերջին, հիշելով Փրկչի հաղթական մուտքը Երուսաղեմ՝ Նրա քավող զոհաբերությունից անմիջապես առաջ, միտքս են գալիս հուսադրող ու մխիթարող Նրա խոսքերը. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի»։1

Ես սիրում եմ Նրան: Ես հավատում եմ Նրան։ Ես վկայում եմ, որ Նա է Հարությունը և Կյանքը:

Այս վկայությունը մխիթարել և ամրապնդել է ինձ վերջին չորս ու կես տարիների ընթացքում, կնոջս՝ Բարբարայի մահից հետո: Ես կարոտում եմ նրան։

Ես շատ եմ մտածել մեր հավերժական ամուսնության և համատեղ կյանքի մասին:

Նախկինում ես պատմել եմ, թե ինչպես եմ հանդիպել Բարբարային և այդ փորձառության շնորհիվ ինչպես եմ օգտագործել «հետևողական» լինելու հմտությունը, որը սովորել էի միսիայի ժամանակ: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես ստիպված էի շտապել հետևողական լինելու հարցում, քանի որ նա գեղեցիկ էր, հանրաճանաչ և ուներ հանդիպումներով հագեցած օրակարգ։ Ես հավանել էի նրան հենց սկզբից, քանի որ նա մարդամոտ էր և ընկերասեր: Ես հիացած էի նրա բարությամբ: Ես զգում էի, որ մենք միմյանց համար ենք ստեղծված։ Ինձ համար դա շատ պարզ էր:

Ես ու Բարբարան ժամադրվում էինք, և մեր հարաբերությունները սկսել էին զարգանալ, բայց նա վստահ չէր, որ ինձ հետ ամուսնությունը ճիշտ քայլ կլիներ իր համար:

Իմ իմանալը բավական չէր, պետք էր, որ Բարբարան էլ իմանար, թե որն էր ճիշտ։ Ես գիտեի, որ եթե մենք ծոմ պահեինք և աղոթեինք այդ հարցի շուրջ, ապա Բարբարան երկնային հաստատում կստանար։

Հանգստյան օրերը մենք անցկացրինք առանց ժամադրվելու, որպեսզի կարողանայինք ծոմ պահել և անհատապես աղոթել՝ լուծումն իմանալու համար։ Բարեբախտաբար, նա ստացավ նույն հաստատումը, ինչ՝ ես։ Մնացածը, ինչպես ասում են, հայտնի է։

Երբ Բարբարան մահացավ, մեր երեխաները նրա տապանաքարի վրա փորագրել տվեցին մի քանի դասեր, որոնք Բարբարան ցանկանում էր, որ իրենք հիշեին: Այդ դասերից մեկն է՝ «ամենակարևորը այն է, ինչ հարատև է»:

Այսօր ես սրտանց կկիսվեմ մի քանի զգացումներով և մտքերով, թե ինչն է ամենից կարևոր:

Նախ՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունն ամենակարևորն է: Այս հարաբերությունն ամենակարևորն է այժմ և հավերժության մեջ:

Երկրորդ՝ ամենակարևորների շարքում են ընտանեկան հարաբերությունները:

Իմ ծառայության ողջ ընթացքում ես այցելել եմ ավերիչ բնական աղետներից տուժած բազմաթիվ անհատների և ընտանիքների: Շատերը տեղահանված էին, սոված ու վախեցած։ Նրանք բուժօգնության, սննդի և ապաստանի կարիք ունեին։

Նրանք նաև իրենց ընտանիքների կարիքն ունեին։

Հասկանալի է, որ ոմանք գուցե չունեն սեփական ընտանիքի օրհնությունը, ուստի, «ընտանիք» ասելով, ես ներառում եմ ազգականներին, ընկերներին և նույնիսկ ծխի ընտանիքները: Այս հարաբերությունները էական են զգայական և ֆիզիկական առողջության համար:

Այս հարաբերությունները կարող են տալ նաև սեր, ուրախություն, երջանկություն և պատկանելության զգացում:

Այս կարևոր հարաբերությունների սնուցումը ընտրություն է: Ընտանիքի մաս լինելու ընտրությունը պահանջում է նվիրվածություն, սեր, համբերություն, հաղորդակցություն և ներողամտություն:2 Լինում են պահեր, երբ մենք համաձայն չենք մեկ այլ անձի հետ, սակայն մենք կարող ենք համաձայն չլինել՝ առանց դժգոհ պահվածքի: Սիրատածման և ամուսնության ժամանակ մենք չենք սիրահարվում կամ դադարում սիրել իբրև շախմատային ֆիգուրներ, որոնց այս ու այն կողմ են շարժում տախտակի վրա։ Մենք ենք ընտրում սիրել և սատարել միմյանց։ Նույնը մենք անում ենք ընտանեկան հարաբերություններում և ընկերների հետ, որոնք ընտանիքի պես են մեզ համար։

Ընտանիքի մասին հռչակագրում ասված է․ «Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար՝ վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»:3

Հաջորդ կարևորագույն բանը՝ հետևելն է Հոգու հուշումներին մեր ամենակարևոր հարաբերություններում, մեր մերձավորներին մեր անձի պես սիրելու մեր ջանքերում, մեր մասնավոր և հանրային ծառայություններում: Այս դասը ես սերտել եմ տարիներ առաջ, երբ ծառայում էի որպես եպիսկոպոս:

Մի ցուրտ, ձյունառատ ձմեռային երեկո, երբ դուրս էի գալիս եպիսկոպոսի իմ գրասենյակից, ուժեղ տպավորություն ունեցա՝ այցելելու ծխի տարեց մի այրու: Ես նայեցի ժամացույցին՝ ժամը 22:00-ն էր: Ես մտածեցի, որ շատ ուշ է այցելություն կատարելու համար։ Բացի այդ, ձյուն էր տեղում։ Ես որոշեցի առավոտյան առաջին հերթին այցելել այս սիրելի քրոջը և այդ ուշ ժամին չանհանգստացնել նրան։ Ես գնացի տուն և պառկեցի քնելու, բայց ամբողջ գիշեր անհանգիստ շուռ ու մուռ եկա, որովհետև Հոգին հուզում էր ինձ:

Առավոտ շուտ ես մեքենան վարեցի ուղիղ դեպի այրու տուն։ Դուռը բացեց նրա դուստրը և արցունքն աչքերին ասաց. «Եպիսկոպո՜ս, շնորհակալ եմ, որ եկաք: Երկու ժամ առաջ մայրս մահացավ»։ Ես ցնցված էի։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ զգացի։ Ես արտասվեցի։ Այդ սիրելի այրին ավելի քան արժանի էր, որ իր եպիսկոպոսը բռներ նրա ձեռքը, մխիթարեր նրան և գուցե վերջին օրհնությունը տար: Ես բաց թողեցի այդ հնարավորությունը, որովհետև որոշեցի չհետևել Հոգու այդ ուժեղ հուշումին:4

Եղբայրներ և քույրեր, երիտասարդ տղաներ և աղջիկներ, Երեխաների միության երեխաներ, ես վկայում եմ, որ մեր բոլոր հարաբերություններում Հոգու հուշումներին հետևելն ամենակարևոր բաներից մեկն է:

Վերջապես, Ծաղկազարդի այս տոնին ես վկայում եմ, որ կարևորագույն բաներից են՝ դեպի Տերը դարձի գալը, Նրա մասին վկայելը և Նրան ծառայելը։

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեր վկայությունների հիմքն է: Վկայությունը հավերժական ճշմարտության մասին հաստատում է, որը տպավորվում է անհատների սրտերում և հոգիներում Սուրբ Հոգու միջոցով: Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը, որը ծնվում և զորանում է Հոգով, փոխում է կյանքը, այն փոխում է մեր մտածելակերպն ու ապրելակերպը: Վկայությունը մեզ ուղղորդում է դեպի մեր Երկնային Հայրը և Նրա աստվածային Որդին:

Ալման ուսուցանել է.

«Ահա, վկայում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ այս բաները, որոնց մասին խոսել եմ, ճշմարիտ են: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ինչպե՞ս ես գիտեմ դրանց հավաստիության մասին:

Ահա ես ասում եմ ձեզ՝ դրանք հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից։ Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները։ Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով»:5

Միայն վկայություն ունենալը բավարար չէ։ Երբ մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը խորանում է, մենք, բնականաբար, ցանկանում ենք վկայել Նրա մասին, Նրա բարեգթության, սիրո և բարության մասին:

Ծոմի կիրակի օրերին մեր վկայության ժողովների ժամանակ մենք ավելի հաճախ ենք լսում «ես շնորհակալ եմ», «ես սիրում եմ» արտահայտությունները, քան՝ «ես գիտեմ» և «ես հավատում եմ»:

Ես հրավիրում եմ ձեզ ավելի հաճախ բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Վկայություն տվեք ոչ միայն այն մասին, ինչի համար դուք շնորհակալ եք, այլ այն մասին, ինչ դուք գիտեք, ինչին հավատում եք և ինչ զգում եք: Վկայեք Փրկչին ճանաչելու և սիրելու ձեր սեփական փորձառությունների, Նրա ուսմունքներով ապրելու և ձեր կյանքում Նրա փրկագնող և հնարավորություն տվող զորության մասին: Երբ վկայեք նրա մասին, ինչ դուք գիտեք, ինչին հավատում եք և ինչ զգում եք, Սուրբ Հոգին կհաստատի ճշմարտությունը մարդկանց, ովքեր ուշադիր լսում են ձեր վկայությունը: Նրանք կլսեն ձեզ, որովհետև տեսնում են, որ դուք դարձել եք Հիսուս Քրիստոսի խաղաղ հետևորդը: Նրանք կտեսնեն, թե ինչ է նշանակում լինել Նրա աշակերտը: Նրանք նաև կզգան մի բան, ինչ նախկինում չեն զգացել։ Անկեղծ վկայությունը ծնվում է փոխված սրտից և Սուրբ Հոգու զորությամբ հաղորդվում է մյուս մարդկանց սրտերին, ովքեր բաց են՝ ընդունելու այն։

Նրանք, ովքեր ինչ-որ բան են զգում ձեր վկայությունը լսելիս, կարող են այնուհետև աղոթքով խնդրել Տիրոջը՝ հաստատել ձեր վկայության ճշմարտացիությունը: Այդ դեպքում նրանք ևս դա կիմանան:

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն ու Քավիչն է: Նա ապրում է: Նա հարություն առած Աստծո Որդին է, և սա Նրա Եկեղեցին է, որը ղեկավարում են Նրա մարգարեն և առաքյալները: Ես աղոթում եմ, որ մի օր, երբ գնամ հաջորդ աշխարհ, ես դա անեմ իմ մշտավառ վկայությամբ:

Իմ ծառայության ընթացքում ես սովորել եմ, որ մենակարևորը բաները՝ մեր հարաբերություններն են Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու, մեր ընտանիքների և մեր մերձավորների հետ, նաև թույլ տալը, որ Տիրոջ Հոգին առաջնորդի մեզ այդ հարաբերություններում, որպեսզի մենք կարողանանք վկայել կարևոր ու հարատև բաների մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Հովհաննես 11․25:

  2. See the articles “Family,” “Unity,” and “Love” in Gospel Topics in the Gospel Library (at ChurchofJesusChrist.org or on the mobile app) to read scriptures and talks from prophets, apostles, and other Church leaders on this topic.

  3. «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org:

  4. An account of this experience is in Susan Easton Black and Joseph Walker, Anxiously Engaged: A Biography of M. Russell Ballard (2021), 90–91.

  5. Ալմա 5.45-46: