Գերագույն համաժողով
Խաղաղության Իշխանի հետևորդները
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


13:35

Խաղաղության Իշխանի հետևորդները

Երբ մենք ձգտում ենք զարգացնել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են Փրկչի հատկանիշները, մենք կարող ենք դառնալ Նրա խաղաղության գործիքներն աշխարհում:

Ի կատարումն մարգարեության, որը տրվել էր Զաքարիային,1 Հիսուսը հաղթականորեն մտավ սուրբ քաղաք ավանակի վրա նստած, որը գրականության մեջ համարվում էր «հրեական թագավորական իշխանության հնադարյան խորհրդանիշ»,2 ինչպես իսկապես վայել էր թագավորների թագավորին և խաղաղության իշխանին:3 Նա շրջապատված էր բազմաթիվ ուրախ աշակերտներով, որոնք իրենց հագուստները, արմավենու տերևները և այլ սաղարթները փռեցին այն ճանապարհի երկայնքով, որտեղով անցնում էր Հիսուսը։ Նրանք գովաբանում էին Աստծուն, բարձր ձայնով ասելով. «Օրհնյալ է Թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում, և փառք բարձունքներում»:4 Եվ կրկին. «Ովսաննա Դավիթի Որդուն. օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը, Ովսաննա բարձունքներումը»։5 Այս վեհաշուք իրադարձությունը, որը մենք տոնում ենք այսօր, հայտնի է որպես Ծաղկազարդ: Դա ուրախ նախերգանքն էր այն տանջալի իրադարձությունների, որոնք տեղի էին ունենալու այդ ճակատագրական շաբաթվա ընթացքում, որի գագաթնակետն էր Փրկչի անձնուրաց զոհաբերությունը և դատարկ գերեզմանի ապշեցուցիչ հրաշքը:

Որպես Նրա հետևորդներ՝ մենք Նրա հատուկ ժողովուրդն ենք, կանչված հռչակելու Նրա արժանիքները,6 նաև խթանողները այն խաղաղության, որն այնպես շռայլորեն մատուցվում է Նրա միջոցով և Նրա քավիչ զոհաբերությամբ: Այդ խաղաղությունը մի պարգև է, որը խոստացված է բոլորին, ովքեր իրենց սրտերը շրջում են դեպի Փրկիչը և ապրում արդարակեցությամբ: Այդպիսի խաղաղութունը մեզ ուժ է տալիս է՝ վայելելու մահկանացու կյանքը և հնարավորություն է տալիս դիմանալու մեր ճամփորդության ցավոտ փորձություններին:

1847 թվականին Տերը հատուկ հրահանգներ տվեց ռահվիրա Սրբերին, որոնք խաղաղության կարիք ունեին՝ հանգիստ և միաբան մնալու համար, մինչ դիմակայում էին անսպասելի դժվարությունների` դեպի արևմուտք տանող իրենց ճամփորդության ընթացքում: Տերը նաև հրահանգեց Սրբերին. «դադարեք հակառակվել մեկմեկու. դադարեք չարախոսել մեկդ մյուսի մասին»:7 Սուրբ գրություները հաստատում են, որ խաղաղություն է խոստացվել նրանց, ովքեր «արդարության գործեր են անում» և ձգտում «քայլել Տիրոջ Հոգու հեզությամբ»: Դրա կարիքը նրանք ունեն, որպեսզի գոյատևեն այս անհանգիստ օրերում, որում մենք ապրում ենք այսօր:8

Որպես Խաղաղության Իշխանի աշակերտներ՝ մեզ հրահանգվել է ապրել՝ «միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:9 Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վերջերս ասել է․ «Հակառակությունը խախտում է այն ամենը, ինչը Փրկիչը պաշտպանեց և ուսուցանեց»:10 Մեր մարգարեն խնդրում է նաև, որ մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք` դադարեցնելու անձնական հակամարտությունները, որոնք մոլեգնում են մեր սրտերում և մեր կյանքում:11

Եկեք դիտարկենք այս սկզբունքները՝ հաշվի առնելով Քրիստոսի մաքուր սերը մեր հանդեպ, և որը մենք՝ որպես Նրա հետևորդներ, ձգտում ենք ունենալ միմյանց նկատմամբ: Սուրբ գրությունները այդպիսի սերը սահմանում են որպես գթություն:12 Երբ մենք մտածում ենք գթության մասին, մեր մտքերը սովորաբար կենտրոնանում են առատաձեռն արարքների և նվիրատվությունների վրա, որոնց միջոցով թեթևացվում են տառապանքները նրանց, ովքեր տանում են ֆիզիկական, նութական կամ զգացմունքային դժվարություններ: Այնուամենայնիվ, գթությունը կապված է ոչ միայն այն բանի հետ, որը մենք նվիրում ենք ինչ-որ մեկին, այլ դա Փրկչի հատկանիշն է և կարող է դառնալ մեր բնավորության մի մասը: Զարմանալի չէ, որ Տերը հրահանգել է մեզ հագնել «գթության կապը, … որը կատարելության և խաղաղության կապն է»։13 Առանց գթության մենք ոչինչ ենք,14 և մենք չենք կարող ժառանգել այն տեղը, որը Տերն է պատրաստել մեզ համար մեր Երկնային Հոր պալատներում:15

Հիսուսը կատարյալ օրինակ ցույց տվեց, թե ինչ է նշանակում այս կատարելության և խաղաղության կապը, հատկապես, նրա նահատակությանը նախորդած ցավալի իրադարձություններին դիմակայելիս: Մտածեք այն պահի մասին, թե ինչ պետք է զգար Հիսուսը, երբ Նա խոնարհաբար լվաց Իր աշակերտների ոտքերը, իմանալով, որ նրանցից մեկը դավաճանելու էր Իրեն հենց այդ գիշեր:16 Կամ, երբ Հիսուսը ժամեր անց ողորմածաբար բժշկեց տղամարդկանցից մեկի ականջը, որն ուղեկցում էր Հուդային՝ Իրեն դավաճանողին, որպեսզի ձերբակալեր Նրան:17 Կամ նույնիսկ, երբ Փրկիչը Պիղատոսի դիմաց կանգնած, անարդարաբար մեղադրվեց քահանայապետերի և երեցների կողմից, և Նա ոչ մի բառ չարտաբերեց Իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները հերքելու համար, ինչը զարմացրեց հռոմեացի կուսակալին:18

Չնայած Փրկիչը չափազանց տխուր էր ու լարված, այս երեք ողբերգական դեպքերի միջոցով Նա Իր օրինակով ուսուցանեց մեզ, որ «գթությունը երկայնամիտ է և բարի, …չի նախանձում, … չի պարծենում իրենով, չի գոռոզանում, իրեն անպարկեշտ չի պահում, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, [և] չարը չի մտածում»:19

Մեկ այլ կարևոր կողմ, որը պետք է ընդգծվի, և որն ուղղակիորեն ազդում է մեր աշակերտության և այն բանի վրա, թե մենք ինչպես ենք նպաստում Փրկչի խաղաղությանը, այն ձևն է, որով մենք վերաբերվում ենք միմյանց: Իր երկրային ծառայության ընթացքում Փրկչի ուսմունքները կենտրոնացած էին ոչ միայն, այլ հատկապես սիրո, գթության, համբերության, համեստության և կարեկցանքի առաքինությունների վրա. հիմնարար հատկանիշներ նրանց համար, ովքեր ցանկանում էին ավելի մոտ լինել Նրան և նպաստել Նրա խաղաղությանը: Այդպիսի հատկանիշները պարգևներ են Աստծուց, և երբ մենք ձգտենք զարգացնել դրանք, կսկսենք տեսնել մեր մերձավորների տարբերություններն ու թուլությունները ավելի մեծ կարեկցանքով, զգայունությամբ, հարգանքով և հանդուրժողականությամբ: Ամենից ակնառու նշաններից մեկը, որ մենք մոտենում ենք Փրկչին և ավելի նմանվում Նրան, սիրառատ, համբերատար և բարի վարվելակերպն է, որով մենք վերաբերվում ենք մեր մերձավորներին՝ անկախ հանգամանքներից:

Մենք հաճախ տեսնում ենք մարդկանց, որոնք արտահայտում են բացասական և նույնիսկ նվաստացնող մեկնաբանություններ ուրիշների ընկալվող բնութագրերի, թուլությունների և կարծիքների վերաբերյալ, հիմնականում, երբ այդպիսի բնութագրերն ու կարծիքները տարբերվում կամ հակասում են նրանց գործելակերպին կամ մտածելակերպին: Շատ սովորական է տեսնել, որ այս մարդիկ նման մեկնաբանություններով կիսվում են ուրիշների հետ, որոնք էլ կրկնում են այն, ինչ լսել են՝ իրապես չիմանալով իրավիճակին առնչվող բոլոր հանգամանքները: Ցավոք, սոցիալական լրատվամիջոցները խրախուսում են այդպիսի վարքագիծը՝ հանուն հարաբերական ճշմարտությունների և թափանցիկության: Առանց կաշկանդվածության թվային խոսակցությունները հաճախ հանգեցնում են անձնական հարձակումների, թեժ վիճաբանությունների, ստեղծելով հիասթափություններ, վիրավորված զգացմունքներ և տարածելով բուռն թշնամություն:

Նեփին մարգարեացել էր, որ վերջին օրերում թշնամին կմոլեգնի և բարկության կդրդի մարդկանց` ընդդեմ նրա, ինչը բարի է:20 Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց»։21 Մյուս կողմից՝ «այն, ինչ չար է, գալիս է դևից. քանզի դևը թշնամի է Աստծուն, և շարունակ կռվում է նրա դեմ, և հրավիրում է ու հրապուրում ի մեղք, և շարունակ անելու այն, ինչ չար է»:22

Հաշվի առնելով այս մարգարեական ուսմունքը, զարմանալի չէ, որ հակառակորդի ռազմավարություններից մեկը Աստծո զավակների սրտերում թշնամություն և ատելություն սերմանելն է: Նա ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես են մարդիկ քննադատում, ծաղրում, զրպարտում միմյանց։ Այդ վարքագիծը կարող է կործանել մարդու բնավորությունը, հեղինակությունը և ինքնագնահատականը, հատկապես, երբ այդ անձնավորությունը անարդար է դատվում: Կարևոր է նշել, որ երբ մենք թույլ ենք տալիս այդ տեսակի վերաբերմունքը մեր կյանքում, մենք մեր սրտերում տեղ ենք բացում թշնամու համար, որպեսզի տարաձայնություն սերմանի մեր միջև, նաև մեզ վտանգի ենթարկելով՝ ընկնում ենք նրա անհագ թակարդը:

Եթե մենք ուշադիր չենք մեր մտքերի, խոսքերի և գործողությունների հանդեպ, մենք կարող ենք, ի վերջո, խճճվել թշնամու խորամանկ հնարքների մեջ՝ կործանելով մեր հարաբերությունները մեր շրջապատի մարդկանց և մեր սիրելիների հետ:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, որպես Տիրոջ «ընտիր» ժողովուրդ և Նրա խաղաղության խթանողներ, մենք չենք կարող թույլ տալ, որ չարի այդ հնարքները տեղ գտնեն մեր սրտերում: Մենք չենք կարող կրել այդպիսի քայքայիչ բեռ, որը կործանում է զգացմունքները, հարաբերությունները և նույնիսկ՝ կյանքը: Ավետարանը ներկայացնում է մեծ ուրախության բարի լուրը:

Անշուշտ, մեզանից ոչ ոք կատարյալ չէ, և իհարկե, լինում են պահեր, երբ մեզ գայթակղում են՝ դրսևորելու այդ տիպի վարքագիծ: Իր կատարյալ սիրով և մեր մարդկային հակումների ամենագետ գիտությամբ Փրկիչը միշտ փորձում է նախազգուշացնել մեզ այդպիսի վտանգներից: Նա ուսուցանել է մեզ. «Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կչափուի ձեզ»:23

Իմ սիրելի՛ եղբայներ և քույրեր, երբ մենք ձգտում ենք զարգացնել Փրկչի հատկանիշների նման հատկանիշներ, մենք կարող ենք գործիքներ դառնալ Նրա խաղաղության համար աշխարհում, համաձայն այն օրինակի, որը Նա է հաստատել: Ես հրավիրում եմ ձեզ ուղիներ մտածել, որ կարողանանք փոխակերպել մեզ և դառնալ բարձրացնող և աջակցող մարդիկ, մարդիկ, որոնք ունեն հասկացողություն և ներող սիրտ, որոնք ուրիշների մեջ փնտրում են լավագույն հատկանիշները, միշտ հիշելով, որ «եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի, ապա մենք ձգտում ենք այդ ամենին»:24

Ես խոստանում եմ ձեզ, որ երբ մենք հետամուտ լինենք և զարգացնենք այդ հատկանիշները, մենք ավելի ջերմ ու զգայուն կդառնանք մեր ընկերակիցների կարիքների հանդեպ25 և կզգանք ուրախություն, խաղաղություն ու հոգևոր աճ:26 Անկասկած Տերը կընդունի մեր ջանքերը և կտա մեզ անհրաժեշտ պարգևները, որպեսզի մենք ավելի հանդուրժող և համբերատար լինենք միմյանց տարբերությունների, թուլությունների և թերությունների հանդեպ: Այնուհետև մենք ավելի լավ կկարողանանք դիմադրել վիրավորվելու կամ մեզ ցավ պատճառողներին վիրավորելու մղումին: Ներելու մեր ցանկությունը, ինչպես Փրկիչը ներեց, մեր բնավորության մի մասը կդառնա և անկասկած կաճի՝ ներելու նրանց, ովքեր մեզ վատ են վերաբերվում կամ չարախոսում են մեր մասին:

Եկեք այս Ծաղկազարդի կիրակի օրը տարածենք մեր սիրո թիկնոցները և գթության արմավենու տերևները, քայլելով Խաղաղության Իշխանի ոտնահետքերով, մինչ եկող կիրակի պատրաստվում ենք տոնել դատարկ գերեզմանի հրաշքը: Որպես եղբայրներ և քույրեր Քրիստոսում, եկեք ուրախությամբ բացականչենք. «Ովսաննա Դավիթի Որդուն. օրհնեալ է Տիրոջ անունով եկողը, Ովսաննա բարձունքներում»։27

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և որ Նրա կատարյալ սերը, որն արտահայտվեց Իր քավիչ զոհաբերությամբ, տարածվում է բոլորի վրա, ովքեր ցանկանում են քայլել Նրա հետ և վայելել Նրա խաղաղությունն այս աշխարհում և գալիք աշխարհում: Ես ասում եմ այս խոսքերը` Փրկչի և Քավիչի` Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: