Գերագույն համաժողով
Ինչպես գտնել անձնական խաղաղություն
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


15:54

Ինչպես գտնել անձնական խաղաղություն

Ես աղոթում եմ, որ դուք գտնեք խաղաղություն, օգնեք շատերին գտնել այն և փոխանցեք այն մյուսներին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք լսեցին ոգեշնչված ելույթներ և գեղեցիկ երաժշտություն, որոնք ներշնչեցին մեզ գերագույն համաժողովի այս բացման նիստում: Մենք շնորհակալ ենք ձեր մասնակցության և ձեր հավատքի համար։

Այսօր ես կխոսեմ, թե ինչ եմ սովորել անձնական խաղաղություն գտնելու հրաշքի մասին՝ անկախ մեր հանգամանքներից: Փրկիչը գիտի, որ Երկնային Հոր բոլոր զավակները փափագում են խաղաղություն, և Նա ասել է, որ կարող է այդ խաղաղությունը տալ մեզ: Դուք հիշում եք Հովհաննեսի գրքում գրված Հիսուս Քրիստոսի խոսքերը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։1

Թե ինչ նկատի ունի Նա խաղաղություն ասելով և ինչպես կարող է տալ այն, հայտնի են դառնում այն մարդկանց հանգամանքներից, որոնք լսել են Նրա այդ խոսքերը: Հովհաննեսի գրքում լսեք Քրիստոսի ծառայության գագաթնակետի պատմությունը։ Չարի կատաղի ուժերը հարվածում էին Նրան և շուտով պետք է թափվեին Նրա աշակերտների վրա:

Ահա Փրկչի խոսքերը.

«Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։

Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի.

ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։

Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։

Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։

Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։

Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան։

Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ դու պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։

Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։

Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։

Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։

Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։

Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։2

Փրկչի այդ ուսմունքից ես սովորել եմ առնվազն հինգ ճշմարտություն:

Նախ` խաղաղության պարգևը տրվում է այն բանից հետո, երբ մենք հավատք ենք ունենում պահելու Նրա պատվիրանները: Նրանք, ովքեր Տիրոջ Եկեղեցու ուխտի անդամներն են, արդեն խոստացել են հնազանդ լինել:

Երկրորդ` Սուրբ Հոգին կգա և կբնակվի մեզ հետ: Տերն ասում է, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ, Սուրբ Հոգին կբնակվի մեր մեջ: Դա հաղորդության աղոթքի խոստումն է, որ Հոգին կլինի մեր ուղեկիցը, և որ մենք Նրա սփոփանքը կզգանք մեր սրտերում և մտքերում:

Երրորդ` Փրկիչը խոստանում է, որ երբ մենք պահենք մեր ուխտերը, մենք կզգանք Հոր և Որդու սերը միմյանց և մեր հանդեպ: Մենք Նրանց ազդեցությունը մեր մահկանացու կյանքում կզգանք այնպես, ինչպես կզգանք, երբ հավերժ լինենք նրանց հետ:

Չորրորդ` Տիրոջ պատվիրանները պահելու համար պահանջվում է ավելին, քան հնազանդությունն է: Մենք պետք է սիրենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և հոգով:3

Նրանք, ովքեր չեն սիրում Նրան, չեն պահում Նրա պատվիրանները: Եվ այդ պատճառով նրանք չեն ունենա խաղաղության պարգևն այս կյանքում և գալիք աշխարհում:

Հինգերորդ` ակնհայտ է, որ Տերը մեզ այնքան սիրեց, որ վճարեց մեր մեղքերի գինը, որպեսզի Նրա հանդեպ մեր հավատքի և ապաշխարության միջոցով, Նրա քավության ազդեցության միջոցով կարողանանք՝ այս կյանքում և Նրա հետ հավերժության մեջ, ունենալ խաղաղության պարգևը, որն «ամեն մտքից վեր է»:4

Ձեզանից ոմանք, գուցե շատերը, չեն զգում Տիրոջ խոստացած խաղաղությունը: Գուցե դուք աղոթել եք անձնական խաղաղության և հոգևոր մխիթարության համար: Սակայն դուք տեսնում եք, որ երկինքը չի պատասխանում խաղաղության մասին ձեր աղաչանքին:

Դուք ունեք հոգու մի թշնամի, որը չի ցանկանում, որ դուք և ձեր սիրելիները խաղաղություն գտնեք: Նա չի կարող վայելել այդ խաղաղությունը: Նա նույնիսկ աշխատում է խանգարել այդ խաղաղությունը գտնելու ձեր ցանկությանը, որը Փրկիչը և մեր Երկնային Հայրը ցանկանում են, որ դուք ունենաք:

Այն ջանքերը, որոնք սատանան ներդնում է մեր շուրջը ատելություն և վեճ սերմանելու համար, կարծես թե գնալով ավելանում են։ Մենք դրա ապացույցը տեսնում ենք ազգերի մեջ և քաղաքներում, համայնքներում, էլեկտրոնային լրատվամիջոցներում և ամբողջ աշխարհում:

Սակայն, լավատեսության պատճառ կա. դա այն է, որ Քրիստոսի Լույսը դրված է յուրաքանչյուր նորածին երեխայի մեջ: Այդ համընդհանուր պարգևի հետ մեկտեղ գալիս է ճիշտը ընկալելու զգացումը, սիրելու և սիրված լինելու ցանկությունը: Աստծո յուրաքանչյուր զավակի մեջ կա արդարության և ճշմարտության բնածին զգացում, երբ նա մուտք է գործում մահկանացու կյանք:

Այդ երեխաների մասին հոգացող մարդկանց շնորհիվ ենք մենք լավատես, որ նրանք կգտնեն անձնական խաղաղություն։ Եթե նրանց դաստիարակող և ծառայող մարդիկ ձգտեն ստանալ խաղաղության պարգևը Փրկչից, իրենց անձնական օրինակով և ջանքերով կմեծացնեն երեխայի հավատքը՝ արժանացնելով այդ երեխաներին խաղաղության գերագույն պարգևին:

Սուրբ գրությունները դա են խոստանում. «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից»:5 Դրա համար կպահանջվի, որ նա, ով պատասխանատու է այդ երեխայի խնամքի և սնուցման համար, արժանի լինի խաղաղության պարգևին:

Դժբախտաբար, մենք բոլորս զգացել ենք այն ցավը, երբ երեխաները մեծացել են ոգեշնչված ծնողների, իսկ երբեմն՝ միայնակ ծնողի կողմից, և հետագայում հավատարիմ ու խաղաղ կյանքից հետո բռնել են վշտի ճանապարհը:

Նույնիսկ այդ տխուր ընտրությունից հետո Տիրոջ մեկ այլ պարգև ինձ լավատեսություն է շնորհում։ Դա այն պարգևն է, որ Նա բազում խաղաղարարների է բարձրացնում Իր վստահելի աշակերտների մեջ: Նրանք զգացել են Աստծո խաղաղությունն ու սերը: Նրանք Սուրբ Հոգին ունեն իրենց սրտերում, և Տերը կարող է առաջնորդել, որ նրանք կապ հաստատեն և օգնության հասնեն մոլորված ոչխարներին:

Ես դա տեսել եմ իմ կյանքի ընթացքում և ամբողջ աշխարհում: Դուք նույնպես դա տեսել եք։ Երբեմն, երբ դուք հուշում եք ստանում փրկել որևէ մեկին, դա կարող է պատահականություն թվալ։

Մի անգամ ես պարզապես հարցրի մեկին, ում հանդիպեցի ճամփորդության ժամանակ. «Կպատմե՞ք ինձ մի փոքր ձեր ընտանիքի մասին»: Զրույցի ընթացքում ես հուշում զգացի տեսնելու նրա չափահաս դստեր նկարը, ով ըստ նրա պատմածի, տառապում էր: Այդ նկարում ինձ ապշեցրեց այդ աղջկա դեմքի բարությունը: Ես հուշում զգացի խնդրելու նրա է-փոստի հասցեն: Դուստրն այդ պահին մոլորված էր և մտածում էր, թե արդյոք Աստված իրեն ասելու բան ունի։ Նա ուներ։ Այդ ուղերձը հետևյալն էր․ «Տերը սիրում է քեզ: Նա միշտ սիրել է։ Տերը ցանկանում է, որ դու վերադառնաս։ Խոստացված օրհնությունները դեռ սպասում են քեզ»։

Եկեղեցու անդամները զգացել են անձնական խաղաղության Տիրոջ պարգևը: Նա խրախուսում է բոլորին օգնել մարդկանց, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան գալու Իր մոտ, և իրենք էլ արժանանան այդ նույն խաղաղությանը: Այնուհետև նրանք ոգեշնչում կփնտրեն, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են այդ պարգևը փոխանցել ուրիշներին:

Աճող սերունդը դառնալու է հաջորդ սերնդի դաստիարակը։ Բազմապատկիչ գործոնի շնորհիվ հրաշք տեղի կունենա: Այն կտարածվի և կաճի ժամանակի ընթացքում, և Տիրոջ թագավորությունը երկրի վրա պատրաստ կլինի դիմավորելու Նրան «Ովսաննայի» բացականչություններով: Եվ խաղաղություն կլինի աշխարհում։

Ես համոզված վկայում եմ, որ Փրկիչն ապրում է, և Նա ղեկավարում է այս Եկեղեցին: Ես զգացել եմ Նրա սերն իմ կյանքում և Նրա սերն ու մտահոգությունը զգացել եմ Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ: Իր մոտ գալու Փրկչի հրավերը խաղաղության առաջարկ է:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո կենդանի մարգարեն է ողջ երկրագնդի համար: Նա ասել է. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ աշխարհի վիճակից և ձեր անձնական հանգամանքներից, դուք կարող եք ապագային դիմագրավել լավատեսությամբ և ուրախությամբ»:6

Ես իմ սերն եմ փոխանցում ձեզ։ Մարդիկ զգում են ձեր մեծ հավատքն ու սերը և այն թույլ է տալիս Տիրոջը փոխել մարդկանց սրտերը՝ դրանով ցանկություն առաջացնելով նրանց մոտ, որ ուրիշներին առաջարկեն այն խաղաղության պարգևը, որն «ամեն մտքից վեր է»:

Ես աղոթում եմ, որ դուք գտնեք խաղաղություն, օգնեք շատերին գտնել այն և փոխանցեք այն մյուսներին: Երբ Տերը նորից գա, կտիրի հրաշալի հազարամյա խաղաղություն: Ես այսպես եմ վկայում ուրախությամբ․ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: