«Մնա ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»
Մեզ հետ մնալու Տիրոջ խոստումը ճշմարիտ և հասանելի է Նրա վերականգնված Եկեղեցու յուրաքանչյուր ուխտ պահող անդամի համար։
Հին օրերի մարգարեներից Ենովքը, որի նկարագիրը տրվում է Հին Կտակարանում, Վարդապետություն և Ուխտերում և Թանկագին Մարգարիտում,1 մեծ դեր է ունեցել Սիոն քաղաքի հիմնադրման գործում։
Ենովքի՝ ծառայության կանչվելու մասին սուրբ գրությունները պատմում են, որ «նա մի ձայն լսեց երկնքից ասելիս. Ենովք, որդիս, մարգարեացիր այս ժողովրդի համար և ասա նրանց,– Ապաշխարեք, … քանզի նրանց սիրտը կարծրացած է, և նրանց ականջները ծանրացած են, որ լսեն, և նրանց աչքերը հեռուն չեն տեսնում»։2
«Եվ երբ Ենովքը լսեց այս խոսքերը, նա խոնարհվեց մինչև գետին … և խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. Ինչո՞ւ եմ ես շնորհ գտել քո աչքում, և ես մի պատանի եմ միայն, և բոլոր մարդիկ ատում են ինձ. քանզի ես ծանրախոս եմ. ուստի, մի՞թե ես քո ծառան եմ»։3
Խնդրում եմ նկատի ունենալ, որ Ենովքը ծառայության կանչվելու պահին խորապես գիտակցում էր իր անձնական անհամապատասխանությունը և սահմանափակումները։ Եվ ես կասկածում եմ, որ մենք բոլորս երբեմն մեր Եկեղեցու ծառայության վերաբերյալ ունեցել ենք Ենովքի նույն զգացողությունը։ Բայց ես հավատում եմ, որ Տիրոջ պատասխանը Ենովքի աղաչական հարցին ուսանելի է և վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին այսօր։
«Եվ Տերն ասաց Ենովքին. Առաջ գնա և վարվիր ինչպես պատվիրել եմ քեզ, և ոչ մի մարդ քեզ չի խոցի։ Բացիր բերանդ, և այն կլցվի, և ես կտամ քեզ արտասանություն։ …
Ահա, իմ Հոգին քո վրա է, ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»։4
Ենովքը, ի վերջո, դարձավ հզոր մարգարե և գործիք Աստծո ձեռքերում՝ մեծ գործ իրականացնելու համար, բայց նա այդպիսինը չէր իր ծառայության սկզբում։ Այլ նրա կարողությունը ժամանակի ընթացքում մեծացավ, երբ նա սովորեց Աստծո Որդու հետ մնալ և քայլել։
Ես ջերմեռանդորեն աղոթում եմ Սուրբ Հոգու օգնության համար, երբ մենք միասին քննարկում ենք այն խորհուրդը, որը տրվել է Ենովքին Տիրոջ կողմից, և թե ինչ կարող է դա նշանակել ինձ և ձեզ համար այսօր։
Դու կմնաս ինձ հետ
Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրին ուղղում է Իր մեջ մնալու հրավերը։5 Բայց ինչպե՞ս ենք մենք իրականում սովորում և մնում Նրա հետ։
Մնալ բառը նշանակում է մնալ անսասան կամ կայուն և տոկալ առանց զիջելու։ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը բացատրել է, որ «մնալը» որպես գործողություն նշանակում է «մնալ, բայց մնալ ընդմիշտ»։ Դա ավետարանի ուղերձի կոչն է … ուղղված յուրաքանչյուրին … աշխարհում։ Եկեք, բայց եկեք, որ մնաք: Եկեք համոզմունքով և տոկունությամբ: Եկեք մշտապես, հանուն ձեզ և հանուն բոլոր սերունդների, ովքեր պետք է հետևեն ձեզ»։6 Այսպիսով, մենք մնում ենք Քրիստոսի հետ, քանի որ ամուր և հաստատուն ենք մեր նվիրվածության մեջ առ Քավիչը և Նրա սուրբ նպատակները՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում։7
Մենք սկսում ենք մնալ Տիրոջ հետ՝ գործադրելով մեր բարոյական ազատ կամքը՝ մեզ վրա վերցնելու Նրա լուծը8 վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով։ Ուխտի կապը, որ մենք ունենք մեր Երկնային Հոր և Նրա հարություն առած և կենդանի Որդու հետ, հեռանկարի, հույսի, խաղաղության և հարատև ուրախության գերագույն աղբյուրն է. այն նաև վեմի ամուր հիմքն է,9 որի վրա մենք պետք է կառուցենք մեր կյանքը։
Մենք մնում ենք Նրա հետ՝ շարունակաբար ձգտելով ամրապնդել մեր անհատական ուխտի կապը Հոր և Որդու հետ։ Օրինակ՝ հավերժական Հորը Նրա Սիրելի Որդու անունով անկեղծորեն աղոթելը խորացնում և ամրացնում է մեր ուխտի կապը Նրանց հետ։
Մենք մնում ենք Նրա հետ՝ իսկապես սնվելով Քրիստոսի խոսքերով։ Փրկչի վարդապետությունը մեզ՝ որպես ուխտի զավակներ, ավելի կմոտեցնի Նրան10 և կասի բոլոր բաները, որ մենք պետք է անենք։11
Մենք մնում ենք Նրա հետ՝ լրջորեն պատրաստվելով մասնակցելու հաղորդության արարողությանը, վերանայելով մեր ուխտի խոստումները, խորհելով դրանց շուրջ և անկեղծորեն ապաշխարելով։ Հաղորդությունը արժանիորեն ընդունելով՝ մենք վկայում ենք Աստծո առաջ, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և ձգտել «միշտ հիշել նրան»12 այդ սուրբ արարողությանը մասնակցելու համար պահանջվող կարճ ժամանակահատվածից հետո։
Եվ մենք մնում ենք Նրա հետ՝ ծառայելով Աստծուն, երբ ծառայում ենք Նրա զավակներին և սպասավորում մեր եղբայրներին ու քույրերին։13
Փրկիչն ասել է․ «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում»։14
Ես հակիրճ նկարագրեցի բազմաթիվ եղանակներից միայն մի քանիսը, որոնցով Փրկիչը կարող է մնալ մեր մեջ։ Եվ ես հիմա հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին՝ որպես Իր աշակերտներ, խնդրել, փնտրել, թակել և Սուրբ Հոգու զորությամբ սովորել այլ իմաստալից ուղիներ, որոնցով կարող ենք Քրիստոսին դարձնել մեր կյանքի կենտրոնը այն ամենում, ինչ անում ենք։
Եվ ես՝ քեզ հետ
Փրկչի խոստումը Իր հետևորդներին երկակի է. եթե մենք մնանք Նրա հետ, Նա կմնա մեզ հետ։ Բայց իսկապես հնարավո՞ր է, որ Քրիստոսը մնա ձեզ հետ և ինձ հետ՝ անհատապես և անձնապես։ Այս հարցի պատասխանը միանշանակ «այո» է։
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Ալման ուսուցանեց և իր վկայությամբ կիսվեց աղքատների հետ, որոնց չարչարանքները ստիպել էին նրանց լինել խոնարհ։ Իր հրահանգներում նա խոսքը համեմատում է մի սերմի հետ, որը պետք է տնկվի և սնուցվի, և նա նկարագրում է «խոսքը» որպես Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և քավիչ զոհաբերությունը։
Ալման ասել է․ «Սկսեք հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ նրանց մեղքերը քավելու համար. և որ նա պիտի բարձրանա մեռելներից, որը կիրականացնի հարությունը, այնպես որ բոլոր մարդիկ կկանգնեն նրա առաջ՝ դատվելու վերջին ու դատաստանի օրը՝ համաձայն իրենց գործերի»։15
Հաշվի առնելով «խոսքի» վերաբերյալ Ալմայի տված նկարագրությունը՝ խնդրում եմ խորհեք այն ոգեշնչող կապի շուրջ, որը նա բացահայտեց։
«Եվ այժմ … ես ուզում եմ, որ դուք սերմանեք այս խոսքը ձեր սրտերում, և երբ այն սկսի ուռչել՝ սնուցեք այն հենց այսպես, ձեր հավատքով։ Եվ ահա, այն կդառնա մի ծառ, վեր խոյանալով ձեր մեջ դեպի հավիտենական կյանք։ Եվ այն ժամանակ թող Աստված շնորհի ձեզ, որ ձեր բեռները թեթև լինեն՝ նրա Որդու ուրախության միջոցով։ Եվ, հիրավի, այս բոլորը դուք կարող եք անել, եթե կամենաք»։16
Սերմը, որը մենք պետք է ձգտենք ունենալ մեր սրտերում, խոսքն է, այսինքն Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և վարդապետությունը։ Եվ մինչ խոսքը սնուցվում է հավատքով, այն կարող է դառնալ մի ծառ, աճելով մեր մեջ դեպի հավիտենական կյանք։17
Ո՞րն էր ծառի խորհրդանիշը Լեքիի տեսիլքում։ Կարող ենք ընդունել, որ ծառը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին։18
Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, արդյո՞ք Խոսքը մեր մեջ է։ Արդյո՞ք Փրկչի ավետարանի ճշմարտությունները գրված են մեր սրտի մարմնեղեն տախտակների վրա։19 Արդյո՞ք մենք մոտենում և աստիճանաբար ավելի ենք նմանվում Նրան։ Արդյո՞ք Քրիստոսի ծառը աճում է մեր մեջ։ Արդյո՞ք մենք ձգտում ենք դառնալ «նոր [արարածներ]»20 Նրանում։21
Հավանաբար այս հրաշալի ներուժը ոգեշնչեց Ալմային հարցրել. «Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես։ Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին։ Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»։22
Մենք միշտ պետք է հիշենք Ենովքին տրված Տիրոջ հրահանգը․ «Դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ»։23 Եվ ես վկայում եմ, որ մեր հետ մնալու Տիրոջ խոստումը ճշմարիտ և հասանելի է Նրա վերականգնված Եկեղեցու ուխտ պահող յուրաքանչյուր անդամի համար։
Հետևաբար, քայլիր ինձ հետ
Պողոս առաքյալը հորդորեց հավատացյալներին, ովքեր ընդունել էին Տիրոջը՝ «նրանով էլ ընթացեք»։24
Փրկչի հետ և նրանով ընթանալը ընդգծում է աշակերտության երկու կենսական կողմերը՝ (1) հնազանդվել Աստծո պատվիրաններին և (2) հիշել ու պատվել սուրբ ուխտերը, որոնք կապում են մեզ Հոր և Որդու հետ։
Հովհաննեսը հայտարարել է․
«Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։
Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։
Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ»։25
Հիսուսը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին. «Եկ, հետևիր ինձ»26 և «Քայլիր ինձ հետ»։27
Ես վկայում եմ, որ մինչ մենք հավատքով առաջ ենք մղվում և քայլում Տիրոջ հոգու հեզությամբ,28 մենք օրհնվում ենք ուժով, առաջնորդությամբ, պաշտպանությամբ և խաղաղությամբ։
Վկայություն և խոստում
Ալման նկարագրում է Տիրոջ սիրալիր խնդրանքը բոլոր կենդանի հոգիներին.
«Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարեք, և ես կընդունեմ ձեզ։
… Եկեք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի պտղից. այո, դուք կուտեք և կխմեք կյանքի հացից ու ջրից անհատույց»։29
Ես ընդգծում եմ Փրկչի խնդրանքի բացարձակ համապարփակությունը։ Նա ցանկանում է Իր շնորհով և ողորմությամբ օրհնել յուրաքանչյուր անհատի, որն այժմ ապրում է, որը երբևէ ապրել է և դեռ կապրի երկրի վրա։
Եկեղեցու որոշ անդամներ որպես ճշմարտություն են ընդունում վարդապետությունը, սկզբունքները և վկայությունները, որոնք բազմիցս հռչակվել են այս ամբիոնից՝ Համաժողովների կենտրոնում և տեղական ժողովներում ամբողջ աշխարհում, և, այնուամենայնիվ, դժվարանում են հավատալ, որ այս հավերժական ճշմարտությունները կիրառելի են հատկապես իրենց կյանքում և իրենց հանգամանքներում։ Նրանք անկեղծորեն հավատում և պատրաստակամորեն կատարում են իրենց ծառայությունները, բայց նրանց ուխտի կապը Հոր և Նրա Քավիչ Որդու հետ իրենց կյանքում դեռ չի դարձել կենդանի և փոխակերպող իրականություն։
Ես խոստանում եմ, որ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ և զգալ, որ ավետարանի ճշմարտությունները, որոնք ես փորձեցի նկարագրել, ձեզ համար են՝ անհատապես և անձամբ ձեզ համար։
Ես ուրախությամբ վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր սիրառատ և կենդանի Փրկիչն ու Քավիչն է։ Եթե մենք մնանք Նրա հետ, Նա էլ մեզ հետ կմնա։30 Եվ եթե մենք ընթանանք Նրա հետ և նրանով, մենք կօրհնվենք առաջ բերելու շատ պտուղներ։ Այս ամենը ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։