Հիսուս Քրիստոսի ուսմունքները
Սուրբ գրությունները մեզ տրվել են, որպեսզի ուղղորդեն մեր կյանքը։ Իմ այսօրվա ուղերձը պարունակում է մեր Փրկչի խոսքերից մի ընտրանի՝ թե ինչ է Նա ասել։
Մենք հավատում ենք Քրիստոսին։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք երկրպագում ենք Նրան և հետևում սուրբ գրություններում տրված Նրա ուսմունքներին։
Նախքան Անկումը՝ մեր Երկնային Հայրը ուղղակիորեն խոսում էր Ադամի ու Եվայի հետ: Այնուհետև Հայրը ներկայացրեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկիչ և Քավիչ ու մեզ պատվիրեց․ «Նրա՛ն լսեք»:1 Այս ուղղորդումից մենք եզրակացնում ենք, որ «Աստծո» կամ «Տիրոջ» խոսքերի սուրբգրային գրառումները գրեթե միշտ Եհովայի՝ մեր հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերն են:2
Սուրբ գրությունները մեզ տրվել են, որպեսզի ուղղորդեն մեր կյանքը։ Ինչպես ուսուցանել է մարգարե Նեփին, մենք պետք է «սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:3 Հիսուսի մահկանացու ծառայության մասին սուրբգրային հատվածների մեծ մասում նկարագրվում է, թե Նա ինչ է արել։ Իմ այսօրվա ուղերձը պարունակում է մեր Փրկչի խոսքերից մի ընտրանի՝ թե ինչ է Նա ասել։ Դրանք այն խոսքերն են, որոնք գրված են Նոր Կտակարանում (ներառյալ Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված հավելումները) և Մորմոնի Գրքում: Այս ընտրված խոսքերը հիմնականում նույն հաջորդականությամբ են, ինչ մեր Փրկիչն ասել է դրանք:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը»։4
«Երանելի են բոլոր նրանք, ովքեր քաղցած և ծարավ են արդարության, քանզի նրանք կլցվեն Սուրբ Հոգով»։5
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։ 6
«Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Մի՛ շնանա»։
Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի»։7
«Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ։
Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա»։8
«Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։
Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»։9
«Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ»։10
«Ուստի, մի փնտրեք աշխարհի բաները, այլ փնտրեք նախ կառուցել Աստծո արքայությունը և հաստատել նրա արդարությունը, և մնացած բոլոր բաները կավելացվեն ձեզ համար»:11
«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները»։12
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։
Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ»։13
«Ոչ թե ամեն ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է»։14
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,
որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:15
«Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վերցնի ու հետևի ինձ։
Եվ արդ, մարդու համար իր խաչը վերցնելը՝ ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից հրաժարվելն է և իմ պատվիրանները պահելը»:16
«Ուստի, թողեք աշխարհը և փրկեք ձեր հոգին. որովհետև ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնի։ Կամ ի՞նչ փրկագին կտա մարդ իր հոգու համար»:17
«Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում»։18
«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։
Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է»։19
«Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով»։20
«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։
Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի»։21
«[Օրենքում ամենամեծ պատվիրանը սա է․] Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։
Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։
Երկրորդը նման է սրան. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։
Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»:22
«Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։23
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ»։24
«Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»։25
«Տեսե՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև ես ինքս եմ. շոշափե՛ք ինձ ու տեսե՛ք, որովհետև ոգին մարմին ու ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, ես ունեմ»։26
«Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով,
սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։27
Սուրբ երկրում Իր ծառայությունից հետո, Հիսուս Քրիստոսը հայտնվեց Ամերիկա մայրցամաքի արդարներին։ Ահա որոշ խոսքեր, որ Նա ասաց այնտեղ․
«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին: Ես ստեղծեցի երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են: Ես Հոր հետ էի ի սկզբանե: Ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ ինձանում. և ինձանում Հայրը փառավորեց իր անունը»։28
«Ես եմ լույսը և կյանքն աշխարհի: Ես եմ Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը:
Եվ դուք այլևս ինձ չպետք է մատուցեք արյուն թափելը. այո, ձեր զոհերն ու ձեր ողջակեզները վերջ պիտի տրվեն, քանզի ես չեմ ընդունի ձեր զոհերից և ձեր ողջակեզներից ոչ մեկը:
Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի: Եվ ով որ գալիս է ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով, նրան ես կմկրտեմ կրակով և Սուրբ Հոգով։ …
Ահա, ես եկել եմ աշխարհ՝ փրկագնում բերելու աշխարհին, փրկելու աշխարհը մեղքից»:29
«Եվ կրկին ես ասում եմ ձեզ՝ դուք պետք է ապաշխարեք, և մկրտվեք իմ անունով, և դառնաք ինչպես մի փոքր երեխա, այլապես չեք կարող ոչ մի կերպ ժառանգել Աստծո արքայությունը»:30
«Հետևաբար, ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»:31
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից»:32
«Ուստի, դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով»:33
«Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով. հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով»:34
«Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ` կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:
Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, … դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար»։35
«Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դո՛ւք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»։36
Մենք հավատում ենք Քրիստոսին։ Խոսքս ավարտում եմ նրանով, ինչ Նա ասաց, թե մենք ինչպես պետք է իմանանք և հետևենք Նրա ուսմունքներին.
«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի»։37
Ես հաստատում եմ այս ուսմունքների ճշմարտացիությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: