Դատողությունս որսաց այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին
Երբ դուք մշտապես ուշադրությամբ որսում եք Հիսուս Քրիստոսի մասին միտքը, ես խոստանում եմ ձեզ ոչ միայն երկնային առաջնորդություն, այլև երկնային զորություն:
Այս գեղեցիկ Զատիկի տոներին ես արձագանքում եմ «Առաջնորդիր մեզ, Ով Դու` մեծ Եհովա» հզոր հիմնի աղոթքին:1
Մի նշանավոր պատմություն Մորմոնի Գրքում պատմում է մի երիտասարդի մասին, որն ականավոր ընտանիքից էր՝ անունը Ալմա, որին սուրբ գրությունները նկարագրում են որպես կռապաշտ անհավատ:2 Նա արտահայտիչ էր և համոզիչ, շողոքորթությամբ համոզում էր ուրիշներին հետևել իրեն: Զարմանալիորեն մի հրեշտակ հայտնվեց Ալմային ու նրա ընկերներին: Ալման ընկավ գետնին և այնքան թույլ էր ու անօգնական, որ նրան տարան իր հոր տուն: Երեք օր նա մնաց թվացյալ անգիտակից վիճակում:3 Ավելի ուշ նա բացատրեց, որ մինչ ինքը շրջապատողներին անգիտակից էր թվում, նրա միտքը շատ ակտիվ էր, քանի որ հոգին տանջվում էր, երբ մտածում էր, որ իր կյանքում անտեսել էր Աստծո պատվիրանները: Նա նկարագրել է իր միտքը կարծես՝ «տակնուվրա եղած [իր] բազում մեղքերի հիշողությունից»4 և «պրկված հավերժական տանջանքից»:5
Իր խորին հուսահատության մեջ նա հիշեց, որ պատանի հասակում իրեն ուսուցանում էին «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ՝ քավելու համար աշխարհի մեղքերը»։6 Հետո նա կատարեց այս համոզիչ հայտարարությունը. «Երբ դատողությունս որսաց այս միտքը, ես գոչեցի իմ սրտում. Ով Հիսուս, դու Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ»:7 Երբ նա աղերսեց Փրկչի աստվածային զորությունը, մի հրաշք տեղի ունեցավ. «Երբ ես մտածեցի այս», - ասաց նա, - «ես այլևս չկարողացա հիշել իմ ցավերը»:8 Հանկարծ նա խաղաղություն ու լույս զգաց: «Ոչինչ այնպես ուժգին և քաղցր [չէր] ինչպիսին իմ ուրախությունն էր», -9 հայտարարեց նա:
Ալմայի «դատողությունը որսաց» այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին: Եթե մենք ֆիզիկական իմաստով օգտագործենք «որսաց» բառը, կարող ենք ասել. «Նա որսաց բազրիքի ճաղը հենց ընկնելիս», այսինքն՝ նա հանկարծակի ձեռքը մեկնեց և ամուր կառչեց մի բանից, որն ամուր ցեմենտված էր մի ապահով հիմքի վրա:
Ալմայի դեպքում դա նրա միտքն էր, որն օգնության հասավ և ապահովեց այդ հզոր ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին: Գործելով այդ ճշմարտության հանդեպ հավատքով և Աստծո զորությամբ ու շնորհով՝ նա ազատվեց հուսահատությունից և լցվեց հույսով:
Թեև մեր փորձառությունները կարող են լինել ոչ այնքան դրամատիկ, որքան Ալմայինը, դրանք, այնուամենայնիվ, հավերժորեն կարևոր են: Մեր դատողությունը նույնպես «որսացել է այս միտքը» Հիսուս Քրիստոսի և Նրա գթառատ զոհաբերության մասին, և մեր հոգիները զգացել են դրան հետևած լույսն ու ուրախությունը:
Ապահովենք Հիսուս Քրիստոսի մասին միտքը
Այս Զատիկի տոներին ես աղոթում եմ, որ մենք ավելի գիտակցաբար ձևավորենք, ամրացնենք և ապահովենք Հիսուս Քրիստոսի մասին այս կարևոր միտքը մեր հոգու սրահներում,10 թույլ տալով, որ այն անընդհատ ու եռանդով հոսի դեպի մեր միտքը և առաջնորդի մեզ այն ամենում, ինչ մտածում և անում ենք, և անընդհատ բերի Փրկչի սիրո քաղցր ուրախությունը:11
Լցնել մեր միտքը Հիսուս Քրիստոսի զորությամբ. սա չի նշանակում, որ Նա է միակ միտքը, որ մենք ունենք: Այլ դա նշանակում է, որ մեր բոլոր մտքերը սահմանափակված են Նրա սիրո, Նրա կյանքի, ուսմունքների և Նրա քավիչ զոհաբերության ու փառահեղ Հարության մեջ: Հիսուսը երբեք մի մոռացված անկյունում չէ, որովհետև մեր մտքերը Նրա վերաբերյալ միշտ ներկա են և «այն ամենը, ինչ [մեր մեջ է, պաշտում է] Նրան»:12 Մենք աղոթում ենք և մեր մտքում կրկնում այն փորձառությունները, որոնք մեզ ավելի են մոտեցրել Նրան: Մենք մեր մտքում սիրով ընդունում ենք աստվածային պատկերները, սուրբ գրությունները և ոգեշնչված օրհներգերը, որոնք մեղմորեն հանգստացնում են մեր զբաղված կյանքին բնորոշ ամենօրյա անհամար մտքերը: Մեր սերը Նրա հանդեպ չի պաշտպանում մեզ այս մահկանացու կյանքի տխրությունից ու վշտից, բայց այն մեզ թույլ է տալիս մարտահրավերների միջով տոկալ այնպիսի մի ուժով, որը վեր է մեր սեփականից:
Հիսուս, լոկ միտքը Քո մասին
Լցնում է սիրտս քաղցրությամբ,
Բայց շատ ավելի քաղցր է դեմքդ տեսնել
Եվ քո ներկայությամբ հանգիստ առնել:13
Հիշեք, որ դուք Երկնային Հոր հոգևոր զավակն եք: Ինչպես Պողոս առաքյալն է բացատրել, մենք «Աստծո ազգիցն ենք»:14 Դուք երկար եք ապրել ձեր իսկ անձնական ինքնությամբ՝ նախքան երկիր գալը: Մեր Հայրը կատարյալ ծրագիր է ստեղծել մեզ համար, որ գանք երկիր, սովորենք և վերադառնանք Իր մոտ: Նա ուղարկեց Իր Սիրելի Որդուն, որ Նրա անսահման Քավության և Հարության զորությամբ մենք ապրենք գերեզմանի այն կողմում, և եթե կամենանք հավատք գործադրել Նրա հանդեպ ու ապաշխարել մեր մեղքերից,15 մենք կներվենք և կստանանք հավերժական կյանքի հույսը:16
Բացառիկ ուշադրություն հատկացնենք մեր մտքին և հոգուն
Այս մահկանացու կյանքում մեր միտքն ու հոգին բացառիկ ուշադրության կարիք ունեն:17 Մեր միտքը թույլ է տալիս մեզ ապրել, ընտրել և տարբերել բարին ու չարը։18 Մեր հոգին ստանում է հաստատող վկայություն, որ Աստված մեր Հայրն է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ Նրանց ուսմունքները մեր ուղեցույցն են դեպի երջանկություն այստեղ և հավերժական կյանք՝ գերեզմանից այն կողմ:
Ալմայի դատողությունը որսաց այդ միտքը` Հիսուս Քրիստոսի մասին: Այն փոխեց նրա կյանքը: Գերագույն համաժողովը հիանալի հնարավորություն է` սովորելու այն, ինչ Տերը կցանկանար, որ մենք անեինք և դառնայինք: Այն նաև մեր առաջընթացի մասին մտածելու ժամանակ է: Քանի որ իմ հանձնարարություններով ես ճամփորդել եմ ողջ աշխարհում, ես տեսել եմ աճող հոգևոր զորություն Եկեղեցու արդարակյաց, նվիրված անդամների մեջ:
Հինգ տարի առաջ մեզ խնդրեցին Փրկչին ավելի կարևոր տեղում դնել այն ամենում, ինչ անում ենք` օգտագործելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ճիշտ անունը:19 Մենք ավելի լրջամտորեն ենք արտաբերում Նրա անունը:
Չորս տարի առաջ` կրճատելով մեր հաղորդության ժողովի ժամանակը, մենք ավելացրինք մեր կենտրոնացումը Տիրոջ հաղորդությունից ճաշակելու վրա: Մենք ավելի շատ ենք մտածում Հիսուս Քրիստոսի մասին և ավելի լուրջ ենք` միշտ Նրան հիշելու մեր խոստման մեջ:20
Համավարակի մեկուսացման հետ և Եկ, հետևիր Ինձ ծրագրի օգնությամբ Փրկչի ուսմունքները դառնում են ավելի նշանակալի մեր տներում՝ օգնելով մեզ երկրպագել Փրկչին շաբաթվա ընթացքում:
Հետևելով նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «լսեք Նրան» խորհրդին,21 մենք զարգացնում ենք Սուրբ Հոգու հուշումները ճանաչելու մեր կարողությունը և տեսնում Տիրոջ ձեռքը մեր կյանքում:
Տասնյակ տաճարների մասին հայտարարման և կառուցման ավարտից հետո մենք ավելի հաճախ ենք մտնում Տիրոջ տունը և ստանում Նրա խոստացած օրհնությունները: Մենք ավելի ուժգին ենք զգում մեր Փրկչի և Քավիչի արտասովոր գեղեցկությունը:
Նախագահ Նելսոնն ասել է. «Հզոր [աշակերտ] դառնալը հեշտ չէ և տեղի չի ունենում ինքնաբերաբար: Մեր ուշադրությունը պետք է գամված լինի Փրկչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավորապես ծանրաբեռնող է ձգտել Նրան նայել ամեն մի մտորումում»։22
Մեր ուշադրությունը կենտրոնացնելով Հիսուս Քրիստոսի վրա՝ մեզ շրջապատող ամեն ինչ դիտարկում ենք Նրա հանդեպ մեր սիրո տեսանկյունից: Ավելի պակաս կարևոր շեղումները վերանում են և մենք հեռացնում ենք այն ամենը, ինչը չի համապատասխանում Նրա լույսին ու բնավորությանը: Երբ դուք շարունակեք ուշադրությամբ որսալ Հիսուս Քրիստոսի մասին այս միտքը, վստահել Նրան և պահել Նրա պատվիրանները, ես խոստանում եմ ձեզ ոչ միայն երկնային առաջնորդություն, այլև երկնային զորություն, որը բերում է ուժ ձեր ուխտերին, խաղաղություն՝ ձեր դժվարություններին և ուրախություն՝ ձեր օրհնություններին:
Հիշենք Հիսուս Քրիստոսին
Մի քանի շաբաթ առաջ ես և Քեթին այցելեցինք Մեթ և Սառա Ջոնսոնների տուն։ Պատին նրանց թանկագին ընտանիքի նկարն էր, Փրկչի մի գեղեցիկ պատկեր և տաճարի մի նկար:
Նրանց չորս դուստրերը` Մադին, Ռուբին, Քլերը և Ջյունը, ուրախությամբ խոսեցին այն մասին, թե իրենք որքան շատ են սիրում իրենց մայրիկին:
Ավելի քան մեկ տարի Սառան կանոնավոր կերպով շաբաթօրյա հանդիպումներ էր նշանակել, որպեսզի ընտանիքը միասին այցելեր տաճար, և աղջիկները կարողանային մասնակցել նախկինում ապրած ընտանիքի անդամների մկրտությանը:
Անցյալ տարվա նոյեմբերին Սառան ծրագրեց ընտանիքի տաճարային հանդիպում դեկտեմբերի վերջին շաբաթվա հինգշաբթի օրը՝ շաբաթ օրվա փոխարեն: «Հուսով եմ դու դեմ չես դրան», - ասաց նա Մեթին:
Սառայի մոտ քաղցկեղ էին ախտորոշել, բայց բժիշկներն ակնկալում էին, որ նա կապրի ևս երկու կամ երեք տարի: Մի հաղորդության ժողովի ժամանակ Սառան կիսվել էր իր զորավոր վկայությամբ՝ ասելով, որ ինչպիսին էլ լիներ ելքն իր համար, նա սիրում էր Փրկչին իր ամբողջ սրտով, և «հաղթանակն արդեն նվաճված էր» Նրա կողմից: Երբ սկսվեց դեկտեմբերը, Սառայի առողջությունը անսպասելիորեն կտրուկ վատացավ և նրան տարան հիվանդանոց: Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, վաղ առավոտյան նա խաղաղ ավարտեց իր մահկանացու կյանքը: Մեթը Սառայի կողքին էր եղել ամբողջ գիշեր:
Կոտրված սրտով և լիովին ուժասպառ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացմունքային առումով, նա տուն հասավ՝ սգալու իր դուստրերի հետ: Երբ Մեթը նայեց իր հեռախոսին, նա նկատեց հինգշաբթի օրվա տաճարի անսովոր հանդիպման մասին հիշեցումը, որը Սառան ծրագրել էր այդ օրը՝ ավելի ուշ: Մեթն ասաց. «Երբ սկզբում տեսա այն, մտածեցի՝ սա չի արվելու»:
Բայց այդ պահին Մեթը որսաց այս միտքը. «Փրկիչն ապրում է: Չկա մի տեղ, որտեղ մենք կկամենայինք լինել որպես ընտանիք, բացի Նրա սուրբ տնից»:
Մեթը, Մադդին, Ռուբին, Քլերը և Ջունը եկան տաճար՝ այն պայմանավորվածության համաձայն, որը Սառան էր ծրագրել նրանց համար: Այտերով հոսող արցունքներով Մեթը կատարեց մկրտությունները իր դուստրերի հետ: Նրանք խորապես զգացել էին իրենց սերը և հավերժական կապը Սառայի հետ, նաև զգացել էին Փրկչի անսահման սերն ու մխիթարող խաղաղությունը: Մեթը քնքշությամբ կիսվեց. «Չնայած ես խորը կսկիծ ու վիշտ եմ ապրում, սակայն ուրախությունից բղավում եմ՝ իմանալով իմ Հոր փրկության հրաշալի ծրագիրը»:
Զատիկի այս տոներին ես վկայում եմ Փրկչի անզուգական քավիչ զոհաբերության և Նրա փառահեղ Հարության լիակատար և բացարձակ ճշմարտության մասին: Երբ ձեր դատողությունը ամուր և հավերժ որսացել է այդ միտքը Հիսուս Քրիստոսի մասին, և երբ դուք շարունակում եք լիովին կենտրոնացնել ձեր կյանքը Փրկչի վրա, ես խոստանում եմ ձեզ, որ դուք կզգաք Նրա հույսը, Նրա խաղաղությունը և Նրա սերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։