Ընտրեք այս օրը
Մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա գործում Նրան միանալուց:
Հեքիաթային կերպար Մերի Փոպինսը տիպիկ անգլիական դայակ է, ով պարզվում է, կախարդական ուժ ունի: Նա թռչում է արևելյան քամու զորությամբ և օգնության հասնում Էդվարդյան Լոնդոնում Չերի Թրի Լեյն փողոցի համար 17 տանը բնակվող ահաբեկված Բանքեր ընտանիքին: Նրա խնամքին են հանձնում երեխաներին՝ Ջեյնին և Մայքլին: Հաստատակամորեն, բայց բարյացակամությամբ նա սկսում է հմայիչ հպումով արժեքավոր դասեր ուսուցանել նրանց:
Ջեյնը և Մայքլը նշանակալի առաջընթաց են ունենում, բայց Մերին որոշում է, որ իր հեռանալու ժամանակն է: Բեմադրության մեջ Մերիի ծխնելույզ մաքրող ընկեր Բերթը փորձում է տարհամոզել նրան, որ չմեկնի: Նա պնդում է. «Բայց նրանք լավ երեխաներ են Մերի»:
Մերին պատասխանում է. «Միթե՞ ես կանհանգստանայի նրանց համար, եթե նրանք լավը չլինեին: Բայց ես չեմ կարող օգնել նրանց, եթե նրանք չեն կամենում թույլ տալ ինձ և չի կարող լինել ոչ մեկը, ում այնքան դժվար լիներ ուսուցանել, որքան այն երեխան, ով գիտի ամեն ինչ»:
Բերթը հարցնում է. «Ուրե՞մն»:
Մերին պատասխանում է. «Ուրեմն նրանք պետք է հաջորդ քայլն ինքնուրույն անեն»:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Ջեյն և Մայքլ Բանքերի նման, մենք «լավ երեխաներ ենք», ում մասին արժե անհանգստանալ: Երկնային Հայրը ցանկանում է օգնել և օրհնել մեզ, բայց մենք միշտ չէ, որ թույլ ենք տալիս Նրան: Երբեմն մենք նույնիսկ գործում ենք այնպես, կարծես, արդեն գիտենք ամեն ինչ: Եվ մենք ևս պետք է ինքնուրույն անենք «հաջորդ քայլը»: Այդ պատճառով ենք մենք եկել երկիր նախամահկանացու երկնային տնից: Մեր «քայլը» ներառում է ընտրություններ կատարել:
Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման: Եթե Նա պարզապես կամենար, որ մենք հնազանդ լինեինք, Նա կօգտագործեր անհապաղ պարգևատրումներ և պատիժներ մեր վարքագծի վրա ազդելու համար:
Բայց Աստված շահագրգռված չէ, որ Իր զավակներն ուղղակի դառնան վարժեցված և հնազանդ «սիրված կենդանիներ», ովքեր չեն ծամի Իր հողաթափերը սելեստիալ հյուրասենյակում: Ոչ, Աստված կամենում է, որ Իր զավակներն աճեն և միանան Իրեն ընտանեկան գործում:
Աստված հիմնադրել է մի ծրագիր, որի միջոցով մենք կարող ենք դառնալ Իր արքայության ժառանգներ, ուխտի մի արահետ, որն առաջնորդում է մեզ դառնալ Իր նման, որպեսզի ունենանք այնպիսի կյանք, ինչպիսին Ինքն ունի և ապրենք հավերժ՝ որպես ընտանիքներ Նրա ներկայության մեջ: Անհատական ընտրությունը այս ծրագրի համար կենսական էր և է, որի մասին մենք սովորել ենք մեր նախաերկրային գոյության ընթացքում: Մենք ընդունել ենք ծրագիրը և եկել ենք երկիր:
Հավաստիանալու համար, որ մենք հավատք կգործադրենք և կսովորենք պատշաճորեն օգտագործել մեր ազատ կամքը, մեր մտքերի վրա մոռացության վարագույր է քաշվել, որպեսզի մենք չհիշենք Աստծո ծրագիրը: Առանց այդ վարագույրի, Աստծո նպատակները չէին իրականանա, որովհետև մենք չէինք առաջադիմի և դառնա վստահելի այն ժառանգները, որոնք Նա կամենում է, որ մենք լինենք:
Մարգարե Լեքին ասել է.«Ուստի, Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն: Ուստի, մարդը չէր կարող գործել ինքնուրույն, մինչև որ չհրապուրվեր մեկի կամ մյուսի կողմից:» Հիմնական մակարդակում մեկ տարբերակ ներկայացվում է Հոր Միածնի՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Մյուս տարբերակը ներկայացվում է սատանայի՝ Լյուցիֆերի կողմից, ով կամենում է կործանել ազատ կամքը և զավթել իշխանությունը:
Հանձին Հիսուս Քրիստոսի, «մենք բարեխոս ունենք Հոր մոտ»: Իր քավիչ զոհաբերությունն ավարտելուց հետո Հիսուսը «համբարձվեց երկինք … հայցելու Հորից ողորմության իր իրավունքները, որոնք նա ունի մարդկանց զավակների հանդեպ»: Եվ ողորմության իրավունքները հայցելուց հետո «նա բարեխոսում է մարդկանց զավակների գործի համար»:
Հոր մոտ Քրիստոսի բարեխոսությունը մեզ համար ընդդիմադիր չէ: Հիսուս Քրիստոսը, ով թույլ տվեց, որ Իր կամքը կուլ գնար Հոր կամքին, չէր պաշտպանի որևէ այլ բան, բացի նրանից, ինչ Հայրն է միշտ կամեցել: Երկնային Հայրն անկասկած ողջունում է և ծափահարում մեր հաջողությունների համար:
Քրիստոսի բարեխոսությունը որոշ չափով մեզ հիշեցնելու համար է, որ Նա վճարել է մեր մեղքերի համար, և ոչ ոք վտարված չէ Աստծո ողորմության հասանելիությունից: Նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, ապաշխարում են, մկրտվում և համբերում մինչև վերջ՝ մի գործընթաց է, որը տանում է դեպի հաշտեցում՝ Փրկիչը ներում է, բժշկում և բարեխոսում: Նա է մեր օգնականը, մխիթարիչը և միջնորդը՝ հավաստելով և երաշխավորելով մեր հաշտեցումը Աստծո հետ:
Ճիշտ հակառակը, Լյուցիֆերը մեղադրող է կամ դատախազ: Հովհաննես Հայտնողը նկարագրում է Լյուցիֆերի վերջնական պարտությունը. «Եվ մի մեծ ձայն լսեցի, որ ասում էր երկնքում. Հիմա եկել է մեր Աստծո փրկությունը և զորությունը և թագավորությունը, և նրա Քրիստոսի իշխանությունը»: Ինչո՞ւ: Որովհետև «մեր եղբայրներին մեղադրողը վայր է գցվել, որն օր ու գիշեր նրանց մեղադրում էր մեր Աստծո առաջ: Եվ նրանք հաղթեցին սատանային «Գառի արիւնովը եւ իրենց վկայութեան խօսքովը»։
Լյուցիֆերն է այդ մեղադրողը: Նա մեր դեմ խոսեց նախամահկանացու գոյության ժամանակ և շարունակում է դատապարտել մեզ այս կյանքում: Նա ձգտում է մեզ վար քաշել: Նա ցանկանում է, որ մենք ճաշակենք անվերջ վայ։ Նա է, ով ասում է մեզ, որ մենք համարժեք չենք, նա է ով ասում է մեզ, որ մենք բավականին լավը չենք, նա է ով ասում է մեզ, որ չկա վերականգնում սխալից: Նա է ծայրահեղ անառակը, որը ոտնահարում է մեզ, երբ մենք ընկնում ենք:
Եթե Լյուցիֆերը սովորեցնում է երեխային քայլել և երեխան սայթաքում է, նա ճչում է երեխայի վրա, պատժում նրան և ասում, որ հրաժարվի փորձել: Լյուցիֆերի ուղիները, ի վերջո և միշտ, բերում են վհատություն և հուսահատություն: Ստերի այս հայրը հիմնական մատակարարն է կեղծիքի և խորամանկորեն աշխատում է խաբել և շեղել մեզ, «քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը»:
Եթե Քրիստոսն է սովորեցնում երեխային քայլել և երեխան սայթաքում է, Նա օգնում է երեխային վեր կենալ և քաջալերում է, որ հաջորդ քայլը կատարի: Քրիստոսը օգնականն է և մխիթարիչը: Նրա ուղիները, ի վերջո և միշտ, բերում են ուրախություն և հույս:
Աստծո ծրագիրը ներառում է ուղղորդումներ մեզ համար, որոնք նշվում են սուրբ գրություններում որպես պատվիրաններ: Այս պատվիրանները ոչ քմահաճ շարք են, ոչ էլ հարկադրական կանոնների ինքնակամ հավաքածու, որոնք նախատեսված են միայն մեզ վարժեցնելու համար, որ հնազանդ լինենք: Դրանք կապված են մեր մեջ բարեպաշտության հատկանիշներ զարգացնելու, մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և հարատև ուրախություն ստանալու հետ: Նրա պատվիրաններին հնազանդվելը կուրություն չէ, մենք գիտակցաբար ենք ընտրում ենք Աստծուն և Նրա արահետը դեպի տուն: Մեզ համար ձևը նույնն է, ինչպես այն Ադամի և Եվայի համար էր. «Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո»: Թեև Աստված կամենում է, որ մենք լինենք ուխտի արահետի վրա, Նա տալիս է մեզ ընտրելու արժանապատվություն:
Աստված իսկապես կամենում է, ակնկալում և ուղղորդում, որ Իր զավակներից յուրաքանչյուրն ինքնուրույն ընտրի: Նա չի ստիպում մեզ: Ազատ կամքի պարգևի միջոցով Աստված թույլ է տալիս Իր զավակներին «գործելու ինքնուրույն և չներգործվելու»: Ազատ կամքը թույլ է տալիս մեզ ընտրել՝ մտնել արահետ, թե՝ ոչ: Այն թույլ է տալիս մեզ դուրս գալ կամ ոչ: Ինչպես մեզ չեն կարող ստիպել հնազանդվել, այնպես էլ մեզ չեն կարող ստիպել չհնազանդվել: Ոչ ոք չի կարող առանց մեր համագործակցության մեզ հեռացնել ճանապարհից: (Արդ, սա չպետք է շփոթել նրանց հետ, ում ազատ կամքը ոտնահարվել է: Նրանք արահետից դուրս չեն, նրանք զոհեր են: Նրանք ստանում են Աստծո ըմբռնումը, սերը և կարեկցանքը:)
Բայց, երբ մենք դուրս ենք գալիս արահետից, Աստված տխրում է, որովհետև Նա գիտի, որ դա, ի վերջո, բայց անխուսափելիորեն, կտանի դեպի երջանկության նվազման և օրհնությունների կորստի: Սուրբ գրություններում արահետից դուրս գալը համարվում է մեղք, իսկ երջանկության նվազման արդյունքն ու կորցրած օրհնությունները կոչվում են պատիժ: Այս իմաստով Աստված չի պատժում մեզ, պատիժը մեր ընտրությունների հետևանքն է, ոչ թե Նրա:
Երբ մենք հայտնաբերում ենք, որ արահետից դուրս ենք եկել, մենք կարող ենք մնալ դրսում, կամ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ կարող ենք փոխել մեր քայլերը և ետ դառնալ: Սուրբ գրություններում դեպի արահետ փոխվելու և վերադառնալու գործընթացը կոչվում է ապաշխարություն: Երբ ապաշխարելիս ձախողվում ենք, նշանակում է, որ մենք ընտրում ենք ինքներս մեզ զրկել այն օրհնություններից, որոնք Աստված կամենում է տալ մեզ: Եթե մենք «չենք կամենում վայելել այն, ինչ մենք [կարող էինք] ստանալ, մենք կվերադառնանք … [մեր] սեփական տեղը, վայելելու այն, ինչ [մենք] կամենում ենք ստանալ»՝ մեր ընտրությունը, ոչ թե Աստծո:
Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք արահետից դուրս եղել և թե որքան հեռու ենք թափառել, այն պահին, երբ մենք որոշում ենք փոխվել, Աստված օգնում է մեզ վերադառնալ: Աստծո տեսանկյունից անկեղծ ապաշխարության միջոցով և անսասան առաջ մղվելով Քրիստոսում, երբ վերադառնանք արահետ, կլինի այնպես, կարծես երբեք չէինք հեռացել: Փրկիչը վճարում է մեր մեղքերի համար և ազատում մեզ երջանկության և օրհնությունների նշմարվող նվազումից: Սուրբ գրություններում սա կոչվում է ներում: Մկրտությունից հետո բոլոր անդամները սայթաքում են արահետից, մեզանից ոմանք նույնիսկ անհետանում են: Ուստի մեկանգամյա իրադարձություններ չեն հավատք գործադրելն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարելը, Նրանից օգնություն ստանալ և ներված լինելը, այլ կյանքի շարունակական գործընթացներ են, գործընթացներ, որոնք անընդհատ կրկնվում են: Ահա թե ինչպես ենք «համբերում մինչև վերջ»:
Մենք պետք է ընտրենք, թե ում ենք մենք ծառայելու: Մեր հավերժական երջանկության չափը կախված է կենդանի Աստծուն ընտրելուց և Նրա գործում Նրան միանալուց: Երբ մենք ձգտում ենք «անել հաջորդ քայլը» ինքնուրույն, մենք գործադրում ենք մեր ազատ կամքը՝ ճիշտ օգտագործելով այն: Ինչպես նախկին Սփոփող Միության Գերագույն Նախագահներն են ասել, մենք չպետք է լինենք «մանկիկներ, ովքեր միշտ կարիք ունեն փաղաքշանքի և ուղղման»: Ոչ, Աստված կամենում է, որ մենք դառնանք հասուն չափահասներ և կառավարենք ինքներս մեզ:
Միակ ուղին Հոր ծրագրին հետևելու ընտրությունն է, որով կարող ենք դառնալ ժառանգորդներ Նրա արքայությունում, միայն այդ ժամանակ Նա կարող է վստահել մեզ՝ նույնիսկ չխնդրել այն, ինչը հակառակ է Իր կամքին: Բայց մենք պետք է հիշենք, որ «չկա մեկը, որին այնքան դժվար լինի ուսուցանել, որքան այն երեխային, ով գիտի ամեն ինչ»: Այսպիսով, մենք պետք է պատրաստ լինենք ուսուցանվել Տիրոջ ուղիներում Տիրոջ և Նրա ծառաների կողմից: Մենք կարող ենք վստահել, որ մենք Երկնային Ծնողների սիրելի զավակներն ենք և արժանի ենք, որ մեր մասին «անհանգստանան» և համոզված եղեք, որ «ինքնուրույն» երբեք չի նշանակում «միայնակ»:
Ինչպես Մորմոնի Գրքի Հակոբ մարգարեն է ասել, ասում եմ նրա հետ.
«Հետևաբար, ուրախացրեք ձեր սրտերը, և հիշեք, որ դուք ազատ եք՝ ինքնուրույն գործելու՝ ընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը:
Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ [և քույրեր], հաշտվեք Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ …և հիշեք, հետո, երբ դուք հաշտվեք Աստծո հետ, որ դա միայն Աստծո շնորհով և շնորհիվ է, որ դուք փրկվում եք»:
Այսպիսով, ընտրեք հավատքն առ Քրիստոս, ընտրեք ապաշխարություն, ընտրեք մկրտվել և ստանալ Սուրբ Հոգին, ընտրեք բարեխղճորեն պատրաստվել և արժանիորեն ճաշակել հաղորդությունը, ընտրեք ուխտեր կապել տաճարում և ընտրեք ծառայել կենդանի Աստծուն և Նրա զավակներին: Մեր ընտրություններն են որոշում, թե ով ենք մենք և ինչ ենք դառնալու:
Ես եզրափակում եմ Հակոբի օրհնության մնացած մասով. «Ուստի, թող Աստված բարձրացնի ձեզ … հավիտենական մահից, քավության զորությամբ, որպեսզի դուք կարողանաք ընդունվել Աստծո հավերժական արքայությունում»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: