2010–2019 թթ․
Երջանկության ծրագիրը
Ապրիլ 2015


18:56

Երջանկության ծրագիրը

Եկեղեցում ողջ գործունեության վախճանն է տեսնել, որ տղամարդը և կինը իրենց երեխաներով երջանիկ են տանը, կնքված միասին ժամանակի և ողջ հավերժության համար:

Շատ տարիներ առաջ, II Համաշխարհային Պատերազմից հետո, ես հաճախում էի քոլեջ: Այնտեղ ես հանդիպեցի Դոննա Սմիթին: Գրեթե այդ պահերին ես կարդացի, որ հաջող ամուսնության համար երկու հիմնական բաղադրիչներ են՝ մի թխվածքաբլիթը և համբույրը: Ես մտածեցի, որ դա բավականին լավ հավասարակշռություն էր:

Առավոտյան ես հաճախում էի քոլեջ, իսկ հետո ետ գնում Բրիգամ քաղաք՝ կեսօրին աշխատելու հայրիկիս մեքենաների վերանորոգման ավտոտնակում: Դոննայի առավոտյան վերջին դասը տնային տնտեսությունն էր: Ես կանգնում էի նրա դասարանի առջև նախքան մեկնելը: Դուռը փայլատ ապակի ուներ, բայց եթե ես մոտիկ էի կանգնում ապակուն, նա տեսնում էր իմ ստվերը դրսում: Նա դուրս էր սողոսկում մի թխվածքաբլիթով և համբույրով: Մնացածը պատմություն է: Մենք ամուսնացանք Լոգան Տաճարում, և դա սկիզբ դրեց մեր կյանքերի մեծ արկածին:

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ուսուցանել մի կարևոր սկզբունք. Եկեղեցում ողջ գործունեության վախճանն է տեսնել, որ տղամարդը և կինը իրենց երեխաներով երջանիկ են տանը, կնքված միասին ժամանակի և ողջ հավերժության համար:

Սկզբում.

«Աստվածներն իջան ներքև, որ կազմավորեն մարդուն իրենց իսկ պատկերով, որ Աստվածների պատկերով ձևավորեն նրան, արու և էգ ձևավորեն նրանց:

Եվ Աստվածներն ասացին.Մենք կօրհնենք նրանց: Եվ Աստվածներն ասացին. Մենք այնպես կանենք, որ նրանք լինեն պտղաբեր և բազմանան, և լցնեն երկիրը, և տիրեն նրան» (Աբրահամ 4.27–28):

Եվ այսպես մարդկային կյանքի փուլը սկսվեց այս երկրագնդի վրա, քանի որ «Ադամը գիտեցավ իր կնոջը, և նա որդիներ և դուստրեր բերեց նրա համար, և նրանք սկսեցին բազմանալ և լցնել երկիրը:

Եվ … Ադամի որդիներն ու դուստրերը սկսեցին երկրի վրա բաժանվել երկու- երկու, … և նրանք նույնպես ծնեցին որդիներ և դուստրեր» (Մովսես 5.2–3):

Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը երբեք չեղյալ չի համարվել: Դա կարևոր է փրկագնման ծրագրի համար և մարդկային երջանկության աղբյուրն է: Այս զորության արդար գործածման միջոցով, մենք կարող ենք մոտենալ մեր Երկնային Հորը և զգալ ուրախության լիություն, նույնիսկ աստվածայնություն: Ծննդաստեղծ զորությունը պատահական մաս չէ երջանկության ծրագրում, դա երջանկության ծրագիրն է, դա երջանկության բանալին է:

Մարդկության զուգավորման ցանկությունը մշտական է և շատ ուժեղ: Մեր երջանկությունը մահկանացու կյանքում, մեր ուրախոււթյունն ու վեհացումը կախված են նրանից, թե ինչպես ենք արձագանքում այս մշտական, պարտադրող ֆիզիկական ցանկություններին: Երբ ծննդաստեղծ ուժը հասունանում է վաղ տղամարդկության և կանացիության շրջանում, խիստ անձնական զգացմունքներ են առաջանում, բնական ձևով, որը նման չէ որևէ այլ ֆիզիկական փորձառության:

Իդեալապես, զուգավորումը սկսվում է ռոմանտիկայից: Չնայած ավանդույթները կարող են տարբեր լինել, այն ծաղկում է հուզմունքի, սպասման, նույնիսկ երբեմն մերժման բոլոր սիրավեպային զգացմունքներով: Առկա է լուսնի լույս, վարդեր, սիրային նամակներ, սիրային երգեր, բանաստեղծություններ, ձեռք բռնել և քնքշանքի այլ արտահայտություններ երիտասարդ աղջկա և երիտասարդ տղայի միջև: Աշխարհն անհետանում է զույգի կողքին և նրանք ունենում են ուրախության զգացումներ:

Եվ եթե դուք ենթադրում եք, որ երիտասարդ ռոմանտիկ սիրո փթթող հրճվանքը հնարավորությունների հանրագումարն է, որը բխում է կյանքի աղբյուրներից, դուք դեռ չեք ապրել՝ տեսնելու երկարատև ամուսնական սիրո նվիրումն ու հարմարավետությունը: Ամուսնացած զույգերը փորձվում են գայթակղությամբ, թյուրըմբռնմամբ, ֆինանսական խնդիրներով, ընտանեկան ճգնաժամերով և հիվանդությամբ և ողջ ժամանակ սերն ուժեղանում է: Հասուն սերն ունի մի երանություն, որը նույնիսկ չեն պատկերացնում նոր ամուսնացածները:

Ճշմարիտ սերը պահանջում է զսպվածություն՝ մինչև որ ամուսնությունից հետո կիսվեք այն քնքշանքով, որը բացում է կյանքի աղբյուրի սրբազան ուժերը: Դա նշանակում է խուսափել իրավիճակներից, որտեղ ֆիզիկական ցանկությունը կարող է վերցնել վերահսկողությունը: Մաքուր սերը ենթադրում է, որ միայն հավերժական հավատարմության խոստումից հետո, պաշտոնական և օրինական ծիսակատարության, և իդեալապես տաճարում կնքման արարողությունից հետո են այդ ծննդաստեղծ ուժերը արձակվում Աստծո աչքում՝ սիրո լիակատար արտահայտման համար: Այն պետք է կիսվի լոկ և միայն այն մեկի հետ, ով ձեր զուգընկերն է հավիտյան:

Երբ արժանավորապես եք մտնում, այդ գործընթացը միավորում է ամենասքանչելի և վեհացնող ֆիզիկական, հուզական և հոգևոր զգացմունքները, որոնք կապված են սեր բառի հետ: Կյանքի այդ մասը չունի հավասար, ոչ մի երկնմանակ մարդկային ողջ կյանքի փորձառության մեջ: Դա կտևի հավերժորեն, երբ ուխտեր են կապվում և պահվում «քանզի նրանում են կարգված սուրբ քահանայության բանալիները, որ դուք կարողանաք պատվի ու փառքի արժանանալ» (ՎևՈՒ 124.34), «փառք, որը կլինի սերունդների լիությունը և շարունակությունը հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 132.19):

Բայց ռոմանտիկ սերն անավարտ է, դա նախերգանքն է: Սերը սնուցվում է երեխաների գալով, ովքեր բխում են կյանքի աղբյուրից, որը վստահվում է զույգերին ամուսնության մեջ: Բեղնավորումը տեղի է ունենում ամուսնու և կնոջ միջև ամուսնական գրկախառնության ժամանակ: Մի փոքրիկ մարմին է սկսում ձևավորվել հիասքանչ բարդ կառուցվածքով: Երեխան առաջ է գալիս ծննդյան հրաշքով, ստեղծված իր երկրային հոր և մոր պատկերով: Նրա մահկանացու մարմնի ներսում ոգի է, որը կարող է զգալ և ընկալել հոգևոր բաներ: Այս երեխայի այդ մահկանացու մարմնում ննջող վիճակում իր իսկ պատկերով հետնորդ ծնելու ուժն է:

«Ոգին ու մարմինը մարդու հոգին են» (ՎևՈւ 88.15), և կան հոգևոր և ֆիզիկական օրենքներ հնազանդվելու, եթե մենք պետք է երջանիկ լինենք: Կան հավերժական օրենքներ, ներառյալ՝ օրենքներ կապված կյանք տալու այս զորության հետ «անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները» (ՎևՈւ 130.20): Դրանք հոգևոր օրենքներ են, որոնք սահմանում են բարոյական չափանիշը մարդկության համար (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հռովմեացիս Է.14–15 [Աստվածաշնչի հավելվածում], 2 Նեփի 2.5, ՎևՈւ 29.34, 134.6): Կան ուխտեր, որոնք կապում են, կնքում և պահպանում և հավերժական օրհնությունների խոստում տալիս:

Ալման հորդորեց իր որդի Սիբլոնին.«Տես, որ դու սանձես բոլոր քո կրքերը, որ դու լցվես սիրով» (Ալմա 38.12): Սանձն օգտագործվում է առաջնորդելու, ուղղորդելու, զսպելու համար: Մեր կիրքը պետք է վերահսկվի: Երբ օրինավորապես է օգտագործվում, ծննդաստեղծ ուժը կօրհնի և կսրբագործի (տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 158):

Գայթակղությունները միշտ ներկա են: Քանի որ հակառակորդը չի կարող կյանք ծնել, նա նախանձում է բոլոր նրանց, ովքեր ունեն այդ գերագույն ուժը: Նա և նրանք, ովքեր հետևեցին նրան, դուրս գցվեցին և մերժվեցին մահկանացու մարմին ունենալու իրավունքից: «Նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.27): Նա կգայթակղի, եթե կարող է, կայլասերի, կփչացնի և եթե հնարավոր է կկործանի այս պարգևը, որի միջոցով մենք կարող ենք, եթե արժանի լինենք, ունենալ հավերժական աճ (տես ՎևՈւ 132.28–31):

Եթե մենք աղտոտում ենք մեր կյանքի աղբյուրները, կամ ուրիշներին տանում օրինազանցության, կլինեն տույժեր ավելի «սուր» և «ծանր տանելու» (ՎևՈւ 19.15), քան ողջ ֆիզիկական հաճույքը, որ երբևէ կարող է արժենար:

Ալման ասաց իր որդի Կորիանթոնին. «Չգիտե՞ս որդիս, որ այս բաները պղծություն են Տիրոջ աչքում, այո, ամենապիղծը բոլոր մեղքերից, բացի դա լինի անմեղ արյուն թափելը կամ Սուրբ Հոգին ուրանալը (Ալմա 39.5): Մենք չենք կարող խուսափել հետևանքներից, երբ մենք օրինազանցում ենք:

Ծննդաստեղծ ուժերի միակ օրինական, լիազորված արտահայտությունը ամուսնու և կնոջ միջև է՝ տղամարդու և կնոջ միջև, ովքեր պաշտոնապես և օրինավորապես ամուսնացած են: Որևէ այլ բան, քան այս, խախտում է Աստծո պատվիրանները: Մի անձնատուր եղեք հակառակորդի սոսկալի գայթակղություններին, քանի որ օրինազանցության ամեն պարտք պետք է վճարվի «մինչև որ չվճարես վերջի նաքարակիտը» (Մատթեոս Ե.26):

Ոչ մի տեղ Աստծո մեծահոգությունն ու ողորմածությունն ավելի ցայտուն չեն դրսևորվում, որքան ապաշխարության մեջ:

Մեր ֆիզիկական մարմինները, երբ վնասվում են, կարող են վերականգվել ինքնուրույնորեն, երբեմն էլ բժշկի օգնությամբ: Եթե վնասը մեծ է, այնուամենայնիվ, հաճախ սպի է մնում, որպես հիշեցում վնասվածքի մասին:

Այլ հարց է մեր հոգևոր մարմինների հետ: Մեր հոգիները վնասվում են, երբ մենք կատարում ենք սխալներ և գործում մեղքեր: Բայց ի տարբերություն մեր մահկանացու մարմինների դեպքից, երբ ապաշխարության գործընթացն ավարտվում է, ոչ մի սպի չի մնում Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Խոստումն է. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):

Երբ մենք խոսում ենք ամուսնության և ընտանեկան կյանքի մասին, անխուսափելիորեն մեր միտքն է գալիս «Ի՞նչ կասեք բացառությունների մասին» հարցը: Ոմանք ծնվում են սահմանափակումներով և չեն կարողանում ունենալ երեխաներ: Որոշ անմեղների ամուսնությունները խորտակվում են՝ նրանց ամուսինների անհավատարմության պատճառով: Մյուսները չեն ամուսնանում և ապրում են արժանավոր միայնակ կյանքով:

Այժմվա համար ես առաջարկում եմ այս մխիթարությունը. Աստված մեր Հայրն է: Ողջ սերն ու մեծահոգությունը, որը դրսևորվում է կատարյալ երկրային հոր մեջ, մեծանում է Նրանում, ով մեր Հայրն է և մեր Աստվածը մահկանացու մտքով մեր ընկալելու կարողությունից վեր: Նրա դատաստաններն արդար են, Նրա ողորմածությունն առանց սահմանի, Նրա փոխհատուցելու զորությունը՝ վեր որևէ երկրային համեմատությունից: «Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք» (Ա Կորնթացիս ԺԵ.19):

Այժմ ես ակնածանքով օգտագործում եմ տաճար բառը: Ես պատկերացնում եմ կնքման մի սենյակ և մի զոհասեղան այնտեղ ծնկի եկած երիտասարդ զույգի հետ: Այս սրբազան տաճարային արարողությունն ավելին է, քան հարսանիքը, քանի որ այս ամուսնությունը կարող է կնքվել Խոստումի Սուրբ Հոգու կողմից և սուրբ գրությունները հայտարարում են, որ մենք «կժառանգենք գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ, տիրապետություններ» (ՎևՈւ 132.19): Ես տեսնում եմ ուրախությունը, որը սպասում է նրանց, ովքեր ընդունում են այս գերագույն պարգևը և օգտագործում այն արժանիորեն:

Քույր Դոննա Սմիթ Փաքերը և ես եղել ենք կողք- կողքի ամուսնության մեջ մոտավորապես 70 տարի: Երբ խոսքը վերաբերում է իմ կնոջը, մեր երեխաների մորը, ես առանց խոսքերի եմ: Զգացմունքն այնքան խորն է և երախտագիտությունն այնքան հզոր, որ ես գրեթե անխոս եմ մնում: Մեծագույն պարգևը, որ մենք ստացել ենք այս կյանքում և գալիք կյանքում, մեր երեխաներն են և մեր թոռները: Մեր միասին անցկացրած մահկանացու օրերի ավարտին մոտ, ես իմ երախտագիտությունն եմ արտահայտում յուրաքանչյուր պահի համար, որ ես եղել եմ նրա հետ կողք- կողքի և խոստման համար, որ Տերն է տվել, որ չի լինելու վերջ:

Ես բերում եմ վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է և կենդանի Աստծո Որդին: Նա կանգնած է Եկեղեցու գլխին: Նրա Քավության միջոցով և Քահանայության զորությամբ, ընտանիքները, որոնք սկսվել են մահկանացու կյանքում, կարող են միասին լինել հավերժությունների մեջ: Քավությունը, որը կարող է ետ պահանջել մեզանից յուրաքանչյուրին, չի կրում ոչ մի սպիներ: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ որտեղ ենք մենք եղել կամ ինչպես է ինչ որ բան պատահել, եթե մենք իսկապես ապաշխարում ենք, Նա խոստացել է, որ Նա կքավի: Եվ երբ Նա քավեց, այն կարգավորեց դա: Այնքան շատերն են մեզանից, ովքեր կարծես մտրակվում են հանցանքի զգացումներից, չիմանալով թե ինչպես ազատվեն: Դուք ազատվում եք՝ ընդունելով Քրիստոսի Քավությունը և այն բոլորը, ինչ սրտնեղություն էր, կարող է դառնալ գեղեցկություն և սեր ու հավերժություն:

Ես այնքան երախտապարտ եմ Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունների համար, ծննդաստեղծ զորության համար, փրկագնման զորության համար, Քավության համար՝ Քավություն, որը կարող է մաքուր լվանալ ամեն բիծ, անկախ նրանից թե որքան դժվար կամ որքան երկար կամ որքան անգամներ է կրկնվել: Քավությունը կարող է ձեզ ազատ դարձնել կրկին առաջ շարժվելու, մաքրությամբ և արժանավորությամբ, հետամուտ լինելով այն ուղուն, որ դուք ընտրել եք կյանքում:

Ես բերում եմ վկայություն, որ Աստված ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Քավությունը ընդհանուր մի բան չէ, որը ողջ Եկեղեցու համար է: Քավությունը անհատական է և եթե դուք ունեք ինչ որ բան, որը ձեզ անհանգստացնում է, երբեմն այնքան վաղուց, որ դուք հազիվ եք հիշում այն, գործի դրեք Քավությունը: Այն կմաքրի դա և դուք, ինչպես Նա է անում, այլևս երբեք չեք հիշի ձեր մեղքերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: