Վերադարձ հավատքին
Մեզանից յուրաքանչյուրը կարող է ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր անձնական կյանքում և ուրախություն գտնել:
Նախագահ Մոնսոն, այս Զատկի առավոտյան մենք անչափ երախտապարտ ենք մեր կենդանի մարգարեի ձայնը լսելու համար: Մենք բարձր ենք գնահատում ձեր խոսքերը, նաև ձեր խորհուրդը. «Ուրախություն գտեք ճանապարհին» և «Ապագան պայծառ է ձեր հավատքի պես»:
Այս տարի Երեխաները կիսվում են առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքի ուրախությամբ և պայծառությամբ, երբ երգում են «Գիտեմ սիրում է Փրկիչն ինձ» երգը: Նրանք երգում են ճշմարտությունը. «Ես գիտեմ, որ Նա ապրում է: … Իմ սիրտը նվիրում եմ Նրան»: Երեխաների պես մեզանից յուրաքանչյուրը կարող է ամրացնել իր հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր անձնական կյանքում և ուրախություն գտնել:
Վերջերս Սփոփող Միության կիրակնօրյա ժողովին ես լսեցի մի երիտասարդ մոր, ով ներկայացրեց իր դարձի ուղին: Նա մեծացել էր Եկեղեցում ծնողների հետ, ովքեր ուսուցանել էին ավետարանը: Հաճախել էր Երեխաների Խումբ, Երիտասարդ կանանց դասարան և սեմինարիա: Նա սիրով էր սովորում և հայտնագործում ճշմարտություններ: Նա մշտապես փնտրտուքի մեջ էր: Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Տերը կարող է ուսուցանել միայն պրպտող միտքը»: Իսկ այդ երիտասարդ աղջիկն ընկալունակ էր:
Ավագ դպրոցից հետո նա ընդունվել էր համալսարան, կնքվել տաճարում վերադարձած միսիոների հետ և օրհնվել հրաշալի երեխաներով:
Պրպտող ոգով այս մայրը շարունակում էր հարցեր տալ: Բայց հարցերը բարդանալու հետ պատասխաններն էլ էին բարդանում: Իսկ երբեմն էլ պատասխաններ չէին լինում, կամ պատասխանները խաղաղություն չէին պարգևում: Ի վերջո, պատասխաններ փնտրելիս ավելի ու ավելի շատ հարցեր էին ծագում, և նա սկսեց հարցականի տակ դնել իր հավատքի որոշ հիմնադրույթներ:
Այդ շփոթեցնող ժամանակահատվածում նրա շրջապատից ոմանք ասում էին. «Ուղղակի հավատա ինձ»: Իսկ նա մտածում էր. «Ես չեմ կարող, դուք չեք հասկանում, դուք չեք մաքառում այդ խնդիրների հետ»: Նա բացատրեց. «Ես պատրաստ էի քաղաքավարի լինել նրանց հետ, ովքեր առանց կասկածի էին ապրում, բայց նրանք նույնպես պետք է նման ձևով վերաբերեին ինձ»: Շատերն այդպես էլ վարվում էին:
Նա ասաց. «Ծնողներս գիտեին իմ սիրտը և ինձ չէին անհանգստացնում: Նրանք սիրով էին շրջապատել ինձ, մինչ ես փորձում էի ինքս կողմնորոշվել»: Նաև, այդ երիտասարդ կնոջ եպիսկոպոսը հաճախ էր հանդիպում նրան և ասում, որ վստահում էր իրեն:
Ծխի անդամները ևս անվարան սեր էին ցուցաբերում, և նա իրեն ընդգրկված էր զգում: Նրա ծուխը չէր փորձում կատարյալ երևալ, այլ դա հոգատար վերաբերմունք դրսևորելու վայր էր:
Նա հիշում է. «Հետաքրքիր է, որ այդ ընթացքում ես իրական կապ զգացի իմ մահացած տատիկների և պապիկների հետ: Նրանք աջակցում և խրախուսում էին ինձ, որ շարունակեի փորձել: Նրանք կարծես ասում էին. «Կենտրոնացիր քո գիտելիքի վրա»:
Չնայած այդքան մեծ աջակցությանը, նա դարձավ ոչ ակտիվ: Նա ասաց. «Ես ինձ չէի առանձնացնում Եկեղեցուց վատ վարքի, հոգևորի հանդեպ անտարբերության, պատվիրաններով չապրելու համար արդարացում կամ հեշտ ուղի փնտրելու պատճառով: Զգում էի, որ ինձ հարկավոր էր «Ինչի՞ն եմ ես իրականում հավատում» հարցի պատասխանը:
Այդ ժամանակ էր, որ ես կարդացի Մայր Թերեզայի գրվածքները, ով նմանատիպ զգացմունքներով էր կիսվել: 1953թ. նամակում Մայր Թերեզան գրել էր. «Խնդրում եմ աղոթեք հատկապես ինձ համար, որ ես չխափանեմ, Նրա աշխատանքը և որ Մեր Տերը ցույց տա Իրեն, քանզի այնպիսի սոսկալի խավար է տիրում իմ մեջ, ասես ամեն ինչ մահացած է: Ես նման վիճակում եմ գտնվում «աշխատանքը» սկսելու պահից ի վեր: Խնդրեք Մեր Տիրոջը, որ ինձ քաջություն պարգևի»:
Արքեպիսկոպոս Պեղին պատասխանել էր. «Աստված առաջնորդում է քեզ, սիրելի Մայր. դու այդքան թանձր խավարի մեջ չես, որքան կարծում ես: Ճանապարհը, որով քայլում ես, միշտ չէ որ անմիջապես հստակ երևում է: Աղոթիր լույսի համար, արագ որոշումներ մի կայացրու, լսիր մյուսների կարծիքները, քննիր նրանց դրդապատճառները: Դու միշտ կգտնես մի բան, ինչը քեզ համար օգտակար կլինի: … Առաջնորդվիր հավատքով, աղոթքով, առողջ դատողությամբ և անկեղծ միտումով, որը դու բավականաչափ ունես»:
Այդ երիտասարդ կինը մտածեց, որ եթե Մայր Թերեզան կարող էր ապրել իր կրոնով առանց բոլոր պատասխաններն ունենալու և առանց ամեն ինչ հստակ զգալու, գուցե ինքը ևս կկարողանար: Նա կարողացավ առ հավատք մի հասարակ քայլ կատարել, և ապա մեկ ուրիշը: Նա կարողանում էր կենտրոնանալ ճշմարտությունների վրա, որոնց նա հավատում էր, և թույլ տվեց, որ այդ ճշմարտությունները լցնեին իր միտքն ու սիրտը:
Ետ նայելով նա ասում է. «Իմ վկայությունը դարձել էր, կարծես, մի մոխրակույտ: Այն ամբողջովին այրվել էր: Մնացել էր միայն Հիսուս Քրիստոսը»: Նա շարունակում է. «Բայց Նա չի լքում քեզ, եթե դու հարցեր ունես: Երբ ինչ-որ մեկը փորձում է պահել պատվիրանները, դուռը լայն բացվում է: Աղոթքը և սուրբ գրություններն ուսումնասիրելը դարձան անչափ կարևոր»:
Իր հավատքը վերակառուցելու համար նախ նա սկսեց ավետարանի հիմնական ճշմարտություններից: Նա վերցրեց Մանկական երգարանը և սկսեց կարդալ երգերի խոսքերը: Դրանք գանձեր էին նրա համար: Նա աղոթեց, որ հավատք ունենար բարձրացնելու ծանրությունը, որ զգում էր:
Նա սովորեց, որ երբ կարդում էր մի միտք, որն իր մեջ կասկածի տեղիք էր տալիս, նա «կանգ էր առնում, նայում համայնապատկերին և ավետարանի այդ կետը դիտարկում անձնական տեսակետից»: Նա ասաց. «Ես հարցնում էի՝ արդյո՞ք սա ճիշտ ուղի է իմ և իմ ընտանիքի համար»: Երբեմն հարցնում էի ինքս ինձ. «Ի՞նչ եմ ուզում իմ երեխաների համար»: Ես հասկացա, որ ուզում էի նրանք տաճարում ամուսնանային: Այդ ժամանակ էր, որ հավատքը կրկին լցրեց իմ սիրտը»:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Խոնարհությունը, հավատքը և Սուրբ Հոգու ազդեցությունը միշտ կլինեն ճշմարտության փնտրտուքի տարրերը»:
Թեպետ նա հարցեր ուներ Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ, նա չէր կարող մերժել Մորմոնի Գրքի ճշմարտությունները: Փրկչին ավելի լավ հասկանալու նպատակով նա կենտրոնացավ Նոր կտակարանն ուսումնասիրելու վրա: Նա ասաց. «Բայց ի վերջո ես վերադարձա Մորմոնի Գրքին, որովհետև Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ընթերցելիս հրաշալի զգացողություններ էին պարուրել ինձ»:
Նա ավարտեց այսպես. «Պետք է ունենաս այդ գրքի ճշմարտությունների հետ կապված քո անձնական հոգևոր փորձառությունները»: Իսկ նա ուներ այդ փորձառությունները: Նա բացատրեց. «Ես կարդում եմ Մոսիան և այն ուղղորդում է, ինձ. «Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները. … հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը, և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել»:
Այդ ժամանակ էր, որ նրան կանչեցին ծառայելու Երեխաների խմբում որպես դաշնակահար: «Դա ապահով էր,- ասաց նա,- ես ցանկանում էի, որ իմ երեխաները հաճախեին Երեխաների խումբ, և այժմ ես կարող էի նրանց հետ լինել: Իսկ ես դեռ պատրաստ չէի ուսուցանելու»: Ծառայելու ընթացքում նա մշտապես զգում էր իր շրջապատի վերաբերմունքը. «Արի, մենք կընդունենք քեզ ինչպիսի հոգևոր աստիճանում էլ որ գտնվես, և մենք կաշխատենք քեզ հետ: Տուր մեզ ինչ որ կարող ես»:
Նվագելով մանկական երգերը, նա հաճախ մտածում էր. «Ահա իմ սիրելի ճշմարտությունները: Ես դեռևս կարող եմ վկայություն բերել: Պարզապես կասեմ այն, ինչ գիտեմ և ինչին վստահում եմ: Գուցե դա չլինի գիտելիքի կատարյալ մատուցում, բայց դա կլինի իմը: Ինչի վրա որ կենտրոնանում եմ, իմ ներսում աճում է: Հրաշալի է, երբ վերադառնում ես ավետարանի բուն էությանը և հստակություն զգում»:
Կիրակի առավոտյան լսելով այդ երիտասարդ քրոջ պատմությունը, հիշեցի, որ մենք պետք է մեր հիմքը կառուցենք մեր Քավչի վեմի վրա: Ես նաև հիշեցի Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհուրդը. «Ամուր կառչեք ձեր ունեցած գիտելիքից և անխախտ եղեք, մինչև կգա լրացուցիչ գիտելիքը»:
Նրա դասի ընթացքում ես առավել վառ կերպով հասկացա, որ մեր անկեղծ հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք համառորեն փնտրում ենք և ապրում ենք պատվիրաններով: Ես հիշեցի, որ մեր հավատքը կարող է անցնել մեր դատողության սահմաններից այն կողմ:
Եվ, որքա՜ն եմ ուզում լինել նրանց պես, ովքեր սիրով և ուշադրությամբ էին շրջապատել այդ երիտասարդ մորը: Ինչպես Նախագահ Ուխդորֆն է ասել. «Քայլելով աշակերտության արահետով, մենք բոլորս էլ Աստծո լույսը փնտրող ուխտագնացներ ենք: Մենք մարդկանց չենք դատապարտում լույսի այն չափի համար, որ նրանք ունեն կամ չունեն. այլ մենք սնուցում և քաջալերում ենք ամեն լույս, մինչև այն դառնում է ավելի պարզ, պայծառ և ճշմարիտ»:
Երեխաների խմբի «Մանկան աղոթքը» երգում երեխաները հարցնում են. «Երկնային Հայր, դու իրոք այստե՞ղ ես: Դու ամեն երեխայի աղոթքը լսո՞ւմ ես»:
Մենք ևս գուցե հարցնենք. «Երկնային Հայրն իրո՞ք այստեղ է» և ցնծանք իմ ընկերոջ պես, երբ պատասխանները գան հանգիստ, պարզ հավաստիացումներով: Ես վկայում եմ, որ այդ պարզ հավաստիացումները գալիս են, երբ Նրա կամքը դառնում է մերը: Ես վկայում եմ, որ ճշմարտությունն այսօր երկրի վրա է և Նրա ավետարանը գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: