Անկեղծ լինելու մասին
Իմ աղոթքն է, որ մենք դիմակայենք ուշադրությունն ինքներս մեզ վրա հրավիրելու գայթակղությանը, և դրա փոխարեն, ձգտենք շատ ավելի հեռու գնացող պատվի՝ դառնալու Հիսուս Քրիստոսի խոնարհ, անկեղծ աշակերտները:
18-րդ դարի վերջին Ռուսաստանի Եկատերինա Մեծ թագուհին հայտարարեց, որ պատրաստվում է շրջագայել իր կայսրության հարավային տարածքներով՝ օտարերկրյա մի քանի դեսպանների ուղեկցությամբ: Տարածքի նահանգապետը՝ Գրիգորի Պոտյոմկինը, հուսահատությամբ ցանկանում էր տպավորություն թողնել այցելուների վրա: Եվ այդպես, նա երկրի ձեռքբերումների ցուցադրական ուշագրավ նախաձեռնություն հանձն առավ:
Ճամփորդության մի մասն անցնելով Դնեպր գետով՝ Եկատերինան հպարտությամբ դեսպաններին ցույց էր տալիս ծաղկող գյուղերն ափի երկայնքով՝ լցված աշխատասեր և երջանիկ գյուղացիներով: Կար միայն մեկ խնդիր. այդ բոլորն արվել էր ցուցադրման համար: Ասում են, որ Պոտյոմկինը խանութների ու տների ճակատային մասը ստվարաթղթից էր հավաքել: Նույնիսկ գյուղացիներն էին հատուկ բերվել, որպեսզի բարգավաճող տնտեսության տպավորություն ստեղծեին: Երբ շքախումբն անհետանում էր՝ շրջվելով գետի թեքության հետ, Պոտյոմկինի մարդիկ հավաքում էին շինծու գյուղը և շտապում էին գետի երկայնքով, որ ևս մեկ գյուղ նախապատրաստեին Եկատերինայի շրջայցի հաջորդ կետի համար:
Չնայած, որ ժամանակակից պատմաբանները կասկածի տակ են դնում այդ իրողությունը, «Պոտյոմկինի գյուղեր» եզրը տեղ է գտել աշխարհի բառապաշարում: Այժմ այն վերաբերում է ցանկացած փորձի՝ հավատացնելու ուրիշներին, որ մենք ավելի լավն ենք, քան իրականությունն է:
Արդյո՞ք մեր սիրտը ճիշտ տեղում է
Մարդկային բնության մասն է՝ ցանկանալը մեր լավագույն տեսքով երևալ: Դա է պատճառը, որ մեզանից շատերը մեծ ջանք են թափում տան արտաքին տեսքի վրա և նաև, թե ինչու են Ահարոնյան Քահանայության մեր երիտասարդ եղբայրները համոզվում, որ ամեն մազ իր տեղում լինի, որ գուցե անսպասելիորեն հանդիպեն այն հատուկ մեկին: Սխալ բան չկա, երբ փայլեցնում ենք մեր կոշիկները, երբ մեզ վրա լավագույն բուրմունքն ենք ցանում, կամ նույնիսկ երբ թաքցնում ենք կեղտոտ ափսեները տնային ուսուցչի այցելությունից առաջ: Սակայն, երբ տպավորություն թողնելու ցանկությունը հասնում է ծայրահեղության, օգտավետն էլ կարող է խաբուսիկ դառնալ:
Տիրոջ մարգարեները միշտ զգուշացնող ձայն են բարձրացրել նրա դեմ, ով «իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են [Տիրոջը] պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է [Իրենից], եւ նորանց [Իրեն] պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է»:
Փրկիչը հասկանում ու կարեկցում էր մեղավորներին, որոնց սրտերը խոնարհ էին ու անկեղծ: Բայց Նրա արդար բարկությունը բորբոքվում էր կեղծավորների դեմ, ինչպիսիք էին դպիրները, Փարիսեցիներն ու Սադուկեցիները, – նրանք, ովքեր փորձում էին արդար երևալ, որպեսզի նվաճեին գովասանքը, ազդեցությունը ու հարստությունն աշխարհի, այդ ընթացքում ճնշելով ժողովրդին, որին պիտի օրհնեին: Փրկիչը նրանց համեմատում էր «ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով»։
Մեր օրերում Տերը նմանապես խիստ խոսքեր է ասել քահանայություն կրողների մասին, ովքեր փորձում են «քողարկել [իրենց] մեղքերը կամ գոհացնել [իրենց] հպարտությունը, [կամ իրենց] ունայն փառասիրությունը»: Երբ նրանք այդպես են վարվում, ասել է Նա, «երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը»:
Ինչո՞ւ է այդպես պատահում: Ինչո՞ւ ենք մենք երբեմն փորձում արտաքուստ երևալ ակտիվ, բարեկեցիկ ու նվիրված, երբ ներսից, ինչպես Հայտնողն է ասել եփեսացիներին, մենք «[մեր] առաջին սէրը թողել [ենք]»:
Որոշ դեպքերում մենք, հնարավոր է, պարզապես կորցրել ենք ավետարանի էության մեր կիզակետը՝ «աստվածայնության կերպարանքը» շփոթելով «նրա զորության» հետ: Սա հատկապես վտանգավոր է, երբ մենք մեր աշակերտության արտաքին դրսևորումն օգտագործում ենք ուրիշներին տպավորելու՝ անձնական շահի կամ ազդեցության համար: Այդ ժամանակ է, որ մենք վտանգվում ենք հայտնվելու փարիսեցու տարածքում, և այդ ժամանակ՝ ծայրահեղ կարիք կա քննելու մեր սիրտը և անհապաղ ուղղելու մեր ընթացքը:
Պոտյոմկինային ծրագրեր
Ավելի լավը երևալու այդ գայթակղությունը կարելի է հայտնաբերել ոչ միայն մեր անձնական կյանքում, այլ նաև մեր Եկեղեցու առաջադրանքներում:
Օրինակ՝ ես գիտեմ մի ցից, որտեղ ղեկավարները որոշ բարետենչ նպատակներ էին սահմանել տարվա համար: Չնայած որ նպատակները բոլորը կարևոր էին, դրանք կենտրոնացած էին կա՛մ վեհ ու տպավորիչ հայտարարությունների կա՛մ թվերի ու տոկոսների վրա:
Այդ նպատակները քննարկելուց ու համաձայնեցնելուց հետո ինչ-որ բան սկսեց անհանգստացնել ցցի նախագահին: Նա սկսեց մտածել իր ցցի մի քանի անդամների մասին, որոնցից մեկը երիտասարդ մայր էր, փոքր երեխաների հետ, որ վերջերս էր այրիացել: Նա մտածեց անդամների մասին, ովքեր մաքառում էին կասկածների կամ մենության մեջ կամ էլ ծանր առողջական վիճակ ունեին՝ առանց ապահովագրության: Նա մտածեց անդամների մասին, ովքեր հայտնվել էին կոտրված ամուսնությունների, վնասակար հակումների, գործազրկության և հոգեկան հիվանդության ճիրաններում: Եվ որքան շատ էր մտածում նրանց մասին, այնքան ավելի շատ էր նա ինքն իրեն խոնարհեցնող հարց տալիս. Արդյոք մեր նոր նպատակները կփոխե՞ն այդ անդամներից ինչ-որ մեկի կյանքը:
Նա սկսեց մտածել, թե ինչպես իրենց ցցի նպատակները կարող են տարբեր լինել, եթե իրենք նախ հարցնեին. «Ո՞րն է մեր ծառայության նպատակը»:
Այնպես որ, այդ ցցի նախագահը ետ գնաց իր խորհուրդները և միասին նրանք փոխեցին իրենց ուշադրության կենտրոնը: Նրանք որոշեցին, որ թույլ չեն տա, որ «սովածը… . կարիքավորը… . մերկը… . հիվանդը և չարչարվածն անցնի [իրենց] կողքով», և նրանք ուշք չդարձնեն նրանց։
Նրանք նոր նպատակներ սահմանեցին, գիտակցելով, որ այդ նոր նպատակների հաջողությունը միշտ հնարավոր չի լինի չափել, համենայն դեպս՝ մարդու կողմից, քանզի ինչպես մարդ կչափի անձնական վկայությունը, Աստծո սերը կամ ուրիշների հանդեպ կարեկցանքը:
Բայց նրանք նաև գիտեին, որ «Կան հաշվելի շատ բաներ, որ հաշիվ չեն. և կան անհաշվելի շատ բաներ, որ իրապես հաշիվ են»:
Հնարավո՞ր է արդյոք, որ մեր կազմակերպչական և անձնական նպատակները երբեմն Պոտյոմկինի գյուղերի ժամանակակից համարժեքը լինեն: Արդյո՞ք դրանք տպավորիչ չեն հեռավորության վրա, բայց ուղղված չեն մեր սիրելի մերձավորների իրական կարիքների վրա:
Իմ սիրելի ընկերներ ու քահանայության կրողներ, եթե Հիսուս Քրիստոսը մեզ հետ նստած լիներ և խնդրեր մեր տնտեսության հաշիվը տալ, ես վստահ չեմ, որ Նա շատ կկենտրոնանար ծրագրերի և վիճակագրության վրա: Փրկչի ցանկությունը կլիներ իմանալ մեր սրտի վիճակը: Նա կցանկանար իմանալ, թե ինչպես ենք մենք սիրում ու ծառայում մեր խնամքի տակ եղած մարդկանց. ինչպես ենք ցույց տալիս մեր սերը մեր ամուսնու և ընտանիքի հանդեպ և ինչպես ենք մենք թեթևացնում իրենց ամենօրյա բեռը: Եվ Փրկիչը կցանկանար իմանալ, թե ինչպես ենք մենք և դուք ավելի շատ մոտենում Նրան և մեր Երկնային Հորը:
Ինչո՞ւ ենք այստեղ գտնվում
Մեր սրտերը քննելը կարող է օգտակար լինել: Օրինակ՝ մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե ինչո՞ւ ենք ծառայում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:
Կարող ենք անգամ հարց տալ, թե ինչու ենք մենք այստեղ, այսօր:
Ենթադրում եմ, որ եթե պատասխանեի այդ հարցին մակերեսային մակարդակի վրա, ես կարող էի ասել, որ այստեղ եմ, որովհետև Նախագահ Մոնսոնն ինձ հանձնարարել է խոսել:
Այնպես որ, ես, իրականում, ընտրություն չունեի:
Բացի այդ, կինս, ում շատ սիրում եմ, ակնկալում է, որ ես հաճախեմ: Եվ ինչպե՞ս կարող եմ նրան ոչ ասել:
Սակայն բոլորս գիտենք, որ ավելի լավ պատճառներ կան մեր ժողովներին հաճախելու և որպես Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ ապրելու համար:
Ես այստեղ եմ, որովհետև ցանկանում եմ իմ ողջ սրտով է հետևել իմ Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Ես անձկում եմ անել այն ամենը, ինչ նա խնդրում է ինձ անել այս մեծ գործի համար: Ես փափագում եմ շենանալ Սուրբ Հոգով և լսել Աստծո ձայնը, երբ նա խոսում է իր կարգված ծառաների միջոցով: Ես այստեղ եմ ավելի լավ մարդ դառնալու, վեհանալու Քրիստոսով իմ քույրերի ու եղբայրների ոգեշնչող օրինակներից, և սովորելու, թե ինչպես պետք է ավելի արդյունավետ ծառայել կարիքի մեջ գտնվողներին:
Մի խոսքով, ես այստեղ եմ, որովհետև սիրում եմ իմ Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:
Համոզված եմ, որ դուք ունեք միևնույն պատճառը: Ահա թե ինչու՝ մենք պատրաստ ենք ոչ միայն հայտարարություններ անելու Փրկչին հետևելու մասին, այլ նաև զոհաբերություն անելու Փրկչին հետևելու համար: Դա է պատճառը, որ մենք պատվով կրում ենք Նրա սուրբ քահանայությունը:
Կայծից մինչև խարույկ
Անկախ նրանից, թե ձեր վկայությունը ծաղկուն է և առողջ, թե Եկեղեցում ակտիվ լինելն ավելի շատ նման է Պոտյոմկինի գյուղին, կա մի լավ նորություն. դուք կարող եք կառուցել ձեր ուժեղ կողմերի վրա: Այստեղ՝ Հիսուս Քրիստոսի եկեղեցում, դուք կարող եք հոգեվորապես հասունանալ և մոտենալ Փրկչին՝ կիրառելով օրեցօր:
Համբերությամբ ու համառությամբ, աշակերտության ամենափոքր քայլը կամ հավատքի ամենափոքր կայծն անգամ կարող է վերածվել նվիրաբերված կյանքի բոցավառվող խարույկի: Ի դեպ, խարույկների մեծ մասը սկսվում է հենց մի պարզ կայծից:
Այնպես որ, եթե դուք փոքր և թույլ եք զգում, խնդրում եմ, պարզապես եկեք Քրիստոսի մոտ, ով թույլ կողմերը դարձնում է ուժեղ: Մեզանում ամենաթույլը Աստծո շնորհի միջոցով կարող է դառնալ հոգեպես ուժեղ, որովհետև Աստված «աչառ չէ»: Նա է մեր «հաւատարիմ Աստուածը, որ իրան սիրողների եւ իր պատուիրանքները պահողների համար… . ողորմութիւն է պահում»:
Իմ համոզմունքն է, որ եթե Աստված կարող է հասնել ու պահպանել պատերազմական երկրում համեստ ընտանիքի մի աղքատ գերմանական փախստականի, որը եկեղեցու կենտրոնական գրասենյակից կես աշխարհ հեռու էր, ապա Նա կարող է հասնել նաև ձեզ:
Իմ սիրելի եղբայրներ Քրիստոսում, Արարիչ Աստված, ով կյանքի շունչ է տալիս տիեզերքին, անշուշտ զորություն ունի շունչ տալ ձեր կյանքին: Անշուշտ, նա կարող է դարձնել ձեզ անկեղծ՝ հոգևոր լույս և ճշմարտություն ճառագող այն էակը, որ կամենում եք լինել:
Աստծո խոստումներն անխախտ են և որոշակի: Մենք կարող ենք ներվել մեր մեղքերից և մաքրվել ամեն անարդարությունից: Եվ եթե մենք շարունակենք ընդունել և ապրել ճշմարիտ սկզբունքներով մեր անձնական հանգամանքներում և մեր ընտանիքում, մենք, ի վերջո, կհասնենք մի կետի, որտեղ «Այլ եւս ոչ կ’սովենք եւ ոչ կ’ծարաւինք… . Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ [մեզ] եւ կ’առաջնորդէ [մեզ] դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը [մեր] աչքերիցը:
Եկեղեցին բուժվելու վայր է, ոչ թե թաքնվելու
Բայց դա չի կարող տեղի ունենալ, եթե մենք թաքնվենք անձնական, դավանաբանական կամ կազմակերպչական ճակատի ետևում: Նման արհեստական աշակերտությունը ոչ միայն շարունակ խանգարում է մեզ տեսնել, թե ով ենք մենք իրականում, այլև կանխում է Փրկչի Քավության հրաշքի միջոցով մեր իրական փոփոխությունը:
Եկեղեցին ավտոսրահ չէ՝ որտեղ մեզ ի ցույց ենք դնում, որպեսզի ուրիշները հիանան մեր հոգևորությամբ, կարողություններով կամ բարգավաճմամբ: Այն ավելի շատ նման է սպասարկման կենտրոնի, որտեղ տրանսպորտային միջոցները գալիս են վերանորոգման, պահպանման ու վերականգնման:
Եվ մի՞թե մենք, բոլո՛րս, կարիք չունենք վերանորոգման, պահպանման և վերականգնման:
Մենք գալիս ենք եկեղեցի ոչ թե մեր խնդիրները թաքցնելու, այլ բուժելու:
Եվ, որպես քահանայություն կրողներ, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն՝ «Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով. Ոչ թէ ինչպէս վիճակների վերայ տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով»:
Հիշեք, եղբայրներ. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»։
Ամենամեծ, առավել ընդունակ, ամենակայացած մարդը, ով երբևէ քայլել է այս երկրի վրա, նաև ամենից խոնարհն էր: Իր առավել տպավորիչ ծառայություններից շատերը նա կատարել է առանձին՝ միայն մի քանի ականատեսների ներկայությամբ, ում խնդրել է «ոչ ոքի չասել» Իր արածը: Երբ մեկը նրան «բարի» էր կոչում, Նա շատ արագ շեղում էր հաճոյախոսությունը, պնդելով, որ միայն Աստված է իսկապես բարի: Ակնհայտ է, որ աշխարհի գովասանքը նշանակություն չուներ նրա համար. Նրա միակ նպատակն էր ծառայել Իր Հորը, և «միշտ նորան հաճելի բաներն անել»: Մենք լավ կանենք, որ հետևենք մեր Վարդապետի օրինակին:
Թող որ մենք սիրենք, ինչպես Նա է սիրում
Եղբայրներ, սա մեր բարձր և սուրբ կոչումն է՝ լինել Հիսուս Քրիստոսի գործակալները, սիրել, ինչպես Նա էր սիրում, ծառայել, ինչպես Նա էր ծառայում՝ «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները», «հոգ տանել աղքատների ու կարիքավորների համար», և այցելել այրիներին ու հայրազուրկներին:
Իմ աղոթքն է, եղբայրներ, որ մինչ մենք ծառայում ենք մեր ընտանիքում, քվորումում, ծխում, ցցում, համայնքում և երկրում, մենք դիմակայենք ուշադրությունն ինքներս մեզ վրա հրավիրելու գայթակղությանը, և դրա փոխարեն, ձգտենք շատ ավելի հեռու գնացող պատվի՝ դառնալու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոնարհ, անկեղծ աշակերտները: Երբ այդպես վարվենք, մենք մեզ կգտնենք այն ճանապարհով քայլելիս, որը տանում է մեր անձը դեպի լավագույնը, առավել անկեղծը և ազնիվը: Այդ մասին ես վկայում եմ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: