Մխիթարիչը
Ես վկայում եմ, որ կենդանի Քրիստոսն այն մարդկանց է ուղարկում Սուրբ Հոգին, Մխիթարիչին, որոնց մխիթարելու համար մենք երդվել ենք օգնել Նրան։
Իմ սիրելի քույրեր, ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար։ Ես մտածել եմ իմ մոր, իմ կնոջ, իմ աղջիկների, իմ հարսների, իմ թոռնուհիների մասին, որոնցից շատերն այստեղ են։ Այս հիանալի ծրագրի միջոցով ես ավելի եմ գնահատում նրանց։ Ես գիտակցել եմ, որ այդպիսի հրաշալի ընտանիք ունեմ նրա շնորհիվ, որ նրանք դրել են Փրկչին իրենց կյանքի կենտրոնում։ Այս երեկո մենք Նրան հիշատակել ենք՝ երաժշտության, աղոթքների և ոգեշնչող քարոզների մեջ։ Փրկչի հատկանիշներից մեկը, որը մենք անչափ գնահատում ենք, դա Նրա անսահման կարեկցանքն է։
Այս երեկո դուք զգացել եք, թե ինչպես Նա գիտի ձեզ և սիրում է ձեզ։ Դուք զգացել եք Նրա սերն այն մարդկանց հանդեպ, ովքեր նստած են ձեր շրջապատում։ Նրանք ձեր քույրերն են՝ Երկնային Հոր հոգևոր դուստրերը։ Նա հոգ է տանում նրանց մասին այնպես, ինչպես Նա հոգ է տանում ձեր մասին։ Նա հասկանում է նրանց բոլոր վշտերը։ Նա ցանկանում է կարեկցել նրանց։
Իմ ուղերձն այսօր այն մասին է, որ դուք կարողանաք և լինեք այն կարևոր մասը Նրա, որ մխիթարություն տաք նրանց, ովքեր մխիթարության կարիքն ունեն։ Դուք կարող եք ձեր մասը լավագույն կերպով անել, եթե դուք ավելին իմանաք, թե ինչպես է նա պատասխանում օգնության այդ աղոթքներին։
Շատերն են Երկնային Հորն աղոթում ազատման՝ իրենց վշտի, միայնակության և վախի բեռը կրելու օգնության համար։ Երկնային Հայրը լսում է այդ աղոթքները և հասկանում է նրանց կարիքները։ Նա և Նրա Սիրելի Որդին, հարություն առած Հիսուս Քրիստոսը, խոստացել են օգնություն։
Հիսուս Քրիստոսը տվել է այս հաճելի խոստումը․
«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ:
Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:
Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:
Այն բեռը, որը պետք է կյանքում կրեն Իր հավատարիմ ծառաները, թեթևացել է Նրա Քավության շնորհիվ։ Մեղքի բեռը կարելի է հեռու տանել, սակայն մահկանացու կյանքի փորձությունները դեռևս կարող են ծանր բեռ լինել լավ մարդկանց համար։
Այդպիսի փորձությունների ականատես եք եղել ձեր սիրելի մարդկանց կյանքում։ Դուք ցանկություն եք ունեցել օգնելու նրանց։ Նրանց հանդեպ ձեր կարեկից զգացողության համար, կա պատճառ։
Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուխտյալ անդամ եք։ Մեծ փոփոխություն տեղի ունեցավ ձեր սրտում, երբ միացաք Եկեղեցուն։ Դուք ուխտ կապեցիք, և խոստում ստացաք, որը փոխեց ձեր ողջ բնույթը։
Մորմոնի ջրերում Ալման իր խոսքերով նկարագրեց մկրտության ժամանակ ձեր խոստացածը և այն, թե ինչ նշանակություն կունենա դա ձեր և ձեր շրջապատի՝ հատկապես ձեր ընտանիքների համար։ Նա խոսում էր նրանց հետ, ովքեր պատրաստվում էին մտնել այն ուխտի մեջ, որը դուք կապել եք և նաև նրանք ստացան այն խոստումը, որը Տերը տվել է ձեզ։
«Նայե՛ք, ահա Մորմոնի ջրերը, (քանզի այդպես էին նրանք կոչվում) և արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,
Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ»։
Այդ պատճառով է, որ դուք ցանկանում եք օգնել այն մարդուն, ով դժվարանում է վշտի և դժվարության բեռի տակ առաջ շարժվել։ Դուք խոստացաք, որ կօգնեք Տիրոջը, որ թեթևացնի նրանց բեռը և մխիթարի նրանց։ Սուրբ Հոգու պարգև ստանալուց հետո, Ձեզ տրվեց զորություն՝ թեթևացնելու այդ բեռը։
Իր խաչվելուց անմիջապես առաջ Փրկիչը նկարագրեց, թե ինչպես է Նա օգնում թեթևացնել բեռը և ուժ տալիս դրանք կրելու համար։ Նա գիտեր, որ Իր աշակերտները կտխրեն։ Նա գիտեր, որ նրանք կվախենային իրենց ապագայի համար։ Նա գիտեր, որ նրանք վստահ չեն զգա իրենց՝ առաջ շարժվելու համար։
Այսպիսով Նա տվեց մի խոստում նրանց, որը Նա տալիս է նաև մեզ և Իր բոլոր ճշմարիտ աշակերտներին․
«Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։
Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի»։
Ապա Նա խոստացավ․
«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ»։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ես ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրբ Հոգին ուղարկելու այդ խոստումն իրականանում ստծո այն զավակների կյանքում, ովքեր աղոթքով աղաչում էին, որ իրենց բեռը թեթևացվի։ Բեռի թեթևացման հրաշքը տեղի ունեցավ այն ձևով, ինչպես Տերն էր խոստացել։ Նա և Երկնային Հայրը ուղարկեցին Սուրբ Հոգուն՝ որպես Մխիթարիչ օգնելու Իր աշակերտներին։
Վերջերս ընտանիքի երեք սերունդներ սգում էին հինգամյա տղայի մահը։ Նա մահացել էր պատահաբար, երբ իր ընտանիքի հետ գտնվում էր արձակուրդում։ Ինձ կրկին անգամ հնարավորություն տրվեց ականատես լինել, թե ինչպես է Տերն թեթևացմամբ և համբերելու ուժով օրհնում հավատարիմներին։
Ես հետևում էի, թե ինչ եղանակով Տերը թեթևացրեց նրանց մեծ բեռը։ Ես նրանց հետ էի, որպես Տիրոջ ուխտյալ ծառա, ինչպես դուք հաճախ կլինեք ձեր կյանքում, «որպեսզի սգայի նրանց հետ, ովքեր սգում են, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»։
Քանի որ ես գիտեի, որ դա ճշմարիտ էր, ես գոհ էի և խաղաղ էի զգում, երբ տատիկն ու պապիկը հուղարկավորությունից առաջ հրավիրեցին ինձ հանդիպել իրենց և փոքրիկ տղայի ծնողների հետ։
Ես աղոթեցի, որպեսզի իմանայի, թե ինչպես կարող էի օգնել Տիրոջը մխիթարել նրանց։ Մենք նստեցինք մեր հյուրասենյակում։ Բուխարիում մի փոքր կրակ էի վառել, որպեսզի տաքացնեի սենյակը այդ ցուրտ երեկոյան։
Ես զգացի, որ պետք է ասեի, որ սիրում էի նրանց։ Ես ասացի նրանց, որ ես զգացել եմ Տիրոջ սերը նրանց հանդեպ։ Մի քանի բառով ես ասացի, որ սգում եմ նրանց հետ, բայց միայն Տերը գիտի և կարող է նրանց ցավը և վիշտը ամբողջովին զգալ։
Այդ մի քանի բառերն ասելուց հետո, ես զգացի, որ պետք է սիրով լսեմ, մինչ նրանք խոսում են իրենց զգացմունքների մասին։
Այդ մեկ ժամի ընթացքում նրանք ավելի շատ խոսեցին, քան ես։ Ես նրանց ձայնից կարող էի զգալ և նրանց աչքերում կարող էի տեսնել, որ Սուրբ Հոգին դիպչում էր նրանց։ Պարզ վկայության խոսքերով նրանք պատմեցին, թե ինչ էր պատահել և ինչպիսի զգացումներ էին ունեցել։ Սուրբ Հոգին նրանց արդեն պարգևել էր այն խաղաղությունը, որը գալիս է հավերժական կյանքի մասին հույս ունենալուց, երբ նրանց որդին, ով անմեղ էր մահացել, կարող էր ընդմիշտ լինել իրենց հետ։
Երբ ես նրանցից յուրաքանչյուրին տվեցի քահանայության օրհնություն, ես շնորհակալություն հայտնեցի Սուրբ Հոգուն՝ այնտեղ ներկա լինելու համար։ Մխիթարիչը եկավ՝ բերելով նրանց և մեզ բոլորիս հույս, խիզախություն և մեծ ուժ։
Այդ երեկո ես ականատես եղա, թե ինչպես է Տերն աշխատում մեզ հետ, որպեսզի թեթևացնի Իր ժողովրդի բեռը։ Դուք հիշում եք Մորմոնի Գրքում, երբ Իր ժողովուրդը գրեթե ջախջախված էր այն բեռի տակ, որը նրանց մեջքի վրա էր դրվել դաժան վերակացուների կողմից։
Ժողովուրդն աղերսում էր փրկության համար, ինչպես նրանցից շատերը, որոնց մենք սիրում ու ծառայում ենք։ Ահա այն գրառումը, որը ես գիտեմ, որ ճշմարիտ է․
«Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք. և սա ես կանեմ, որպեսզի հետագայում դուք կարողանաք կանգնել որպես վկաներ ինձ համար, և որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ։
Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»։
Ես այդ հրաշքին կրկին ու կրկին անգամ ականատես եմ եղել։ Մենք ուրիշների բեռը լավագույն կերպով թեթևացնում ենք, երբ օգնում ենք Տիրոջն ուժեղացնել նրանց։ Այդ պատճառով է Տերը ուրիշներին մխիթարելու մեր պարտականության մեջ պատվիրել, որ լինենք Նրա վկաները բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում։
Այդ երեկոյան հյուրասենյակում, այդ փոքրիկ տղայի հայրը և մայրը վկայություն բերեցին Փրկչի մասին։ Սուրբ Հոգին ներկա գտնվեց և մենք բոլորս մխիթարվեցինք։ Ծնողները ուժ ստացան։ Բեռը և վիշտը չանհայտացան, բայց դրանք օգնեցին դիմանալ տխրությանը։ Նրանց հավատքը մեխացավ։ Եվ նրանց ուժը կշարունակի աճել, եթե նրանք խնդրեն դա և ապրեն դրա համար։
Այդ երեկո ներկա գտնվող Քավության մասին Հոգու վկայությունն էր, որ ուժեղացրեց Հոբին՝ կրելու իր բեռը․
«Իսկ ես գիտեմ որ Փրկիչս կենդանի է, եվ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ։
Եվ իմ մորթը այսպես թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն»։
Դա այդ Հոգու վկայությունն էր, որ դիմանալու ուժ տվեց։ Նա կանցնի իր շուրջը գտնվող մարդկանց սգո և մխիթարության պակասի միջով, որպեսզի տեսնի այն ուրախությունը, որը կգա այն հավատարիմներին, ովքեր հավատարմորեն անցնում են իրենց փորձությունների միջով։
Այդպես էր նաև Հոբի դեպքում։ Օրհնությունները նրան եկան այս կյանքում։ Հոբի պատմությունը վերջանում է այսպիսի հրաշքով․
«Եվ Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն ավելի։ …
Եվ Յոբի աղջիկների պէս գեղեցիկ կանայք չէր գտնուիլ այն երկրումը․ եվ նորանց հայրը նորանց ժառանգութիուն տուավ իրանց եղբայրների մէջ։
Եվ Յոբը սորանից յետոյ հարիուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիքն ու որդկանցը որդիքը՝ չորս սերունդ։
Եվ Յոբը մեռավ ծերացած և օրերիցը կշտացած»։
Գալիք Քավության վերաբերյալ Հոգու վկայությունն էր, որը Հոբը տեսավ կյանքի նախատեսած փորձությունների շնորհիվ՝ մեզ բոլորիս համար։ Դա երջանկության մեծ ծրագրի մի մասն էր, որ Հայրը տվեց մեզ։ Նա թույլ տվեց, որ Իր Որդին՝ Իր քավիչ զոհաբերության շնորհիվ հույս բերի, որը կմխիթարի մեզ անկախ նրանից, թե որքան դժվար կլինի ճամփան դեպի տուն՝ դեպի Նա։
Հայրը և Որդին ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի նա մխիթարի և ուժեղացնի Վարպետի աշակերտներին իրենց ճամփորդության ժամանակ։
Ես մխիթարության այդ հրաշքը տեսա, երբ ժամանեցի այն սենյակի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար փոքրիկ տղայի հուղարկավորությունը։ Ինձ կանգնեցրեց մի սիրալիր երիտասարդ կին, որին ես չէի ճանաչում։ Նա ասաց, որ մասնակցում էր հուղարկավորությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում սգար և մխիթարեր։
Նա ասաց, որ մասնակցում էր հուղարկավորությանը մասամբ իրեն մխիթարելու համար։ Նա ասաց ինձ, որ իր առաջնեկը վերջերս էր մահացել։ Նա գրկել էր մի գեղեցիկ փոքրիկ աղջկա։ Ես կռացա, որպեսզի տեսնեի փոքրիկ աղջնակի ժպտացող դեմքը։ Ես հարցրեցի փոքրիկի մայրիկին․ «Ի՞նչ է նրա անունը»։ Նա արագ և ուրախ պատասխանեց․ «Նրա անունը Ուրախություն է։ Ուրախությունը միշտ հետևում է տխրությանը»։
Նա իր վկայությունն էր բերում ինձ։ Ես տեսնում էի, որ այդ խաղաղությունը և սփոփանքը գալիս էր միայն մեկ հավաստի աղբյուրից։ Միայն Աստված է ճանաչում սրտերը, և իրականում միայն Նա կարող է ասել․ «Ես գիտեմ, թե ինչպես ես դու զգում»։ Այսպիսով, ես կարող էի միայն պատկերացնել նրա ուրախությունը և դրան նախորդած տխրությունը, բայց Տերը, ով սիրում է նրան, գիտի՛ դա։
Ես միայն կարող եմ մասամբ իմանալ, թե որքան է Նա ուրախանում, երբ ամեն անգամ՝ դուք, որպես Նրա աշակերտներ օգնում եք Նրան խաղաղության և ուրախության պահեր պարգևել մեր Երկնային Հոր զավակին։
Ես բերում եմ իմ վկայությունը, որ Տերը խնդրել է յուրաքանչյուրիս՝ Իր աշակերտներին, օգնել կրելու միմյանց բեռը։ Մենք խոստացել ենք անել դա։ Ես բերում եմ իմ վկայությունը, որ Տերն՝ Իր Քավության և Հարության շնորհիվ, կոտրել է մահվան զորությունը։ Ես վկայում եմ, որ կենդանի Քրիստոսն այն մարդկանց է ուղարկում Սուրբ Հոգին, Մխիթարիչին, որոնց մխիթարելու համար մենք երդվել ենք օգնել Նրան։
Ինչպես ես, դուք բոլորդ էլ ականատես եք այն արձանագրության ճշմարտացիությանը, որը գրված էր մորս քորոցի վրա, որը նա կրել էր շուրջ 20 տարի, որպես Սփոփող Միության գերագույն խորհրդի անդամ։ Այն կարդացվում է՝ «Սէրը երբէք չի խափանվում»։ Ես դեռևս չեմ հասկանում այդ բառերի ամբողջ իմաստը։ Բայց ես պատկերացում եմ կազմել, երբ տեսել եմ նրան կարիքավորներին հասնելիս։ Սուրբ գրության մեջ կարդում ենք հետևյալ ճշմարտությունը՝ «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»։
Նրա սերը երբեք չի խափանվում և մենք նույնպես մեր սրտերում չպետք է դադարենք ունենալ ցանկություն՝ «սգալու նրանց հետ, ովքեր սգում են. … և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»։ Ոչ էլ Նրա խոստացած խաղաղությունը երբևէ պետք է լքի մեզ, եթե հանուն Նրա մենք ծառայում ենք իրար։
Որպես Նրա վկա, ես իմ երախտագիտությունն եմ հղում ձեզ այն բանի համար, ինչ դուք այդքան լավ եք անում, որպեսզի օգնեք Կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն՝ Մխիթարիչին, ամրապնդել տկար ծնկները և բարձրացնել կախ ընկած ձեռքերը: Ես իմ ողջ սրտով շնորհակալ եմ իմ կյանքի այն կանանց համար, ովքեր որպես Հիսուս Քրիսոտսի ճշմարիտ աշակերտներ օգնել ու օրհնել են ինձ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։