Սպասելով մոլորվածին
Թող որ դուք և ես հայտնություն ստանանք հասկանալու համար, թե ինչպես կարող ենք մեր կյանքում ճիշտ վերաբերվել մոլորվածներին:
Փրկիչ Հիսուս Քրիստոսն Իր երկրային ծառայությունն անցկացրեց ուսուցանելով Իր բժշկող և փրկագնող զորության մասին: Մի առիթով Նոր Կտակարանի Ղուկաս 15 գլխում Նրան քննադատեցին մեղսավորների հետ ուտելու և ժամանակ անցկացնելու համար (տես Ղուկաս 15.2): Փրկիչն այդ քննադատությունն օգտագործեց ուսուցանելու մեզ, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր կորցրել են իրենց ուղին:
Նա Իր քննադատներին պատասխանեց՝ տալով նրանց երկու կարևոր հարց.
«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա, և նորանցից մեկը կորցնե. չի՞ թողիլ ինսունևինը անապատումը, և այն կորածի ետևից գնալ, մինչև որ գտնե նորան» (Ղուկաս 15.4):
«Ո՞վ է այն կինը, որը տասը դրամ ունենա և եթե մեկ դրամ կորցնե, ճրագ չի վառիլ և տունն ավելել և սաստիկ որոնել, մինչև որ գտնե» (Ղուկաս 15.8):
Այնուհետև Փրկիչն ուսուցանեց անառակ որդու մասին առակը: Այդ առակը 100 ոչխարի կամ 10 կտոր արծաթի մասին չէ, այն մի թանկագին որդու մասին է, որ մոլորվել էր: Այդ առակով Փրկիչն ուսուցանում է մեզ, թե ինչպես պետք է վերաբերվենք ընտանիքի այն անդամին, ով կորցրել է իր ուղին:
Անառակ որդին տեղեկացնում է հորը, որ ցանկանում է ստանալ իր հասանելիք ժառանգությունը: Նա ցանկանում է թողնել ապահով հայրական տունը և աշխարհիկ կյանքով ապրել (տես Ղուկաս 15.12–13): Ուշադրություն դարձրեք, որ Փրկչի առակում հայրը սիրով է արձագանքում որդուն՝ տալով նրան իր ժառանգությունը: Իհարկե, հայրն ամեն կերպ պետք է որ համոզած լիներ իր որդուն, որ նա մնար: Ինչևէ, եթե չափահաս որդին կատարել է իր ընտրությունը, իմաստուն հայրը թույլ է տալիս, որ նա հեռանա: Այդպիսով հայրն անկեղծ սեր ցուցաբերելով հետևում և սպասում է (տես Ղուկաս 15.20):
Իմ ընտանիքը նմանատիպ փորձառություն է ունեցել: Իմ երկու հավատարիմ եղբայրները, հրաշալի քույրը և ես մեծացել ենք օրինակելի ծնողների կողմից: Մենք մեծացել ենք տանն ուսուցանվելով ավետարանը, և չորսս էլ մեր կողակիցների հետ կնքվել ենք տաճարում: Սակայն 1994թ. մեր քույր Սյուզանը հիասթափվեց Եկեղեցուց և Եկեղեցու որոշ ուսմունքներից: Նրան այդպես էին տրամադրել Եկեղեցու նախկին ղեկավարներին ծաղրողներն ու քննադատողները: Նա թույլ էր տվել, որ խամրի իր հավատքն առ կենդանի մարգարեներն ու առաքյալները: Ժամանակի ընթացքում, նրա հավատքը տեղի տվեց կասկածներին, և նա որոշեց հեռանալ Եկեղեցուց: Սյուզանը ինձ թույլատրեց ներկայացնել իր պատմությունը, հույսով, որ այն կօգնի շատերին:
Եղբայրներս, ես և մեր այրիացած մայրը խորապես տխրել էինք: Մենք չէինք կարողանում պատկերացնել, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ նա հեռանար իր հավատքից: Քրոջս ընտրություններն ասես կոտրել էին մեր մոր սիրտը:
Եղբայրներս և ես ծառայել էինք որպես եպիսկոպոսներ և քվորումի նախագահներ, և ծխի և քվորումի անդամների հետ ապրել էինք հաջողության ուրախությունը, երբ թողեցինք ինսունիննին և գնացինք մեկի ետևից: Ինչևէ, մեր քրոջը փրկելուն և նրան ետ բերելուն ուղղված մեր համառ ջանքերը նրան միայն ավելի ու ավելի էին հեռացնում:
Երբ երկնային առաջնորդությունն էինք փնտրում, որպեսզի իմանայինք ինչպես վերաբերվել նրան, ակնհայտ դարձավ, որ մենք պետք է հետևեինք անառակ որդու մասին առակում տրված հոր օրինակին: Սյուզանը կատարել էր իր ընտրությունը, և մենք պետք է, փոխաբերական իմաստով, հանգիստ թողնեինք նրան, միևնույն ժամանակ ցույց տալով մեր անկեղծ սերը նրա հանդեպ: Եվ այսպես, նորոգված սիրով և բարյացակամորեն մենք հետևում և սպասում էինք:
Մայրս երբեք չէր դադարում սեր և հոգատարություն ցուցաբերել Սյուզանի հանդեպ: Ամեն անգամ մայրս տաճար այցելելիս Սյուզանի անունը դնում էր աղոթքի ցուցակում, և երբեք հույսը չէր կորցրնում: Կալիֆորնիայում Սյուզանին ամենամոտ ապրող ավագ եղբայրս և նրա կինը նրան հրավիրում էին ընտանեկան բոլոր միջոցառումներին: Նրանք ամեն տարի Սյուզանի ծննդյան օրն իրենց տանը ընթրիք էին պատրաստում: Միշտ նրա հետ կապ էին պահում և հավաստիանում, որ նա զգում էր իր հանդեպ նրանց անկեղծ սերը:
Կրտսեր եղբայրս և նրա կինը միշտ շփվում էին Սյուզանի երեխաների հետ Յուտայում, սեր և հոգատարություն ցուցաբերում նրանց հանդեպ: Նրանք երբեք չէին մոռանում Սյուզանի երեխաներին հրավիրել իրենց ընտանեկան հավաքույթներին, իսկ երբ եկավ Սյուզանի թոռնիկի մկրտվելու օրը, եղբայրս կատարեց այդ արարողությունը: Սյուզանը նաև ուներ սիրալիր տնային ուսուցիչներ և այցելող ուսուցիչներ, ովքեր երբեք անձնատուր չեղան:
Ամեն անգամ երբ մեր երեխաները միսիա էին մեկնում կամ ամուսնանում, Սյուզանին հրավիրում էինք և նա ներկա էր գտնվում բոլոր ընտանեկան միջոցառումներին: Մենք միշտ փորձում էինք ընտանեկան հավաքներ կազմակերպել, որպեսզի Սյուզանը և նրա երեխաները մեզ հետ լինեին և իմանային, որ մենք սիրում էինք նրանց, և նրանք մեր ընտանիքի մասն էին: Երբ Սյուզանը գիտական աստիճան ստացավ Կալիֆորնիայի համալսարանից, մենք բոլորս նրա կողքին էինք և ներկա էինք ավարտական հանդիսավորությանը: Թեպետ չէինք կարողանում ընդունել նրա բոլոր ընտրությունները, մենք անկասկած ընդունում էինք նրան: Մենք սիրում, հետևում և սպասում էինք:
2006 թվին արդեն 12 տարի էր, ինչ Սյուզանը լքել էր Եկեղեցին, երբ մեր դուստր Քեթին իր ամուսնու հետ տեղափոխվեց Կալիֆորնիա, իրավագիտական կրթություն ստանալու: Նրանք ապրում էին Սյուզանի քաղաքում: Այդ երիտասարդ զույգը խնդրել էր հորաքույր Սյուզանին օգնել իրենց, և նրանք սիրում էին նրան: Սյուզանն օգնել էր խնամել մեր երկու տարեկան թոռնիկին, Լյուսիին, և նրանք միասին ասում էին երեկոյան աղոթքները: Մի օր Քեթին զանգահարեց ինձ և հարցրեց, ինչ եմ կարծում, արդյոք Սյուզանը երբևէ կվերադառնա Եկեղեցի: Ես նրան ասացի, որ զգում եմ, որ նա կգա, և մենք պետք է շարունակենք համբերատար լինել: Եվս երեք տարի անցավ, սիրով լի մենք հետևում և սպասում էինք:
Վեց տարի առաջ այս կիրակի օրը ես և կինս, Մարսիան, նստած էինք այս Համաժողովների Կենտրոնի առաջին շարքում: Այդ օրն ինձ պետք է հաստատեին որպես նոր Բարձրագույն Իշխանավոր: Մարսիան, որը միշտ գտնվում է Հոգու ներգործության ներքո, մի գրություն գրեց ինձ ասելով. «Կարծում եմ, Սյուզանի վերադառնալու ժամանակն է»: Դուստրս՝ Քեթին ինձ առաջարկեց մի պահ դուրս գալ, զանգահարել Սյուզանին և առաջարկել նրան դիտել այդ օրվա գերագույն համաժողովը:
Հուշում ստանալով այդ երկու հրաշալի կանանց կողմից, ես դուրս եկա նախասրահ և զանգահարեցի քրոջս: Հեռախոսը չպատասխանեց և ես մի հաղորդագրություն թողեցի, առաջարկելով դիտել գերագույն համաժողովի այդ նիստը: Նա ստացել էր իմ հաղորդագրությունը և, ի ուրախություն մեզ, հուշում էր ստացել դիտելու համաժողովի բոլոր նիստերը: Նա լսել էր մարգարեներին և առաքյալներին, որոնց սիրում էր նախկինում: Լսել էր նոր անուններ, որ չէր լսել նախկինում, այդ թվում՝ Նախագահ Ուխդորֆի և Երեցներ Բեդնարի, Քուքի, Քրիստոֆերսոնի և Անդերսենի անունները: Այս և երկնքից ուղարկված այլ անզուգական տպավորությունների ներքո քույրս, առակի անառակ որդու պես, ինքն իրեն վերագտավ (տես Ղուկաս 15.17): Մարգարեների և առաքյալների խոսքերը և իր ընտանիքի սերը նրան դրդեց շրջվել և քայլերն ուղղել դեպի տուն: 15 տարի անց քույրս, ով կորած էր, գտնվեց: Հետևելու և սպասելու ժամանակն ավարտված էր:
Սյուզանի խոսքերով այդ փորձառությունը նման էր Մորմոնի Գրքում Լեքիի նկարագրությանը: Նա բաց էր թողել երկաթե ձողը և հայտնվել խավարի մեգում (տես 1 Նեփի 8.23): Նա ասում է, որ չէր գիտակցում, որ մոլորվել էր, մինչև որ Քրիստոսի Լույսն իր մեջ արթնացրեց հավատքը, որը վառ կերպով տեսանելի դարձրեց զատող հակադրությունն աշխարհում ունեցած իր փորձի և նրա միջև, ինչ Տերն ու իր ընտանիքն էին առաջակում:
Անցած վեց տարվա ընթացքում հրաշք տեղի ունեցավ: Սյուզանը նորովի վկայություն ստացավ Մորմոնի Գրքի վերաբերյալ: Նա ստացավ իր տաճարային երաշխավորագիրը: Նա ծառայեց որպես արարողության աշխատող տաճարում և այժմ իր ծխում ուսուցանում է ավետարանի վարդապետությունը: Երկնքի պատուհանները բացվեցին նրա զավակների և թոռների համար, և թեպետ եղել են բարդ հետևանքներ, ասես, նա երբեք էլ չէր հեռացել:
Ձեզանից ոմանք Նիլսոն ընտանիքի պես ունեն ընտանիքի անդամներ, ովքեր ժամանակավորապես կորցրել են իրենց ուղին: Փրկչի հրահանգն է բոլորին, ովքեր 100 ոչխար ունեն, թողնել ինսունիննին և գնալ փրկելու մեկին: Նրա հրահանգն է նրանց, ովքեր 10 կտոր արժաթ ունեն և կորցնում են մեկը, փնտրել մինչև կգտնեն այն: Երբ մոլորվածը ձեր որդին կամ դուստրն է, ձեր եղբայրը կամ քույրը, և նա ընտրել է հեռանալ, մենք մեր ընտանիքի փորձից սովորեցինք, որ բացի այն ամենն, ինչ կարող ենք անել, մենք պետք է սիրենք այդ անձնավորությանը մեր ողջ սրտով և հետևենք, աղոթենք և սպասենք, որ Տիրոջ ձեռքը հայտնվի:
Թերևս ամենակարևոր դասը, որ Տերն ուսուցանեց ինձ այդ ընթացքում, երբ քույրս հեռացել էր Եկեղեցուց, տեղի ունեցավ մեր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ: Մեր որդին՝ Դեյվիդը կարդում էր, երբ մենք միասին ուսումնասիրում էինք Ղուկաս գլուխը: Երբ նա կարդաց անառակ որդու առակը, այդ օրը ես այլ կերպ ընկալեցի այն: Ինչ-որ կերպ ես միշտ ինձ համարում էի այն որդին, որ տանն էր մնացել: Երբ Դեյվիդը կարդաց այդ առավոտ, ես հասկացա, որ ինչ-որ առումով ես անառակ որդին էի: Մենք բոլորս զրկված ենք Հոր փառքից (տես Հռովմայեցիս 3.23): Մենք բոլորս մեզ բժշկող Փրկչի Քավության կարիքն ունենք: Մենք բոլորս մոլորված ենք և մեզ գտնելու կարիքն ունենք: Այդ օրն այդ հայտնությունն օգնեց ինձ հասկանալ, որ ես և քույրս, երկուսս էլ Փրկչի սիրո և Նրա Քավության կարիքն ունեինք: Ես և Սյուզանն իրականում գտնվում էինք տունդարձի նույն ճանապարհին:
Ազդեցիկ են Փրկչի խոսքերն այս առակում, որտեղ նա նկարագրում է ինչպես է իր անառակ որդուն դիմավորում հայրը, և, կարծում եմ, դրանք գուցե նկարագրում են այն փորձառությունը, որ դուք և ես կունենանք Հոր հետ, երբ մեր երկնային տուն վերադառնանք: Դրանք ուսուցանում են մեզ հոր մասին, ով սիրում, սպասում և հետևում է: Սրանք են Փրկչի խոսքերը. «Եվ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նորան և գութը շարժեց. և վազեց՝ նորա վզովն ընկավ, և համբուրեց նորան» (Ղուկաս 15.20):
Թող որ դուք և ես հայտնություն ստանանք իմանալու համար, թե ինչպես կարող ենք մեր կյանքում ճիշտ վերաբերվել մոլորվածներին, և անհրաժեշտության դեպքում ունենալ մեր Երկնային Հոր և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի համբերատարությունն ու սերը, երբ սիրում, հետևում և սպասում ենք նրանց: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: