Շրջանակ՝ անձնական հայտնության համար
Մենք պետք է հասկանանք շրջանակը, որի սահմաններում գործում է Սուրբ Հոգին: Երբ մենք գործում ենք այդ շրջանակի սահմաններում, Սուրբ Հոգին կարող է զարմանալի գաղափարներ ուղարկել:
Ձեզանից շատերի նման ես էլ տարիների ընթացքում կրել եմ երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի մեծ ազդեցությունը: Դա առնվազն մասնակիորեն բացատրում է այն, ինչ պատրաստվում եմ ասել:1 Այսպիսով, ներողություն խնդրելով նրանից …
Ավիաընկերության լավ վարժված օդաչուները թռչում են իրենց ինքնաթիռների հզորության սահմաններում և հետևում վազքուղիների օգտագործման ու թռիչքուղիների վերաբերյալ օդային երթևեկության հսկիչների ցուցումներին Պարզ ասած օդաչուները գործում են շրջանակի սահմաններում: Անկախ նրանից, թե որքան փայլուն կամ տաղանդավոր են նրանք, միայն այս շրջանակում թռչելով, օդաչուները կարող են ապահով կերպով ազատ արձակել ինքնաթիռի հսկայական ներուժը՝ դրա հրաշագործ նպատակներն իրականացնելու համար:
Նույն կերպ մենք անձնական հայտնություն ենք ստանում շրջանակի սահմաններում: Մկրտությունից հետո մեզ տրվում է մի փառահեղ բայց գործնական պարգև` Սուրբ Հոգու պարգևը:2 Մինչ մենք ձգտում ենք մնալ ուխտի արահետում,3 «Սուրբ Հոգին է … [որ] ցույց կտա [մեզ] բոլոր բաները [որոնք մենք] պետք է անենք»:4 Երբ մենք անվստահ ենք կամ անհանգիստ, մենք կարող ենք օգնություն խնդրել Ատծուց:5 Փրկչի խոստումը չէր կարող ավելի հստակ լինել. «Խնդրեցեք և կտրուի ձեզ, … որովհետեւ, ամեն խնդրող առնում է»:6 Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք փոխակերպել մեր աստվածային էությունը` դարձնելով այն մեր հավերժական ճակատագիրը:7
Անձնական հայտնության խոստումը Սուրբ Հոգու միջոցով ակնածանք է ներշնչում, ինչպես թռչող ինքնաթիռը: Եվ ինքնաթիռի օդաչուների նման մենք պետք է հասկանանք այն շրջանակը, որի սահմաններում Սուրբ Հոգին գործում է` ապահովելով անձնական հայտնություն: Երբ մենք գործում ենք այդ շրջանակի սահմաններում, Սուրբ Հոգին կարող է ուղարկել զարմանալի գաղափարներ, ուղղորդում և հանգստություն: Այդ շրջանակից դուրս՝ անկախ մեր մտքի պայծառությունից կամ տաղանդից, մենք կարող ենք խաբվել և վթարի ենթարկվել ու այրվել:
Սուրբ գրությունները կազմում են անձնական հայտնության այս շրջանակի առաջին տարրը:8 Քրիստոսի խոսքերով սնվելը, ինչպես տրված է սուրբ գրություններում, խթանում են անձնական հայտնություն: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Երբ մենք ցանկանում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք։ Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները»։9
Սուրբ գրությունները նաև ուսուցանում են մեզ, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն:10 Եվ մենք խնդրում ենք այն, ինչ ճիշտ է ու բարի11 և ոչ թե այն, ինչ հակասում է Աստծո կամքին:12 Մենք «անտեղի չենք խնդրում» ոչ պատշաճ դրդապատճառներով՝ առաջ մղելու մեր սեփական օրակարգը կամ կատարելու սեփական հաճույքը:13 Նախ և առաջ մենք պետք է խնդրենք Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով,14 հավատալով, որ կստանանք:15
Շրջանակի երկրորդ տարրն այն է, որ մենք անձնական հայտնություն ենք ստանում միայն մեր իրավասության ոլորտում, և ոչ թե ուրիշների արտոնության սահմաններում: Այլ կերպ ասած, մենք թռչում ենք և վայրէջք կատարում մեզ համար նշանակված վազքուղում։ Ճիշտ սահմանված վազքուղիների կարևորությունը ուսուցանվել է Վերականգնման պատմության վաղ օրերում: Հայրամ Փեյջը՝ Մորմոնի Գրքի ութ վկաներից մեկը, պնդում էր, որ հայտնություններ էր ստանում ողջ Եկեղեցու համար։ Մի քանի անդամներ խաբվեցին և սխալ ազդեցության տակ ընկան:
Ի պատասխան՝ Տերը հայտնեց, որ «այս Եկեղեցում ոչ ոք չի նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ, բացի իմ ծառա Ջոզեֆ Սմիթից, մինչև որ… մեկ ուրիշի նշանակեմ … նրա տեղը»:16 Վարդապետությունը, պատվիրանները և հայտնությունը Եկեղեցու համար ապրող մարգարեի իրավասությունն է, որը ստանում է դրանք Տեր Հիուս Քրիստոսի կողմից:17 Դա մարգարեի վազքուղին է։
Տարիներ առաջ ես ստացա մի հեռախոսազանգ մի մարդուց, ով ձերբակալվել էր օրինազանցության համար: Նա ինձ ասաց, որ իրեն հայտնել էին, որ լրացուցիչ սուրբ գրություններ են թաղված մի շենքի ներքնահարկում, ուր նա փորձել էր մտնել: Նա պնդում էր, որ հենց որ ձեռք բերի լրացուցիչ սուրբ գրությունը, կստանա թարգմանության պարգևը, ի հայտ կբերի նոր սուրբ գրություն և կձևավորի վարդապետությունը և Եկեղեցու ուղղությունը: Ես ասացի, որ նա սխալվում էր, իսկ նա աղերսեց ինձ, որ աղոթեմ դրա մասին: Ես ասացի, որ չեմ աղոթի: Նա սկսեց վիրավորել ինձ և ավարտեց հեռախոսազանգը:18
Ես կարիք չունեի աղոթելու այս խնդրանքով` մեկ պարզ, բայց հիմնարար պատճառով. միայն մարգարեն է հայտնություն ստանում Եկեղեցու համար: Դա «հակառակ կլիներ Աստծո տնտեսությանը»,19 որ ուրիշները ստանային այդպիսի հայտնություն, որը պատկանում է մարգարեի վազքուղուն:
Անձնական հայտնությունը իրավամբ պատկանում է անհատներին: Դուք կարող եք ստանալ հայտնություն` օրինակ՝ թե որտեղ ապրել, թե ինչ մասնագիտություն ընտրել կամ ում հետ ամուսնանալ:20 Եկեղեցու ղեկավարները կարող են ուսուցանել վարդապետություն և կիսվել ոգեշնչված խորհրդով, բայց այդ որոշումների համար պատասխանատվությունը ձեզ վրա է դրված: Այդ հայտնությունը դուք եք ստանալու, դա ձեր վազքուղին է:
Շրջանակի երրորդ տարրն այն է, որ անձնական հայտնությունը ներդաշնակ կլինի Աստծո պատվիրաններին և ուխտերին, որոնք մենք կապել ենք Նրա հետ: Մտածեք մի աղոթք, որը որոշ չափով այսպես է հնչում. «Երկնային Հայր, Եկեղեցու ծառայությունները ձանձրալի են: Կարե՞լի է երկրպագեմ Քեզ կիրակի օրը լեռներում կամ ծովափին: Կարո՞ղ եմ արդյոք ազատվել Եկեղեցի գնալուց և հաղորդությունը ճաշակելուց, բայց դեռևս ունենալ Հանգստության օրը սուրբ պահելու համար խոստացված օրհնությունները»:21 Ի պատասխան այսպիսի աղոթքի՝ մենք կարող ենք ակնկալել Աստծո պատասխանը. «Զավակս, ես արդեն հայտնել եմ իմ կամքը հանգստության օրվա վերաբերյալ»:
Երբ մենք հայտնություն ենք խնդրում մի բանի մասին, որի համար Աստված արդեն հստակ ուղղություն է տվել, մենք պայմաններ ենք ստեղծում, որ մեր զգացմունքները սխալ մեկնաբանվեն, և մենք լսենք այն, ինչ ուզում ենք լսել: Մի մարդ մի անգամ պատմեց ինձ ընտանիքի ֆինանսական վիճակը հաստատուն դարձնելու իր մաքառումների մասին: Նա ուներ դրամական միջոցները յուրացնելու գաղափարը՝ որպես լուծում, աղոթեց դրա մասին և զգաց, որ հաստատական հայտնություն է ստացել դա անելու համար: Ես գիտեի, որ նա խաբվել էր, որովհետև ձգտել էր Աստծո պատվիրանին հակառակ հայտնության: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է. «Ոչ մի բան ավելի մեծ վնաս չի հասցնում մարդկանց զավակներին, քան կեղծ ոգու ազդեցության տակ լինելը, մինչ նրանք մտածում են, որ ունեն Աստծո Հոգին»:22
Ոմանք գուցե մատնանշեն, որ Նեփին խախտեց պատվիրանը, երբ սպանեց Լաբանին: Այնուամենայնիվ, այդ բացառությունը չի ժխտում կանոնը, այն կանոնը, որ անհատական հայտնությունը ներդաշնակ կլինի Աստծո պատվիրաններին: Այս դրվագի ոչ մի հասարակ բացատրություն լիովին բավարար չէ, բայց ես կընդգծեմ մի քանի տեսակետներ: Դրվագը չսկսվեց Նեփիի հարցումով, թե արդյոք կարող էր սպանել Լաբանին: Դա այն չէր, ինչ նա կամենում էր անել: Լաբանին սպանելը Նեփիի անձնական օգտի համար չէր, այլ սուրբ գրություններ տալու ապագա ազգին և ուխտի ժողովրդին: Եվ Նեփին համոզված էր, որ դա հայտնություն էր` փաստորեն այդ դեպքում այն պատվիրան էր Աստծո կողմից:23
Շրջանակի չորրորդ տարրն է՝ ճանաչել այն, ինչ Աստված արդեն հայտնել է ձեզ անհատապես՝ միաժամանակ բաց լինելով Նրանից հետագա հայտնության համար: Եթե Աստված պատասխանել է որևէ հարցի և հանգամանքները չեն փոխվել, մենք ինչու պիտի սպասենք, որ պատասխանը տարբեր կլինի: Ջոզեֆ Սմիթը բախվեց այս խնդրահարույց սցենարին 1828 թվականին: Մորմոնի Գրքի առաջին մասը թարգմանվել էր, երբ Մարտին Հարրիսը՝ բարերար և վաղ շրջանի գրագիր, Ջոզեֆից թույլտվություն խնդրեց վերցնելու թարգմանված էջերը և ցույց տալու դրանք իր կնոջը: Չիմանալով ինչպես վարվել՝ Ջոզեֆն աղոթեց առաջնորդության համար։ Տերն ասաց նրան, որ թույլ չտար Մարտինին վերցնել էջերը:
Մարտինը խնդրեց, որ Ջոզեֆը նորից խնդրի Աստծուն: Ջոզեֆն այդպես արեց և զարմանալի չէ, որ պատասխանը նույնն էր։ Բայց Մարտինը աղաչեց Ջոզեֆին հարցնել երրորդ անգամ և Ջոզեֆն այդպես արեց: Այդ անգամ Աստված չասաց «Ոչ»: Փոխարենը, Աստված կարծես ասաց. «Ջոզեֆ, դու գիտես, թե ինչպես եմ վերաբերվում այդ հարցին, բայց դու ունես ընտրելու քո ազատ կամքը»: Ազատվելով կաշկանդվածությունից՝ Ջոզեֆը որոշեց թույլ տալ Մարտինին վերցնել 116 ձեռագիր էջերը և ցույց տալ դրանք ընտանիքի մի քանի անդամների: Թարգմանված էջերը կորան և այլևս չվերականգնվեցին: Տերը խիստ հանդիմանեց Ջոզեֆին:24
Ջոզեֆը սովորեց, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն էր ուսուցանել. «Մի փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից: Քանզի … նա խրատում է իմաստությամբ»:25 Հակոբը նախազգուշացրեց, որ անհաջող բաներ են պատահում, երբ մենք խնդրում ենք այն, ինչ չպետք է խնդրենք: Նա կանխագուշակեց, որ Երուսաղեմի ժողովուրդը կփնտրի «բաներ, որոնք չէին [կարող] հասկանալ», կնայեն «նշանակետից այն կողմ», և լիովին կանտեսեն աշխարհի Փրկչին:26 Նրանք սայթաքեցին, որովհետև նրանք խնդրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ:
Եթե մենք անձնական հայտնություն ենք ստացել մեր վիճակի համար և հանգամանքները չեն փոխվել, Աստված արդեն պատասխանել է մեր հարցին:27 Օրինակ՝ մենք երբեմն կրկին ու կրկին հաստատում ենք խնդրում, որ մենք ներվել ենք: Եթե մենք ապաշխարել ենք, լցվել ենք ուրախությամբ և խղճի խաղաղությամբ և ստացել ենք մեր մեղքերի թողությունը, մենք չպետք է նորից խնդրենք, այլ կարող ենք վստահել Աստծո արդեն տված պատասխանին:28
Նույնիսկ, երբ մենք վստահում ենք Աստծո պատասխաններին, մենք պետք է բաց լինենք ապագա անձնական հայտնության համար: Ի վերջո, կյանքի քիչ նշանակման վայրեր են հասնում ուղիղ չվերթով: Մենք պետք է ընդունենք, որ անձնական հայտնությունը կարող է ստացվել «տող առ տող, ցուցում առ ցուցում»,29 այդ բացահայտված ուղղորդումը կարող է լինել և հաճախ աստիճանաբար ավելանալ:30
Անձնական հայտնության համար շրջանակի տարրերը համընկնում և ամրապնդում են միմյանց: Բայց այդ շրջանակում Սուրբ Հոգին կարող է և կբացահայտի այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ սավառնելու և ուխտի ճանապարհին թափը պահպանելու համար: Ուստի մենք կարող ենք օրհնվել Հիսուս Քրիստոսի զորությամբ, որպեսզի դառնանք այն, ինչ Երկնային Հայրն է կամենում, որ մենք լինենք: Ես հրավիրում եմ ձեզ վստահություն ունենալ՝ հայցելու անձնական հայտնություն ձեզ համար, հասկանալով թե Աստված ինչ է բացահայտել, համաձայն սուրբ գրությունների և պատվիրանների, որոնք Նա տվել է Իր նշանակած մարգարեների միջոցով և ձեր սեփական իրավասության ու ազատ կամքի սահմաններում: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին կարող է և ցույց կտա ձեզ բոլոր բաները, որոնք դուք պետք է անեք,31: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։