Հույսի հաղթանակը
Հույսը կենդանի պարգև է, պարգև, որը մեծանում է, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր ամբողջ աշխարհում, մինչ սկսում ենք գերագույն համաժողովի այս շատ հատուկ օրերը, երկնքի աչքերը, անշուշտ, կկենտրոնանան մեզ վրա: Մենք կլսենք Տիրոջ ձայնը Նրա ծառաների միջոցով. մենք կզգանք Սուրբ Հոգու «առաջնորդող, ուղղորդող և մխիթարող» ազդեցությունը, և մեր հավատքը կամրապնդվի:
Երեք տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը սկսեց գերագույն համաժողովը հետևյալ խոսքերով․ «Ձեզ տանջող հարցերի մաքուր հայտնությունը այս համաժողովը կդարձնի արդյունավետ և անմոռանալի: Եթե դուք դեռ չեք փնտրել Սուրբ Հոգու սպասավորությունը, որն օգնում է ձեզ լսել այն, ինչ Տերը կուզեր, որ դուք լսեիք այս երկու օրվա ընթացքում, ես ձեզ հրավիրում եմ անել դա հիմա: Խնդրում եմ այս համաժողովը դարձնել Իր ծառաների միջոցով հայտնված՝ Տիրոջ ուղերձներով սնվելու ժամանակ»։
Սուրբ գրությունները զորեղ կերպով միմյանց են կապում երեք բառ՝ հավատք, հույս, գթություն: Հույսի պարգևը անգին օժտում է Աստծո կողմից։
Շատ բաների համար, որոնք մենք ցանկանում ենք, որ տեղի ունենան, օգտագործվում է հույս բառը: Օրինակ՝ «Հուսով եմ, որ անձրև չի գա» կամ «Հուսով եմ, որ մեր թիմը կհաղթի»: Ես ցանկանում եմ խոսել Հիսուս Քրիստոսի և վերականգնված ավետարանի վրա կենտրոնացած մեր սուրբ և հավերժական հույսերի և «արդարության դիմաց խոստացված օրհնությունների … վստահ սպասում[ի]» մասին:
Մեր հույսը հավերժական կյանքի համար
Հավերժական կյանքի մեր հույսը հաստատվում է Քրիստոսի շնորհով և մեր ընտրություններով՝ տալով մեզ մեր երկնային տուն վերադառնալու և հավերժական խաղաղության ու երջանկության մեջ ապրելու հրաշալի օրհնությունը մեր Երկնային Հոր, Նրա սիրելի Որդու, մեր հավատարիմ ընտանիքի և սիրելի ընկերների հետ, և արդար տղամարդկանց ու կանանց հետ՝ բոլոր մայրցամաքներից և բոլոր դարերից:
Երկրի վրա մենք ունենում ենք ուրախություն և տխրություն, երբ անցնում ենք փորձությունների միջով և ստուգվում: Մեր հաղթանակը գալիս է առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ, երբ մենք հաղթանակած ենք դուրս գալիս մեր մեղքերի, դժվարությունների, գայթակղությունների, անարդարությունների և այս մահկանացու կյանքի փորձությունների միջից:
Երբ մենք ամրապնդում ենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, մենք մեր դժվարություններից այն կողմ տեսնում ենք հավերժության օրհնություններն ու խոստումները: Լույսի նման, որի պայծառությունն աստիճանաբար մեծանում է, հույսը լուսավորում է մութ աշխարհը, և մենք տեսնում ենք մեր փառավոր ապագան:
Հույսը գալիս է Աստծուց
Սկզբից ի վեր մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին օրհնել են արդարներին հույսի թանկարժեք պարգևով:
Այգուց հեռանալուց հետո Ադամն ու Եվան հրեշտակի կողմից ուսուցանվեցին Հիսուս Քրիստոսի խոստումի մասին: Հույսի պարգևը լուսավորեց նրանց կյանքը։ Ադամը հայտարարեց. «Աչքերս բացվել են, և այս կյանքում ես ուրախություն կունենամ»: Եվան խոսեց «[իրենց] փրկագնման [ուրախության], և հավերժական [կյանքի մասին], որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին»:
Ինչպես Սուրբ Հոգին հույս պարգևեց Ադամին, Տիրոջ Հոգու զորությունն այսօր լուսավորում է հավատացյալներին՝ լուսաբանելով հավերժական կյանքի իրականությունը:
Փրկիչը մեզ ուղարկում է Մխիթարիչ՝ Սուրբ Հոգին, մի ընկերակից, որը մեզ բերում է հավատք, հույս և խաղաղություն, բայց ոչ այնպես, «ինչպես աշխարհն է տալիս»:
Փրկիչն ասել է․ «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, [պահեք հույսի պայծառությունը], որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:
Դժվար պահերին մենք ընտրում ենք վստահել Տիրոջը հավատքով: Մենք լուռ աղոթում ենք. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»: Մենք զգում ենք Տիրոջ հավանությունը մեր հեզ պատրաստակամության համար և սպասում ենք խոստացված խաղաղությանը, որը Տերը կուղարկի Իր ընտրած ժամանակին:
Պողոս առաքյալն ուսուցանել է․ «Հույսի Աստվածը … ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ [կ]լցնի … , որպեսզի … հույսով առատանաք», «Հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք» «Սուրբ Հոգու զորության հույսով»:
Հույսի դաս
Մորոնի մարգարեն իր փորձից գիտեր նեղության ժամանակ Քրիստոսում հույս ունենալու մասին: Նա գրել է իր սարսափելի իրավիճակի մասին.
«Ես մենակ եմ: … Ես չունեմ … որևէ տեղ գնալու»։
«Ես ինձ հայտնի չեմ դարձնում …, որ չլինի թե նրանք կործանեն ինձ»։
Հատկանշական է, որ այս մութ և միայնակ ժամին Մորոնին արձանագրում է իր հոր հույսի խոսքերը:
«Եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս. քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս»:
«Ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք: … Դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք»։
Իմ եղբայրներ և քույրեր, հույսը կենդանի պարգև է, պարգև, որը մեծանում է, երբ մենք մեծացնում ենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: «Հավատը հուսացված բաների հաստատումն է»։ Մենք կառուցում ենք մեր հավատքի ապացույցները աղոթքի, տաճարային ուխտերի, պատվիրանները պահելու, սուրբ գրություններով և ժամանակակից մարգարեների խոսքերով շարունակաբար սնվելու, հաղորդությունը ճաշակելու, մարդկանց ծառայելու և ամեն շաբաթ մեր ընկերակից սրբերի հետ երկրպագելու միջոցով:
Հույսի տուն
Աճող ամբարշտության ժամանակներում մեր հույսն ամրապնդելու համար Տերն Իր մարգարեին ուղղորդել է երկիրը ծածկել Իր տաճարներով:
Երբ մենք մտնում ենք Տիրոջ տուն, մենք զգում ենք Աստծո Հոգին, որ հաստատում է մեր հույսը:
Տաճարը վկայում է դատարկ գերեզմանի մասին, և որ կյանքը վարագույրից այն կողմ շարունակվում է բոլորի համար:
Նրանց համար, ովքեր չունեն հավերժական ուղեկից, արարողությունները զորավոր կերպով հաստատում են, որ յուրաքանչյուր արդար մարդ կստանա յուրաքանչյուր խոստացված օրհնություն:
Վեհացնող հույսով երիտասարդ զույգը ծնկի է իջնում զոհասեղանի առաջ՝ կնքվելու ոչ միայն ժամանակի, այլև հավերժության համար։
Մենք անսահման հույսով ենք լցված մեր սերունդներին տրված խոստումների շնորհիվ՝ անկախ նրանց ներկա հանգամանքներից:
Չկա ոչ մի ցավ, հիվանդություն, անարդարություն, տառապանք կամ որևէ բան, որ կարող է մթագնել մեր հույսը, երբ մենք հավատում ենք և ամուր կառչած ենք Տիրոջ տանը Աստծո հետ կապած մեր ուխտերից: Դա լույսի տուն է, հույսի տուն է:
Երբ հույսն անտեսվում է
Մենք վշտահար արտասվում ենք, երբ տեսնում ենք տխրությունն ու հուսահատությունը նրանց, ովքեր հույս չունեն Քրիստոսում։
Վերջերս հետևում էի մի զույգի, որը ժամանակին հավատում էր Քրիստոսին, բայց հետո որոշեցին հրաժարվել իրենց հավատից: Նրանք հաջողակ էին աշխարհում, և նրանց գոհացնում էր իրենց ինտելեկտը և իրենց հավատքից հրաժարվելը:
Ամեն ինչ լավ էր թվում, մինչև որ ամուսինը՝ դեռ երիտասարդ և եռանդուն, հանկարծ հիվանդացավ և մահացավ: Արեգակի խավարման նման նրանք հրաժարվել էին Որդու լույսից, որի արդյունքը հույսի խավարումն էր։ Կինն իր անհավատության մեջ այժմ իրեն ապակողմնորոշված էր զգում՝ ցավալիորեն անպատրաստ և անկարող՝ մխիթարելու իր երեխաներին։ Նրա ինտելեկտը նրան ասել էր, որ իր կյանքում կատարյալ կարգ ու կանոն է հաստատված, մինչև հանկարծ նա անկարող եղավ տեսնելու վաղվա օրը: Նրա հուսահատությունը բերեց խավար և խառնաշփոթություն:
Հույս՝ սրտաբեկ ողբերգության ժամանակ
Թույլ տվեք հակադրել նրա ցավալի հուսահատությունը՝ Քրիստոսի հանդեպ հույս փայփայող մեկ այլ ընտանիքի հետ, որ խոր վշտի ժամանակներ էր ապրում։
Քսանմեկ տարի առաջ իմ զարմիկ Բեն Անդերսենի և նրա կնոջ՝ Ռոբիի նորածին որդուն Այդահոյի իրենց ֆերմերային համայնքի հիվանդանոցից շտապ տեղափոխեցին Սոլթ Լեյք Սիթի: Ես հասա հիվանդանոց, և Բենը բացատրեց իրենց երեխայի սրտի հետ կապված լուրջ, կյանքին սպառնացող բարդությունները: Մենք մեր ձեռքերը դրեցինք Թրեյի փոքրիկ գլխին։ Տերը օրհնեց նրան շարունակելու իր կյանքը:
Թրեյն իր կյանքի առաջին շաբաթվա ընթացքում սրտի վիրահատություն տարավ, որին հաջորդեցին ևս մի քանի վիրահատություններ: Տարիներ անց պարզվեց, որ Թրեյին սրտի փոխպատվաստում է հարկավոր։ Թեև նրա ֆիզիկական ակտիվությունը սահմանափակ էր, նրա հավատքը զարգանում էր։ Նա գրել է. «Ես երբեք խղճահարություն չեմ զգացել իմ անձի նկատմամբ, քանի որ ես միշտ իմացել եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու և փրկության ծրագրի մասին վկայություն ունենալու կարևորության մասին»:
Թրեյն իր հեռախոսում պահում էր նախագահ Նելսոնի խոսքերից այս հայտնի մեջբերումը. «Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։
Թրեյը գրել է. «Ես միշտ անհամբեր սպասել եմ լիաժամկետ միսիայում ծառայելուն, բայց … բժիշկներս ինձ թույլ չեն տա ծառայել միսիայում մինչև իմ փոխպատվաստումից առնվազն մեկ տարի անցնի։ … Ես հավատք կգործագրեմ առ Հիսուս Քրիստոս»:
Թրեյը ոգևորված էր այս կիսամյակի սկզբում ԲՅՀ-ի հաշվապահական բաժին ընդունվելով, բայց ավելի ոգևորված էր հուլիսի վերջին, երբ նա ստացավ սպասված հեռախոսազանգը՝ հիվանդանոց գալու իր սրտի փոխպատվաստման համար:
«Մեկ տարի,- ասաց Թրեյը,- և ես կլինեմ իմ միսիայում»:
Սպասելիքները մեծ էին, երբ նա մտավ վիրահատարան։ Այնուամենայնիվ, վիրահատության ժամանակ լուրջ բարդություններ առաջացան, և Թրեյն այդպես էլ գիտակցության չեկավ։
Նրա մայրը՝ Ռոբին, ասել է. «Ուրբաթն ամենացավոտ օրն էր … պարզապես փորձում էինք հասկանալ տեղի ունեցածը։ … Մինչև ուշ գիշեր արթուն մնացի՝ փորձելով վերահսկել ամեն բան: … Բայց շաբաթ օրը ես արթնացա բացարձակ ուրախության զգացումով։ Դա պարզապես խաղաղություն չէր. դա տեղի ունեցածը հերքելու փորձ չէր։ Ես ուրախություն էի զգում իմ որդու համար, և ես ուրախություն էի զգում որպես նրա մայր։ … Բենը ինձնից շատ ավելի շուտ էր արթնացել, և երբ վերջապես մենք հնարավորություն ունեցանք խոսելու, Բենն ասաց, որ արթնացել էր ճիշտ նույն զգացումով»։
Բենը բացատրել է. «Պարզություն եկավ իմ հոգում, երբ Աստված ուսուցանեց ինձ Իր Սուրբ Հոգու միջոցով: Ես արթնացա ժամը 4․00-ին և լցված էի աննկարագրելի խաղաղությամբ և ուրախությամբ: Ինչպե՞ս է դա հնարավոր: … Թրեյի մահը շատ ցավալի է, և ես նրան շատ եմ կարոտում: Բայց Տերը մեզ անմխիթար չի թողնում։ … Անհամբեր սպասում եմ ուրախ վերամիավորմանը»։
Հույսի խոստումը
Թրեյն իր օրագրում նշել էր նախագահ Նելսոնի՝ գերագույն համաժողովի ելույթից այս խոսքերը. «Թվում է, թե անհնար է ուրախ լինել, երբ ձեր երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ, երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը կամ երբ ձեր կինը կամ ամուսինը դավաճանում է ձեզ: Սակայն սա հենց այն ուրախությունն է, որ Փրկիչն առաջարկում է: Նրա ուրախությունը հաստատուն է և հավաստիացնում է մեզ, որ մեր «ձախորդություններն ու չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ» [Վարդապետություն և Ուխտեր 121․7] և կնվիրագործվեն մեր օգտի համար»։
Եղբայրներ և քույրեր, ձեր փնտրած խաղաղությունը միգուցե չգա այնքան արագ, որքան դուք եք ցանկանում, սակայն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք ապավինեք Տիրոջը, Նրա խաղաղությունը կգա:
Եկեք սնուցենք մեր թանկագին հավատքը, մինչ առաջ ենք մղվում հույսի կատարյալ պայծառությամբ։ Ես վկայում եմ, որ մեր հույսը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Նրա միջոցով մեր բոլոր արդար երազանքները կիրականանան: Նա հույսի Աստվածն է, հույսի հաղթանակը: Նա ապրում է և սիրում է ձեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: