Հավասարեցնել մեր կամքը Նրա կամքին
Տիրոջ կամքին հետևելը մեզ հնարավորություն կտա գտնելու աշխարհի ամենաթանկ մարգարիտը՝ երկնքի արքայությունը:
Մի առիթով Փրկիչը պատմում է վաճառականի մասին, ով փնտրում էր «գեղեցիկ մարգարիտներ»։ Որոնումների ժամանակ վաճառականը գտավ մի «թանկագին» մարգարիտ։ Ինչևէ, հրաշագեղ մարգարիտը ձեռք բերելու համար այդ մարդը ստիպված էր վաճառել իր ողջ ունեցվածքը, ինչը նա արեց անմիջապես և ուրախությամբ:
Այս կարճ ու խորիմաստ առակի միջոցով Փրկիչն ուսուցանել է, որ երկնքի արքայությունը նման է անգին մարգարիտի, որն իսկապես ամենաթանկ գանձն է, որը պետք է ցանկանալ ամեն ինչից առավել։ Այն փաստը, որ վաճառականն անմիջապես վաճառեց իր ողջ ունեցվածքը՝ այդ արժեքավոր մարգարիտը ձեռք բերելու համար, հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է մեր միտքն ու ցանկությունները հավասարեցնենք Տիրոջ կամքին և պատրաստակամորեն անենք այն ամենը, ինչ կարող ենք մեր մահկանացու ճամփորդության ժամանակ՝ Աստծո արքայության հավերժական օրհնություններին հասնելու համար:
Այս մեծ պարգևին արժանի լինելու համար, ի թիվս այլ բաների, մենք, անշուշտ, պետք է մեր լավագույն ջանքերը գործադրենք՝ մի կողմ դնելով բոլոր եսակենտրոն ձգտումները և թողնելով բոլոր խոչընդոտները, որոնք մեզ հետ են պահում Տիրոջը և Նրա բարձր ու սուրբ ուղիներին լիարժեք նվիրվելուց: Ըստ Պողոս առաքյալի՝ այս սրբացնող ձգտումները «Տիրոջ միտքն» ունենալն է: Հիսուս Քրիստոսի օրինակի համաձայն, սա նշանակում է կյանքում «միշտ ան[ել] այն, ինչ հաճելի է [Տիրոջը]», կամ, ինչպես ոմանք ասում են մեր օրերում, «անել այն, ինչը հարմար է Տիրոջը»:
Ըստ ավետարանի՝ «միշտ ան[ել] այն, ինչ հաճելի է [Տիրոջը]», նշանակում է մեր կամքը Նրա կամքին ենթարկել: Փրկիչն իմաստուն կերպով ուսուցանել է այս սկզբունքի կարևորությունը, երբ հրահանգում էր աշակերտներին.
«Որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։
Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։
Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։
Փրկիչը Հորը ենթարկվելու կատարյալ և աստվածային մակարդակի հասավ՝ թույլ տալով, որ Իր կամքը կուլ գնա Հոր կամքին: Մի անգամ Նա ասել է․ «Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուսուցանելով Քավության տանջանքների և տառապանքների մասին, Փրկիչն ասել է․
«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. …
Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-
Այնուամենայնիվ, փառք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:
Մահկանացու կյանքում մենք հաճախ պայքարում ենք այն ամենի համար, ինչ մենք կարծում ենք, որ գիտենք, ինչը մեր կարծիքով լավագույնն է մեզ համար, և ինչը ենթադրում ենք, որ հարմար է մեզ, փոխանակ հասկանանք, թե իրականում ինչ գիտի Երկնային Հայրը, ինչն է լավագույնը հավերժության մեջ և ինչն է լիովին հարմար երեխաների համար՝ ըստ Նրա ծրագրի: Այս մեծ պայքարը կարող է շատ դժվարին դառնալ, հատկապես երբ մտածում ենք մեր օրերի վերաբերյալ սուրբ գրքերում առկա մարգարեությունների մասին․ «Իմացիր սա. վերջին օրերին … մարդիկ կլինեն եսասեր, … ավելի հաճոյասեր, քան աստվածասեր»:
Այս մարգարեության կատարման նշաններից մեկն այսօր աշխարհում աճող միտումն է, որը կիսում են շատ մարդիկ։ Դա եսակենտրոն դառնալն է և անընդհատ հայտարարելը․ «Ինչ ուզում է լինի, ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությամբ կամ անում եմ այն, ինչը հարմար է ինձ»: Պողոս Առաքյալն ասել է, որ նրանք «իրենց շահն են որոնում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը»։ Այս մտածելակերպը հաճախ արդարացվում է «անմիջական» լինելու փաստով այն մարդկաց կողմից, որոնք տարված են եսակենտրոն նպատակներով, անձնական նախասիրություններով կամ ցանկանում են արդարացնել որոշակի վարքագծեր, որոնք հիմնականում չեն համընկնում Աստծո սիրառատ ծրագրի և իրենց վերաբերյալ Նրա կամքի հետ: Եթե մենք թույլ տանք, որ մեր սիրտն ու միտքը ընդունեն այս մտածելակերպը, ապա մենք զգալի խոչընդոտներ կստեղծենք մեզ համար՝ անգին մարգարիտը ձեռք բերելու գործում, որը Աստված սիրով պատրաստել է Իր զավակների համար՝ հավերժական կյանքը։
Թեև ճիշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը անհատականացված աշակերտական ճանապարհ է անցնում ուխտի արահետով՝ ձգտելով մեր սիրտն ու միտքը կենտրոնացած պահել Քրիստոս Հիսուսի վրա, մենք պետք է զգույշ և մշտապես զգոն լինենք, որ չգայթակղվենք, թույլ չտանք, որ այս տեսակ աշխարհիկ փիլիսոփայությունը մտնի մեր կյանք։ Երեց Քվենթին Լ. Քուքը ասել է, որ «անկեղծորեն քրիստոսանման լինելը նույնիսկ ավելի կարևոր նպատակ է, քան անմիջական լինելը»:
Իմ սիրելի ընկերներ, երբ մենք ընտրում ենք թույլ տալ, որ Աստված ունենա մեր կյանքում ամենազորավոր ազդեցությունը, ինքնասեր նպատակներից առավել, մենք կարող ենք առաջընթաց ունենալ մեր աշակերտության մեջ և մեծացնել մեր ընդունակությունը՝ միավորելու մեր միտքն ու սիրտը Փրկչի հետ: Մյուս կողմից, երբ մենք թույլ չենք տալիս, որ Աստծո ուսմունքները գերակայեն մեր կյանքում, մենք մենակ ենք մնում, առանց Տիրոջ ոգեշնչված առաջնորդության, և կարող ենք արդարացնել գրեթե ամեն ինչ, ինչ որ անում ենք կամ չենք անում: Մենք կարող ենք նաև արդարացումներ գտնել մեզ համար՝ անելով ամեն ինչ մեր ձևով, պարզապես ասելով, որ «ես ամեն ինչ անում եմ իմ ձևով»:
Մի անգամ, երբ Փրկիչը հայտարարում էր Իր վարդապետությունը, որոշ մարդիկ, մասնավորապես ինքնահավան փարիսեցիները, մերժեցին Նրա ուղերձը և համարձակ հայտարարեցին, որ իրենք Աբրահամի զավակներն են՝ ակնարկելով, որ իրենց տոհմագիծը հատուկ արտոնություններ կշնորհի նրանց Աստծո աչքում: Այդ մտածելակերպը մղեց նրանց ապավինելու իրենց սեփական հասկացողությանը և չհավատալու նրան, ինչ Փրկիչն էր ուսուցանում: Փարիսեցիների արձագանքը Հիսուսի խոսքերին հստակ ապացույց էր, որ նրանց ամբարտավան վերաբերմունքը տեղ չէր թողել իրենց սրտերում Փրկչի խոսքերի և Աստծո ուղու համար: Ի պատասխան՝ Հիսուսը իմաստուն կերպով ու քաջաբար հայտարարեց, որ եթե նրանք լինեին Աբրահամի ճշմարիտ ուխտի զավակները, նրանք կանեին Աբրահամի գործերը, հատկապես հաշվի առնելով, որ Աբրահամի Աստվածը կանգնած էր նրանց առաջ և սովորեցնում էր ճշմարտությունը հենց այդ պահին:
Եղբայրներ և քույրեր, ինչպես տեսնում եք, այս մտավոր մարմնամարզությունը՝ անել «այն, ինչ ինձ է հարմար» ընդդեմ անելուն «այն, ինչը միշտ հաճելի է Տիրոջը», նոր միտում չէ, որը բնորոշ է մեր օրերին։ Այս դարավոր մտածողությունը, երբ մարդիկ հաճախ չեն վախենում և չեն վստահում Տիրոջը, շփոթեցնում ու հոգնեցնում է Աստծո զավակներից շատերին: Այս մտածելակերպը, իրականում, հակառակորդի հին հնարքն է. դա խաբուսիկ ճանապարհ է, որը զգուշորեն հեռացնում է Աստծո զավակներին ուխտի ճշմարիտ և հավատարիմ ճանապարհից: Թեև անձնական հանգամանքները, ինչպիսիք են գենետիկան, աշխարհագրությունը և ֆիզիկական ու մտավոր մարտահրավերները, ազդում են մեր ճամփորդության վրա իսկապես կարևոր հարցերում, կա ներքին տարածություն, որտեղ մենք ազատ ենք ընտրելու՝ արդյոք հետևենք այն օրինակին, որը Տերը պատրաստել է մեր կյանքի համար, թե՝ ոչ: Իսկապես, «Նա ցույց տվեց ուղիղ ճամփան»:
Որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք ցանկանում ենք քայլել այն ուղիով, որը Նա նշել է մեզ համար Իր մահկանացու ծառայության ժամանակ: Մենք ոչ միայն ցանկանում ենք կատարել Նրա կամքը և այն ամենը, ինչը հաճելի է Նրան, այլ նաև ձգտում ենք նմանվել Նրան: Եթե մենք ձգտենք հավատարիմ լինել յուրաքանչյուր ուխտին, որը մենք կապում ենք, և ապրենք «ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում», մենք պաշտպանված կլինենք և զոհը չենք դառնա աշխարհի մեղքերի ու սխալների, փիլիսոփայական և վարդապետական սխալների, որոնք մեզ հեռու կտանեն այդ ամենաթանկ մարգարիտներից:
Ես անձամբ ոգեշնչվել եմ այն բանից, թե ինչպես է առ Աստված այդպիսի հոգևոր հնազանդությունն ազդել Քրիստոսի հավատարիմ աշակերտների կյանքի վրա, երբ նրանք ընտրել են անել այն բաները, որոնք հարմար են և հաճելի են Տիրոջ աչքին: Ես գիտեմ մի երիտասարդի, որը մտահոգ էր միսիայում ծառայելու կապակցությամբ, բայց ոգեշնչվեց գնալ և ծառայել Տիրոջը, երբ լսեց, թե ինչպես է Եկեղեցու ավագ ղեկավարներից մեկը կիսվում իր անձնական վկայությամբ և որպես միսիոներ ծառայելու սուրբ փորձառության մասին։
Այս երիտասարդը, այժմ որպես վերադարձած միսիոներ, ասել է․ «Երբ ես լսեցի Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաքյալի վկայությունը, ես կարողացա զգալ Աստծո սերն իմ հանդեպ և ցանկացա կիսվել այդ սիրով ուրիշների հետ։ Այդ պահին ես գիտեի, որ պետք է ծառայեի միսիայում՝ չնայած իմ վախերին, կասկածներին և մտահոգություններին: Ես լիովին համոզված էի, որ Աստված օրհնություններ և խոստումներ ունի Իր զավակների համար: Այսօր ես նոր մարդ եմ։ Ես ունեմ վկայություն, որ այս ավետարանը ճշմարիտ է, և որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա»: Այս երիտասարդն ընտրեց Տիրոջ ճանապարհը և դարձավ ճշմարիտ աշակերտի օրինակ:
Մի հավատարիմ երիտասարդ կին որոշեց չզիջել իր չափանիշները, երբ նրան խնդրեցին անհամեստ հագնվել` նորաձևության ոլորտի բիզնես բաժնին համապատասխանելու համար։ Հասկանալով, որ իր մարմինը սուրբ պարգև է մեր Երկնային Հորից և մի վայր, որտեղ Հոգին կարող է բնակվել, նա ընտրեց ապրել ավելի բարձր չափանիշներով, քան աշխարհինն է։ Նա ոչ միայն ձեռք բերեց նրանց վստահությունը, ովքեր տեսան, որ ինքն ապրում է Հիսուս Քրիստոսի ավետարանով, այլ նաև պահեց իր աշխատանքը, որը մի պահ վտանգի տակ էր: Նրա պատրաստակամությունը՝ անելու այն, ինչ հաճելի էր Տիրոջ աչքին, այլ ոչ թե այն, ինչ հարմար էր աշխարհին, վստահություն տվեց նրան դժվար ընտրությունների ժամանակ:
Եղբայրներ և քույրեր, մեր առօրյա ճամփորդության ընթացքում մենք մշտապես բախվում ենք նմանատիպ որոշումների: Համարձակ և պատրաստակամ սիրտ է պետք՝ կանգ առնելու և անցկացնելու մի ազնիվ ու հեզ ինքնազննում, որպեսզի ճանաչենք մեր մարմնական թուլությունները, որոնք կարող են խանգարել Աստծուն հնազանդվելու մեր ունակությանը և, ի վերջո, որոշենք բռնել Նրա ուղին, այլ ոչ թե մերը։ Մեր աշակերտության ամենադժվար փորձությունը մեր պատրաստակամության մեջ է՝ հրաժարվելու և կորցնելու մեր հին «ես»-ը և մեր սիրտն ու ողջ հոգին ենթարկելու Աստծուն այնպես, որ Նրա կամքը դառնա մերը:
Մահկանացու կյանքի ամենափառահեղ պահերից մեկը տեղի է ունենում, երբ մենք հայտնաբերում ենք այն ուրախությունը, որը գալիս է, երբ միշտ անում ենք այն, ինչը «հարմար է ու հաճելի Տիրոջը» և «այն, ինչ հարմար է մեզ»՝ համընկնում է դրա հետ։ Անդառնալիորեն և անառարկելիորեն Տիրոջ կամքը մերը դարձնելու համար վեհ ու հերոսական աշակերտություն է պահանջվում: Այդ վեհ պահին մենք նվիրվում ենք Տիրոջը և ամբողջովին հանձնում մեր կամքը Նրան: Այդ, այսպես կոչված, հոգևոր հնազանդությունը, գեղեցիկ է, զորավոր և փոխակերպող։
Ես վկայում եմ ձեզ, որ Տիրոջ կամքին հետևելը մեզ հնարավորություն կտա գտնել աշխարհի ամենաթանկ մարգարիտը՝ երկնքի արքայությունը: Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուրս, մեր ժամանակին և մեր հերթին, կարողանանք ուխտյալ վստահությամբ հայտարարել մեր Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ «այն, ինչ հարմար է Քեզ, հարմար է ինձ»: Ես ասում եմ այս բաները Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: