Մարդը, ով տեսավ Եհովային
Ջոզեֆ Սմիթն «[օրհնված էր՝ բացելու վերջին տնտեսությունը]», և մենք օրհնված ենք դրա շնորհիվ։
Իմ նպատակը այսօր և միշտ Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է, որ Նա Աստծո Որդին է, աշխարհի Արարիչը և Փրկիչը, մեր Ազատարարը և Քավիչը։ Քանի որ «մեր կրոնի հիմնական սկզբունքները առաքյալների և մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ», այսօր ես ձեզ հետ կիսվում եմ իմ գիտելիքով ու վկայությամբ Փրկչի մասին, որն ամրացել և խորացել է մի հեղինակավոր առաքյալի և մարգարեի կյանքի և ուսմունքների միջոցով։
Իմաստության սկիզբը
1820 թվականի վաղ գարնանային մի գեղեցիկ, պարզ առավոտ տասնչորսամյա Ջոզեֆ Սմիթը մտավ իր ընտանիքի տան մոտ գտնվող պուրակը, որպեսզի աղոթեր իր մեղքերի համար և հարցներ, թե որ եկեղեցուն միանալ: Նրա անկեղծ աղոթքը, որն ասվեց անսասան հավատքով, գրավեց տիեզերքի ամենահզոր ուժերի ուշադրությունը՝ ներառելով Հորը և Որդուն։ Նաև դևին։ Նրանցից յուրաքանչյուրը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում այդ աղոթքի և այդ տղայի հանդեպ։
Այն, ինչ մենք հիմա անվանում ենք Առաջին Տեսիլք, նշանավորեց այս վերջին տնտեսության բոլոր բաների Վերականգնման սկիզբը: Բայց այս փորձառությունը նաև անձնական ու նախապատրաստական էր Ջոզեֆի համար։ Նա փնտրում էր միայն ներում և ուղղություն։ Տերը երկուսն էլ տվեց նրան։ «Ոչ [մի եկեղեցու չմիանալ]» ցուցումը ուղղորդող էր։ «Քո մեղքերը քեզ ներված են» խոսքերը փրկագնող էին։
Այն բոլոր գեղեցիկ ճշմարտություններից, որ կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից, հիմնական բանը, որ Ջոզեֆը գուցե սովորեց, հետևյալն էր՝ «Ես գտա, որ Հակոբոսի վկայությունը ճշմարիտ էր, որ իմաստության պակաս ունեցող մարդը կարող է խնդրել Աստծուն և ստանալ՝ առանց նախատվելու»։
Մի գիտնական նշել է․ «Առաջին Տեսիլքի ամենանշանակալից ուղերձն այսօր այն է, որ իմաստության պակասություն ունեցողին տալը Աստծո էությունն է։ … Աստված, որն իրեն հայտնի դարձրեց Ջոզեֆ Սմիթին սրբազան պուրակում, Աստված է, որը պատասխանում է դեռահասներին դժվարությունների ժամանակ»։
Ջոզեֆի փորձառությունը պուրակում տվեց նրան ներում և ուղղություն խնդրելու վստահություն՝ մինչև իր կյանքի վերջը։ Նրա փորձառությունն ինձ նույնպես տվել է ներում և ուղղություն խնդրելու վստահություն՝ մինչև իմ կյանքի վերջը։
Կանոնավոր ապաշխարություն
1823 թվականի սեպտեմբերի 21-ին Ջոզեֆն անկեղծորեն աղոթեց ներման համար, վստահ լինելով, որ երեք տարի առաջ պուրակում ունեցած իր փորձառության շնորհիվ, երկինքը կպատասխանի կրկին։ Այպես էլ եղավ: Տերը մի հրեշտակ ուղարկեց Մորոնիին՝ ուսուցանելու Ջոզեֆին և տեղեկացնելու նրան հնագույն հիշատակարանի մասին, որը նա հետագայում կթարգմաներ Աստծո զորությամբ ու պարգևով, և այն կկոչվեր Մորմոնի Գիրքը։
Դրանից գրեթե 13 տարի անց Ջոզեֆը և Օլիվեր Քաուդերին ծնկի իջան հանդիսավոր և լուռ աղոթքով՝ Կիրթլենդի նոր նվիրագործված տաճարում։ Մենք չգիտենք, թե նրանք ինչի համար էին աղոթում, բայց իրենց աղոթքը հավանաբար ներման խնդրանք էր ներառում, քանի որ աղոթքից վեր կենալուց հետո Փրկիչը հայտնվեց և հայտարարեց․ «Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ»։
Այս փորձառությունից ամիսներ և տարիներ անց Ջոզեֆը և Օլիվերը նորից մեղք էին գործելու։ Եվ նորից գործելու էին: Բայց այդ պահին, այդ պահի համար, պատասխանելով նրանց խնդրանքին և նախապատրաստվելով այն բանալիների փառավոր վերականգնմանը, որը շուտով տեղի էր ունենալու, Հիսուսը նրանց անմեղ դարձրեց։
Մշտական պաշխարությամբ լի Ջոզեֆի կյանքն ինձ վստահություն է տալիս «նրա շնորհի աթոռին համարձակությամբ [մոտենալ], որպեսզի ողորմություն [ստանամ]»։ Ես սովորել եմ, որ Հիսուս Քրիստոսն իսկապես «հակված է ներելու»։ Դատապարտելը Նրա առաքելությունը չէ, ոչ էլ Նրա էությունը։ Նա եկել էր փրկելու համար։
Հարցնենք Տիրոջից
Որպես խոստացված «բոլոր բաների իրականա[ցման]» մաս, Տերը Ջոզեֆ Սմիթի միջոցով առաջ բերեց Մորմոնի Գիրքը և այլ հայտնություններ, որոնք պարունակում են Իր ավետարանի լրիվությունը։ Կենսական ճշմարտություններին տրվում էր հստակություն և ամբողջականություն, երբ Ջոզեֆը բազմիցս խնդրում էր Տիրոջը՝ ուղղություն ստանալու համար: Հաշվի առեք հետևյալը.
-
Հայրը և Որդին ունեն մարմիններ՝ «մարդու մարմնի նման շոշափելի»։
-
Հիսուսն Իր վրա վերցրեց ոչ միայն մեր մեղքերը, այլ նաև մեր ցավերը, չարչարանքներն ու թուլությունները։
-
Նրա Քավությունն այնքան տանջալից էր, որ ստիպեց Նրան արյունահոսել ամեն մի ծակոտիից։
-
Նրա շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»:
-
Երբ գանք Քրիստոսի մոտ, Նա ոչ միայն կների մեր մեղքերը, այլ նաև կփոխի մեր իսկ էությունն այնպես, որ մենք այլևս հակված չենք լինի գործելու չարիք։
-
Քրիստոսը միշտ պատվիրում է իր ժողովրդին տաճարներ կառուցել, որտեղ Նա կհայտնվի իր ժողովրդին և բարձրից զորությամբ կօժտի։
Ես վկայում եմ, որ բոլոր այս բաները ճշմարիտ ու կարևոր են։ Դրանք ներկայացնում են լրիվության միայն մի մասնիկը, որը վերականգնվել է Հիսուս Քրիստոսի կողմից Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ ի պատասխան ուղղորդում ստանալու Ջոզեֆի բազմաթիվ խնդրանքներին:
Առաջ մղել այս արքայությունը
1842 թվականին Ջոզեֆը գրեց զարմանալի բաների մասին, որոնք տեղի կունենան այս վերջին տնտեսության ժամանակ։ Նա հայտարարել է, որ մեր օրերում՝ «երկնային քահանայությունը կմիավորվի երկրայինի հետ, առաջ բերելու այդ մեծ նպատակները, և երբ մենք այսպես միավորված ենք մեկ ընդհանուր գործով՝ առաջ մղելու Աստծո արքայությունը, երկնային Քահանայությունն անգործ հանդիսատեսներ չեն»։
Իր ընկեր Բենիամին Ջոնսոնին Ջոզեֆն ասել է․ «Բենիամին, [եթե ես մահանամ], ես հեռու չեմ լինի քեզանից, և անգամ եթե վարագույրի մյուս կողմում լինեմ, միևնույն է կշարունակեմ աշխատել քեզ հետ՝ մեծապես աճած զորությամբ առաջ մղելու այս արքայությունը»։
1844 թվականի հունիսի 27-ին Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը սպանվեցին։ Ջոզեֆի մարմինը հանձնվել է հանգստի, բայց նրա վկայությունը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ ողջ աշխարհում և իմ հոգում․
«Ես տեսել էի տեսիլք, և ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»։
«Ես երբեք չեմ ասել, որ ես կատարյալ եմ, բայց սխալ չկա այն հայտնություններում, որոնք ես եմ ուսուցանել»:
«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին` որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. Բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»:
Այն, ինչ ասվել է Հովհաննես Մկրտիչի մասին, կարող է ասվել նաև Ջոզեֆ Սմիթի մասին․ «Աստծուց ուղարկված մարդ կար, որի անունը [Ջոզեֆ] էր: … «Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու», «որ նրա միջոցով բոլորը հավատան»։
Ես հավատում եմ։ Ես հավատում եմ և վստահ եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Ես վկայում եմ, որ կենդանի Աստվածը մեր Հայրն է: Ես դա գիտեմ, քանի որ Տիրոջ ձայնը խոսել է ինձ հետ, ինչպես նաև Իր ծառաների՝ առաքյալների և մարգարեների ձայնը, ներառելով և սկսելով Ջոզեֆ Սմիթից։
Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը եղել է և մնում է Աստծո մարգարե, Տեր Հիսուս Քրիստոսի վկա և ծառա։ Նա «[օրհնված էր՝ բացելու վերջին տնտեսությունը]», և մենք օրհնված ենք դրա շնորհիվ։
Տերը պատվիրեց Օլիվեր Քաուդերիին. «Կանգնիր իմ ծառա Ջոզեֆի կողքին, հավատարմորեն»: Ես վկայում եմ, որ Տերը կանգնած է Իր ծառա Ջոզեֆի կողքին, և Վերականգնումը կատարվեց նրա միջոցով:
Հիմա Ջոզեֆ Սմիթն այն երկնային քահանայության մասն է կազմում, որի մասին խոսել է։ Ինչպես որ խոստացել էր Բենիամին Ջոնսոնին՝ նա հեռու չէ մեզանից, և անգամ վարագույրի մյուս կողմում, նա միևնույն է, շարունակում է աշխատել մեզ հետ՝ ավելի մեծ զորությամբ օգնելու առաջ մղել այս արքայությունը։ Ուրախությամբ և երախտագիտությամբ ես բարձրացնում եմ իմ ձայնը՝ «փառք տալու մարդուն, ով տեսավ Եհովային»: Եվ ամենից առավել՝ փառք տալու Եհովային, ով խոսեց այդ մարդու հետ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: