Առաջին Նախագահության Ուղերձ, Հունիս 2010
Մոխրագույն թևերով դեղձանիկներ
Մոտ 60 տարի առաջ, երբ ես երիտասարդ եպիսկոպոս էի, իմ ծխի տարեց այրի Քեթլին Մակքին մահացավ: Նրա իրերի թվում կային երեք դեղձանիկներ: Երկուսը կատարյալ դեղին էին, և պետք է հանձնվեին նրա ընկերուհիներին: Երրորդը, Բիլին, դեղին էր, թևերի վրա մոխրագույն պուտերով: Քույր Մակքին ինձ մի գրություն էր թողել. «Կարո՞ղ եք հյուրընկալել նրան ձեր տանը: Նա ամենագեղեցիկը չէ, սակայն ամենալավն է երգում»:
Քույր Մակքին շատ նման էր իր մոխրագույն թևերով դեղձանիկին: Նա օրհնված չէր գեղեցկությամբ, օժտված չէր կեցվածքով կամ ժառանգներով: Սակայն նրա երգը օգնում էր մյուսներին ավելի հոժարակամ կրել իրենց բեռը և ավելի հեշտ լուծել իրենց խնդիրները:
Աշխարհը լի է մոխրագույն թևերով դեղձանիկներով: Ափսոս, որ շատ քչերն են սովորել երգել: Ոմանք երիտասարդ են և չգիտեն, ով են իրենք, ինչ կարող են լինել կամ, անգամ, ինչ են ցանկանում լինել, սակայն նրանք բոլորն էլ ցանկանում են ինչ-որ մեկը լինել: Ոմանք էլ տարիքից կքված, հոգսերով ծանրաբեռնված կամ կասկածներով լի են, ապրելով իրենց կարողություններից շատ ավելի ցածր մակարդակով:
Լավ ապրելու համար պետք է ունակություն զարգացնենք, որպեսզի քաջությամբ դիմակայենք նեղությանը, ուրախությամբ` հիասթափությանը և խոնարհությամբ ընդունենք հաղթանակը: Կհարցնեք. «Ինչպե՞ս կարող ենք հասնել այդ ամենին»: Կպատասխանեմ. «Ճիշտ պատկերացում կազմելով, թե իրականում ով ենք մենք»: Մենք կենդանի Աստծո որդիներն ու դուստրերն ենք, որ նրա պատկերով ենք ստեղծվել: Մտածեք այդ մասին. Աստծո պատկերով ենք ստեղծվել: Մենք չենք կարող անկեղծորեն հավատալ դրան, եթե չապրենք ուժի ու զորության մի նոր խորը զգացում:
Մեր այս աշխարհում, հաճախ բարոյականությունը կարծես թե երկրորդական տեղ է մղվել գեղեցկությունից և հմայքից հետո: Սակայն արձագանքում է շատ վաղուց Տիրոջ կողմից Սամուելին տրված խորհուրդը. «Այն չէ բանը, որ տեսնում է մարդը. որովհետև մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց ԺԶ.7):
Երբ Փրկիչը հավատքով մարդ էր փնտրում, Նա չընտրեց ժողովորաններում հաճախ հանդիպող ինքն իրեն արդար համարող մեկին: Այլ Նա կանչեց նրան Կափառնայումի ձկնորսների միջից: Կասկածներով լի, անգրագետ, պոռթկուն Սիմոնը դարձավ Պետրոս` հավատքի Առաքյալ: Մոխրագույն թևերով դեղձանիկն արժանացավ Վարդապետի լիակատար վստահությանը և մշտական սիրուն:
Երբ Փրկիչը ընտրում էր ջերմեռանդ ու զորավոր միսիոներ, Նա գտավ նրան ոչ թե Իր պաշտպանների, այլ Իր հակառակորդների մեջ: Հալածող Սավուղը դարձավ քարոզիչ Պողոս:
Քավիչն ընտրեց անկատար մարդկանց, որ ուսուցանեն կատարելության ուղին: Նա այդպես է վարվել այն ժամանակ: Նա այդպես է վարվում այժմ, այսինքն` ընտրելով մոխրագույն թևերով դեղձանիկներին: Նա կանչում է ձեզ և ինձ, որպեսզի ծառայենք Իրեն այստեղ` ներքևում: Մենք պետք է լիովին կատարենք մեր պարտավորությունը: Իսկ մեր մաքառումներում սայթաքելիս եկեք խնդրենք. «Առաջնորդիր մեզ, Ո՜վ մարդկանց մեծ Արարիչ, որպեսզի կրկին դուրս գանք խավարից»:1
Իմ աղոթքն է, որ մենք հետևենք Գալիլեացի Մարդու օրինակին, որին կարող ենք գտնել աղքատների մեջ` տրորված, հարստահարված, ճնշված ու չարչարված: Դա անելիս թող որ ճշմարիտ երգ բխի մեր սրտերից:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA: Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: First Presidency Message, June 2010-ի թարգմանությունը: Armenian: 09366 201