Առաջին Նախագահության Ուղերձ, Օգոստոս 2010
Տաճարային օրհնություններ
Ես դեռ հիշում եմ, երբ ծնողներս մեր ընտանիքը տարան Եվրոպայում կառուցված առաջին Շվեյցարիայի նորակառույց Տաճարը, դառնալու հավերժական ընտանիք: Այն ժամանակ ես 16 տարեկան էի և չորս երեխաներից ամենափոքրն էի: Մենք միասին ծնկի իջանք զոհասեղանի մոտ` երկրի վրա կնքվելու քահանայության զորությամբ, հրաշալի խոստումով, որ կարող ենք կնքվել հավերժության համար: Ես երբեք չեմ մոռանա այդ հրաշալի պահը:
Լինելով պատանի, ես մեծապես տպավորվել էի, որ մենք կտրեցինք անցանք երկրի սահմանները, որպեսզի կնքվեինք ընտանիքով: Ինձ համար խորհրդանշական է այն, որ տաճարային աշխատանքը հատում է աշխարհիկ սահմանները` հավերժական օրհնություններ բերելով երկրի բոլոր բնակիչներին: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարները իսկապես կառուցվում են հօգուտ ողջ աշխարհի` անկախ ազգային կամ մշակութային պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից:
Տաճարներն անառարկելի վկայություն են, որ բարությունը կհաղթի: Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական` Նախագահ Ջորջ Ք. Քենոնը (1827-1901), մի անգամ ասել է. «Տաճարի համար դրված յուրաքանչյուր հիմնաքար, և յուրաքանչյուր ավարտված Տաճար … նվազեցնում է սատանայի զորությունը երկրի վրա և ավելացնում է Աստծո և Աստվածության զորությունը»:1
Մինչ յուրաքանչյուր տաճար ավելացնում է արդարակեցության ազդեցությունը երկրի վրա, անշուշտ մեծ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր իրականում տաճար են հաճախում: Այնտեղ մենք ստանում ենք ավելի շատ լույս և գիտելիք, և հանդիսավոր ուխտեր ենք կապում, որոնք պահելու դեպքում կարողանում ենք քայլել աշակերտի ճանապարհով: Եթե հակիրճ ասենք, տաճարը ուսուցանում է մեզ կյանքի սուրբ նպատակի մասին և օգնում է ստանալ ֆիզիկական և հոգևոր ճիշտ ուղղություն:
Ինչևէ, մենք միայն մեզ համար չէ, որ հաճախում ենք տաճար: Ամեն անգամ մտնելով այդ սուրբ շենքերը, մենք դեր ենք խաղում փրկության սուրբ, փրկագնող աշխատանքում, որը մատչելի է դարձել Աստծո բոլոր զավակներին Հոր Միածնի Քավության շնորհիվ: Սա անձնազոհ և սուրբ ծառայություն է, որը թույլ է տալիս մեզ որպես մահկանացուներ մասնակցել Սիոն Սարի վրա փրկիչներ դառնալու փառահեղ աշխատանքին:
Ովքեր ինչ-որ պատճառով այժմ չեն կարող հաճախել տաճար, ես խրախուսում եմ ձեզ` ձեր ուժերի սահմանում արեք ամեն ինչ տաճարի երաշխավորագիր կրելու համար: Տաճարային երախշավորագիրը մեր հավատարմության և Տիրոջը ծառայելու վճռականության խորհրդանիշ է: Դա Տիրոջ հանդեպ մեր սիրո խորհրդանիշն է, քանի որ ինչպես Հիսուսն է ուսուցանել. «Ով որ իմ պատվիրանքներն ունի և նորանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորիցը կսիրվի. և ես կսիրեմ նորան, և ինձ կհայտնեմ նորան» (Հովհաննես ԺԴ. 21):
Մինչ աշխարհը շարունակում է գեղեցկանալ Տիրոջը նվիրագործված այս սուրբ կառույցներով, մեր աղոթքն է, որ մենք անենք մեր մասը երկինքը երկրին ավելի մոտեցնելու համար` արժանի լինելով տաճարային երաշխավորագիր կրելուն և օգտագործելուն: Այդպիսով, արդարակեցությունը իրոք կավելանա ոչ միայն մեր կյանքում և տներում, այլև մեր համայնքներում և ողջ աշխարհում:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: First Presidency Message, August 2010 -ի թարգմանությունը: Armenian. 09368 201