2011
Տերը միսիոներների կարիք ունի
Հունվար 2011


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2011

Տերը միսիոներների կարիք ունի

Անցած հոկտեմբերի գերագույն համաժողովին ես կոչ արեցի ավելի շատ միսիոներներ ունենալու: Յուրաքանչյուր արժանի ունակ երիտասարդ տղամարդ պետք է պատրաստվի միսիայում ծառայելուն: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է` պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված: Երիտասարդ տղամարդիկ, ես հորդորում եմ ձեզ պատրաստվել ծառայության որպես միսիոներ: Պահեք ձեզ մաքուր, անարատ և արժանի` Տիրոջը ներկայացնելու: Հետևեք ձեր առողջությանը և ուժերին: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Եթե հնարավոր է, մասնակցեք սեմինարիային կամ ինստիտուտին: Ծանոթացեք Քարոզիր Իմ Ավետարանը միսոներական ձեռնարկին:

Քույրեր, թեև դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, դուք նույնպես արժեքավոր ներդրում ունեք որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը:

Հասուն եղբայրներին և քույրերին ես հիշեցնում եմ, որ Տերը շատ ու շատ ավագ զույգերի կարիքն ունի: Եթե դեռ չեք հասել այն տարիքին, երբ կարող եք ծառայել միսիայում որպես զույգեր, ես կոչ եմ անում այժմ պատրաստվել այն օրվան, երբ ձեր կնոջ կամ ամուսնու հետ կկարողանաք դա անել, եթե ձեր պայմանները ներեն: Կան մի քանի պահեր ձեր կյանքում, երբ դուք կվայելեք հոգու և բավարարվածության քաղցրությունը, որը Վարդապետի աշխատանքում՝ միասին լիաժամկետ միսիոներական ծառայության արդյունքում է գալիս:

Ձեզանից ոմանք կարող է բնույթով ամաչկոտ լինեն կամ անհամապատասխան իրենց զգան ծառայության կոչին դրական պատասխան տալու համար: Հիշեք, որ սա Տիրոջ գործն է, և երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք ստանում ենք Տիրոջ օգնությունը: Տերը կամրացնի այն մեջքը, որի վրա ծանր բեռ է դրել:

Մյուսները, լինելով արժանի, կարող են կարծել, թե ավելի կարևոր առաջնահերթություններ ունեն: Ես լավ եմ հիշում Տիրոջ խոստումը. «Ես ինձ փառավորողներին կփառավորեմ» (Ա Թագավորաց Բ.30): Մեզանից ոչ ոք ավելի շատ չի պատվի մեր Երկնային Հորը և մեր Փրկչին, քան որպես նվիրված և կարեկցող միսիոներ ծառայելու միջոցով:

Նման ծառայության օրինակ է հանդիսանում Յուլիուս և Դորոթի Ֆուսսեկների փորձը, ովքեր լիաժամկետ միսիայի կանչվեցին Լեհաստան: Եղբայր Ֆուսսեկը ծնվել էր Լեհաստանում: Նա խոսում էր լեհերեն: Նա սիրում էր ժողովրդին: Քույր Ֆուսսեկը ծնվել էր Անգլիայում և մի փոքր գիտեր լեհերեն, և ոչինչ չգիտեր ժողովրդի մասին: Վստահելով Տիրոջը, նրանք ընդունեցին իրենց հանձնարարականը: Աշխատանքը մեկուսացած էր, խնդիրը՝ ծանր: Այդ ժամանակ Լեհաստանում միսիա դեռ հաստատված չէր: Ֆուսսեկներին հանձնարարվել էր ճանապարհ նախապատրաստել միսիա ստեղծելու համար:

Արդյո՞ք Երեց և Քույր Ֆուսսեկները հուսահատվեցին իրենց հանձնարարության ծավալի պատճառով: Ոչ մի վայրկյան: Նրանք գիտեին, որ իրենց կանչը Աստծուց էր: Նրանք աղոթեցին Նրա աստվածային օգնության համար և ողջ սրտով նվիրվեցին այդ աշխատանքին:

Ժամանակ անց, Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, Երեց Հանս Ռինգերը՝ այդ ժամանակ Յոթանասունից, և ես Երեց Ֆուսսեկի ուղեկցությամբ հանդիպեցինք Լեհաստանի կրոնական գործերի նախարար՝ Ադամ Վոպատկային: Նա ասաց. «Ձեր եկեղեցին ողջունվում է այստեղ: Դուք կարող եք կառուցել ձեր շենքերը, դուք կարող եք ուղարկել ձեր միսիոներներին: Այս մարդը, - նա մատնացույց արեց Յուլիուս Ֆուսսեկին, - լավ ծառայություն է արել ձեր եկեղեցուն: Դուք կարող եք երախտապարտ լինել նրա օրինակի և նրա աշխատանքի համար»:

Ֆուսսեկների նման, եկեք անենք այն, ինչ պետք է անենք Տիրոջ գործի համար: Ապա Յուլիուս և Դորոթի Ֆուսսեկների հետ միասին մենք կարող ենք կրկնել Սաղմոսի խոսքերը.

«Իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրս արավ:

… Քո պահապանը չի քնիլ:

Ահա Իսրայելի պահապանը չի ննջիլ և չի քնանալ» (Սաղմոս ՃԻԱ.2–4):

Ուսուցանում այս ուղերձից

Teaching, No Greater Call գրքում առաջարկվում է կիսվել անձնական փորձով այն մասին, թե ինչպես է ավետարանի որևէ սկզբունքով ապրելն օրհնել ձեր կյանքը, և հրավիրել նրանց, ում ուսուցանում եք, համառոտ պատմել իրենց անձնական փորձից ([1999], 159): Կարդացեք այս ուղերձը և խնդրեք ընտանիքի անդամներին, որոնց մասին խոսել է Նախագահ Մոնսոնը, ծառայել միսիայում: Կիսվեք լիաժամկետ միսիոներ լինելու ձեր կամ այլ մարդկանց փորձով, կամ պատմեք ապագայում որպես միսիոներ ծառայելու ձեր ծրագրերի մասին: Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց ծրագրերով և դրական փորձառություններով:

Տպել