Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2011
Գործունեության ընդարձակ ասպարեզ
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
Տերը, Նրա Եկեղեցին, ընտանիքները և համայնքները ունեն առաքինի կանանց կարիքը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը սովորեցրել է, որ «յուրաքանչյուր քույր այս Եկեղեցում, ով ուխտեր է կապել Տիրոջ հետ, աստվածային հանձնարարագիր ունի՝ օգնելու փրկել հոգիներ, առաջնորդել աշխարհի կանանց, ամրացնել Սիոնի տները և կառուցել Աստծո թագավորությունը»1:
Որոշ քույրեր կարող են մտորել, թե արդյոք կարող են իրականացնել նման վեհ նպատակներ: Սակայն, ինչպես բացատրել է Էլիզա Ռ. Սնոուն (1804–87)՝ Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը. «Չկա մի քույր, որ մեկուսացված լինի, և նրա ասպարեզը շատ նեղ լինի, բայց այն, ինչ նա կարող է անել, մեծ նշանակություն ունի երկրի վրա Աստծո թագավորությունը հաստատելու համար»:2 Քույր Սնոուն նաև ուսուցանել է, որ Սփոփող Միությունը կազմավորվել է «յուրաքանչյուր լավ ու ազնիվ գործի իրականացման համար»:3
Սփոփող Միությանը մասնակցելը մեծացնում է մեր ներգործության ասպարեզը` յուրաքանչյուր քրոջ հնարավորություններ տալով կառուցել հավատք, ամրացնել ընտանիքներ ու տներ, և ծառայություն մատուցել տանը և ողջ աշխարհում: Եվ բարեբախտաբար, մեզանից` որպես անհատներ և որպես Սփոփող Միություններ, չեն պահանջվում չափազանց մեծ ջանքեր, սակայն դրանք պետք է լինեն կշռադատված և շարունակական: Առաքինի փորձառությունները, ինչպես օրինակ՝ ամենօրյա անձնական և ընտանեկան աղոթքը, ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը և Եկեղեցու կոչումների շարունակական մեծարումը, կօգնի մեծացնել հավատքը և կառուցել Տիրոջ արքայությունը:
Քույրերին, ովքեր մտորում են, թե արդյոք այս արտաքուստ աննշան թվացող օժանդակությունները ինչ-որ բան են փոխում, Երեց Բալլարդը հավաստիացնում է. «Ամեն քույր, ով պաշտպան է կանգնում ճշմարտությանն ու արդարությանը, նվազեցնում է չարի ազդեցությունը: Յուրաքանչյուր քույր, ով ամրացնում և պաշտպանում է իր ընտանիքը, անում է Աստծո գործը: Յուրաքանչյուր քույր, ով ապրում է որպես աստվածային կին, փարոս է դառնում ուրիշների համար և առաքինի ներգործության սերմեր է ցանում, որոնք կհնձվեն գալիք ժամանակներում»:4
Սուրբ գրություններից
Ա Կորնթացիս ԺԲ.4–18, Ա Տիմոթեոս Զ.18–19, Մոսիա 4.27, Հավատո Հանգանակ 1.13
Մեր պատմությունից
Էլիզա Ռ. Սնոուն, ով ծառայել է որպես քարտուղար, երբ Սփոփող Միությունը կազմավորվեց Նավույում, կանչվեց Նախագահ Բրիգամ Յանգի (1801–77) կողմից` շրջելու Եկեղեցով մեկ` օգնելով եպիսկոպոսներին կազմավորել Սփոփող Միություններ իրենց ծխերում:
Քույր Սնոուն սովորեցրել է. «Եթե Սիոնի դուստրերից ու մայրերից որևէ մեկը նվազագույն իսկ չափով իրեն սահմանափակված է զգում իր ներկայիս ասպարեզում, նրանք այժմ կգտնեն յուրաքանչյուր զորության և ունակության միանգամայն բավարար հնարավորություն, գործելով բարին, ինչով նրանք ամենաշատն են օժտված: … Նախագահ Յանգը պտտեցրել է բանալին գործունեության և օգտակար լինելու լայն ու ընդարծակ ասպարեզում»:5
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: Visiting Teaching Message, December 2011-ի թարգմանությունը: Armenian: 09772 201