2012
Հորդորել նրանց աղոթել
Փետրվար 2012


Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2012

Հորդորել նրանց աղոթել

Երբ ես փոքր երեխա էի, իմ ծնողները իրենց օրինակով ինձ սովորեցրել էին աղոթել: Ես սկսեցի աղոթել` իմ մտքում ունենալով հեռվում գտնվող Երկնային Հոր պատկերը: Մեծանալու ընթացքում աղոթքի հետ կապված իմ փորձառությունը փոխվեց: Իմ պատկերացման մեջ Երկնային Հայրը դարձավ մեկը, ով մոտ է ինձ, ով ողողված է պայծառ լույսով և ով կատարելապես ճանաչում է ինձ:

Այդ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես հաստատուն վկայություն ձեռք բերեցի այն մասին, որ 1820թ. Մանչեսթերում, Նյու Յորք, Ջոզեֆ Սմիթի փորձառության զեկույցը ճշմարիտ է.

«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր:Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան:» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16-17):

Երկնային Հայրը պուրակում էր այդ գեղեցիկ գարնանային օրը: Նա կանչեց Ջոզեֆին անունով: Եվ Նա ներկայացրեց աշխարհի հարություն առած Փրկչին որպես Իր «Սիրելի Որդի»: Երբ և որտեղ էլ դուք աղոթեք, այդ փառահեղ փորձառության իրականության ձեր վկայությունը կարող է ձեզ օրհնել:

Հայրը, որին մենք աղոթում ենք, փառահեղ Աստվածն է, ով արարել է աշխարհներ Իր Սիրելի Որդու միջոցով: Նա լսում է մեր աղոթքները, ինչպես լսեց Ջոզեֆի աղոթքը՝ այնպես պարզ, կարծես դրանք ասված լինեն Նրա ներկայությամբ: Նա բավականաչափ սիրում է մեզ, դրա համար էլ Նա տվեց Իր Որդուն որպես մեր Փրկիչ: Այդ պարգևի շնորհիվ Նա հնարավոր դարձրեց մեզ համար ձեռք բերել անմահություն և հավերժական կյանք: Եվ Նա Իր Որդու անունով աղոթելու միջոցով մեզ հնարավորություն է տալիս շփվել Իր հետ այս կյանքում այնքան հաճախ, որքան որ մենք կընտրենք:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում քահանայություն կրողները սուրբ պարտականություն ունեն «այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի» (ՎևՈՒ 20.47, շեշտադրումն ավելացված է):

Շատ ձևեր կան, որոնցով կարող ենք հորդորել ինչ-որ մեկին աղոթել: Օրինակ, մենք կարող ենք վկայել, որ Աստված պատվիրել է մեզ միշտ աղոթել, կամ մենք կարող ենք նկարագրել օրհնությունների օրինակներ սուրբ գրություններից և մեր սեփական փորձառությունից, որոնք գալիս են երախտագիտության, աղերսանքի կամ խնդրանքի աղոթքներից: Օրինակ, ես կարող եմ վկայել, որ ես գիտեմ, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին: Ես ստացել եմ ուղղություն և մխիթարություն՝ բառերի միջոցով, որոնք եկել են իմ մտքում, և ես գիտեմ Հոգով, որ այդ բառերը Աստծուց էին:

Ջոզեֆ Սմիթն ունեցել է այսպիսի փորձառություններ և, ուստի, դուք էլ կարող եք: Նա ստացավ այս պատասխանը անկեղծ աղոթքով.

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի» (ՎևՈՒ 121.7-8):

Դա հայտնություն էր սիրող Հորից հավատարիմ որդուն, որը մեծ վշտի մեջ էր: Աստծո յուրաքանչյուր զավակ կարող է հաղորդակցվել Նրա հետ աղոթքի միջոցով: Աղոթելու ոչ մի հորդոր այնքան մեծ տպավորություն չի թողել ինձ վրա, ինչպես սիրո և թեթևության զգացումները, որոնք գալիս են խոնարհ աղոթքների պատասխանների հետ:

Մենք ստանում ենք վկայություն Աստծո ցանկացած պատվիրանի վերաբերյալ՝ պահելով այդ պատվիրանը (տես Հովհաննես Է.17): Սա ճիշտ է նաև այն պատվիրանի համար, որ մենք պետք է միշտ աղոթենք բարձրաձայն և գաղտնի: Որպես ձեր ուսուցիչ և ձեր ընկեր ես խոստանում եմ, որ Աստված կպատասխանի ձեր աղոթքներին, և որ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ձեր մեջ, որ պատասխանները Նրանից են:

Ուսուցանում այս ուղերձից

  • «Նկարները արժեքավոր միջոց են դասի հիմնական միտքը ամրապնդելու համար» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում» [1999], 176): Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի կամ Առաջին Տեսիլքի նկարը: Քննարկեք փորձառությունը, որը Ջոզեֆ Սմիթը ունեցել է կապված աղոթքի հետ: Ինչպե՞ս ձեր աղոթքները ավելի իմաստալից կդառնան, եթե դուք պատկերացնեք «Երկնային Հորը … ձեզ մոտ», ինչպես անում է Նախագահ Այրինգը:

  • Ինչպես խորհուրդ է տալիս Նախագահ Այրինգը, խորհեք աղոթքի մասին ձեր վկայությունը կիսելու շուրջ, քննարկելով օրհնությունները, որոնք դուք ստացել եք աղոթքի կամ աղոթքի մասին սուրբ գրություններով կիսվելու հետևանքով:

Տպել