Տարածաշրջանի Նախագահության ուղերձը
Տասանորդ վճարելը ամենաապահով ներդրումն է
Աշխարհի ամենակայուն բանը կայունության բացակայությունն է: Սա հատկապես ճիշտ է բոլոր տնտեսական խնդիրների համար: Մեր տատերն ու պապերը իրականում կենսական դասեր էին քաղում, երբ բախվում էին տնտեսական դժվարությունների հետ, ինչպես մենք՝ ներկայումս: Մենք կարող ենք ինքներս սովորել և մեր զավակներին ուսուցանել այն, ինչը կօրհնի մեզ և մեր գալիք սերունդներին:
Ես 14 տարեկան էի, երբ 1997 թ.-ին միացա Եկեղեցուն: Դժվարին ժամանակաշրջան էր ամբողջ երկրի համար, և մեր ընտանիքը բացառություն չէր: Երբեմն նույնիսկ սննդի համար բավարար գումար չունեինք: Բայց այդ ընթացքում մենք հատկապես զգացինք Աստծո աջակցությունը և միշտ երախտապարտ էինք մեր ունեցածի համար: Այդ ժամանակ էր, որ միսիոներներից իմացանք տասանորդի օրենքի մասին, որը Տերը սահմանել է Եկեղեցու բոլոր անդամների համար, խոստանալով, որ նրանք, ովքեր պահում են օրենքը, կստանան «օրհնութիւն, … մինչեւ որ նորա համար տեղ չ’լինի» (Մաղաքիա 3.10): Մենք վճռականորեն պարտավորություն ստանձնեցինք հետևել այս և մյուս օրենքներին, որոնց մասին իմացանք Հիսուս Քրիստոսի եկեղեցում:
Չէի ասի, որ մեր բոլոր ֆինանսական դժվարությունները լուծվեցին մեկ գիշերվա ընթացքում: Բայց հիմա, երբ հետ եմ նայում, գիտակցում եմ, թե Տերն ինչպես էր զգուշորեն առաջնորդում ինձ՝ հնարավորություններ բացելով, հաճախ հրաշքներ ցույց տալով և դրանով իսկ հաստատելով, որ Ինքը կատարում է Իր բոլոր խոստումները:
Ես շնորհակալ եմ Աստծո բոլոր պատվիրանների համար, հատկապես՝ տասանորդի օրենքի համար: Այս օրենքի պահպանումն ինձ սովորեցրեց վստահել Աստծուն և օգնեց վկայություն ձեռք բերել, որ Նա իմաստուն և հոգատար Երկնային Հայր է: Այն, ինչ մենք ունենք, իրականում մեզ չի պատկանում: Տերը օրհնել է մեզ այդ ամենով և տրամադրել է դրանք մեր մահկանացու գոյության ընթացքում օգտագործելու համար:
Եկեղեցու բոլոր անդամների համար տասանորդ վճարելը պարտականություն չէ, այլ օրհնություն: Ուրիշ որտե՞ղ կարող եք կատարել ներդրումներ, որոնք տասը տոկոս ներդրման դեպքում հարյուր տոկոսի վերադարձ են ապահովում: Դա անհավանական է թվում, բայց իրականում գործում է:
Յուրաքանչյուրս պարտավոր է ապահովել ինչպես իր, այնպես էլ իր ընտանիքի անդամների աշխարհիկ և հոգևոր կարիքները: Տասանորդ վճարելը օգնում է կատարել այս երկու խնդիրները: Երբ մեր երեխաներին սովորեցնում ենք այդ սկզբունքը, մենք ամուր հիմք ենք դնում նրանց հետագա ֆինանսական և հոգևոր կայունության համար:
Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Նա սիրող Երկնային Հայր է, ով ցանկանում է օրհնել մեզ այն ամենով, ինչի կարիքը մենք ունենք: Բայց որպես իմաստուն ծնող, Նա կօրհնի մեզ ճիշտ այն ժամանակ, երբ մենք պատրաստ լինենք այդ օրհնությունների համար: Աշխատասիրությունը, համառությունը, հավատքը և հնարավորությունների որոնումը, որոնք Աստված պատրաստել է մեր կյանքի ճանապարհին, կլինեն մեր աղոթքների պատասխանները և Նրա տված խոստումները:
Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք և ինչ պայմաններում ենք գտնվում: Երբ մենք սկսենք հավատալ Տիրոջ խոստումներին, Նա կսկսի այնպիսի դռներ բացել մեզ համար, որոնց մասին մենք անգամ նախկինում չգիտեինք: Սա Աստծո զորության դրսևորումն է, և այն դառնում է մեր վկայության հիմքը:
Տասանորդի օրենքը զոհաբերություն է պահանջում, բայց այդ օրենքին հնազանդվելը ավելի շատ օրհնություններ է բերում, քան այն, ինչից դուք հրաժարվում եք դրա փոխարեն:
Զոհաբերությունն այն օրենքն է, որի վրա հիմնված են ավետարանի հավերժական սկզբունքները: Այս օրենքն առաջարկվում է մեզ, որպեսզի մեր հավատքի միջոցով մենք կարողանանք սովորել տալ այն, ինչն արժեքավոր է մեզ համար՝ իմանալով, որ այդ ամենը պատկանում է Աստծուն: Պահելով տասանորդի օրենքը՝ մենք օրհնվում ենք և պատրաստվում վեհացմանը:
Երբ ես մտածում եմ այդ մասին, հիշում եմ մի երիտասարդ կնոջ պատմություն, որը նոր էր միացել Եկեղեցուն: Նա կանգնած էր դժվարին ընտրության առջև, քանի որ պետք է որոշում կայացներ՝ վճարել տասանորդ կամ վճարել համալսարանի ուսման վարձը: Իհարկե, կարելի էր տարբեր եղանակներ փնտրել այդ խնդիրը լուծելու համար, բայց անկեղծ աղոթքից հետո այս երիտասարդ կինը զգաց, որ պետք է հավատք գործադրի և տա այն, ինչը պատկանում է Աստծուն: Ոմանց համար նման որոշումը կարող էր անտրամաբանական և անհիմն թվալ, բայց ոչ նրա համար: Պատկերացնո՞ւմ եք Երկնային Հոր զգացմունքները մեր հանդեպ, երբ մենք այդպիսի դժվարին որոշումներ ենք կայացնում և Նրան դնում առաջին տեղում:
Հաջորդ օրը այդ աղջիկը գնաց աշխատանքի: Ընկերության ղեկավարը նրան հրավիրեց իր գրասենյակ և հայտնեց անսպասելի լուրը. «Ես լսել եմ, որ դուք սովորում եք համալսարանում և վճարում եք ձեր կրթության համար: Կարծում եմ, որ մեր ընկերությունը կարող է վճարել ձեր ուսման վարձը, այնպես որ այսուհետև կարող ենք փոխհատուցել ձեր ուսման ծախսերը»:
Արդյո՞ք այս օրինակը պատահականություն է: Չեմ կարծում․ դա օրինաչափություն է: Դա այն խոստումների պատասխանն է, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ: Սրանք են այն հրաշքները, որոնք տեղի են ունենում մեր կյանքում, երբ մենք հավատք ենք գործադրում Տիրոջ հանդեպ և հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:
Այս օրհնությունները շնորհվում են յուրաքանչյուրին, ով վճարում է իր եկամտի տասներորդ մասը, նույնիսկ, եթե դա շատ փոքր գումար է: Եթե մենք հնազանդվենք այդ օրենքին, Տերը կօրհնի մեզ ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ օրհնություններով:
Որպես ճյուղի նախագահ՝ տասանորդի հարցազրույցներ վարելիս, ես նկատեցի, որ բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են այս պատվիրանին, ամուր վկայություն ունեն Երկնային Հոր խոստման զորության մասին: Մի իսկական հրաշքով երկնքի պատուհանները բացվում են նրանց համար, և օրհնությունները, բառիս բուն իմաստով, հեղվում են նրանց վրա:
Տասանորդ վճարելը միայն ֆինանսական հարց չէ: Այն նաև հավատքի խնդիր է: Մենք կարող ենք վստահել Տիրոջը և թույլ տալ, որ Նա մեզ վրա հեղի բոլոր օրհնությունները, որոնք Նա այնքան շատ է ցանկանում փոխանցել մեզ:
Նախագահ Բրիգամ Յանգը ուսուցանել է. «[Տասանորդը] հավերժական օրենք է, որն Աստված հաստատեց ի շահ մարդկային ընտանիքի, ինչպես նաև նրանց փրկության և վեհացման համար» (Discourses of Brigham Young, 177):
Ես ամուր վկայություն ունեմ, որ Տերը մեզ է տվել տասանորդի օրենքը մեր օգտի համար, և Նա հավատարիմ է Իր բոլոր խոստումներին, երբ մենք հավատք ենք գործադրում և ցուցադրում մեր հնազանդությունը: