«Տաճարային աշխատանք», Լիահոնա, հոկտեմբեր 2021
Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2021
Տաճարային աշխատանք
Տաճարը Տիրոջ տունն է: Տաճարներում մենք կարող ենք արարողություններ ստանալ և ուխտեր կապել Նրա հետ: Տաճարում մենք կարող ենք նաև արարողություններ կատարել մեր նախնիների համար:
Պատմության ընթացքում Տերը միշտ պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Տաճարները սուրբ վայրեր են, որտեղ մենք կարող ենք զգալ Աստծո սերը, ստանալ արարողություններ և Նրա հետ ուխտեր կապել: Եկեղեցին ամբողջ աշխարհում տաճարներ է կառուցում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ունենալ այդ օրհնությունները:
Օժտում
Եկեղեցու արդարակյաց կյանքով ապրող անդամները գնում են տաճար՝ արարողություններ ստանալու և Աստծո հետ ուխտեր կամ խոստումներ կապելու համար: Արարողություններից մեկը, որը ստանում ենք տաճարում, օժտումն է: Օժտում բառը նշանակում է «պարգև»: Տաճարային օժտումը պարգև է Աստծուց։ Այս արարողությամբ մենք սովորում ենք մեր փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագիրը, և ուխտեր ենք կապում՝ Աստծո պատվիրանները պահելու համար: Եթե մենք հավատարիմ ենք մեր ուխտերին, Աստված օրհնում է մեզ:
Ընտանիքները կնքվում են միասին
Տաճարային ամուսնությունը նույնպես կոչվում է կնքում: Երբ զույգերը կնքվում են տաճարում և պահում են իրենց ուխտերը, ապա նրանք հավերժ ամուսնացած կլինեն: Եթե նրանք երեխաներ ունենան, այդ երեխաները նույնպես կնքված կլինեն նրանց հետ: Երեխաներ ունենալուց հետո կնքված ծնողները կարող են իրենց երեխաներին կնքել իրենց հետ: Եթե նրանք արդար ապրեն, նրանց ընտանիքը հավերժ միասին կլինի:
Տաճարային աշխատանք՝ Աստծո բոլոր զավակների համար
Մենք ընտանեկան պատմությանը վերաբերող աշխատանք ենք կատարում՝ մեր նախնիների մասին տեղեկություններ իմանալու համար: Հետո մենք տաճարային աշխատանք ենք կատարում նրանց համար: Մենք նրանց համար կատարում ենք բոլոր արարողությունները, որոնց կարիքն ունեն ապրողները՝ մկրտություն, հաստատում, քահանայության ստացում (տղամարդկանց համար), օժտում և կնքում: Այնուհետեւ նրանք կարող են ընտրել` արդյո՞ք ցանկանում են ընդունել այդ արարողությունները: Այս կերպ Աստծո բոլոր զավակները կարող են վայելել ավետարանի օրհնությունները:
Տաճարային աշխատանքի օրհնությունները
Եթե պահենք ուխտերը, որոնք կապում ենք տաճարում, մենք կօրհնվենք, կպաշտպանվենք և կամրապնդվենք։ Մենք կունենանք քահանայության զորությունը: Մեր ընտանիքները հավերժ միասին կլինեն:
Տաճարը նաև խաղաղության և հայտնության վայր է: Տաճարային աշխատանք կատարելով՝ մենք կարող ենք հոգևոր առաջնորդություն ստանալ և զգալ Աստծո սերը:
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, October 2021-ի թարգմանությունը: Armenian. 17474 201