2022
Ինչո՞ւ ենք մենք կապում և պահում ուխտեր
Փետրվար 2022


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Ինչո՞ւ ենք մենք կապում և պահում ուխտեր

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք բոլորս ուխտ ենք կապել, և շատերի համար կան լրացուցիչ ուխտեր, որոնք դեռ պետք է կապեն: Այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ ուխտերի կարևորությունը և ինչու է դրանց հանդեպ հարգանքը կենսական մեր վեհացման համար:

Ուխտը սուրբ համաձայնագիր է Աստծո և անհատի՝ կամ, նույնիսկ, մի խումբ մարդկանց միջև: Քանի որ սա համաձայնագիր է Աստծո հետ, Նա սահմանում է ուխտի հատուկ պայմանները, և Նա խոստանում է օրհնել մեզ, եթե մենք ենթարկվենք այդ պայմաններին: Ի տարբերություն գործարք կատարող երկու անձանց միջև կնքված համաձայնագրերի, ուխտերը բանակցման ենթակա չեն: Աստված սահմանում է կանոնները, և նա հարգում և պահպանում է համաձայնագրի Իր կողմը, եթե մենք հնազանդ ենք: Երբ մենք չենք պահում ուխտերը, մենք չենք կարող ստանալ օրհնությունները, և որոշ դեպքերում մենք տույժ ենք ստանում՝ մեր անհնազանդության հետևանքով:

Հիսուս Քրիստոսի Ավետարանը հավերժ կապված է ուխտերի հետ: Որպես Նրա աշակերտներ առաջընթաց ունենալու համար, մենք պետք է կապենք և պահենք այն համաձայնագրերը կամ ուխտերը, որոնք մենք կնքել ենք Աստծո հետ: Ավետարանով լիարժեք ապրելու և վեհացման հասնելու այլ տարբերակ չկա:

Ինչպես գիտեք, քահանայության բոլոր փրկարար արարողություններն ուղեկցվում են ուխտերով. հաղորդությունից օգտվելը, եղբայրների համար Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալը և այն բազմաթիվ ուխտերը, որոնք մենք բոլորս պետք է կապենք Սուրբ Տաճարում: Մենք իսկապես ուխտի ժողովուրդ ենք:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջան կատարած ուղևորությունից տուն վերադառնալուց հետո, նախագահ Նելսոնը 2011 թվականի հոկտեմբերի Գերագույն համաժողովում ուսուցանեց, որ. «Դարեր շարունակ Աստված ուխտեր է կապել Իր զավակների հետ: Նրա ուխտերը առկա են ողջ փրկության ծրագրում և ուստի հանդիսանում են Նրա ավետարանի լրիվության մասը: Օրինակ, Աստված խոստացավ Փրկիչ ուղարկել Իր զավակների համար, խնդրելով նրանց դրա դիմաց հնազանդվել Իր օրենքին: Աստվածաշնչում մենք կարդում ենք Հին Աշխարհի տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր ճանաչված էին որպես ուխտի զավակներ: Ի՞նչ ուխտի: Այն ուխտի, որ Աստուած մեր հայրերի հետ հաստատեց, եւ Աբրահամին ասաց. «Եւ քո զաւակովը պիտի օրհնուին երկրի բոլոր ազգերը»:

Նախագահ Նելսոնը շարունակեց, որ «երբ մենք գիտակցում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք հասկանում ենք, թե ով ենք մենք և թե ինչ է մեզանից ակնկալում Աստված: Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է և մենք Նրա ժողովուրդը: Ուխտին հավատարիմ զավակները հաստատուն են մնում, նույնիսկ կյանքի անբարենպաստ շրջանում: Երբ այդ վարդապետությունը խորը արմատ է գցում մեր սրտերում, նույնիսկ մահվան խայթոցը մեղմանում է և մեր հոգևոր տոկունությունը ուժեղանում»:

Հարգելի ընկերներ, մի՞թե մենք չենք կարող ավելի լավ պահել Աստծո հետ ձեռք բերված համաձայնության մեր մասը: Արդյո՞ք մենք դեռ փորձում ենք բանակցել Աստծո հետ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ Նա է սահմանել պայմանները: Դուք միայն ուրախություն կգտնեք Ավետարանում և այս կյանքում, եթե ձգտեք, կապեք և պահեք ուխտեր Աստծո հետ: Այս նոր տարում եկեք բոլորս պարտավորվենք և լինենք ավելի հավատարիմ՝ ուխտեր պահող ժողովուրդ:

Տպել