Լիահոնա
Սնուցեք ձեր հոգին հաճախակի աղոթելով
Ապրիլ 2024


«Սնուցեք ձեր հոգին հաճախակի աղոթելով», Լիահոնա, ապրիլ 2024

Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, ապրիլ 2024

Սնուցեք ձեր հոգին հաճախակի աղոթելով

Մեզ անհրաժեշտ է Երկնային Հոր հետ հաղորդակցվելու հոգևոր սնունդը. օրհնություն, որը հասանելի է մեզ ամենուր և միշտ։

Նկար
Ենովսն աղոթում է

Դերասանի լուսանկարը, որը պատկերում է Ենովսին, հեղինակ՝ Մաթ Ռեյեր

Մեզ բոլորիս ծանոթ է քաղցի զգացումը։ Քաղցի տհաճ զգացումը միջոց է մեր մարմնի համար ասելու մեզ, որ այն սնուցման կարիք ունի։ Եվ երբ քաղցած ենք, մենք գիտենք, թե ինչ պետք է անենք՝ ուտել։

Մեր հոգին ևս ունի միջոցներ ասելու մեզ, որ մենք ունենք հոգևոր սննդի կարիք։ Բայց կարծես, մեզ համար ավելի հեշտ է պարզապես անտեսել հոգևոր քաղցը, քան ֆիզիկականը։

Ճիշտ այնպես, ինչպես կան սննդամթերքի բազմաթիվ տեսակներ, որոնք մենք կարող ենք ուտել քաղցած ժամանակ, այնպես էլ կան տարբեր բաներ, որոնք մենք կարող ենք անել՝ մեր հոգևոր քաղցը լրացնելու համար։ Օրինակ՝ մենք կարող ենք «սնվե[լ] Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32․3), որոնք գտնվում են սուրբ գրություններում, նաև մարգարեների խոսքերի միջոցով։ Մենք կարող ենք կանոնավոր կերպով եկեղեցի հաճախել և ճաշակել հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 59․9)։ Մենք կարող ենք ծառայել Աստծուն և Նրա զավակներին (տես Մոսիա 2․17

Բայց կա հոգևոր սնուցման մեկ այլ աղբյուր, որը հասանելի է մեզ բոլոր ժամանակներում, մեր կյանքի յուրաքանչյուր պահի՝ անկախ մեր հանգամանքներից։ Մենք միշտ կարող ենք հաղորդակցվել Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով։

«Իմ հոգին քաղցում էր»

Երբ Ենովս մարգարեն գնացել էր գազաններ որսալու անտառներում, նա սկսեց մտաբերել «խոսքերը, որոնք [նա] հաճախ լսել է[ր] ի[ր] հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին»։ Այդ խոսքերը «խորը ընկղմվել էին [նրա] սրտում» (Ենովս 1․3

Քանի որ Ենովսը այս հոգեվիճակում էր, նա խիստ կարիք զգաց. «Իմ հոգին քաղցում էր»,- ասել է նա (Ենովս 1․4, շղագրերն ավելացված են)։

Ի՞նչ արեց Ենովսը, երբ զգաց այս հոգևոր քաղցը, հոգևոր սննդի կարիքը։ «Ես ծնկի իջա իմ Արարչի առջև,- ասել է նա,- Ես աղաղակեցի առ նա զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար» (Ենովս 1․4

Այնքան մեծ էր Ենովսի հոգևոր քաղցը, որ նա աղոթում էր «ողջ օրվա ընթացքում … և երբ եկավ գիշերը [նա] դեռ բարձրացնում էր [իր] ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին» (Ենովս 1․4)։ Ի վերջո, Աստված պատասխանեց նրա աղոթքին և ներեց նրա մեղքերը։ Ենովսը զգաց, որ իր հանցանքը սրբվեց։ Բայց նրա հոգևոր սնուցումը դրանով չավարտվեց։

Նա սովորեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի զորության մասին և իր ողջ հոգին դուրս թափեց իր ժողովրդի, նույնիսկ իր թշնամիների անունից։ Նա ուխտեր կապեց Տիրոջ հետ և խոստումներ ստացավ Նրանից։ Իր զորեղ աղոթքից հետո Ենովսը շրջեց իր ժողովրդի մեջ՝ մարգարեանալով և վկայելով բաների մասին, որոնք լսել ու տեսել էր։ (Տես Ենովս 1․5-19

Ոչ բոլոր աղոթքների պատասխանները կտրվեն այդքան դրամատիկ կերպով, բայց աղոթքի հետ կապված մեր փորձառությունները, այնուամենայնիվ, կարող են իմաստալից լինել և կյանք փոխել։ Մենք կարող ենք որոշ կարևոր դասեր քաղել Ենովսի աղոթքի փորձառությունից։ Օրինակ.

  • Ավետարանով լիարժեք ապրելու ձգտումը կարող է օգնել մեզ զգալ մեր հոգևոր քաղցը։

  • Մեր հոգևոր քաղցը կարող է և պետք է ծնկի բերի մեզ՝ փնտրելու Երկնային Հոր օգնությունը։

  • Երկնային Հորն աղոթելը կարող է օգնել հագեցնել մեր հոգևոր քաղցը և նույնիսկ ավելին։

  • Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։

  • Աղոթքը կարող է օգնել մեզ ապաշխարել։

  • Աղոթքը կարող է ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Մենք կարող ենք անձնական վկայություն ստանալ, որ մեր Երկնային Հայրը լսում է մեզ և գիտե մեր մասին։

  • Վկայությունն ու ուժը, որը մենք ստանում ենք աղոթքի միջոցով, կարող են օգնել մեզ ծառայելու և զորացնելու ուրիշներին։

Նկար
Երեց Սոարեսը պատանի հասակում

Իմ փորձառությունը՝ կապված աղոթքի զորության հետ

Ենովսի նման ես այս նույն դասերից մի քանիսը սովորել եմ անձնական փորձով։ Իմ ծնողները միացան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, երբ ես փոքր տղա էի, և ես մկրտվեցի, երբ ութ տարեկան էի։ Ես իմ սրտում միշտ լավ, ջերմ զգացում եմ ունեցել իմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի, Նրա վերականգնված ավետարանի և Նրա Եկեղեցու մասին։ Բայց միայն մոտ 16 տարեկանում էր, որ ես առաջին անգամ աղոթեցի այս բաների ճշմարտության վերաբերյալ։

Իմ ոգեշնչված եպիսկոպոսը խնդրեց ինձ ուսուցանել երիտասարդների Կիրակնօրյա դպրոցի դասարանում։ Ես պետք է ուսուցանեի այն մասին, թե մենք ինչպես մենք կարող ենք ավետարանի մասին վկայություն ձեռք բերել աղոթքի միջոցով։ Իմ եպիսկոպոսի այս հանձնարարությունը ստիպեց ինձ խորապես մտածել իմ սեփական վկայության մասին։ Ես ժամանակ էի տրամադրել Մորմոնի Գրքի ուսումնասիրությանը և միշտ զգացել էի, որ Եկեղեցին ճշմարիտ է։ Ես միշտ հավատացել էի Փրկիչ Հիսուս Քրիստոսին, բայց երբեք սրտիս մոտ չէի ընդունել Մորոնիի խոստումը, որը գտնվում է Մորոնի10․4-5 հատվածներում։ Ես երբեք չէի աղոթել ավետարանի ճշմարտացիության մասին։

Ես հիշում եմ, որ իմ սրտում զգացի, որ եթե ես պատրաստվում էի երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես վկայություն ձեռք բերել աղոթքի միջոցով, ես ինքս պետք է աղոթեի վկայության համար։ Հոգիս քաղցած էր, գուցե ոչ այնպես, ինչպես Ենովսինը, այնուամենայնիվ, ես հոգևոր կարիք զգացի։

Երբ պատրաստում էի դասը, ես ծնկի իջա և հայտնեցի իմ սրտի ցանկությունը իմ Երկնային Հորը՝ հաստատել այն ճշմարտությունը, որը ես զգում էի ներքուստ։ Ես չէի սպասում որևէ մեծ իրադարձության։ Բայց երբ հարցրի Տիրոջը՝ արդյոք ավետարանը ճշմարիտ է, այդ ժամանակ սրտումս մի հաճելի զգացում ունեցա, մի մեղմ ու նուրբ ձայն հաստատեց, որ դա ճշմարիտ է, և որ ես պետք է շարունակեմ անել այն, ինչ անում էի։

Դա այնքան ուժեղ էր, որ ես երբեք չէի կարող հերքել այդ պատասխանը և ասել, որ չգիտեի։ Ես ամբողջ օրն անցկացրի երջանկության մեծ զգացումով։ Իմ միտքը երկնքում էր՝ խորհելով սրտիս գեղեցիկ զգացողության մասին։

Հաջորդ կիրակի ես կանգնեցի երեք-չորս դասընկերներիս առաջ, որոնք բոլորն էլ ինձնից փոքր էին։ Ես վկայեցի նրանց, որ Երկնային Հայրը կպատասխանի նրանց աղոթքին, եթե նրանք հավատք ունենան։

Նկար
Երեց Սոարես

Պատասխանված աղոթքը, որը Երեց Սոարեսը ստացել է պատանեկության տարիներին, թույլ է տվել նրան վկայել՝ որպես միսիոներ (վերևում), հայր և ամուսին և առաքյալ, որ Երկնային Հայրը պատասխանում է հավատքով ասված աղոթքներին։

Այդ ժամանակից ի վեր այս վկայությունը մնացել է ինձ հետ։ Դա ինձ օգնել է որոշումներ կայացնել, հատկապես այն պահերին, երբ ես բախվել եմ մարտահրավերների։ Այդ օրվա այդ աղոթքը, ինչպես նաև այլ վկայություններ, որոնք ես ստացել եմ տարիների ընթացքում, թույլ են տվել ինձ վկայել մարդկանց՝ համոզված լինելով, որ նրանք կարող են պատասխաններ ստանալ Երկնային Հորից, եթե հավատքով աղոթեն։ Այս ճշմարտության մասին ես վկայել եմ որպես միսիոներ, որպես Եկեղեցու ղեկավար, որպես հայր և ամուսին և նույնիսկ այսօր՝ որպես առաքյալ։

Երբ աղոթել և ինչի համար աղոթել

Իհարկե, մենք չենք աղոթում միայն այն ժամանակ, երբ զգում ենք հատկապես ուժեղ հոգևոր կարիք։ Այսպիսով, ե՞րբ պետք է աղոթենք։ Եվ ինչի՞ համար պետք է աղոթենք։ Հակիրճ պատասխանն է՝ ցանկացած ժամանակ և ցանկացած բանի համար։

Աստված մեր Երկնային Հայրն է։ Սրա գիտակցումը փոխում է մեր աղոթքը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Աստծո մասին գիտելիք ունենալով՝ մենք սկսում ենք իմանալ, թե ինչպես մոտենանք նրան, թե ինչպես խնղրենք, որպեսզի պատասխան ստանանք։ … Երբ մենք պատրաստ ենք մոտենալ Նրան, Նա պատրաստ է մոտենալ մեզ»։1

Մեր Երկնային Հայրը միշտ պատրաստ է լսել մեզ և ցանկանում է, որ մենք կանոնավոր և հաճախակի աղոթենք Իրեն։ Մենք պետք է «խորհուրդ [անենք] Տիրոջ հետ [մեր] բոլոր գործերում» (Ալմա 37․37) և աղոթենք առավոտյան, կեսօրին և երեկոյան։ Մենք պետք է աղոթենք տանը, աշխատավայրում, դպրոցում, որտեղ էլ որ լինենք և մեր ցանկացած գործի համար (տես Ալմա 34․17-26

Մենք պետք է աղոթենք մեր ընտանիքներում (տես 3 Նեփի 18․21)։ Մենք պետք է աղոթենք «բարձրաձայն և [մեր] սրտում, հրապարակավ և առանձին» (Վարդապետություն և Ուխտեր 81․3)։ Եվ «երբ [մենք] չենք կանչում առ Տերը, թող [մեր] սրտերը լցված լինեն՝ ուղղված նրան, շարունակ աղոթքով՝ [մեր] բարօրության համար և նաև նրանց բարօրության համար, ովքեր [մեր] շրջապատում են» (Ալմա 34․27)։ Եվ մենք պետք է միշտ աղոթենք Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով (տես 3 Նեփի 18․19-20

Նկար
Ջոզեֆ Սմիթը երիտասարդ տարիքում

Ջոզեֆ Սմիթի լուսանկարը, ըստ Վոլթեր Ռեյնի, կրկնօրինակման ենթակա չէ

Դիմենք մեր Երկնային Հորը

Մեր Երկնային Հայրը ցանկանում է օրհնել մեզ։ Եվ Նա կօրհինի, եթե մենք խնդրենք։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Հիշեք, որ առանց խնդրելու մենք չենք կարող ոչինչ ընդունել. հետևաբար, հարցրեք հավատքով և դուք կստանաք այնպիսի օրհնություններ, որոնք Աստված հարմար է գտնում շնորհել ձեզ»։2

Մեր կանոնավոր և հաճախակի աղոթքները մեր քաղցած հոգիների հոգևոր սնուցման հավասարակշռված սննդակարգի էական մասն են կազմում։ Աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ հաղորդակցությունը հասանելի և ողջունելի է ամենուր և միշտ։

Իմ սիրելի սուրբ գրություններից մեկն ուսուցանում է, թե ինչպես պետք է դիմենք մեր Երկնային Հորը, երբ ծնկի ենք գալիս աղոթելու. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (Վարդապետություն և Ուխտեր 112.10)։ Եթե մենք խոնարհ ենք և հնազանդ, Երկնային Հայրը մեզ հետ կլինի։ Նա մեր ձեռքը բռնած կառաջնորդի մեզ։ Նա կոգեշնչի մեզ, թե ուր գնանք և ինչ անենք։ Նա կպատասխանի մեր աղոթքներին՝ համաձայն Իր կամքի, ճանապարհի, ժամանակի և բացարձակ իմացության, թե ինչն է լավ մեզ համար։

Մենք պետք է հիշենք սա և փայփայենք Աստծո գահին մոտենալու և Նրա ձեռքից օրհնություններ ստանալու հնարավորությունները։

Հղումներ

  1. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2011), 44։

  2. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 139։

Տպել