Լիահոնա
Երախտագիտությունը ճանապարհ է հարթում դեպի «շնորհի աթոռը»
Ապրիլ 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Երախտագիտությունը ճանապարհ է հարթում դեպի «շնորհի աթոռը»

Նախքան Տարածաշրջանի Յոթանասունական կանչվելը՝ ես հանդիպեցի իմ հավատքի ճամփորդության ամենադժվար փուլերից մեկին: Ֆինանսական դժվարությունների պատճառով մենք չէինք կարողանում սնունդ գնել, ուստի վաճառեցինք մեր ողջ ունեցվածքը։ Հատկապես ցավալի էր ականատես լինել մի տեսարանի, երբ կինս բաժանվում էր իր տատից և մորից մնացած նվիրական հուշանվերներից: Քանի որ մեր մեքենայի վառելիքը վերջացել էր, ես քայլում էի մեր քաղաքով՝ գրավատուն գտնելու համար։

Քայլելիս հիշեցի զրույցը մի շատ լավ ընկերոջ հետ, որն անցնում էր լուրջ մարտահրավերների միջով: Փորձելով օգնել՝ ես նրան խորհուրդ տվեցի երախտագիտություն զարգացնել: Նրա պատասխանը խոր կարեկցանք առաջացրեց իմ մեջ. «Որպեսզի ես երախտապարտ լինեմ, պետք է մտածեմ մեկի մասին, որն ավելի մեծ դժվարությունների միջով է անցնում, քան ես: Շատ դժվար է գտնել նման մեկին»: Ես խորապես արձագանքեցի նրա զգացմունքներին, և զգացի, որ հայտնվել եմ կնոջս տառապանքների և երեխաներիս տխրության զգացմունքային թակարդում, չնայած այն բանին, որ վստահում էի Փրկչին: Նա ինձ ասել էր. «Դու իմն ես»1: Նա ընտրել էր ինձ Իր խոստումներով՝ «իր սեփական ժողովուրդը»2 կդարձնի և «իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի [ինձ]»3: Ես հավատարմությամբ կառչած էի խոստացված՝ «երկնքի պատուհաններին»4. տասանորդ, ծոմ, աղոթք և տաճարային երկրպագություն, սակայն պատուհանները մնացին փակ, և ես ինձ լքված էի զգում:

Սաստկացող տառապանքի պահերին ես որդեգրեցի աստվածությանը երկու հիմնարար հարց ուղղելու քաղաքականությունը. «Տեր, ի՞նչ ես ցանկանում, որ ես անեմ։ Ի՞նչ ես ցանկանում, որ ես իմանամ»: Գրեթե անմիջապես մի միտք ծագեց. «Եվ եղավ այնպես, որ նա կառուցեց մի զոհասեղան քարերից, և ընծա մատուցեց Տիրոջը, և գոհություն հայտնեց Տիրոջը՝ մեր Աստծուն»5: Սա մղեց ինձ մտածել Լեքիի ծանր վիճակի մասին, որն առանց իր մեղքի ստիպված էր լքել իր տունը՝ թողնելով իր ունեցվածքը՝ ներառյալ «իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը, և իր հետ ոչինչ չվերցրեց»6: Իր ողջ կյանքն անցկացնելով Երուսաղեմում, հետևում թողնելով կյանքի երազանքներն ու իր աշխատանքի պտուղները, Լեքին բախվեց անհաղթահարելի թվացող մարտահրավերի: Այնուամենայնիվ, երախտագիտությունն այն սկզբունքն էր, որով նա ապրում և փրկություն էր փնտրում. «Մեծ և զարմանալի են քո գործերը, ո՜վ Տեր Աստված Ամենազոր»7:

Լեքիի համար երախտագիտությունը պայմանավորված չէր հանգամանքներով: Դա որոշում էր՝ հատուկ կենտրոնացումով. Հիսուս Քրիստոս: Եվ ես երախտագիտությամբ հայտնաբերեցի, «Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես»8: Իմ սեփական փորձությունների ժամանակ ես կիրառեցի աղոթքի միջոցով ամեն օր երախտագիտության զոհասեղաններ կառուցելու սովորությունը: Իմ նպատակն էր երախտապարտ լինել՝ առանց համեմատության, ակնկալիքների կամ արտաքին հանգամանքներից կախվածության, ինչը խորապես փոխեց հեռանկարը:

Յուրաքանչյուր աղոթքի սկզբում ես միտումնավոր կերպով մտքերս ուղղում էի դեպի իմ Փրկչի կյանքն ու առաքելությունը: Գործընթացը փոխակերպող էր: Որքան ավելի ջանասիրաբար էի երախտագիտություն հայտնում, Հոգին այնքան ավելի շատ էր վկայում ողորմության և շնորհի ճշմարտությունների մասին: Սրա միջոցով ես վկայություն ստացա իմ Փրկչի՝ «այդ վերջին զոհաբերության [նպատակի]»9 մասին, և որ նրա «սիրտը լցված է կարեկցանքով հանդեպ (մեզ)»10:

Նա կատարելապես ճանաչում էր ինձ Իր՝ կարեկցանքով լի սրտով: Երբ իմ երախտագիտությունն արտահայտվեց, հավատս խորացավ, և հոգիս ուրախացավ: Ես հասկացա, որ երախտագիտության այս ամենօրյա զոհասեղանները ճանապարհ են հարթում դեպի «շնորհի աթոռը»11: Հաջորդ օրերին մենք օրհնվեցինք և՛ նյութապես, և՛ հոգևորապես: Բայց այն ամենը, ինչի միջով ես անցել եմ, չէի ցանկանա տեղերով փոխանակել որևէ թագավորի հետ: Իմ փորձությունները ստիպեցին ինձ ավելի մոտենալ և ճանաչել իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Նա ապրո՜ւմ է:

Հղումներ

  1. Եսայիա 43.1.

  2. Երկրորդ Օրինաց 7.6

  3. Երկրորդ Օրինաց 26.19.

  4. Մաղաքիա 3.10.

  5. 1 Նեփի 2.7.

  6. 1 Նեփի 2.4.

  7. 1 Նեփի 1.14.

  8. Սաղմոսաց 139.8.

  9. Ալմա 34.15.

  10. 3 Նեփի 17.6, 7.

  11. Եբրայեցիս 4.16.

Տպել