Լիահոնա
Ինչու ուխտերը
Հունիս 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ինչու ուխտերը

Նախաերկրային աշխարհում մեր Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսի քավության միջոցով տրամադրեց ծրագիր, որով մենք կարող ենք վերադառնալ Նրա ներկայություն: Մեզ տուն տանող ճանապարհը հաճախ կոչվում է ուխտի ուղի, քանի որ այն հստակեցնում է մեր վերադարձի ժամկետներն ու պայմանները: Ուխտը սուրբ պայմանագիր է Աստծո և անձի կամ մարդկանց խմբի միջև: Աստված սահմանում է հատուկ պայմաններ, և Նա խոստանում է օրհնել մեզ, երբ մենք հնազանդվենք այդ պայմաններին1: Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Փրկչին հետևելու ձեր հանձնառությունը՝ Նրա հետ ուխտեր կապելով և այնուհետև այդ ուխտերը պահելով, դուռ կբացի յուրաքանչյուր հոգևոր օրհնության և արտոնության համար, որը հասանելի է տղամարդկանց, կանանց և երեխաներին ամենուր»2:

Տերը հայտնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Կա մի օրենք, որն անդառնալիորեն որոշված է երկնքում՝ այս աշխարհի հիմքերից առաջ, և որի վրա հիմնված են բոլոր կանխորոշված օրհնությունները: Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»3: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հիշեցնում է մեզ. «Ուխտերը, որոնք Աստված առաջարկում է Իր զավակներին, իրականացնում են ավելին, քան մեզ առաջնորդելը: Դրանք մեզ կապում են Նրա հետ, իսկ կապված լինելով Նրա հետ, մենք կարող ենք հաղթահարել բոլոր բաները»4: Տերը մեզ խոստացել է, որ Ինքը կապված է, երբ մենք անում ենք այն, ինչ Ինքն է ասում, «բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»5:

Ժամանակի ընթացքում Աստված ուխտեր է կապել իր ժողովրդի հետ: Մենք գիտենք, որ Տերն ուխտ է կապել Ադամի և Եվայի, նրանցից հետո մարգարեների և շատ ուրիշների հետ: Մեր օրերում մենք հաճախ ենք խոսում այն ուխտի մասին, որն Աստված կապեց Աբրահամի հետ և կոչվում է Աբրահամյան ուխտ: Աստված խոստացավ օրհնել Աբրահամին և նրա սերունդներին «Ավետարանի օրհնություններով, որոնք փրկության, այսինքն՝ հավիտենական կյանքի օրհնություններն են»6:

Մենք՝ որպես Աբրահամյան ուխտի ժառանգորդներ, պարտավոր ենք տանել ավետարանը երկրի բոլոր մարդկանց, հրավիրել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ և կապված լինել Նրա հետ: Ուրիշներին Քրիստոս մոտ բերելը հրավեր է՝ մտնելու ուխտի ուղին, բացելու դուռը «մկրտության ուխտի միջոցով ամեն օրհնության» և, ի վերջո, ստանալու Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը՝ հավերժական կյանքի պարգևը7:

Այն օրհնությունները, որոնք Աստված խոստացել էր Աբրահամին և նրա սերունդներին վերջին օրերի մեծ հավաքի վերաբերյալ, կատարվում են մեր օրերում: Նախագահ Նելսոնը հայտարարել է. «Այդ հավաքն ամենակարևոր գործն է, որն այսօր տեղի է ունենում Երկրի վրա։ Ոչինչ չի կարելի համեմատել այդ գործի մեծության, կարևորության և վսեմության հետ»: «Ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք անում վարագույրի երկու կողմերում գտնող որևէ մեկին օգնելու համար, մեկ քայլ առաջ եք գնում Աստծո հետ ուխտեր կապելու և նրանց մկրտության ու տաճարային կարևոր արարողությունների ուղղությամբ և օգնում եք հավաքել Իսրայելը։ Դա այդքան պարզ է»8:

Ամեն շաբաթ մեզ հնարավորություն է տրվում խորհելու Աստծո հետ մեր կապած ուխտերի մասին: Երբ մենք արժանավորությամբ ընդունում ենք հաղորդությունը, մենք կրկին խոստանում և ձգտում ենք միշտ հիշել Հիսուս Քրիստոսին և վերցնել Նրա անունը մեզ վրա: Երբ մենք պահենք Նրա պատվիրանները, միշտ կունենանք Նրա հոգին մեզ հետ9: Աստծո հետ մեր ուխտի փոխհարաբերությունների շնորհիվ է, որ մենք ճանաչում ենք Նրան և պատրաստվում վերադառնալ տուն՝ ստանալու Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը: «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին»10:

Հղումներ

  1. Ավետարանի գրադարան, Թեմաների ուղեցույց

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա ապրիլ 2018, 7

  3. Վարդապետություն և Ուխտեր 130.20-21

  4. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա», Գերագույն համաժողով ապրիլ 2021

  5. Վարդապետություն և Ուխտեր 82.10

  6. Աբրահամ 2.9-11

  7. Վարդապետություն և Ուխտեր 14.7

  8. Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը», Երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք հունիսի 3, 2018

  9. Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79

  10. Հովհաննես 17.3

Տպել