«2 Նեփի 12–15. «Դա կատարվելու է վերջին օրերում»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 12–15», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 12–15
«Դա կատարվելու է վերջին օրերում»
Նկատե՞լ եք, որ որոշ մարգարեներ խոսում են, ուսուցանում կամ գրում են այնպես, որ հուզում են մեր հոգիները: Նեփիի համար այդ մարգարեն Եսայիան էր: «Քանզի հոգիս հրճվում է նրա խոսքերից», գրել է Նեփին (2 Նեփի 11.2): Դուք նույնպես կարող եք հրճվել այն բանից, ինչ Տերը Եսայիայի միջոցով բացահայտել է վերջին օրերի մասին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ Եսայիայի խորհրդանշական մարգարեությունները և խորհել, թե այդ մարգարեություններն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր կյանքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Լավագույնը և վատագույնը
Հին ժամանակների շատ մարգարեների համար Տերը բացահայտել է վերջին օրերում ապրելու թե՛ օրհնությունները, թե՛ նախազգուշացումները: Այդ մարգարեներից մեկը Հին Կտակարանի մարգարե Եսայիան էր, որն ապրել է Երուսաղեմում՝ Լեքիից և նրա ընտանիքից մոտ 100 տարի առաջ: Նեփին գիտեր, որ Եսայիան Հիսուս Քրիստոսի հատուկ մարգարեն է (տես 2 Նեփի 11.2), և այնքան էր հրճվում նրա խոսքերից, որ ժամանակ հատկացրեց ու Եսայիայի մարգարեություններից շատերը ներառեց իր սեփական հիշատակարանում:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Այդ հարցերին կրկին կվերադառնաք դասի վերջում:
-
Տերն ինչո՞ւ էր վերջին օրերի օրհնություններն ու նախազգուշացումները բացահայտելու մեզ:
-
Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Նրա մասին:
-
Այդ բաների մասին իմանալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:
Դասի ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, ինչը կօգնի ձեզ պատասխանել այս հարցերին:
Մեր օրերի դժվարությունները
Եսայիան մեզ նախազգուշացրել է վերջին օրերի որոշ վարքագծերի ու մոտեցումների մասին: Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք Եսայիայի մարգարեությունը:
-
2 Նեփի 12.7–11 (մեծամտությունը վերաբերում է հպարտությանը, իսկ ռամիկ նշանակում է արժանապատվության բացակայություն կամ լինել խոնարհ անձ):
-
2 Նեփի 13.5, 9, 15–17 (Սոդոմը ամբարշտության ու անբարոյականության վայր էր: Ցանկասեր նշանակում է վավաշոտ):
-
Ի՞նչը տպավորեց ձեզ:
-
Այսօր աշխարհում նման բաների ի՞նչ օրինակներ կան:
-
Ինչո՞ւ է օրհնություն համարվում այն, որ Տերը պատվիրում է մեզ հետևել այդ բաներին:
Ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք օրհնություններ, որոնք Տերը տվել է վերջին օրերի համար: Մտածեք, թե այդ օրհնություններն ինչպես կարող են օգնել մեզ, երբ հանդիպում ենք Եսայիայի կանխատեսած դժվարություններին:
Տիրոջ տան սարը
Եսայիան իր մարգարեություններում բազմաթիվ խորհրդանիշներ էր օգտագործում: Խորհելով այն մասին, թե ինչ են ներկայացնում այդ խորհրդանիշները, կօգնեք ձեզ բացահայտել սուրբ գրությունների անհատական նշանակությունը:
Կարդացեք 2 Նեփի 12.1–3 հատվածները և փնտրեք այն հիմնական խորհրդանիշը, որը Եսայիան օգտագործել է, որպեսզի ուսուցանի, թե ինչ է նշանակում «կատարվելու է վերջին օրերում» (2 Նեփի 12.2):
-
Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում «Տիրոջ տան սարը»: Ինչո՞ւ։
Օգտակար կլինի մտածել, թե արդյոք որևէ խորհրդանիշ, այս դեպքում՝ սարը, նշանակություն է ունեցել այլ սուրբ գրություններում: Օրինակ՝ Մովսեսը և այլ մարգարեները գնացին մի լեռան մոտ, որպեսզի ճանաչեն Տիրոջը և Նրանից հրահանգներ ստանան (տես Ելից 3, 20): Ժամանակ առ ժամանակ սարերը ծառայել են այնպիսի նպատակի, ինչպիսին տաճարի նպատակն է:
-
Սարն ինչպե՞ս կարող է տաճարի նման լինել:
Բացահայտելով խորհրդանիշը՝ վերընթերցեք այդ հատվածները և փնտրեք, թե ինչ է անում Տերը մեզ համար Իր տանը:
Ամպ և կրակ
Եսայիան մեկ այլ մարգարեություն տվեց: Կարդացեք 2 Նեփի 14.5–6 հատվածը՝ փնտրելով, թե Աստված ինչ կանի Իր ժողովրդի համար: Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել ձեզ համար․
-
Բնակության վայրը տուն է:
-
Սիոն սարի հավաքները վայրեր են, որտեղ հանդիպում են Տիրոջ մարդիկ, ինչպես ճյուղերը, ծխերը և ցցերը:
-
Հին Կտակարանի ժամանակներում աղոթատեղին շարժական վրան էր, որը հարյուրավոր տարիներ իսրայելացիների համար ծառայում էր որպես տաճար: Դա այսօր կարող է լինել տաճարը կամ երկրպագության վայրը:
-
Ապաստանն ապաստանելու տեղ է կամ կացարան:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ են խորհրդանշում ցերեկվա ամպը և գիշերվա բոցավառվող կրակը:
-
Ամպը և կրակը ինչո՞վ էին կարևոր Մովսեսի և Իսրայելի զավակների համար (տես Ելից 13.21):
-
Հասկանալով դա՝ ձեր կարծիքով 2 Նեփի 14.5–6 հատվածում Տերն ի՞նչ խոստացավ անել Իր ժողովրդի համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբենդը նման խոստում է տվել.
Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր վկայությունները, մեր տները, մեր ընտանիքները և մեր անդամակցությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն կլինեն մեզ շրջապատող պաշտպանական ամրոցները և մեզ անվնաս կպահեն չարի զորությունից (Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Հոգևորության և պաշտպանության ամրոց կառուցեք», Լիահոնա, մայիս, 2019թ., 110):
Եսայիայի խոսքը ձեր կյանքում
Մի որոշ ժամանակ հատկացրեք և պատասխանեք այն երեք հարցերին, որոնց շուրջ խորհել էիք դասի սկզբում: Ձեր օրագրում կարող եք գրել, թե ինչ սովորեցիք Տիրոջ մասին, և այդ մարգարեություններն ինչպես կարող են օգնել ձեզ: Կարող եք ներառել այն վարքագիծը կամ մոտեցումները, որոնցից ցանկանում եք խուսափել, ինչպես նաև ձեր տանը, ծխում, ճյուղում կամ տաճարում Տիրոջից հոգևոր օգնություն խնդրելու եղանակները: