«Մոսիա 28. Անձնական դարձ և ավետարանի տարածում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 28», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 28
Անձնական դարձ և ավետարանի տարածում
Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություն եք ունեցել: Դարձից հետո Մոսիայի որդիները գնացին թագավորի մոտ, որպեսզի ավետարանը Լամանացիներին քարոզելու թույլտվություն խնդրեն: Մոսիա թագավորը նախ Տիրոջը հարցրեց, ապա թույլ տվեց իր որդիներին գնալ և Աստծո խոսքը փոխանցել Լամանացիներին (տես Մոսիա 28.1): Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ մեծացնել ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը:
Կիսվել և դարձի գալ
-
Նշեք մի քանի բան, որ այնքան շատ եք սիրում, որ ցանկանում եք կիսվել դրանցով ուրիշների հետ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մեզ համար կարևոր բաներով ուրիշների հետ կիսվելն անսովոր երևույթ չէ: Դիտեք «Կիսվելու բարիքներ» տեսանյութը (2:21) հետևյալ հղումով՝ ChurchofJesusChrist.org կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը:
Այլ մարդկանց հետ կիսվելը այն բաներով, որոնք մեզ համար առավել կարևոր են կամ օգնել են մեզ, բոլորովին էլ անսովոր չէ:
Այս նույն օրինակը հատկապես ակնառու է մեծ հոգևոր կարևորություն և հետևանք ունեցող հարցերում: …
Հրավերները, որոնք մենք հղում ենք ձեզ՝ մեր ուղերձն ընկալելու և փորձելու վերաբերյալ, գալիս են այն դրական ազդեցություններից, որոնք Հիսուս Քրիստոսի ավետարանը թողել է մեր կյանքում: Երբեմն մենք գուցե տարօրինակ, բուռն կամ նույնիսկ անդրդվելի լինենք մեր փորձերում: Մեր պարզ ցանկությունն է կիսվել ձեզ հետ այն ճշմարտություններով, որոնք մեծագույն արժեք ունեն մեզ համար: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եկեք և տեսեք», Լիահոնա, նոյեմբեր 2014թ., 109, 110)
1-5 միավորով գնահատեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ ձեզ համար (1-ը ճիշտ չէ ձեզ համար, իսկ 5-ը՝ շատ ճիշտ է ձեզ համար).
-
Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ճշմարտությունները մեծ արժեք ունեն ինձ համար:
-
Ես ցանկանում եմ ուրիշների հետ կիսվել Նրա ավետարանով:
Մոսիայի որդիների կյանքն ու օրինակները ուսումնասիրելիս խորհեք Փրկչի ավետարանով կիսվելու ձեր ցանկության մասին: Փնտրեք հայտնություն՝ իմանալու, թե Տերն ինչ քայլեր կցանկանար, որ ձեռնարկեիք, որպեսզի ավետարանով կիսվելն ավելի մեծ նշանակություն ունենար ձեզ համար, և ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը մեծանար:
Մոսիայի որդիները
Հիշեք, որ դարձից հետո Մոսիա թագավորի որդիները քարոզում էին ավետարանն իրենց երկրում՝ ձգտելով շտկել իրենց սխալները (տես Մոսիա 27.32–37):
Կարդացեք Մոսիա 28.1–5 հատվածները և փնտրեք, թե ինչ էին ցանկանում Մոսիայի որդիները և ինչու: (Կարող եք ձեր սուրբ գրքերում նշել այն, ինչ կգտնեք:)
-
Այդ հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին տպավորիչ ձեզ համար: Մոսիայի որդիները Լամանացիների հետ ավետարանով կիսվելու ի՞նչ պատճառներ ունեին:
-
Դրանք ինչո՞ւ կարող են ավետարանով կիսվելու խթանող պատճառներ լինել:
-
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այս հատվածներից:
Այս հատվածներից մեր սովորած ճշմարտություններից մեկը հետևյալն է. որքան խորանում է մեր դարձը դեպի Տերը, այնքան մեծանում է ավետարանով կիսվելու մեր ցանկությունը:
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը հաստատել է այս ճշմարտությունը, երբ ուսուցանում էր հետևյալը.
Ավետարանով կիսվելու մեր ցանկության մեծությունը մեր անձնական դարձի գալու աստիճանը որոշելու հրաշալի ցուցիչ է (Դալլին Հ. Օուքս, «Կիսվեք Ավետարանով», Ensign, նոյեմբեր 2001թ., 7):
-
Մոսիայի որդիներն ի՞նչ փորձառություններ ունեցան, որոնք օգնեցին նրանց դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը (տես Մոսիա 27.34–36, 28.4):
-
Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց՝ ավելի շուտ դարձի գալու դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը:
-
Ի՞նչն եք սիրում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ, որով ցանկանում եք կիսվել ուրիշների հետ: (Օրինակ՝ գուցե Փրկչի ներման, Աստծո սիրո, աղոթքի հետ կապված կարևոր փորձառություններ եք ունեցել:)
Նույնիսկ դեպի Տերը դարձի եկած ժամանակ կարող ենք ունենալ պատճառներ, թե ինչու ավետարանով կիսվելը կարող է, այնուամենայնիվ, դժվար լինել:
-
Եթե Մոսիայի որդիներից մեկը լինեիք, Լամանացիներին ավետարանը քարոզելու հետ կապված ի՞նչ մտահոգություններ կունենայիք:
Որպես նրանց հայր և թագավոր՝ Մոսիան բազմաթիվ պատճառներ ուներ անհանգստանալու, երբ որդիներին ուղարկում էր Լամանացիներին ավետարանը քարոզելու: Մոսիա թագավորը վախենում էր ոչ միայն իր որդիների անվտանգության, այլև այն բանի համար, որ եթե որդիները հեռանային, նա ժառանգ չէր ունենա որպես նեփիացիների հաջորդ թագավոր կարգելու համար:
Կարդացեք Մոսիա 28.6–8 հատվածները և փնտրեք, թե ինչու Մոսիան թույլ տվեց իր որդիներին այդպիսի վտանգավոր առաքելություն կատարել:
-
Տերն ի՞նչ օրհնություններ խոստացավ Մոսիային
Ձեր հաջորդ քայլերը
Թվարկեք, թե դուք կամ ուրիշները ավետարանով կիսվելու հետ կապված ինչ մտահոգություններ կարող եք ունենալ:
Ընտրեք այս մտահոգություններից մեկը և սուրբ գրություններն ուսումնասիրելիս աղոթեք՝ ուղղորդում ստանալու համար։ Մտածեք, թե ինչպես հաղթահարել այդ մտահոգությունը: Օրինակ, եթե ընտրել եք ստորև ներկայացվող մտահոգություններից մեկը, կարող եք խորհել հարցերի շուրջ և ուսումնասիրել պնդումներից հետո ներկայացված սուրբ գրությունները:
Ես վստահ չեմ, որ բավարար չափով դարձի եմ եկել՝ ավետարանով կիսվելու համար: Մոսիայի որդիների օրինակն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ: (տես Մոսիա 28.1–5) Հետևյալ հատվածներից մի քանիսը կարդալու ընթացքում փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք ավելի լավ դարձի գալ. Գործք 3.19, Հակոբոս 5.20, Ենովս 1.2–5, Մոսիա 3.19, 5.2, 27.25, Ալմա 5.12–14, 22.15–18, 53.10, Հելաման 15.7, 3 Նեփի 9.20:
Ես վախենում եմ մերժվելուց: Մոսիա 28.2–4 հատվածում վերանայեք, թե Մոսիայի որդիներն ինչ պատճառներով էին ցանկանում կիսվել ավետարանով, նույնիսկ երբ շատերը կարծում էին, թե Լամանացիները հակված չեն ընդունելու այն: Այդ պատճառներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ: Մտածելով այն մասին, թե ինչ է արել Փրկիչը ձեզ համար (և կարող է անել ուրիշների համար), ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ հաղթահարել ձեր վախը:
Ես ավետարանով ապրելու լավագույն օրինակը չեմ եղել: Նախքան դարձի գալը Մոսիայի որդիներն ավետարանի դեմ էին քարոզում (տես Մոսիա 27.8–10), սակայն ապաշխարելուց հետո նրանք դարձան Մորմոնի Գրքի ամենալավ միսիոներներից մի քանիսը (տես Ալմա 17.4): Նրանց օրինակն ի՞նչ է ոգեշնչում ձեզ անել: Սուրբ գրություններից ի՞նչ այլ օրինակներ կարող եք մտաբերել, որոնք կարող են օգնել: