«Մոսիա 26. «Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 26» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 26
«Եթե նա խոստովանի իր մեղքերը … և ապաշխարի»
Ինչպե՞ս կարող է ապաշխարությունն օգնել մեզ մեր ամենօրյա կյանքում: Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ խոստովանել մեր մեղքերը՝ որպես մեր ապաշխարության մաս: Որպես Փրկչի Եկեղեցու քահանայապետ՝ Ալման ցանկանում էր օգնել նրանց, ովքեր ծանր մեղքեր էին գործել: Տերը նրան հստակ ուղղություն էր տվել, թե ինչ պետք է անի: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրող և ներող էությունը, և մենք ինչու պետք է ապաշխարենք մեր մեղքերի համար:
Ի՞նչ կանեիք դուք
Պատկերացրեք, որ լսել եք, որ ինչ-որ մեկն ապաշխարության մասին հետևյալ հարցերն է տալիս ու հայտնում է հետևյալ մտահոգությունները:
-
Վստահ չեմ, որ արժե ապաշխարել:
-
Ինչո՞ւ պետք է խոստովանեմ մեղքերս: Ինչո՞ւ է անհրաժեշտ որոշ մեղքեր քահանայության ղեկավարին խոստովանել:
-
Ես չափազանց շատ եմ մեղանչել, որպեսզի Տերը ների ինձ:
Մի պահ մտածեք, թե ում գիտեք, որ կարող է կապ ունենալ այդ մտահոգություններից ցանկացածի հետ:
-
Ապաշխարության վերաբերյալ ի՞նչ այլ հարցեր կամ մտահոգություններ կարող են լինել:
Խորհեք, թե այդ հարցերից կամ մտահոգություններից ո՞ր մեկը կամ երկուսն են ձեզ համար ամենակարևորը, որպեսզի այս դասն ուսումնասիրելիս կենտրոնանաք դրանց վրա: Փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը, որը կօգնի ձեզ գտնել պատասխանները և կմեծացնի ձեր ընկալումն ապաշխարության վերաբերյալ:
Խնդիրներ Եկեղեցում
Երբ Տերը Ալմային և նրա ժողովորդին ազատեց գերությունից, նրանք Զարահեմլայում միացան նեփիացիներին և Լիմքիի ժողովրդին: Այնտեղ Մոսիա թագավորը Ալմային նշանակեց որպես Եկեղեցու ղեկավար: Որոշ մարդիկ Ալմայի ղեկավարման ժամանակ ծանր մեղքեր էին գործում ու չէին ապաշխարում (տես Մոսիա 26.1–6): Նրանց բերում էին Ալմայի մոտ, բայց Ալման չգիտեր ինչպես արձագանքել:
Կարդացեք Մոսիա 26.13–15, 19–24, 28–31 հատվածները և փնտրեք Տիրոջ՝ Ալմային տված ուղղորդումը:
-
Տերն ի՞նչ է ասել, որ մարդիկ անեն, որպեսզի ընդունվեն ու ներվեն Իր կողմից:
-
Ըստ հատված 23-ի՝ ինչո՞ւ է Փրկիչն իրավասու որոշել, թե ով կարող է ներվել ու հավերժական կյանք ստանալ:
-
Ուրիշ ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին այս հատվածներից:
Եթե մենք ապաշխարենք
Դուք գուցե բացահայտել եք նմանատիպ սկզբունքներ. եթե մենք խոստովանենք մեր մեղքերը և ապաշխարենք մեր սրտերի անկեղծությամբ, Տերը կների մեզ: Որքան հաճախ մենք ապաշխարենք, այնքան Տերը կների մեզ:
-
Ի՞նչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը:
-
Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում «[ապաշխարեք] [ձեր] սրտի անկեղծությամբ» (Մոսիա 26.29):
-
Տիրոջ ներողամիտ էության ճանաչումն ինչպե՞ս է ազդում ապաշխարության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Այս սկզբունքները կարող են օգնել գտնել դասի սկզբում ապաշխարության վերաբերյալ նշված հարցերի ու մտահոգությունների պատասխանները:
Մտահոգություն Ա. Վստահ չեմ, որ արժե ապաշխարել:
-
Մոսիա 26 գլխից կամ այլ սուրբ գրություններից ո՞ր գրություններով և սկզբունքներով կկիսվեիք, որոնք կարող են օգնել այս մտահոգության դեպքում:
Հիշեք, որ Ալման ևս նախկինում ծանր մեղքեր էր գործել և ապաշխարել էր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով ներում էր ստացել (տես Մոսիա 11.5–7, 18.1–3, 26.15, 20):
-
Ըստ ձեզ՝ Ալման ի՞նչ կասեր այս մտահոգությունն ունեցող մարդուն:
Խորհեք, թե դուք կամ ձեր ծանոթները ի՞նչ եք զգացել, երբ ապաշխարության միջոցով դիմել եք Փրկիչ Հիսուս Քրիստոսին:
Մտահոգություն Բ. Ինչո՞ւ պետք է խոստովանեմ իմ մեղքերը: Ինչո՞ւ է անհրաժեշտ որոշ մեղքեր քահանայության ղեկավարին խոստովանել:
Տերն Ալմային ասաց, որ նրանք, ովքեր մեղանչել են, պետք է «խոստովանեն իրենց մեղքերը քո առաջ [Ալմայի՝ իրենց քահանայության ղեկավարի] և իմ [Տիրոջ] առաջ» (Մոսիա 26.29):
-
Քանի որ Տերն արդեն գիտի մեր մեղքերը, ինչո՞ւ է կարևոր, որ մենք խոստովանենք դրանք Նրա առաջ: Դա ինչպե՞ս կօրհնի մեր կյանքը:
Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից և Յոթանասունի Բարձրագույն Իշխանության պատվավոր անդամ, երեց Ս. Սքոթ Գրոուի ելույթից կարդացեք ստորև բերվող խոսքերը և փնտրեք մտքեր, թե երբ և ինչու մենք պետք է խոստովանենք եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի առաջ:
Եպիսկոպոսը հայտնություն է ստանում Սուրբ Հոգուց իր ծխի անդամների, այդ թվում՝ ձեր վերաբերյալ: … [Նա] կարող է ապաշխարության միջոցով օգնել ձեզ այն ձևերով, որոնք ձեր ծնողները կամ այլ ղեկավարները չեն կարող տալ: …
[Եթե մենք չենք խոստովանում, մենք] մենակ ենք կրում մեղքի բեռը, փոխանակ թույլ տանք, որ Փրկիչը վերցնի բեռը: (Ս. Սքոթ Գրոու, «Ինչո՞ւ և ի՞նչ պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին» New Era, հոկտեմբեր 2013, 28-29)
-
Ինչպե՞ս կարող են այս խոսքերն օգնել մեկին, ով իր քահանայության ղեկավարի առաջ խոստովանելու վերաբերյալ մտահոգություններ ունի:
Մտահոգություն Գ. Ես չափազանց շատ եմ մեղանչել, որպեսզի Տերը ների ինձ:
-
Մոսիա 26.29–30 հատվածներում Տիրոջ բառերն ինչպե՞ս կարող են օգնել այս մտահոգության դեպքում: (Կարող եք ուսումնասիրել նաև Ա Տիմոթեոս 1.15 Ա Հովհաննես 1.9 կամ Վարդապետություն և Ուխտեր 18.10–12, 58.42–43 հատվածները:)
-
Սուրբ գրություններում Փրկչի մասին ո՞ր պատմություններն են ցույց տալիս Նրա զգացողություններն այն մարդկանց հանդեպ, որոնք ձգտում են ապաշխարել, ինչպես նաև Նրա ներելու պատրաստակամությունը:
Մտահոգություն Դ. Ձեր ընտրությամբ
Մտածեք, թե ուրիշ ինչ իրատեսական մտահոգություն կամ հարց կարող է մարդն ունենալ ապաշխարության վերաբերյալ: Ուսումնասիրեք «Ապաշխարություն» կամ «Խոստովանություն» թեմաները սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) և փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել: Կարող եք նաև գտնել «Ապաշխարություն» կամ «Խոստովանություն» թեմաներին վերաբերող սուրբ գրությունները Թեմաների ուղեցույցում (ChurchofJesusChrist.org): Օգտակար կլինի նաև Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ուսումնասիրել «ապաշխարությունը» և խորհել, թե ինչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել:
Ի՞նչ տեղի ունեցավ։
Կարդացեք Մոսիա 26.34–37 հատվածները և փնտրեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Ալման հետևեց Տիրոջ հրահանգներին:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ կցանկանաք հիշել կամ անել այս դասի արդյունքում: Անդրադառնալով դրան՝ կարող եք գրել, թե ինչպես եք ցանկանում հիշել Տիրոջ ներելու պատրաստակամության մասին, կամ ինչպես կցանկանայիք ձգտել խոստովանել ձեր սեփական մեղքերն ու ապաշխարել դրանց համար: