«Ալմա 5.33–62․ «Բարի հովիվը կանչում է ձեզ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 5.33–62», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 5․33–62
«Բարի հովիվը կանչում է ձեզ»
Զարահեմլայի Եկեղեցու անդամներին խրախուսելով խորությամբ մտածել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի առաջ իրենց ունեցած դիրքի մասին (տես Ալմա 5.1–32)՝ Ալման առաջարկեց նրանց դարձի գալ դեպի Քրիստոսը՝ օգտագործելով այսպիսի քնքուշ պատկերներ․ «[Նրա] ողորմության բազուկները մեկնված են» (Ալմա 5.33), «ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ» (Ալմա 5.33) և «բարի հովիվը կանչում է ձեզ» (Ալմա 5.38)։ Այս դասը կօգնի ձեզ դեպի Հիսուս Քրիստոսը դառնալու և Նրա առաջարկած օրհնությունները ստանալու ձեր ջանքերում։
Ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ
Մի հին ասացվածքում ասվում է․ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»։
-
Այս ասացվածքն ինչո՞ւ կարող է ճշմարիտ լինել։
Նայեք հետևյալ նկարներին, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին։
-
Այս նկարներն ի՞նչ ուղերձ են փոխանցում ձեզ։
Հավանաբար կհիշեք, որ Ալմա 5 գլխում ներկայացված են Ալմայի ուսմունքները՝ ուղղված Զարահեմլայի Եկեղեցու անդամներին, որոնցից ոմանք հպարտացել ու մեղանչել էին (տե՛ս Ալմա 4.8–12)։ Այդ մարդկանց հոգևոր առաջընթացը գնահատող մի շարք հարցեր տալուց հետո Ալման կարևոր ճշմարտություններ էր ուսուցանում Փրկչի մասին։
Կարդացեք Ալմա 5.33–34 հատվածները և փնտրեք, ինչ էր ցանկանում Ալման, որ իր ժողովուրդը հասկանա Հիսուս Քրիստոսի մասին։
-
Այս հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին ամենից կարևոր ձեզ համար։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ նմանություններ տեսաք այս հատվածների և ձեր դիտած՝ Փրկչի նկարների միջև։
-
Այս հատվածների սկզբունքների ըմբռնումը ինչպե՞ս կարող է փոխել Հիսուս Քրիստոսի մասին պատկերացումը։
Մտածեք Հիսուս Քրիստոսի՝ ապաշխարելու և դեպի Իրեն դարձի գալու հրավերն ընդունելու ձեր ցանկության մասին, ինչպես նաև՝ խոչընդոտների մասին, որոնց պատճառով ձեզ համար դժվար է Նրա հետևորդը լինել։ Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ այդ խոչընդոտները հաղթահարելու ու Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ջանքերում։
Ականջ դրեք բարի Հովվի ձայնին
Ապաշխարելու և դարձի գալու Փրկչի հրավերի մասին ուսուցանելուց հետո Ալման կիսվեց Հիսուս Քրիստոսի մասին լրացուցիչ ուսմունքներով՝ համոզելու իր ժողովրդին հետևել Փրկչին։
Կարդացեք Ալմա 5.37–39 հատվածները և փնտրեք Ալմայի ուղերձն իր ժողովրդին։
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ մենք պետք է ականջ դնենք Բարի հովվի ձայնին՝ Նրա ոչխարը լինելու համար։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ականջ դնել արտահայտության վերաբերյալ կիսվել է հետևյալ սահմանումով․
Դա նշանակում է «լսել՝ հնազանդվելու մտադրությամբ»: Ականջ դնել նշանակում է՝ «լսել Նրան»․ լսել, թե ինչ է Փրկիչն ասում, իսկ հետո ուշք դարձնել Նրա խորհրդին։ (Ռասսել Մ. Նելսոն, «Լսի՛րՆրան», Լիահոնա, մայիս 2020թ., 89)։
-
Ի՞նչ գիտեք Փրկչի մասին, որը ձեզ մոտ ցանկություն է առաջացնում ականջ դնել Նրան և լինել Նրա ոչխարների թվում։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը կիսվել է, թե ինչ օրհնություններ է առաջարկում մեզ Փրկիչը, երբ թույլ ենք տալիս Նրան մեր Բարի հովիվը լինել։ Կարդացեք ստորև ներկայացվող հայտարարությունը կամ դիտեք «Միավորելով իրենց սրտերը» տեսանյութի 13:56-14:51 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։
Նայելով ավետարանի տեսանկյունից, մենք գիտակցում ենք, որ մենք նույնպես գտնվում ենք կարեկից խնամողի հսկողության ներքո, Ով բարությամբ ու բարեհոգությամբ է վերաբերվում մեզ: Բարի Հովիվը մեզնից յուրաքանչյուրին գիտի անունով և անհատապես հետաքրքրված է մեզանով։ Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարներին ճանաչում եմ»: … Եվ իմ անձը [կ]դնեմ հոտի համար» [Հովհաննես 10.14, 15]։
…Ես տևական խաղաղություն եմ գտնում՝ իմանալով, որ «Տէրն է իմ հովիւը» [Սաղմոս 23.1], և որ Նա ճանաչում է յուրաքանչյուրիս ու հոգում է մեր մասին։ Երբ դիմակայենք կյանքի քամիներին ու փոթորիկներին, հիվանդություններին ու վնասվածքներին, Տերը՝ մեր Հովիվը, կսնուցի մեզ սիրով ու բարությամբ: Նա կբժշկի մեր սրտերը և կվերականգնի մեր հոգիները: (Գարի Ի. Սթիվենսոն, «Միավորելով իրենց սրտերը», Լիահոնա, մայիս 2021թ․, 23)
-
Ի՞նչն է ձեզ համար առանձնահատուկ այն հարցում, թե մենք ինչու ենք ցանկանում հետևել Բարի հովվին՝ Հիսուս Քրիստոսին։
Բարի հովվի ձայնին ականջ դնելու եղանակներ
Ալման մի քանի եղանակ էր առաջարկում, որոնցով Զարահեմլայի ժողովուրդը կարող էր ականջ դնել Բարի հովվի ձայնին։ Կարդացեք Ալմա 5.40–41, 50–51, 57 հատվածները և փնտրեք, թե ինչ խորհուրդ էր տվել Ալման։
-
Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից այն եղանակների մասին, որոնցով կարող եք ականջ դնել Բարի հովվին։
-
Որո՞նք են այն եղանակները, որոնցով կարող ենք «դուրս գալ ամբարիշտների միջից» և «չդիպչել նրանց անմաքուր բաներին» (հատված 57)։