«Մորոնի 10․8–25. Ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորոնի 10․8–25», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորոնի 10.8–25
«Ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից»
Ո՞րն է ձեր ստացած այն նվերը, որը նշանակալի փոփոխություն է բերել ձեր կյանքում: Այդ նվերը ի՞նչ է պատմում ձեզ այն մարդու մասին, ով մատուցել է այն ձեզ։ Մորոնին վկայել է այն օգտակար պարգևների մասին, որոնք Աստված շնորհել է Իր զավակներին Հոգու միջոցով: Այնուհետև Մորոնին հորդորել է ընթերցողներին ճանաչել և ստանալ այդ հոգևոր պարգևները: Այս դասը կօգնի ձեզ փնտրել Հոգու պարգևները:
Պարգևներ
Մտածեք լավագույն նվերներ մատուցող մարդկանց մասին, որոնց դուք գիտեք:
-
Այդ մարդկանց ո՞ր հատկանիշներն են դարձնում նրանց լավագույն նվեր մատուցող։
Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց Մատթեոս 7.9–11 հատվածներում նկարագրված Երկնային Հոր հատկանշներից մեկի մասին։ Կարդացեք այս հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ ուսուցանեց Իր Հոր մասին:
-
Որո՞նք են ամենաթանկ պարգևները, որոնք մեր Երկնային Հայրը շնորհել է կամ ցանկանում է շնորհել մեզ: (Անհրաժեշտության դեպքում կարդացեք Հովհաննես 3.16, 2 Նեփի 31.12 և Վարդապետություն և Ուխտեր 14.7 հատվածները):
Այսօր դուք հնարավորություն կունենաք սովորելու Աստծո պարգևների մասին, որոնք կոչվում են Հոգու պարգևներ կամ հոգևոր պարգևներ: Ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես են այս պարգևներն ապացուցում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր և ուրիշների հանդեպ: Մտածեք նաև, թե ինչպես կարող է այս պարգևներով օրհնվելն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր երախտագիտության և սիրո վրա:
Հոգևոր պարգևներ Աստծուց
Հոգևոր պարգևները կարող են սահմանվել որպես «օրհնություններ կամ ունակություններ, որոնք Աստծված տալիս է Իր զավակներին՝ Սուրբ Հոգու զորության միջոցով: Հոգու պարգևները տրվում են, որպեսզի օրհնեն և օգտակար լինեն նրանց, ովքեր սիրում են Տիրոջը և ձգտում են պահել Նրա պատվիրանները: (Տես Վարդապետություն և Ուխտեր 46․9)»։ (Ավետարանական թեմաներ, «Հոգևոր պարգևներ», topics.ChurchofJesusChrist.org կայքում):
Կարդացեք Մորոնի 10․8 հատվածը և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Մորոնին հոգևոր պարգևների մասին։
-
Ի՞նչ սովորոցիք այս հատվածից հոգևոր պարգևների մասին:
Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ Աստված Իր զավակներին տալիս է Հոգու պարգևներ, որոնք օգտակար են նրանց համար։
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող ենք օգտագործել օրհնությունները կամ ունակությունները, որոնք Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի դրանք օգուտ բերեն մեզ կամ ուրիշներին:
Մտածեք հոգևոր պարգևների վերաբերյալ ձեր ունեցած հարցերի մասին: Գրեք այդ հարցերը ձեր օրագրում: Շարունակելով ուսումնասիրությունը՝ փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն գտնել ձեր հարցերի պատասխանները:
Որո՞նք են հոգևոր պարգևների օրինակները:
Մորոնին կիսվել է հոգևոր պարգևների մի քանի օրինակով, որոնք Աստված կարող է տալ մեզ: Կարդացեք Մորոնի 10․9–16 հատվածները և փնտրեք այդ օրինակները։
Օգտակար կլինի իմանալ, որ «իմաստության խոսքի» ուսուցումը (հատված 9) կարող է վերաբերել մարդկանց օգնելու ունակությանը, որպեսզի նրանք կարողանան ճիշտ դատողություն անել կամ օգտագործեն իրենց գիտելիքները. «գիտության խոսքի» ուսուցումը (հատված 10) կարող է վերաբերել մարդկանց օգնելու ունակությանը, որպեսզի նրանք ճանաչեն Աստծուն և Նրա օրենքները և «ամեն ձևի լեզուները» (հատված 15) կարող են վերաբերել օտար կամ անհայտ լեզուներով խոսելու ունակությանը:
-
Հոգու ի՞նչ պարգևներ են նշվել այս հատվածներում:
-
Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես եք դուք տեսել այդ պարգևները:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին (1915–1985) ուսուցանել է, որ «հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման են բազմազանությամբ» (Հավատո հանգանակի նոր վկա [1985], 371):
Աստված կարող է օրհնել մեզ անսահման թվով հոգևոր պարգևներով, այդ թվում՝ հավատքով առ Հիսուս Քրիստոս, անձնական հայտնությամբ, պատվիրանները պահելու ավելի մեծ ունակությամբ և ուրիշների հանդեպ քրիստոսանման սիրո զգացողությամբ:
Ինչպե՞ս կարող ենք հոգևոր պարգևներ ստանալ:
Կարդացեք Մորոնի 10․24–25, 30 հատվածները և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Մորոնին Աստծուց հոգևոր պարգևներ ստանալու մասին։
-
Ի՞նչ ուսուցանեցին ձեզ այս հատվածներն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օրհնվել Հոգու պարգևներով:
Առաջին Նախագահության նախագահ Ջորջ Ք. Քենոնը (1827–1901) կիսվել է հոգևոր պարգևներ փնտրելու մի եղանակով.
Եթե մենք թերանում ենք ինչ-որ բանում, ապա մեր պարտականությունն է աղոթել պարգևի համար, որը մեզ կատարյալ կդարձնի։ … Ոչ մի մարդ չպետք է ասի․ «Ես չեմ կարող զսպել ինձ, իմ էությունն է այդպիսին»։ Դա նրան չի արդարացնում, որովհետև Աստված խոստացել է … տալ պարգևներ, որոնք արմատախիլ կանեն [մեր թուլությունները]։ (Ջորջ Ք. Քենոն, «Փնտրեք հոգևոր պարգևներ», Լիահոնա, ապր․ 2016, 80)
Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է մեկ այլ եղանակով, որով մենք կարող ենք արժանանալ Հոգու պարգևների.
Մենք զարգացնում ենք հոգևոր պարգևները՝ պատվիրանները պահելով և փորձելով ապրել անարատ կյանքով: Դա պահանջում է հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Նրա Քավության միջոցով ապաշխարելու և մաքրագործվելու համար: (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Լիահոնա, նոյեմբեր 2010, 59)
Մտածեք, թե ինչ սովորեցիք այսօր հոգևոր պարգևների մասին, որոնք ցանկանում եք հիշել, այդ թվում այն մասին, թե հոգևոր պարգևներն ինչպես կարող են փոխել ձեր կյանքը: Որոշեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի ձեզ ավելի շատ հասանելի լինեն այն հոգևոր պարգևները, որոնցով Երկնային Հայրը ցանկանում է օրհնել ձեզ: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր օրագրում: