«1 Նեփի 6–10. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«1 Նեփի 6–10. Ակնարկ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
1 Նեփի 6–10
Ակնարկ
Լեքին տեսիլք ունեցավ, որում նա մի գեղեցիկ ծառ տեսավ: Ծառը և դրա պտուղը ներկայացնում էին Աստծո սերը, և այն «չափազանց մեծ ուրախությամբ լցրեց [Լեքիի] հոգին» (1 Նեփի 8.12): Իր տեսիլքով Լեքին իմացավ այն ճանապարհը, որը պետք է անցնենք, նաև, թե ինչպես մնալ այդ ճանապարհին՝ Աստծո օրհնությունները վայելելու համար: Կենաց ծառի մասին Լեքիի ուսմունքը և Քրիստոսի գալստյան մասին մարգարեությունը լսելուց հետո Նեփին ցանկացավ իմանալ հոր խոսքերի ճշմարտացիությունը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
1 Նեփի 6–7
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Մորմոնի Գրքի նպատակներն ինչպես կարող են օգնել իրենց ուսումնասիրության մեջ և կյանքում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք կատարել Մորմոնի Գրքի իրենց ամենօրյա անձնական ուսումնասիրությունը: Նրանց առաջարկեք խորհել Մորմոնի Գրքի մինչ այժմ կատարած ուսումնասիրության փորձառության և իրենց սովորածի մասին:
-
Տեսանյութ. «Իսմայելի ընտանիքը միանում է Լեքիի ընտանիքին» (12:24)
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք դերախաղի միջոցով ներկայացնել դասի սկզբում տրված իրավիճակը՝ ուսանողներին տալով հարցեր և առաջարկելով նրանց իրենց պատասխանները գրել զրուցարանի գործառույթում: Կարող եք մեկ ուսանողի նշանակել զրույցի վարող և կարդալ պատասխանները, երբ դրանք գրվեն: Ուսանողներին շնորհակալություն հայտնեք պատասխանների համար և տվեք լրացուցիչ հարցեր, որոնք կարող են նոր գաղափարներ տալ:
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ ճշմարտությունը որոնելու կարևորությունը այն աղբյուրների միջոցով, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրով տրամադրել են մեզ:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց ունեցած կարևոր հարցերի ու մտահոգությունների և այն տարբեր աղբյուրների մասին, որոնց կարող են դիմել պատասխանների համար: Խրախուսեք նրանց պատրաստվել՝ կիսվելու այդ աղբյուրներից մեկի օրինակով կամ նույնիսկ մեկը բերել դասարան:
-
Առարկաներ. խմելու ջրի սափոր և ջրի բաժակ կամ փոխարենը՝ ջրի թաս, ձեռքի օճառ և սրբիչ
-
Թերթիկ. «Աստվածային աղբյուրների օգտագործումը»
-
Առցանց ուսուցման առաջարկ. «Աստվածային աղբյուրների օգտագործումը» բաժնում ներկայացված վարժության համար կարող եք էկրանին ցուցադրել ցուցումները և ուսանողներին առաջարկել ստեղծել էկրանապատկեր: Հրահանգները կարող եք տեղադրել նաև զրուցարանում և ուսանողներին առաջարկել պատճենել դրանք ու փակցնել իրենց սարքի փաստաթղթում: Ապա ուսանողներին բաժանեք խմբային քննարկման սենյակներում՝ վարժությունը միասին քննարկելու և կատարելու համար:
1 Նեփի 8.1-18
Դասի նպատակը. այս դասը նպատակ ունի օգնել ուսանողներին մեծացնել Աստծո սիրո և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ուրախություն զգալու ցանկությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցերի շուրջ. ի՞նչ ձևերով կարելի է զգալ Աստծո սերը: Ե՞րբ եք զգացել Նրա սերը ձեր հանդեպ: Ուսանողները կարող են նաև ընտանիքի որևէ անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ խոսել այն մասին, թե ինչպես են զգում Աստծո սերն իրենց հանդեպ:
-
Տեսանյութեր. «Ընտրեք լույսը» (9:52, դիտել 0:00-2:39), «Քրիստոս. Լույս, որը փայլում է խավարի մեջ» (11:29, դիտել 0:00-0:54 և 9:09-10:02), «Լույսը հարում է լույսին» (11:11, դիտել 0:32-2:33), «Լեքին հայտնաբերում է կենաց ծառը» (4:32, դիտել 1:52-4:32), «Քավությունը մեկ անգամով չէ» (3:00), «Նրա շնորհիվ» (2:36), «Խաղաղություն Քրիստոսում» (4:09)
-
Նկար. Մարիամի նկարը՝ փոքրիկ Հիսուսը գրկում
-
Առցանց ուսուցման առաջարկ. «Զգալ Աստծո սերը և մեծ ուրախություն Հիսուս Քրիստոսով» բաժնի 2-րդ վարժության համար կարող եք ներբեռնել տեսանյութեր և թույլ տալ ուսանողներին ընտրել՝ որը դիտել: Բացի այդ, ուսանողներին խմբերով բաժանեք խմբային քննարկման սենյակներում և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք տեսանյութերից մեկը: Յուրաքանչյուր խմբից որևէ ուսանող պետք է ցուցադրի տեսանյութը և իր էկրանը հասանելի դարձնի խմբի մյուս անդամների համար: Ուսանողներին առաջարկեք խորհել այն օրհնությունների շուրջ, որոնք հնարավոր են Հիսուս Քրիստոսի միջոցով, ապա քննարկել դրանք: Ապա յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի հետ կիսվել քննարկածով:
1 Նեփի 8.19–38
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հետևել Աստծո խոսքին՝ ուղղորդելով նրանց դեպի Նրա մեծագույն օրհնությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին խրախուսեք կարդալ 1 Նեփի 8.19–34 հատվածները՝ Լեքիի տեսիլքի խորհրդանիշներին ծանոթանալու և դրանք դասարանում քննարկելու համար:
-
Նկար՝ ցուցադրման համար. Լեքիի տեսիլքի նկարը
-
Տեսանյութ. «Լեքին տեսնում է երկաթյա ձող և նրանց, ովքեր հեռանում են» (3:30)
-
Առցանց ուսուցման առաջարկ. ուսանողներին տեսիլքի մասերը նկարելու հանձնարարություն տալու փոխարեն կարող եք ցուցադրել տեսանյութը և ընդհատել այն, երբ կարևոր տարրերից մեկը ցուցադրվի: Ուսանողներին կարող եք խնդրել կիսվել խորհրդանշականության մասին իրենց մտքերով և փնտրել, թե սուրբ գրություններն ինչ են ուսուցանում այդ մասին: Դասին պատրաստվելու համար կարող եք գրի առնել յուրաքանչյուր պահի ժամանակային կոդը, երբ պետք է ընդհատեք տեսանյութը:
1 Նեփի 10, 11.1–6
Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին Տիրոջից ջանասիրաբար գիտելիք փնտրելու իրենց ջանքերում:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ծնողին կամ որևէ երիտասարդ առաջնորդի հարցնել, թե նրանք ինչ են անում Աստծո ճշմարտությունը ջանասիրաբար փնտրելու համար, կամ ինչպես է Սուրբ Հոգին հայտնում նրանց ճշմարտությունը: Խրախուսեք նրանց գալ պատրաստված՝ դասարանի հետ իրենց մտքերով կիսվելու համար:
-
Տեսանյութ. «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին. երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ» (2:55)
-
Առցանց ուսուցման առաջարկ. կարող եք օգտագործել թվային գրատախտակ, որպեսզի ուսանողները կարողանան համագործակցել Աստծո ճշմարտությունը ջանասիրաբար փնտրելու և Սուրբ Հոգու միջոցով Աստծո կողմից ճշմարտությունը հայտնելու ձևերը թվարկելիս: