«Հակոբ 5.1–53. «Այգու Տերը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հակոբ 5.1–53», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Հակոբ 5.1–53
«Այգու Տերը»
Աստված հոգում է Իր բոլոր զավակների մասին, թե՛ արդարների, թե՛ նրանց մասին, որոնք ընտրում են անարդար լինել: Հակոբը կիսվել է ձիթենիների մասին Զենոսի այլաբանությամբ, որը խորհրդանշական կերպով ներկայացնում է արդարների և անարդարների ցրումը: Այս այլաբանությունը նաև ցույց է տալիս վերջին օրերում Իսրայելի հավաքման Տիրոջ ջանքերը: Այս դասը կօգնի ձեզ զգալ այն սերը, որ Հիսուս Քրիստոսն ունի ձեր և բոլոր մարդկանց հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստծո սերը նրանց հանդեպ, ովքեր մոլորված են
Լիզան մեղավոր է զգում վերջերս կատարած իր մի քանի սխալների համար: Նա սկսում է կասկածել, թե արդյոք Աստված դեռևս հոգում է իր մասին. չէ որ ինքը սխալներ է գործել:
-
Ի՞նչ կասեիք, եթե փորձեիք օգնել Լիզայի զգացողություններն ունեցող մեկին:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել ճանաչել կամ զգալ Աստծո սերը, երբ մեղանչում ենք:
Այսօր կուսումնասիրեք սուրբ գրություններից մի պատմություն, որը ցույց է տալիս Տիրոջ սերը նրանց հանդեպ, ովքեր մոլորված են: Ուսումնասիրելիս փնտրեք կարևոր դասեր այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը պատրաստակամ օգնելու նրանց, ովքեր հեռացել են Իրենից: Խորհեք, թե ձեր սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ ձեր պարագայում:
Ձիթենիների այլաբանությունը
Հակոբը մարգարեացել էր, որ հրեաները մերժելու են Հիսուս Քրիստոսին (տես Հակոբ 4.15): Որպեսզի օգնի իր ժողովրդին հասկանալ, թե ինչպես է Փրկիչն օգնելու հրեաներին կրկին գալ դեպի Իրեն, Հակոբն ուսուցանեց նրանց Զենոս անունով մի մարգարեի փոխանցած այլաբանությունը: Այլաբանության մեջ օգտագործվում են խորհրդանշական կերպարներ, առարկաներ և գործողություններ՝ ճշմարտությունն ուսուցանելու համար:
Ստորև ներկայացված է այլաբանության մի քանի կարևոր խորհրդանիշ և դրանց հնարավոր նշանակությունը: Ձեր օրագրում կամ սուրբ գրություններում կարող եք նշել այս խորհրդանիշները:
Խորհրդանիշ |
Հնարավոր նշանակությունը |
---|---|
Խորհրդանիշ Այգու Տերը | Հնարավոր նշանակությունը Հիսուս Քրիստոս |
Խորհրդանիշ Այգի | Հնարավոր նշանակությունը Աշխարհ |
Խորհրդանիշ Մշակովի ձիթենի | Հնարավոր նշանակությունը Իսրայելի՝ Աստծո ուխտյալ ժողովրդի տունը |
Խորհրդանիշ Վայրի ձիթենի | Հնարավոր նշանակությունը Հեթանոսները (նրանք, ովքեր Տիրոջ հետ ուխտ չեն կապել) և ուրացած Իսրայելը |
Ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում գրեք «Ի՞նչ եմ սովորում Հիսուս Քրիստոսի մասին Հակոբ 5 գլխից» և վերցրեք շրջանի մեջ, որը կօգնի ձեզ պատրաստվել սովորել Հիսուս Քրիստոսի մասին՝ Հակոբ 5 գլուխն ուսումնասիրելիս: Դասի ընթացքում փնտրեք ճշմարտություններ և մտքեր Հիսուս Քրիստոսի՝ այգու Տիրոջ մասին: Գտածը գրեք օրագրում նկարած շրջանի ներսում կամ շուրջը:
Ինչպես հասկանալ այլաբանությունը
Այլաբանության սկիզբը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայությանը նախորդող ժամանակահատվածը: Կարդացեք Հակոբ 5.3–6 հատվածը և փնտրեք, թե ինչ եղավ մշակովի ձիթենիների հետ, որոնք ներկայացնում են Աստծո ուխտյալ ժողովրդին:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է խորհրդանշում ծառի նեխումը:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է նշանակել այգու տիրոջ կողմից այգին էտելը, փորելը և խնամելը:
-
Այդ գործողություններն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):
Այս առաջին այցից հետո այգու տերը կատարեց ևս երկու կարևոր գործողություն, որպեսզի փրկի իր մշակովի ձիթենին.
-
Նա պատվիրեց հեռացնել ձիթենու հիմնական նեխող ճյուղերը և վայրի ձիթենու ճյուղերից մի քանիսը պատվաստել մայր ծառին (տես Հակոբ 5.7–10): Այս պատվաստումը կարող է ներկայացնել մկրտության և դարձի միջոցով հեթանոսներին Իր ուխտյալ ժողովրդի մասը դարձնելու Տիրոջ ջանքերը:
-
Նա վերցրեց մայր ձիթենու մատղաշ և նուրբ ճյուղերը և տնկեց դրանք այգու տարբեր մասերում (տես Հակոբ 5.8, 13–14): Դա կարող է ներկայացնել Իսրայելի ցրումը աշխարհի տարբեր մասերում: Ցրվածներից ոմանք արդար էին, ինչպես Լեքիի ընտանիքը (տես 1 Նեփի 10.12–13): Մյուսները ցրվել էին ամբարշտության հետևանքով:
Այլաբանության մնացած մասը պատկերում է այգու տիրոջ ավելի ուշ կատարած այցերն իր այգի: Այդ այցերը կարող են աշխարհի պատմության տարբեր ժամանակաշրջաններ խորհրդանշել:
Ուսումնասիրեք հետևյալ հատվածները և գտեք, թե այցերից յուրաքանչյուրի ժամանակ ինչ կատարվեց մայր ծառի և ցրված ծառերի հետ:
-
Երկրորդ այց. (խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանը) Հակոբ 5.15–17, 19–20, 23–28
-
Երրորդ այց (խորհրդանշում է Մեծ ուրացությունը). Հակոբ 5.29–32, 38–41, 46–47
-
Նկատեցի՞ք, թե այդ այցերի ընթացքում ինչ տեղի ունեցավ ծառերի և պտղի վիճակի հետ:
-
Ի՞նչ նկատեցիք այդ այցերի ընթացքում այգու տիրոջ խոսքերի ու գործողությունների վերաբերյալ:
-
Այդ խոսքերն ու գործողությունները ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը խոսել է մի դասի վերաբերյալ, որը կարող ենք սովորել Աստծո մասին այդ հատվածներից.
Փորելուց և պարարտացնելուց, ջրելուց և քաղհանելուց, կտրելուց, էտելուց, փոխատնկելուց ու պատվաստելուց հետո այգու մեծն Տերը վայր է դնում իր բահն ու էտոցը և լալով ասում բոլոր նրանց, ովքեր լսում են. «Էլ ի՞նչ կարող էի ես անել իմ այգու համար» [Հակոբ 5.41, 49]:
Ինչպիսի՜ անմոռանալի փաստ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ Ինչպիսի՜ տառապանք ծնողի համար, երբ Նրա զավակները չեն ընտրում Իրեն, ոչ էլ «Աստծո ավետարանը» [Հռովմեացիս 1.1], որը Նա ուղարկել է: Որքան հեշտ է սիրել մեկին, ով այդքան շատ է սիրում մեզ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 72):
-
Այս խսքերում ի՞նչն է տպավորում ձեզ: Ինչո՞ւ:
Այգու Տիրոջ շարունակական ջանքերը
Կարդացեք Հակոբ 5.51–53 հատվածը և գտեք, թե այգու տերն ինչ որոշեց անել իր ծառերը նեխած վիճակում տեսնելուց հետո:
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ մասին (ձեր օրագրի էջում ավելացրեք ձեր գաղափարները):
-
Ճշմարտությունն արտահայտող մեկ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեք Հակոբ 5 գլխից ձեր սովորած դասերը:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Հակոբ 5 գլխից, այն է, որ Տերը սիրում է Երկնային Հոր բոլոր զավակներին և շարունակում է հոգալ նրանց մասին, նույնիսկ, եթե նրանք հեռանում են Իրենից:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս կարող է օգնել մարդուն ապաշխարելու ավելի մեծ ցանկություն զգալ:
-
Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում կամ ձեր կյանքում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը շարունակում սիրել և հոգալ մարդկանց մասին նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք հեռանում են Իրենից:
Մտածեք, թե այսօրվա սովորածը և զգացածը ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Կարող եք ձեր տպավորությունները գրի առնել ձեր օրագրում: