«Հակոբ 7. Անսասան հավատք առ Հիսուս Քրիստոս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Հակոբ 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Հակոբ 7
Անսասան հավատք առ Հիսուս Քրիստոս
Եթե կարծում եք, որ որոշ մարդիկ այսօր միտումնավոր փորձում են սասանել Փրկչի Եկեղեցու անդամների հավատքը, ճիշտ եք: Դա նորություն չէ: Նեփիացիների շրջանում Շերեմ անունով մի մարդ «գործում էր ջանասիրաբար, որ կարողանար մոլորեցնել մարդկանց սրտերը» (Հակոբ 7.3): Այս դասը կօգնի ձեզ պատրաստվել հաղթահարելու Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ հավատքի մարտահրավերները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Պատրաստվել ապագայի մարտահրավերներին
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսել է այն դժվար մարտահրավերի մասին, որին բախվելու ենք.
Դժվարին ժամանակներ են սպասվում: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի հավատարիմ Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի: Պողոս Առաքյալը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր ջանասիրաբար կհետևեն Տիրոջը, «հալածանք պիտի կրեն» վերջին օրերում [Բ Տիմոթեոս 3.12]: Հենց այդ հալածանքը կա՛մ կջախջախի ձեզ՝ հասցնելով լուռ թուլության, կա՛մ կմղի ձեզ դառնալ լավ օրինակ՝ դարձնելով ձեզ խիզախ ձեր առօրյա կյանքում (Ռասսել Մ. Նելսոն, «Ապագան դիմավորեք հավատքով», Լիահոնա, մայիս 2011թ., 35–36):
-
Նախագահ Նելսոնն այս խոսքերն ասել է 2011 թվականին: Ի՞նչ տարբերակներով եք արդեն զգացել կամ տեսել այն, ինչ նա նկարագրել է:
-
Ինչո՞ւ կարող է ապագայում ավելի քիչ տարածված լինել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանին հավատարիմ մնալը: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ այնուամենայնիվ արժե հավատարիմ մնալ:
-
Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է այդ դժվարությունների մասին նախապես ասում մեզ:
Մի պահ մտածեք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ձեր վկայության հաստատունության մասին, և այն մասին, թե որքանով եք պատրաստ հավատարիմ մնալ Նրան սպասվող դժվար ժամանակներում: Երբ ուսումնասիրեք Հակոբ 7 գլուխը, փնտրեք, թե ինչպես էր Հակոբը պատրաստվել հավատարիմ մնալ, երբ Շերեմ անունով մի ամբարիշտ մարդ փորձել էր սասանել նրա հավատքը:
Շերեմը քարոզում է Քրիստոսի դեմ
Կարդացեք Հակոբ 7:1–7 հատվածը կամ դիտեք «Շերեմը մերժում է Քրիստոսին» տեսանյութի 0:33-2:21 հատվածը: Այս տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք, թե Շերեմն ինչ էր ուսուցանում՝ փորձելով սասանել նեփիացիների հավատքը Քրիստոսի հանդեպ:
-
Ի՞նչ էր ուսուցանում Շերեմը՝ փորձելով սասանել նեփիացիների հավատքը:
-
Այսօր մարդիկ ի՞նչ ձևերով կարող են փորձության ենթարկել Քրիստոսի աշակերտների հավատքը:
Խորհեք, թե արդյոք ձեր շրջապատում տեսել եք մեկին, ով ուրիշների ազդեցությամբ սկսել է կասկածել Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ ունեցած իր հավատքին: Նկատե՞լ եք մեկին, ով փորձության է ենթարկում Նրա հանդեպ ձեր հավատքը:
Հակոբի հավատքը հնարավոր չէ սասանել
Կարդացեք Հակոբ 7.5, 8–12 հատվածները և փնտրեք, թե ինչն օգնեց Հակոբին մերժել Շերեմի ուսմունքները:
Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել հատված 5-ից, հետևյալն է. մենք կարող ենք հաղթահարել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի մարտահրավերները՝ հիշելով անցյալի հոգևոր փորձառությունները, որոնք ամրապնդել են մեր հավատքը:
-
Դիմակայելու ընթացքում ի՞նչ հատուկ բաների մասին հիշեց Հակոբը, որոնք օգնեցին նրան:
-
Մեր անցյալի հոգևոր փորձառությունները հիշելը ինչո՞ւ կարող է ամրապնդել մեզ, երբ բախվենք մեր հավատքի մարտահրավերներին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Սուրբ Հոգու կողմից մեզ տրվող խաղաղ ուղղորդման հետ միասին ժամանակ առ ժամանակ Աստված զորությամբ և խիստ անհատապես հավաստիացնում է մեզնից յուրաքանչյուրին, որ Ինքը ճանաչում է մեզ, սիրում և օրհնում է մեզ առանձնահատուկ ձևով և անկեղծորեն: Ապա՝ դժվարության պահերին, Փրկիչը մեզ հիշեցնում է այդ փորձառությունները: …
Սիրով և հաճախ անդրադարձեք ձեր սրբազան հիշողություններին: Հավատացեք դրանց: Գրի առեք դրանք: … Ես խոստանում եմ, որ երբ դուք պատրաստակամ ընդունեք և զգուշորեն, գանձի պես պահպանեք ձեր կյանքի կարևոր հոգևոր իրադարձությունները, ավելի շատ կունենաք ձեր կյանքում: Երկնային Հայրը գիտի ձեզ և սիրում է ձեզ: (Նեյլ Լ. Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020թ., 19, 21–22)
Հիշեք այն զգացողությունները և փորձառությունները, որ Աստված տվել է ձեզ՝ հավաստիացնելով, որ Նա գիտի և սիրում է ձեզ: Դրանցից մի քանիսը գրի առեք ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրքերում: Եթե նման փորձառություններ հիշելու համար օգնության կարիք ունենաք, աղոթքում խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ ճանաչել կամ հիշել դրանք: Նա կանի դա Իր ժամանակին և եղանակով:
Կարող եք դիտել «Կարևոր հոգևոր հիշողություններ» տեսանյութի 13:40-14:46 հատվածը: Փնտրեք, թե երեց Անդերսենի լուսաբանումն ինչպես է ցույց տալիս, որ փորձության ժամանակներում մեր հոգևոր հիշողությունները կարող են լուսավորել թե՛ մեր, թե՛ ուրիշների ճանապարհը: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
Խորհեք, թե ում գիտեք, որ կարող է ամրապնդվել՝ լսելով ձեր փորձառություններից մեկի մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք կիսվել նրա հետ ձեր փորձառությամբ:
Նաև մտածեք այն սիրելի մարդկանց և Եկեղեցու ղեկավարների մասին, որոնց հավատքն ու փորձառությունները կարող են ամրապնդել ձերը: Կարող եք դիմել նրանց օգնության համար:
Նշան Աստծուց
Կարդացեք Հակոբ 7.13–23 հատվածները կամ դիտեք «Շերեմը մերժում է Քրիստոսին» տեսանյութի 2:22-7:16 հատվածը և իմացեք, թե ինչ պատահեց Շերեմին:
-
Ըստ ձեզ՝ Հակոբն ինչո՞ւ էր գրելու այս պատմությունը մեր օրերի մարդկանց համար:
-
Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչպե՞ս է պատվիրելու, որ այսօրվա ձեր սովորածը կիրառեք ձեզ հանդիպած որևէ իրավիճակում: