«Մոսիա 2.1–18. «Ձեր մերձավորների ծառայության մեջ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 2.1–18», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 2.1–18
«Ձեր մերձավորների ծառայության մեջ»
Ի՞նչ է հարկավոր լավ առաջնորդ լինելու համար: Բենիամին թագավորի ուղերձում նկատում ենք, թե ինչպիսի առաջնորդ և օրինակ էր նա իր ժողովրդի համար: Բենիամին թագավորը մեկն էր, ով ծառայում էր Աստծուն՝ ծառայելով իր ժողովրդին և սովորեցնելով նրանց ծառայել միմյանց: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի լավ ծառայել Աստծուն՝ ավելի լավ ծառայելով ուրիշներին:
Հնարավոր ուսումնական վարժություն
Ինչպե՞ս եք տեսնում ծառայությունը
60 վայրկյանի ընթացքում գրեք հնարավորինս շատ տարբեր եղանակներ, որոնցով, կարծում եք, որ կարող եք այս շաբաթ ծառայել որևէ մեկին:
-
Ի՞նչը կարող է մղել մարդուն կատարել այդ քայլերը::
-
Ի՞նչը կարող է հետ պահել մարդուն այդ քայլերը կատարելուց:
Հետևյալից ո՞րը կարող է լավագույնս նկարագրել ծառայելու հնարավորությունների մասին ձեր ներկայիս զգացումները:
-
Ես փնտրում եմ ծառայելու հնարավորություններ:
-
Ես պատրաստակամորեն եմ արձագանքում, երբ ինձնից օգնություն են խնդրում:
-
Ես ցանկանում եմ ծառայել, բայց դժվարանում եմ ծառայությանն առաջնահերթություն տալ իմ կյանքում:
-
Ես հակված եմ մտածելու, որ մեկ ուրիշն էլ կարող է ծառայություն մատուցել:
-
Ինձ դուր է գալիս ծառայելը, սակայն անհանգստանում եմ, թե ինչպես կընկալվեմ ուրիշների կողմից:
-
Ինձ դուր է գալիս ծառայելը, բայց ես պայքարում եմ ուրիշների կողմից նկատվելու կամ ընդունվելու ցանկության հետ:
-
Այլ.
Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե այսօրվանից սկսած՝ ինչպես և ինչու կարող եք ավելի լավ ծառայել ձեզ շրջապատող մարդկանց:
Բենիամին թագավորի ծառայության օրինակը
Երբ մոտենում էր Բենիամին թագավորի կյանքի մայրամուտը, նա իր որդի Մոսիային խնդրեց հավաքել նեփիացիներին, որպեսզի խոսեր նրանց հետ: Նրանք ընտանիքներով հավաքվեցին տաճարի մոտ՝ լսելու Բենիամին թագավորին (տես Մոսիա 2.1–9):
Կարդացեք Մոսիա 2.10–14 հատվածը և փնտրեք, թե ինչպես էր Բենիամին թագավորը ծառայում իր ժողովրդին:
-
Ի՞նչն է տպավորում ձեզ Բենիամին թագավորի մասին պատմության մեջ:
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր ընտանիքը, դպրոցը կամ համայնքը, եթե մարդիկ ապրեին այնպես, ինչպես Բենիամին թագավորն էր ապրում:
Ինչու ենք ծառայում
Կարդացեք Մոսիա 2.15–18 հատվածը և գտեք, թե ինչ է ուսուցանել Բենիամին թագավորը ծառայության մասին:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել:
Ճշմարտություններց մեկը, որ կարող ենք սովորել Բենիամին թագավորից, այն է, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:
-
Ինչպե՞ս ենք մենք ծառայում Աստծուն, երբ ծառայում ենք ուրիշներին:
-
Ի՞նչ եք նկատում այս հատվածներում, որը Հիսուս Քրիստոսի մասին է հիշեցնում:
Կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ հայտարարությունը և փնտրեք, թե նա ինչ է ուսուցանում ուրիշներին մատուցած մեր ծառայության և Աստծո հետ ունեցած մեր հարաբերության միջև կապի մասին.
Երբ նայում ենք երկնքի ուղղությամբ, մենք անխուսափելիորեն իմանում ենք ուրիշներին օգնության հասնելու մեր պատասխանատվության մասին: Որպեսզի գտնենք իրական երջանկություն, մենք պետք է փնտրենք այն՝ մեզնից հեռու կենտրոնանալով: Ոչ ոք չի հասկացել ապրելու իմաստը, քանի դեռ չի հրաժարվել իր եսից՝ իր մերձավորին ծառայելու համար: … Նոր Կտակարանն ուսուցանում է, որ անհնար է ճիշտ մոտեցում ունենալ Քրիստոսի հանդեպ՝ առանց մարդկանց հանդեպ ոչ եսասիրական մոտեցում ունենալու: …
Մենք նայում ենք Փրկչին որպես ծառայության մեր օրինակի: Չնայած Նա աշխարհ եկավ որպես Աստծո Որդի, բայց խոնարհաբար ծառայեց Իրեն շրջապատող մարդկանց: Նա եկավ երկնքից, որպեսզի երկրի վրա ապրի մահկանացուի կյանքով և հաստատի Աստծո արքայությունը: Նրա փառահեղ ավետարանը վերափոխեց աշխարհի մտածելակերպը: Նա օրհնեց հիվանդներին, Նա քայլելու հնարավորություն տվեց կաղերին, տեսողություն շնորհեց կույրերին, լսելու հնարավորություն տվեց խուլերին: Նա նույնիսկ կյանքի կոչեց մեռելներին: (Թոմաս Ս. Մոնսոն, «Ծառայության բերկրանքը», New Era, հոկտեմբեր 2009թ., 4, 6):
-
Փրկչի օրինակի մասին մտածելն ինչպե՞ս է մղում ձեզ ծառայել ուրիշներին:
-
Ինչպե՞ս եք օրհնվել՝ ծառայելով ուրիշներին:
-
Ինչպե՞ս եք օրհնվել ուրիշների ծառայությամբ:
Կազմեք ծրագիր
Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդական քույր Շերոն Յուբենկը կիսվել է ծառայության մասին այս կարևոր մտքով: Երբ պատրաստվեք ծրագիր կազմել ուրիշներին ծառայելու վերաբերյալ, ուշադրություն դարձրեք, թե նա ինչ է ուսուցանում: Դիտեք «Դուք եք պարգևը» (0:54) տեսանյութը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Եթե մենք փոխենք մեր տեսակետն այնպես, որ աղքատների և կարիքավորների մասին հոգալը լինի ավելի քիչ իրեր նվիրելու և ավելի շատ մարդկային շփման քաղցը լցնելու, բովանդակալից խոսակցություն ապահովելու և հարուստ ու դրական հարաբերություններ ստեղծելու մասին, ապա Տերը կարող է մեզ որևէ տեղ ուղարկել: …
… Եվ հիշեք, որ ինչպես Փրկիչը, այնպես էլ դուք ինքներդ լավագույն նվերներից մեկն եք, որը կարող եք տալ այլ կարիքավոր մարդկանց (Շերոն Յուբենկ, «Թշնամիներին դարձնել ընկերներ» [Բրիգամ Յանգի համալսարանի ֆորում, 23-ը հունվարի, 2018թ.], 6–7, speeches.byu.edu):
-
Քույր Յուբենկի՝ ծառայության մասին ուսմունքից ի՞նչն է ձեզ տպավորում:
Ի՞նչ եղանակներով կարող եք անել այն, ինչ նա ուսուցանել է: Մտածեք ձեր ընտանիքի, ընկերների կամ համայնքի մասին: Աղոթեք և Երկնային Հորից խնդրեք, որպեսզի ոգեշնչում տա ձեզ այն եղանակների մասին, որոնցով կարող եք ծառայել: Ձեր օրագրերում գրեք ձեր մտքին եկած մարդկանց անունները և գաղափարներ, թե ինչպես կարող եք օգնել նրանց: Որոշեք, թե երբ եք գործելու ըստ ձեր տպավորությունների: Գուցե կա որևէ բան, որը կարող եք հենց հիմա անել: