Սեմինարիա
Մոսիա 4. «Միշտ պահպանեք ձեր մեղքերի թողությունը»


«Մոսիա 4. «Միշտ պահպանեք ձեր մեղքերի թողությունը»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 4

«Միշտ պահպանեք ձեր մեղքերի թողությունը»

Նկար
կենսուրախ դեմքով երիտասարդներ

Ինչպիսի՞ն կարող էր լինել ձեր կյանքը, եթե ավելի մեծ ուրախություն զգայիք և խղճի խաղաղություն ունենայիք: Նեփիացիները «լցված էին ուրախությամբ» և «խղճի խաղաղություն» էին զգում, երբ հետևելով Բենիամին թագավորի ուսմունքներին, ապաշխարեցին և մեղքերի թողություն ստացան (Մոսիա 4.3): Հետո Բենիամին թագավորը սովորեցրեց նրանց, թե ինչպես պահպանել իրենց մեղքերի այս թողությունը: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել մեղքերի թողություն ստանալու և այն պահպանելու համար:

Ուսուցանեք Հոգով։ Սուրբ Հոգին վկայում է ճշմարտությունը, վկայում է Քրիստոսի մասին և փոխում է սրտերը։ Միայն Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք իրականացնել ավետարանի ուսուցման վերջնական նպատակը՝ կառուցել հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ և օգնել ուրիշներին ավելի նմանվել Նրան: Փնտրեք եղանակներ, որոնցով Սուրբ Հոգուն կհրավիրեք կատարելու Իր դերերը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մոսիա 4 գլուխը և փնտրել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես էր ազդել մարդկանց վրա, և Բենիամին թագավորն ինչ էր առաջարկել իր ժողովրդին անել մեղքերի թողություն ստանալուց հետո:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես հոգևորապես ուժեղ մնալ

Նայեք հետևյալ նկարին և մտածեք, թե ինչ պետք է անել՝ այս բույսի առողջությունն ու աճը պահպանելու համար:

Կարող եք մի առողջ բույս բերել դասարան կամ ցուցադրել ստորև ներկայացված նկարը:

Նկար
առողջ բույս
  • Ի՞նչ կպատահեր այս բույսի հետ, եթե այն մութ սենյակում պահվեր կամ երբեք չջրվեր:

  • Դա ի՞նչ կապ կարող է ունենալ մեր հոգևոր առողջության և կարիքների հետ:

Ինչպես բույսի խնամքը, այնպես էլ մեր հոգևոր առողջության պահպանումը հետևողական ջանքեր են պահանջում: Մոսիա 4 գլխում Բենիամին թագավորն իր ժողովրդին ուսուցանել է, թե ինչ է նրանց անհրաժեշտ հոգևոր ուժը պահպանելու համար: Ուսումնասիրելիս խորհեք այն ուսմունքների մասին, որոնք կօգնեն ձեզ պահպանել հոգևոր ուժը ամբողջ կյանքի ընթացքում և աճել՝ Փրկչին ավելի նմանվելու համար:

Պահպանել մեր մեղքերի թողությունը

Հիշեք, որ Բենիամին թագավորն իր ուղերձում կիսվեց Հիսուս Քրիստոսի գալստյան և մեր մեղսավոր էությունը Փրկչի Քավությամբ հաղթելու կարևորության մասին մի տեղեկությամբ, որը նա ստացել էր հրեշտակից (տես Մոսիա 3):

Կարդացեք Մոսիա 4.1–3 հատվածը և փնտրեք, թե ինչ օրհնություններ և զգացողություններ ունեցավ Բենիամին թագավորի ժողովուրդը:

  • Այդ հատվածի մեջ ի՞նչն է առավել կարևոր ձեզ համար:

  • Ըստ ձեզ՝ այդ մարդիկ ի՞նչ պետք է անեին, որպեսզի պահպանեին այդ մաքրված և ուրախությամբ լի վիճակը:

Կարող եք ուսանողներին առաջարկել փակել աչքերը և խորհել ստորև ներկայացվածի շուրջ: Խորհելուց հետո նրանք կարող են հարցին պատասխանը գրանցել իրենց օրագրերում:

Պատկերացրեք, թե ի՞նչ զգացողություն կունենայիք, եթե այդ օրը Բենիամին թագավորի ժողովրդի մասնիկը լինեիք: Մտածեք, թե ըստ ձեզ, դա ինչպես կազդեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած զգացողությունների վրա, և այս փորձառությունից ինչը կցանկանայիք հավերժ պահել ձեզ հետ:

  • Ի՞նչ փոփոխություն կարող էր լինել ձեր կյանքում, եթե ավելի հաճախ մեղքերի թողություն զգայիք:

Մոսիա 4 գլխում ներկայացված Բենիամին թագավորի մյուս ուսմունքներն օգնում են մեզ հասկանալ, որ երբ Հիսուս Քրիստոսից ներում ստանանք մեր մեղքերի համար, մենք պետք է ջանքեր գործադրենք՝ մեր մեղքերի թողությունը պահպանելու համար:

  • Ըստ ձեզ՝ ո՞րն է տարբերությունը մեր մեղքերի թողությունը ստանալու և թողությունը պահպանելու միջև:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է մեզ համար կարևոր ձգտել ամբողջ կյանքի ընթացքում պահպանել մեր մեղքերի թողությունը:

Ստորև ներկայացվող պարբերությունը նախատեսված է օգնելու ուսանողներին խորհել և մտածել, այն նախատեսված չէ դասարանի հետ իրենց մտքերով կամ զգացողություններով կիսվելու համար:

Մտածեք, թե այս ճշմարտություններն ինչպե՞ս են կիրառելի ձեր կյանքի համար: Որքա՞ն լավ եք զգում ձեզ, երբ պահպանում եք ձեր մեղքերի թողությունը: Ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ կարող եք անել ձեր մեղքերի թողությունը պահպանելու համար:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ վերնագիրը. Ի՞նչ կարող ենք անել մեր մեղքերի թողությունը պահպանելու համար: Ուսանողները կարող են գրատախտակին գրել այն, ինչ գտել են ուսումնասիրության ընթացքում: Նման ցանկ կարող են կազմել նաև իրենց օրագրերում:

Կարդացեք Մոսիա 4:9–16 հատվածը և փնտրեք Բենիամին թագավորի ուսմունքները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:

Ստորև ներկայացված վարժության համար ուսանողներին կարող եք հրավիրել գրատախտակի մոտ և հանձնարարել նրանց գրել մի քանի արտահայտություն Մոսիա 4.9–16 հատվածներից, որոնք, նրանց կարծիքով, ամենամեծ նշանակությունն ունեն իրենց համար: Կարելի է օգտագործել ստորև ներկայացված հարցերի նման հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին քննարկել այն, ինչ գտել են այդ հատվածներում:

  • Որո՞նք են Բենիամին թագավորի ուսուցանած առնվազն երեք բաները, որոնք պետք է անենք մեր մեղքերի թողությունը պահպանելու համար, և որոնք ամենատպավորիչն են ձեզ համար:

  • Ինչպե՞ս եք պատկերացնում Բենիամին թագավորի այդ հորդորների կիրառումը ձեր կյանքում:

  • Դա ինչպե՞ս կօգնի ձեզ պահպանել ձեր մեղքերի թողությունը:

Եթե ժամանակը թույլ տա, ուսանողները կարող են Մոսիա 4.17–26 հատվածներում ուսումնասիրել Բենիամին թագավորի ուսմունքը ուրիշներին սատարելու կարևորության մասին: Որոշ գաղափարներ ներկայացված են «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնի «Ուրիշների մասին հոգ տանելու մեր պարտականությունը» վերնագրի տակ:

Իմ հաջորդ քայլերը

Մտածեք, թե որքան լավ եք կիրառում այդ հատվածներում ներկայացված Բենիամին թագավորի ուսմունքները: Դա անելու համար կարող եք կենտրոնանալ ձեր նկատած երեք կամ չորս վարքագծի վրա և ինքներդ ձեզ տալ նմանատիպ հարցեր.

  • Որքա՞ն ջանք եմ թափում դրա համար:

  • Ի՞նչ պարբերականությամբ եմ անում դա:

  • Ի՞նչ զգացողություններ և տպավորություններ եմ ունեցել այսօր, որոնք կարող են ուղղորդել ինձ՝ որ բնագավառներում բարելավվել:

Աղոթքով կազմեք մեկ բնագավառում բարելավվելու մի առանձին պլան: Մտածեք, թե ինչ խոչընդոտների կարող եք բախվել, երբ փորձեք բարելավվել այդ բնագավառում, և ինչ կարող եք անել այդ դժվարությունները հաղթահարելու հարցում Տիրոջ օգնությունը ստանալու համար: Օգտակար կլինի ձեր նպատակի մասին ընտանիքի անդամի կամ մոտիկ մարդու հետ կիսվելը, որոնք կարող են սատարել ձեզ այդ հարցում: Կարող եք այդ նպատակը ներառել նաև Երեխաների և երիտասարդների ծրագրի ձեր նպատակներում:

Տպել