«Մոսիա 7–8. Տիրոջ մարգարեները որպես տեսանողներ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մոսիա 7–8», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մոսիա 7–8
Տիրոջ մարգարեները որպես տեսանողներ
Այնպես, ինչպես Փրկիչն ունի տիտղոսներ, որոնք ուսուցանում են Նրա մասին, Տիրոջ ծառաները ևս ունեն տիտղոսներ, որոնք օգնում են մեզ հասկանալ նրանց դերը Երկնային Հոր ծրագրում: Երբ Լիմքի թագավորն օգնություն խնդրեց մի առաջադրանքի համար, որը չգիտեր՝ ինչպես անել, Ամմոն անունով մի մարդ նրան մարգարեի մոտ ուղղորդեց: Ամմոնը թագավորին նաև կարևոր ճշմարտություններ բացատրեց մարգարեների, տեսանողների և հայտնողների դերի մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ մարգարեների կարևորությունը՝ որպես տեսանողներ Երկնային Հոր ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հարցեր մարգարեների վերաբերյալ
Պատկերացրեք, որ ձեր ծանոթներից մեկն իմացել է, որ դուք մեր ժամանակների մարգարեներին եք հավատում: Նրանք մոտենում են ձեզ և հարցնում են հետևյալը.
-
Ես լսել եմ, որ ձեր եկեղեցին մարգարե ունի: Ի՞նչ է նա անում:
-
Ինչո՞ւ է մեզ այսօր անգամ անհրաժեշտ մարգարեն:
-
Ես համացանցում կարդացել եմ, որ Ջոզեֆ Սմիթը մի հնագույն գիրք է թարգմանել: Հնագույն կամ ժամանակակից մարգարեներից որևէ մեկն արե՞լ է այդպիսի բան:
-
Ի՞նչին եք հավատում մարգարեների վերաբերյալ:
Մորմոնի Գրքում շատ ուսմունքներ կան մարգարեների, այդ թվում՝ այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է օգտագործում նրանց մեզ օգնելու համար: Այսօր ուսումնասիրելիս խորհեք վերոնշյալ հարցերի շուրջ և ձգտեք ամրապնդել ձեր վկայությունը մարգարեների մասին: Նաև փնտրեք պատասխաններ մարգարեների մասին ձեր ունեցած լրացուցիչ հարցերին:
Երեք ճամփորդություն
Երբ թագավորում էր Բենիամին թագավորի հայրը (Մոսիան), Զենիֆ անունով մի մարդ մի խումբ մարդկանց հետ լքեց Զարահեմլան՝ Նեփիի երկիրը հետ նվաճելու համար (տես Մոսիա 9.3–4): Զենիֆի խմբի մասին երկար տարիներ ոչ ոք լուր չուներ, ուստի հաջորդ թագավորը՝ Մոսիան (Բենիամին թագավորի որդին), Ամմոնի գլխավորությամբ մարդկանց մի խումբ ուղարկեց՝ որոնելու նրանց (տես Մոսիա 7.1–3): Նրանք գտան Զենիֆի մարդկանց, որոնց առաջնորդում էր Զենիֆի թոռը՝ Լիմքի թագավորը: Լիմքիի ժողովրդին ճորտացրել էին լամանացիները՝ «[նրանց] անօրինությունների պատճառով» (Մոսիա 7.20):
Լիմքի թագավորն Ամմոնին հայտնում է, որ ինքը որոնողների մի խումբ է ուղարկել Զարահեմլան գտնելու, որոնք հաջողություն չեն ունեցել: Փոխարենը՝ հյուսիսային երկրից նրանք բերել են մասունքներ, այդ թվում՝ 24 ոսկե թիթեղների վրա գրված մի հիշատակարան (տես Մոսիա 8.7–9): Լիմքի թագավորը հույս ուներ, որ Ամմոնը կկարողանա թարգմանել հիշատակարանը կամ կիմանա ինչ-որ մեկին, ով կկարողանա թարգմանել (տե.ս Մոսիա 8.6, 11–12):
Կարդացեք Մոսիա 8.13–14 հատվածները և փնտրեք, թե ըստ Ամմոնի, ով կարող էր թարգմանել հիշատակարանը և ինչու:
-
Ի՞նչ գտաք:
Օգտակար կլինի իմանալ, որ թե՛ Մոսիան, թե՛ Ջոզեֆ Սմիթը Աստծո կողմից պատրաստված Ուրիմ և Թումիմ կոչվող հատուկ գործիքներ ունեին, որոնք օգնում էին նրանց թարգմանել հնագույն հիշատակարանները (տես Մոսիա 28.13–14, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.35: Եթե կցանկանաք իմանալ ավելին, Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում որոնեք «Ուրիմ և Թումիմ»):
Տեսանողի դերը
Կարդացեք Մոսիա 8.15–18 հատվածները՝ իմանալու, թե ովքեր են տեսանողները, և սիրող Երկնային Հայրն ինչու է մեզ տեսանողներ տվել:
-
Ի՞նչ իմացաք:
Սուրբ գրքերի ուղեցույցն այսպես է բացատրում տեսանողի դերը.
Անձ, որն Աստծո կողմից լիազորված է հոգևոր աչքերով՝ տեսնելու այնպիսի բաներ, որոնք Աստված թաքցրել է աշխարհից (Մովսես 6.35–38): Նա հայտնող է և մարգարե (Մոսիա 8.13–16): Մորմոնի Գրքում Ամմոնն ուսուցանել է, որ միայն տեսանողը կարող է հատուկ գործիքներ կամ Ուրիմ և Թումիմ օգտագործել (Մոսիա 8.13, 28.16): Տեսանողը գիտի անցյալը, ներկան և ապագան: Հին ժամանակներում մարգարեին հաճախ տեսանող էին անվանում (Ա Թագավորաց 9.9, Բ Թագավորաց 24.11):
Ջոզեֆ Սմիթը վերջին օրերի մեծ տեսանողն է (Վ&Ու 21.1, 135.3): Բացի այդ, Առաջին Նախագահությանը և Տասներկուսի Խորհրդին սատարում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Տեսանող», scriptures.ChurchofJesusChrist.org):
-
Ի՞նչ սովորեցիք մարգարեի՝ որպես տեսանողի դերի մասին:
-
Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն այս ունակություններն ինչո՞ւ էր շնորհելու Առաջին նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին:
-
Մարգարեները, տեսանողները և հայտնողները ինչպե՞ս են Աստծո սիրո ապացույց լինելու ձեզ համար:
Տեսանողների արժեքը մեր օրերում
-
Մտածեք առնվազն երեք իրավիճակ, երբ իմացությունը, որ Երկնային Հոր մարգարեները տեսանողներ են, կարող է օգնել ձեզ պահպանել հավատքը Տիրոջ հանդեպ: Գրանցեք այդ իրավիճակները:
-
Ուսումնասիրեք Առաջին Նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի որևէ անդամի ելույթը վերջին գերագույն համաժողովից: Գրի առեք այն օրինակները, որոնք ցույց են տալիս, որ նրանք տեսանողներ են:
-
Ուսանողներին առաջարկեք կարդալ «Ուղերձ Առաջին Նախագահությունից», որը կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի (2022, 2) սկզբում: Գրի առեք, թե ըստ ձեզ, այս ուղերձը և գրքույկում ներառված չափանիշներն ինչպես են ներկայացնում, որ Առաջին նախագահության անդամները տեսանողներ են:
-
Գրի առեք, թե դուք կամ ձեր ընտանիքն ինչ օգուտներ եք քաղել տեսանողներին հետևելու արդյունքում:
Օգտակար կլինի իմանալ, որ Մոսիա թագավորն է թարգմանել հիշատակարանները (տես Մոսիա 28.11–19): Երբ ուսումնասիրեք Եթերի գիրքը, կարող եք այս հիշատակարաններից որևէ հատված կարդալ:
Նույնիսկ նախքան թարգմանելը Լիմքի թագավորը կրել էր այն գիտելիքի ազդեցությունը, որը Մոսիա թագավորը կարող էր թարգմանել: Կարդացեք Մոսիա 8.19–20 հատվածները և փնտրեք, թե Լիմքի թագավորն ինչպես է արձագանքել, երբ իմացել է, որ Աստված է կանչում մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին:
-
Այդ գիտելիքն ինչպե՞ս է ազդել Լիմքիի վրա:
Խորհեք, թե ինչ եք զգում այն հարցի վերաբերյալ, որ Երկնային Հայրը տրամադրում է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որպեսզի առաջնորդեն մեզ այսօր: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում: