«Ալմա 43, 48–50․ Սովորենք պատերազմի մասին գլուխներից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 43, 48–50» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 43, 48–50
Սովորենք պատերազմի մասին գլուխներից
Ալմայի գրքի վերջին մասը նկարագրում է գժտության և պատերազմի ժամանակաշրջանը։ Այդ պատերազմներում նեփիացիների օգտագործած ռազմավարությունները կարող են օգնել մեզ մշակել ռազմավարություններ, որոնք կարող ենք օգտագործել սատանայի դեմ մեր ամենօրյա պայքարում։ Այս դասը կարող է օգնել ձեզ, որ սուրբ գրություններում նմանություններ գտնեք ձեզ հետ և ստանաք Տիրոջ պաշտպանությունը` հակառակորդի մշտական և ահագնացող գրոհներից։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճանաչեք հակառակորդին
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) նախազգուշացրել է.
Դուք թշնամու տարածքում եք մեծանում։ … [Հակառակորդը] տներում է, ժամանցի մեջ, մեդիայում, լեզվում՝ ձեզ շրջապատող ամեն ինչում։ Շատ դեպքերում նրա ներկայությունը չի նկատվում: (Բոյդ Ք. Փաքեր, «Ինչպես գոյատևել թշնամու տարածքում», New Era, ապրիլ 2012 թ․, 2)
-
Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք այս խոսքերի վերաբերյալ։
-
Ի՞նչ օրինակներ կարող եք մտածել, որոնք պատկերում են այն, ինչի մասին խոսում էր նախագահ Փաքերը։
Մի պահ մտածեք, թե նախագահ Փաքերի խոսքերն ինչպես են կիրառելի ձեզ համար։ Ձեր նկատած ի՞նչ եղանակներով են սատանայի գայթակղություններն ազդում ձեր կամ ձեր սիրելի մարդկանց վրա։ Ի՞նչ ջանքեր եք գործադրում՝ նրա գրոհներից ձեզ պաշտպանելու համար։
Պատերազմները նեփիացիների և լամանացիների միջև
Ալմայի գրքի վերջում նկարագրվում է նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած պատերազմներից մի քանիսը։ Այդ պատմություններն ուսումնասիրելու ընթացքում կարող եք արժեքավոր դասեր սովորել, որոնք կօգնեն ձեզ սատանայի դեմ ձեր պայքարում։ Օրինակ՝ լամանացիների նպատակները և մարտավարությունները կարող են համեմատվել մեզ համար սատանայի ունեցած նպատակների և մարտավարությունների հետ։
Կարդացեք Ալմա 43.5–8, 46.3–5, 10 հատվածները և փնտրեք, թե ինչ էին արել լամանացիների ամբարիշտ առաջնորդները, որը նման է սատանայի նպատակներին և մարտավարություններին։
-
Այդ առաջնորդների նպատակները և մարտավարությունները ինչո՞վ էին նման սատանայի նպատակներին և մարտավարություններին։
Նեփիացիների զորքերին առաջնորդում էր Մորոնի անունով մի արդարակյաց մարդ։
Կարդացեք Ալմա 48.11–13, 17 հատվածները և փնտրեք Մորոնիի քրիստոսանման հատկանիշները կամ բնութագրիչները։
-
Ի՞նչ գտաք:
Սուրբ գրություններում գտեք նմանություններ ձեզ հետ
Սուրբ գրություններում մինչ այժմ ձեր կատարած համեմատությունները կարող են պատրաստել ձեզ՝ այդ պատմությունների այլ մանրամասները ձեր կյանքին նմանեցնելու կամ ձեր կյանքի հետ կապելու համար։
Ստորև ներկայացվող գործընթացը կարող է օգնել ձեզ սուրբ գրություններում նմանություններ գտնել ձեր կյանքի հետ։ Գրանցեք այս քայլերը ձեր օրագրում:
-
Գտեք կարևոր մանրամասներ:
-
Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:
-
Բացահայտեք արժեքավոր դասեր:
-
Որոշեք անձնական կիրառումը:
Երբ սովորեք նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած մարտերից մեկի մասին, այս գործընթացն օգտագործելու միջոցով կիրառեք սուրբ գրությունների ուսումնասիրության՝ համադրելու հմտությունը։
Քայլ 1. Գտեք կարևոր մանրամասներ
Կարդացեք Ալմա 43.17–21, 37–39, 51–54 հատվածները և փնտրեք կարևոր մանրամասներ։ Այդպիսի մանրամասներ կարող են լինել մարդիկ, վայրերը, առարկաները կամ գործողությունները, որոնք ընդգծված են։
Որոշ մանրամասների օրինակ է հետևյալը․ Մորոնին իր զորքերին պաշտպանում է սպառազինությամբ և հաստ հագուստով, լամանացիները պաշտպանիչ սպառազինություն չէին կրում, և նեփիացիները հաղթում են լամանացիներին՝ չնայած հակառակորդի զգալիորեն գերազանցող թվաքանակին։
Քայլ 2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ
Մտածեք, թե նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասները ինչպես կարող են համեմատվել ձեր կյանքի որևէ հոգևոր երևույթի կամ իրավիճակների հետ։
-
Ի՞նչ համեմատություններ կարող եք անել նախորդ քայլում ձեր բացահայտած մանրամասների հետ: (Եթե անհրաժեշտ է, տես Վարդապետություն և Ուխտեր 27.1, 15–18 կամ Եփեսացիս 6.11–16։ Այս հատվածներից կարող եք խաչաձև հղում կատարել Ալմա 43 գլխի հատվածներին)։
Դուք գուցե համեմատել եք նեփիացիների սպառազինությունը Աստծո սպառազինության հետ։ Հնարավոր է նաև, որ համեմատել եք նեփիացիների հաղթանակը սատանային հաղթելու և նրա գայթակղությունները հաղթահարելու հետ։
Քայլ 3. Բացահայտեք արժեքավոր դասեր
Մտածեք, թե ինչ եք սովորում սուրբ գրություններից, որը կարող է կիրառվել ձեզ համար: Կարող եք մտածել նաև, թե ինչ եք սովորում Փրկչի մասին։
-
Ի՞նչ դասեր եք սովորում նեփիացիների և լամանացիների միջև այս ճակատամարտից, որը կարող է օգնել ձեզ սատանայի դեմ ձեր պայքարում։
-
Այդ պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ այն պաշտպանությունը, որը մեզ անհրաժեշտ է սատանայի դեմ մեր պայքարում։
Քայլ 4. Որոշեք կիրառությունը ձեր կյանքում
Մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել նախորդ քայլում բացահայտած դասերը։
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Հիսուս Քրիստոսի պաշտպանությունը սատանայի դեմ։
Այս ճշմարտությունը կիրառելու բազմաթիվ եղանակների թվում գուցե մտածել եք, թե Փրկչի պաշտպանությունն ինչպես է հասանելի դառնում հավատքով լի այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսին աղոթքն է (տես Վարդապետություն և Ուխտեր 10.5), սուրբ գրությունների ուսումնասիրությունը (տես 1 Նեփի 15.24) կամ Տիրոջ պատվիրանները պահելը (տես Մոսիա 2.41)։
Կրկին փորձեք սուրբ գրությունները համադրելու հմտությունը
Հատվածների հետևյալ խմբերից ընտրեք առնվազն երկուսը և ուսումնասիրելիս փորձեք կատարել սուրբ գրությունները համադրելու չորս քայլից կազմված գործընթացը։
-
Ի՞նչ կարևոր մանրամասներ բացահայտեցիք ձեր ուսումնասիրած պատմությունից։
-
Ի՞նչ համեմատություններ կատարեցիք այդ մանրամասների և ձեր կյանքի կողմերի միջև:
-
Ի՞նչ մեկ կամ մի քանի դաս սովորեցիք այս պատմությունից։
-
Ինչպե՞ս կարող եք այդ դասերը ձեր կյանքում կիրառել։