«3 Նեփի 1․ «Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 1
«Մարգարեների մարգարեությունները սկսել են իրագործվել»
Ի՞նչը կարող է համեմատվել Հիսուս Քրիստոսի ծնունդն ազդարարող աստղին սպասելու և այն տեսնելու հետ։ Նեփիացի հավատացյալները հետևում էին նշաններին, որոնց մասին մարգարեացել էր Սամուել Լամանացին (տե՛ս Հելաման 14), սակայն անհավատները սպառնում էին սպանել նրանց, եթե նշանները չերևան։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ վստահություն ունենալ, որ Տերը կատարելու է Իր բոլոր խոսքերը, որոնք ասել է Իր մարգարեների միջոցով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավատքով զորացված
-
Մեկից հինգը սանդղակով, որտեղ հինգը ամենաբարձր միավորն է, ինչպե՞ս կգնահատեիք ձեր հավատը կամ վստահությունը առ այն, որ Աստված կատարելու է Իր մարգարեների խոսքերը։ Ինչո՞ւ։
Երբ Սամուել Լամանացին եկավ նեփիացիների մոտ, մարգարեացավ, որ «կանցնի ևս հինգ տարի, և ահա, հետո կգա Աստծո Որդին» (Հելաման 14.2)։ Մարգարեները Հիսուս Քրիստոսի գալստյան մասին մարգարեացել էին հազարավոր տարիներ առաջ, և Նրա ծննդյան ակնկալվող ժամանակը եկել էր։ 3 Նեփի գիրքն սկսվում է այդ հինգ տարվա վերջում։
-
Եթե լինեիք Սամուելին հավատացողներից մեկը, ի՞նչ զգացած կլինեիք այդ ժամանակ։
Ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ նմանություններ կան 3 Նեփի 1 հատվածի և մեր օրերի հանգամանքների միջև։ Կարող եք նշել այն կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք ամրապնդում են ձեր վստահությունն Աստծո և Նրա մարգարեների խոսքերի հանդեպ։
Նեփիացի հավատացյալները
3 Նեփի 1 հատվածի սկզբում իմանում ենք, որ Նեփին՝ Հելամանի որդին, մեկնել էր երկրից, և որ նեփիացիների շրջանում այժմ նրա որդի Նեփին էր մարգարե։
Կարդացեք 3 Նեփի 1.4–9 հատվածները և փնտրեք, թե այդ ժամանահատվածում ինչ դժվարությունների բախվեցին նեփիացի հավատացյալները։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչը թույլ տվեց ոմանց «աննկուն սպասել» (հատված 8)՝ անտեսելով մահվան սպառնալիքը։
Կարդացեք 3 Նեփի 1.10–14 հատվածը՝ իմանալու, թե ինչ պատահեց հաջորդիվ։
-
Ձեր պատկերացմամբ Նեփին ի՞նչ զգաց, երբ լսեց Տիրոջ ձայնը։
-
Ըստ ձեզ՝ Տերն ի՞նչ էր ցանկանում, որ Նեփին և մարդիկ հասկանան։
-
Ի՞նչ ճշմարտություն կարող եք սովորել այդ հատվածներից:
Մարգարեների խոսքերը կիրագործվեն
Այս հատվածներում ներկայացված մի քանի ճշմարտություններից բացի մենք սովորում ենք, որ Տերը կիրագործի բոլոր այն խոսքերը, որոնք Նա ասել է Իր մարգարեների միջոցով։ Ըստ ցանկության կարող եք հատված 13-ում նշել այս ճշմարտությունը։
Կարդացեք 3 Նեփի 1.15–22 հատվածները և փնտրեք, թե ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ, երբ մարգարեությունն իրականացավ։
-
Ըստ ձեզ՝ մարդիկ ինչո՞ւ այդքան տարբեր արձագանքներ ունեցան։
-
Հավատացյալներն ինչպե՞ս զորացան այս փորձառության ժամանակ։
-
Այս փորձառությունն ինչպե՞ս կարող է մեծացնել ձեր վստահությունը Տիրոջ ծրագրի հանդեպ, որը նա ունի ձեր կյանքի համար։
Ձեր փորձառությունը
Ինչպես նեփիացիները 3 Նեփի 1 հատվածում, մենք էլ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կարող է թվալ, թե ապագայի հանդեպ անորոշություն կա։ Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ և Իր մարգարեների միջոցով տված Իր խոսքերի հանդեպ վստահություն ունենալ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Հավատարմությունը հիմարություն չէ, ոչ էլ մոլեռանդություն: Մենք պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչի, և ապավինենք Նրա անունին և Նրա խոստումներին: Երբ «առաջ մղվենք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն և սեր Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ» [2 Նեփի 31.20], մենք կօրհնվենք հավերժական հեռանկարով և մի տեսլականով, որը ձգվում է մեր մահկանցու սահմանափակ կարողությունից այն կողմ: Մենք հնարավորություն կունենանք «հավաքվել միասին և կանգնել սուրբ տեղերում» [Վարդապետություն և Ուխտեր 101.22] և «չշարժվել, մինչև որ Տիրոջ օրը գա» [Վարդապետություն և Ուխտեր 87.8] (Դեյվիդ Ա. Բեդնար, «Եվ դրանով մենք նրանց կստուգենք», Լիահոնա, նոյեմբեր 2020 թ․, 11)։
Մտածեք, թե ինչու կարող եք դժվարություն ունենալ Աստծո հանդեպ հավատք ունենալու հարցում և ձեր կյանքի համար անորոշություն կամ վախ զգալ։ Պատճառները յուրաքանչյուրի համար անձնական են, բայց կարող են ներառել հետևյալը․
-
Լինել ծաղրի առարկա կամ ենթարկվել հալածանքի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի համար
-
Ունենալ խնդրահարույց ընտանեկան հարաբերություններ, այդ թվում՝ ամուսնալուծված ծնողներ
-
Անհանգստություն կամ ընկճվածություն զգալ
-
Անհանգստանալ սիրելի մարդկանց համար, որոնք համասեռամոլ են
-
Տառապել վնասակար սովորույթների կախվածությունից կամ դժավարանալ հաղթահարել դրանք
-
Վախենալ, որ ավետարանի օրհնություններն անհասանելի են
-
Անարժեքության կամ չներված լինելու զգացում ունենալ
Հովհաննես 16.33 հատվածում Հիսուսն ասել է. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:
-
Ի՞նչ են բացահայտել մարգարեները Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է ոգեշնչել ձեզ պահպանելու հավատքը Նրա հանդեպ (կարող եք կարդալ Ալմա 7.11–13, Եթեր 12.27, Եսայիա 25.8–9 հատվածները)։ Ըստ ձեզ՝ Նա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր հանգամանքներում։
-
Տիրոջը կամ Նրա մարգարեների խոսքերին վստահելը ե՞րբ է ձեզ կամ ձեր ծանոթներից որևէ մեկին զորացրել անորոշության կամ վախի ժամանակ։ Այս փորձառությունը հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հասկանալ Նրա օգնությունը ձեր կյանքում։
Կարող եք գրի առնել, թե ինչ զգացողություններ ունեցաք այսօր սովորածից։ Կարող եք ներառել, թե ինչ գործողություններ անելու հուշում եք ստացել կամ ինչպես եք զորացել՝ հասկանալով, որ Աստված իրագործում է Իր մարգարեների միջոցով ասած Իր խոսքերը։