«3 Նեփի 27, Մաս 1․ «Կառուցված իմ ավետարանի վրա»», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«3 Նեփի 27, Մաս 1», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
3 Նեփի 27, Մաս 1
«Կառուցված իմ ավետարանի վրա»
Որո՞նք են Փրկչի Եկեղեցու մի քանի ամենակարևոր հատկանիշները։ Հիսուս Քրիստոսն իր նեփիացի աշակերտներին ուսուցանում էր, որ Իր Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով և կառուցվի Իր ավետարանի վրա։ Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է Փրկչի ավետարանը, և ինչ կարևորություն ունի Եկեղեցու անվանումը։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչ կպատասխանեիք դուք:
Մի օր, երբ Նաոմին և իր ընկեր Մարկոն կիսվում էին, թե ինչ են արել հանգստյան օրերին, Նաոմին ասաց, որ կիրակի օրը եկեղեցի է հաճախել։
Մարկոն հարցրեց․ «Դու մորմոն ես, այնպես չէ՞»։
Նաոմին ասաց․ «Երբեմն մարդիկ մեզ այդպես են անվանում, բայց մենք նախընտրում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ կոչվել»։
Մարկոն պատասխանեց․ «Կարծես բերանդ լիքը խոսես։ Ինչո՞ւ պարզապես չեք ասում, որ Մորմոնների եկեղեցուն եք պատկանում։ Դուք Մորմոնի Գրքից չե՞ք կարդում»։
-
Նաոմին ինչպե՞ս կարող էր պատասխանել Մարկոյի հարցին։
Այսօր կուսումնասիրեք Փրկչի մի քանի ուսմունքներ, որոնք նա տվել էր Իր նեփիացի աշակերտներին 3 Նեփի 27 հատվածում։ Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք Հիսուսն ուսուցանում էր Իր Եկեղեցու մասին, և որոնք կարող են օգնել ձեզ, երբ այնպիսի մի իրավիճակում հայտնվեք, որի մասին հենց նոր կարդացիք։
Եկեղեցու անվանումը
Նեփիացիներին այցելելուց կարճ ժամանակ անց Քրիստոսի տասներկու նեփիացի աշակերտները միավորվեցին ծոմապահության և աղոթքի համար։ Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչպես պետք է կոչվի Եկեղեցին։ Երբ նրանք աղոթում էին, Փրկիչը հայտնվեց և սկսեց ուսուցանել նրանց (տե՛ս 3 Նեփի 27․1–3)։
Կարդացեք 3 Նեփի 27․4–7 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչն Իր աշակերտներին Եկեղեցու անվան մասին։
-
Ինչպե՞ս պետք է կոչվեր Իր Եկեղեցին ըստ Փրկչի։
Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք այս հատվածներից, այն է, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին պետք է կոչվի Նրա անունով։
-
Եկեղեցին Իր անունով կոչելու ի՞նչ պատճառներ նշեց Փրկիչը։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նշել է մի քանի պատճառ, թե ինչու է կարևոր, որ մենք Եկեղեցու ճիշտ անվանումն օգտագործենք․
Եկեղեցու անունը սակարկելի չէ։ Երբ Փրկիչը հստակ ասում է, թե ինչ պետք է լինի Նրա Եկեղեցու անունը, և նույնիսկ նախորդում է Նրա «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին» հայտարարությունը, ապա Նա լուրջ է խոսում։ Եվ եթե թույլ տանք, որ մականուն օգտագործվի, ընդունենք կամ նույնիսկ ինքներս տարածենք այդ մականունները, ապա կվիրավորենք Նրան:
Ի՞նչ արժեք ունի անունը կամ այս դեպքում՝ մականունը։ Երբ խոսքը գնում է Եկեղեցու մականունների մասին, օրինակ՝ «ՎՕՍ Եկեղեցի», «Մորմոնական Եկեղեցի» կամ «Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի», այդ անունների մեջ ամենակարևոր բացթողումը Փրկչի անվան բացակայությունն է։ Տիրոջ անունը Տիրոջ Եկեղեցու վրայից հանելով սատանան մեծ հաղթանակ է տանում։ Երբ հեռացնում ենք Փրկչի անունը, մենք նրբորեն անտեսում ենք այն ամենը, ինչ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար, անգամ՝ Նրա Քավությունը (Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018 թ․, 87–88)։
-
Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ նախագահ Նելսոնի խոսքերից։
-
Ըստ ձեզ՝ Եկեղեցու ճիշտ անունն օգտագործելու մեր ջանքերն ինչպե՞ս կարող են ազդել նրանց վրա, ովքեր Եկեղեցու անդամներ չեն։
«Կառուցված իմ ավետարանի վրա»
Բացի այն, որ Փրկիչն ընդգծել էր, որ Իր Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով, Նա Իր նեփիացի աշակերտներին ուսուցանեց նաև Իր Եկեղեցու այլ կարևոր բնութագրիչի մասին։
Կարդացեք 3 Նեփի 27․8–10 հատվածը՝ փնտրելով այդ բնութագրիչը։
-
Այս հատվածներից ի՞նչ կարող եք ավելացնել Փրկչի Եկեղեցու մասին ձեր ավելի վաղ բացահայտած թավագիր ճշմարտությանը։
Մինչ այժմ ուսումնասիրած Փրկչի ուսմունքները կարող ենք ամփոփել հետևյալ կերպ․ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին պետք է կոչվի Նրա անունով և կառուցված լինի Նրա ավետարանի վրա։
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում այն, որ Փրկչի Եկեղեցին պետք է կառուցված լինի Նրա ավետարանի վրա։
Օգտակար կլինի հասկանալ, որ ավետարան բառը նշանակում է «բարի լուր» (Տե՛ս Աստվածաշնչի բառարան, «Ավետարաններ»)։
Փրկչի ավետարանի կարևոր կողմերը հասկանալու համար ձեր օրագրում եկեղեցու մի պարզ շենք նկարեք, ինչպիսին սա է։ Բառերն ու արտահայտությունները գրելու համար եկեղեցու տակ անպայման տեղ թողեք։
Կարդացեք 3 Նեփի 27․13–22 հատվածները և գտեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ասել Իր ավետարանի մասին։ Ձեր գտած բառերն ու արտահայտությունները գրեք ձեր գծանկարի ներքևի հատվածում։
-
Ըստ ձեր ուսումնասիրած հատվածների՝ ինչպե՞ս կնկարագրեք Փրկչի ավետարանը։