Սեմինարիա
Եթեր 12․23–27․ «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»


«Եթեր 12․23–27․ Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Եթեր 12․23–27», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Եթեր 12.23–27

«Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»

Մորոնին գրում է ոսկե թիթեղի վրա

Շարունակելով կրճատել Եթերի գիրքը, Մորոնին վախենում էր, որ հեթանոսները կծաղրեն իր աշխատանքը՝ գրելու իր թույլ ունակության պատճառով: Տերը պատասխանել է, որ երբ մենք Իր մոտ ենք գալիս խոնարհությամբ և հավատքով, Նա կարող է մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ (տես Եթեր 12.27): Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ և Նրա շնորհով հաղթահարել թուլությունները:

Պլանավորեք ինքնավերլուծությանն ուղղված ուսումնական վարժություններ: Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու համար անհրաժեշտ է հետևողական ուսուցում և հավատքով գործելու վճռականություն: Պլանավորեք այնպիսի ուսումնական վարժություններ, որոնք թույլ կտան ուսանողներին ինքնագնահատում կատարել և տեսնել, թե ինչպես կարող է ավետարանի սկզբունքների կիրառումն օրհնել իրենց կյանքը: Ուսանողներին հորդորեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում հետևել Հոգու հուշումներին։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ Եթեր 12.27 հատվածը և հիշել իրենց կյանքում մի թուլություն, որն իրենք կցանկանային հաղթահարել Փրկչի օգնությամբ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Թուլություն և ուժ

Առաջարկեք որևէ ուսանողի գալ սենյակի առջևի մասը և կատարել մի առաջադրանք, որն իրենից կպահանջի ավելի շատ ֆիզիկական ուժ, քան նա ներկայումս ունի: Քննարկեք, թե այս առաջադրանքում ինչպես զարգացնել այն ուժը, որն անհրաժեշտ է հաջողակ լինելու համար:

Մահկանացու կյանքում մենք բոլորս բախվում ենք թուլությունների: Երբեմն դա կարող է հուսահատեցնող լինել: Այս դասի ընթացքում դուք կիմանաք մի օրինաչափության մասին, որը Տերն ուսուցանել է Մորոնիին․ այն կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ:

Մորոնիի մտահոգությունը

Մորոնիին հանձնարարվեց կրճատել Հարեդացիների պատմությունը, և նա գիտեր, որ ապագայում այդ պատմությունը շատ մարդիկ կկարդային: Ավարտելով համառոտագրությունը՝ նա գրի առավ իր վերջին մտքերից մի քանիսը՝ ներառելով իր անձնական մտահոգություններն ու անհանգստություններն այն բանի վերաբերյալ, ինչ իրեն հանձնարարվել էր անել։

Կարդացեք Եթեր 12․23–25 հատվածները՝ փնտրելով Մորոնիի մտահոգությունները:

  • Մորոնին ինչո՞ւ էր անհանգստացած:

Կարող եք դասարանում քննարկել և թվել որոշ ընդհանուր թուլություններ, որոնք բնորոշ են դեռահասներին: Ուսանողները կարող են լուռ խորհել և իրենց օրագրերում գրել իրենց թույլ կողմերը, որոնք կցանկանային հաղթահարել: Բացատրեք, որ իրենց խիստ անձնական մտքերով ուսանողները չպետք է կիսվեն դասարանի հետ:

Տիրոջ պատասխանը Մորոնիին

Կարդացեք Եթեր 12․26–27 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես արձագանքեց Մորոնիի մտահոգություններին:

Եթեր 12․27 հատվածը վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը:

Ուսանողներին օգնեք վերլուծել հատված 27-ի՝ ստորև թվարկված պնդումները։ Նրանց խնդրեք յուրաքանչյուր արտահայտություն գրել գրատախտակին՝ տարբեր վադակներում: Կարող եք ծավալել դասարանային քննարկում՝ օգտագործելով ստորև բերված բովանդակությունը:

Որպես այլընտրանք կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի տալ մեկական թերթիկ։ Խմբերին հանձնարարեք իրենց թղթերը բաժանել չորս վանդակի: Յուրաքանչյուր վանդակում ուսանողները կարող են գրել հատված 27-ի արտահայտություններից մեկը։ Այնուհետև ուսանողներն ամբողջ խմբով կարող են հարցեր մշակել, որոնք կօգնեն իրենց հասկանալ յուրաքանչյուր արտահայտությունը: Իրենց հարցերը գրի առնելուց հետո կարող են բաժանել արտահայտությունները և փնտրել իրենց գրած հարցերի պատասխանները:

«Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը»

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ:

Ուսանողների որոշ պատասխաններ կարող են վերաբերել Քրիստոսի հետ ուխտեր կապելուն և պահելուն, ինչպես նաև Նրա ուսմունքներին և օրինակին հետևելու ընտրությանը: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Ինչպես գալ դեպի Քրիստոսը» հոդվածը, որը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում, կարող է օգնել ուսանողներին գտնել այս հարցի պատասխանը։

Ուշադրություն դարձրեք, որ Տերն ասում է, որ Ինքը ցույց կտա մեզ մեր թուլությունը, եթե մենք գանք Իր մոտ:

  • Ինչո՞ւ է սա օրհնություն մեզ համար։

Այս արտահայտության մեջ թուլություն բառը վերաբերում է մեր մեղսավոր վիճակին, որը ներառում է անհատական «թույլ կողմերը» և կատարյալ լինելու մեր անկարողությունը:

  • Ի՞նչ եք սովորում Եթեր 12.27 հատվածից այն մասին, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ դուք ընդունեք ձեր թուլությունը:

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ խոնարհաբար ընդունելով մեր սահմանափակումներն ու թերությունները, մենք կարող ենք աստվածային օգնության համար դիմել մեր Երկնային Հորը: Իր շնորհի միջոցով Տերը կարող է թուլությունը դարձնել ուժեղ կողմ։ (Տես Բ Կորնթացիս 12․6–10, Եթեր 12․37

Կարող եք կիսվել նաև «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում ներկայացված եղբայր Դուգլաս Դ. Հոլմսի խոսքերով։

Ուսանողներին առաջարկեք լուռ խորհել այն մասին, թե արդյոք Աստված իրենց վերջերս ցույց է տվել իրենց թուլությունը: Վստահեցրեք նրանց, որ դա Նրա մոտ գալու լավ ցուցիչ է:

«Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն»

Կարդացեք սուրբ գրություններում նկարագրված մարդկաց օրինակներ, որոնք ընդունել են իրենց թուլությունը.

  • Իրենց թուլությունն ընդունելը ինչպե՞ս օգնեց այս պատմություններում հիշատակված մարդկանց լինել խոնարհ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք խոնարհ լինենք։

«Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր խոնարհեցնում են իրենց իմ առջև»

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փրկչի շնորհը բավարար է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են Նրա առջև։

Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել նախորդ հարցին, կարող եք կիսվել երեց Քևին Ս. Համիլտոնի հետևյալ խոսքերով:

Յոթանասունից երեց Քևին Ս. Համիլտոնը բացատրել է․

[Հիսուս Քրիստոսի] զորացնող, արտոնող շնորհը մեզ ուժ է տալիս հաղթահարելու բոլոր խոչընդոտները, բոլոր մարտահրավերները և բոլոր թուլությունները, երբ մենք ձգտում ենք փոխվել:

Փրկիչն իրագործեց Իր անսահման և հավերժական Քավությունը, որպեսզի մենք իրականում կարողանանք փոխվել, ապաշխարել և ավելի լավը դառնալ: Մենք իրականում կարող ենք նորից ծնվել: Մենք կարող ենք հաղթահարել սովորությունները, կախվածությունները և նույնիսկ «չարիք գործելու հակումը» [Մոսիա 5․2]։ (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022 թ․, 51–52)

Տեսեք, թե Մոսիա 4.3 հատվածում Բենիամին թագավորի ժողովուրդն ինչպես զգաց Տիրոջ շնորհը։

  • Սուրբ գրություններում ուրիշ ո՞վ է ցույց տվել, որ Փրկչի շնորհը բավարար է՝ օգնելու մեզ հաղթահարել մեր թուլությունները:

Ուսանողների նշած օրինակների թվում կարող են լինել Ալմայի (տես Մոսիա 27.24–29) և Մոսիայի որդիների (տես Մոսիա 28.4) օրինակները։

«Եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»

Երեց Համիլտոնը նշել է, որ այս հատվածում «թույլ կողմերը» կարող են վերաբերել մեր վարքագծին՝ թուլություններին։

Եթե մենք փոխենք մեր մեղսավոր էությունը, մեր թույլ կողմերը, ապա կկարողանանք փոխել մեր վարքագիծը՝ մեր թուլությունները: (Քևին Ս. Համիլտոն, «Այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ», Լիահոնա, մայիս 2022, 51)

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել, թե ինչ են սովորել այսօր, առաջարկեք նրանց իրենց օրագրերում կատարել հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը:

  1. Առնվազն երեք նախադասությունից բաղկացած պարբերության միջոցով գրեք այն, ինչ սովորել եք և ցանկանում եք հիշել այս դասից:

  2. Առնվազն երեք նախադասությունից բաղկացած պարբերության միջոցով նկարագրեք, թե ինչպես եք կիրառելու այն, ինչ սովորել եք այսօր: